2019-2020 թվականներին թվում էր, որ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցությունը կարող է ինստիտուցիոնալ հիմք ձեռք բերել: Ըստ պաշտոնական բացատրության, ձեւաչափը չզարգացավ կորոնավիրուսի համավարակի պատճառով, սակայն, թվում է, որ կային այլ, քաղաքական պատճառներ, որոնք Երեւանում նախապես հաշվի չէին առել:
2019 թվականի հունիսի 4-ին Հայաստանի ԱԳՆ-ն հայտնում էր, որ աշխատանքային այցով Կիպրոսում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը եւ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը կարեւորել էին Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության խորհրդարանական հարթակի ձեւավորումը:
Նույն օրը Նիկոսիայում կայացել էր Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձեւաչափով առաջին եռակողմ հանդիպումը՝ արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Յորգոս Կատրուգալոսի եւ Նիկոս Քրիստոդուլիդեսի մասնակցությամբ:
Արտգործնախարարները համաձայնության էին եկել եռակողմ գործընկերության հաստատման շուրջ, որի նպատակն «ընդլայնված քաղաքական երկխոսության եւ համագործակցության միջոցով երեք երկրների միջեւ խաղաղության, կայունության եւ բարգավաճման խթանումն է»։
.jpg)
Նախարարները վերահաստատել էին իրենց հանձնառությունն ընդլայնելու եւ խորացնելու փոխգործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, առեւտուրը, ներդրումները, տեղեկատվական տեխնոլոգիաները եւ նորարարությունը, զբոսաշրջությունը եւ մշակույթը:
«Նախարարները մտքեր փոխանակեցին Կիպրոսի հիմնախնդրի եւ Թուրքիայի կողմից Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտու խախտումների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերի եւ Պրեսպայի համաձայնագրի կիրարկման շուրջ», - ասված էր նախարարների համատեղ հայտարարության մեջ:
Երեք նախարարները նաեւ ուրվագծել էին եռակողմ ձեւաչափով ձեռնարկվելիք հետագա քայլերը: Մասնավորապես, որոշում էր կայացվել Հայաստանի, Հունաստանի եւ Կիպրոսի ղեկավարների եռակողմ ձեւաչափով առաջին հանդիպումն անցկացնել Հայաստանում 2020թ. հունվարին։

Հանդիպումից հետո մամուլի համար արված հայտարարության մեջ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել էր.
«Սա շատ կարեւոր հարթակ է մեր երեք երկրների միջեւ գոյություն ունեցող ավանդական բարեկամությունն ամրապնդելու տեսանկյունից: Սա պատմական բարեկամություն է, սա քաղաքակրթական, արժեքների վրա հիմնված բարեկամություն է, որը մենք՝ որպես ինքնիշխան պետություններ, որպես ազգ-պետություններ պետք է վերածենք գործնական համագործակցության՝ ի շահ մեր ազգերի եւ ժողովուրդների»:
Մեկ ամիս անց՝ 2019 թվականի հուլիսի 4-ին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ու Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դիմիտրիս Սիլուրիսը եռակողմ համագործակցության խորհրդարանական հարթակ ստեղծելու պատրաստակամություն էին հայտնել:
2020 թվականի հունվարի համար ազդարարված Հայաստանի, Հունաստանի եւ Կիպրոսի ղեկավարների գագաթնաժողովը հետաձգվել էր: Փետրվարի սկզբին Հայաստանի եւ Հունաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Նիկոս Դենդիասն հեռախոսազրույցում քննարկել են նախապատրաստման աշխատանքները: Փետրվարի վերջում նրանք կրկին խոսել էին այդ թեմայով Ժնեւում կայացած հանդիպման ժամանակ:

2020 թվականի ապրիլի 4-ին Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել էր, որ եռակողմ գագաթնաժողովը հետաձգվել է՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով: Նա նշում էր, որ Հայաստան-Հունաստան-Կիպրոս գագաթնաժողովի նոր ժամկետները կքննարկվեն կողմերի միջեւ:
Գագաթնաժողովը այդպես էլ չկայացավ: Նախ՝ սաստկացավ կորոնավիրուսի համավարակը, իսկ հետո Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմ սկսեցին Արցախի եւ Հայաստանի դեմ, որի արդյունքներից մեկը եղավ այն, որ Երեւանը հրաժարվեց բոլոր քայլերից, որոնք Թուրքիան կարող է ոչ բարեկամական համարել:
Եռակողմ ձեւաչափով վերջին շփումը կայացել է 2022 թվականի սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում՝ Հայաստանի, Կիպրոսի եւ Հունաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը, Իոաննիս Կասուլիդեսը եւ Նիկոս Դենդիասը հանդիպել էին ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի նստաշրջանի շրջանակում:
Հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում էր.
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասին եւ Արեւելյան Միջերկրականին վերաբերող անվտանգային հարցեր։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը։ Նախարար Դենդիասն անդրադարձել է Հունաստանի դեմ Թուրքիայի թշնամական հռետորաբանության ուժգնացմանը:

Նախարար Կասուլիդեսն իր գործընկերներին ներկայացրել է Արեւելյան Միջերկրականում ստեղծված իրավիճակը եւ Կիպրոսի վերամիավորման գործընթացին վերաբերող վերջին զարգացումները: Նախարարներ Կասուլիդեսը եւ Դենդիասն իրենց համերաշխությունն ու աջակցությունն են հայտնել հայ ժողովրդին։
ԱԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ շփումները եռակողմ ձեւաչափի շրջանակներում` այն որակապես նոր մակարդակի հասցնելու եւ համագործակցության շրջանակն ընդլայնելու համար»:
Արա Թադեւոսյան
Այս գլխում օգտագործվել են Հայաստանի ԱԳՆ լուսանկարները

