Քեթրին Լիչի եւ Սերժ Սարգսյանի հեռակա վեճը



2011 թվականի օգոստոսին տեղեկատվական անդորրը մի անսպասելի լուր հաղթեց։ Մեծ Բրիտանիայի դեսպանությունը հայտնեց, որ ամուսիններ Ջոնաթան Ջեյմս Էյվսը եւ Քեթրին Ջեյն Լիչը նշանակվել են Հայաստանում Նորին Մեծության դեսպաններ եւ կստանձնեն այդ պաշտոնը 2012 թվականի հունվարից՝ յուրաքանչյուրը 4 ամիս պաշտոնավարելով:

«Մենք սերտորեն տեղեկացնելու ենք միմյանց յուրաքանչյուր չորսամսյա ժամանակահատվածում, համաձայնեցնելով համատեղ մոտեցումները` հիմնական խնդիրների եւ լուծումների վերաբերյալ», - ասել էր Քեթրին Լիչը:

Դեսպանությունից հայտնել էին, որ նման մոտեցում Ֆորին օֆիսում կիրառվում է ոչ առաջին անգամ՝ առաջին անգամ ամուսնական զույգը դեսպանների պաշտոնին էր նշանակել 2008 թվականին Զամբիայում:

Բրիտանական Daily Mail թերթը գրում էր, որ Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը ծաղրանքների առարկա է դարձել եւ մեջբերում էր պաշտոնաթող հայ դիվանագետ Արման Նավասարդյանի կարծիքն այն մասին, որ Մեծ Բրիտանիան այդպիսով «անլուրջ մոտեցում է» ցուցաբերում Երեւանի նկատմամբ:

 

 

Սակայն զույգը առիթ չէր տալիս կասկածելու, որ լրջորեն է մոտենում իրենց պարտականություններին։ Չնայած աշխատանքի ռոտացիոն բնույթին, Քեթրին Լիչի աշխատանքն ավելի տեսանելի էր, մասնավորապես, նրա ուշադրությունը Հայաստանի ներքաղաքական գործընթացներին։

2012 թվականի հոկտեմբերին նա իր բլոգում գրել էր, որ որոշակի կապ է տեսնում Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի դեմ հարուցված գործի եւ ԲՀԿ-ի`կոալիցիայի մեջ չմտնելու որոշման միջեւ։

«Սովորական մարդկանց դժվար է ասել՝ Վարդան Օսկանյանը մեղավո՞ր է կամ անմեղ: Բայց մի բան ակնհայտ է, որ երբ մայիսի 24-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարեց, որ կոալիցիայի մաս չի կազմելու, հաջորդ օրը՝ մայիսի 25-ին, Վարդան Օսկանյանի նկատմամբ հետաքննություն սկսվեց: Իհարկե, սա կարող է պարզապես համընկում լինել, սակայն փաստն այն է, որ եթե մարդիկ հարցնում են խնդրի քաղաքական լինելու մասին, ապա համապատասխան պետական կառույցները պետք է կարողանան ապացուցել, որ գործում են հանրության եւ ոչ թե կառավարության շահերից ելնելով», - գրել էր Քեթրին Լիչը:

 

 

Նրա գրառումն, անկասկած, քննարկվել էր Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում եւ նախագահի աշխատակազմում, սակայն հրապարակային մեկնաբանություն չէր հնչել։ Իրավիճակն այլ էր 2013 թվականի հունվարին, երբ Քեթրին Լիչը «հիասթափեցնող» անվանեց այն փաստը, որ Հայաստանի երեք հիմնական ընդդիմադիր կուսակցություններից ոչ մեկը սեփական թեկնածուով հանդես չի գալիս նախագահական ընտրություններում։

«Մենք իսկապես ողջունում ենք նախագահ Սարգսյանի հայտարարությունը լավագույն ընտրություններ անցկացնելու մասին: Բայց հիասթափեցնող է, որ խորհրդարանի երեք հիմնական ընդդիմադիր կուսակցությունները սեփական թեկնածուով հանդես չեն գալիս եւ որեւէ մեկին չեն աջակցում:

Ո՞րն է այս կուսակցությունների չմասնակցելու պատճառը՝ ֆինանսական խնդիրները, թե՞ արդար արդյունքի նկատմամբ հավատի բացակայությունը: Կամ գուցե դրանք իրականում այդքան էլ ընդդիմադիր չեն: Եթե համարենք, որ կուսակցությունները ֆինանսական խնդիրներ ունեն, արդյո՞ք պատճառն այն է, որ հնարավոր հարուստ աջակիցները անհանգստացած են, թե ինչ կլինի իրենց բիզնեսի հետ, եթե նրանք սխալ մարդու վրա խաղադրույք կատարեն», - գրել էր դեսպանը:

 

 

Քեթրին Լիչին պատասխանել էր անձամբ Սերժ Սարգսյանը՝ առանց դեսպանի անունը հիշատակելու։ Կապանում կայացած նախընտրական ելույթի ժամանակ պետության գործող ղեկավար եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն ասել էր, որ «մենք որեւէ մեկին մեղադրելու իրավունք չունենք ոչ առաջադրվելու եւ, մանավանդ, ոչ էլ չառաջադրվելու համար»:

«Որոշ մարդիկ եւ ոչ միայն մեր երկրում, փորձում են մեզ մեղադրել, որ ուժեղ մրցակիցներ չկան: Կարծես իշխանությունների գործը այն է, որ իր համար մրցակիցներ ստեղծի եւ հետո հերոսաբար հաղթահարի այդ խոչընդոտը: Իհարկե, դա մեր խնդիրը չէ: Մեր խնդիրը մրցակցային դաշտ ստեղծելն է: Մեր խնդիրն է՝ հնարավորություն տալ յուրաքանչյուրին, ով ցանկանում է առաջադրվել եւ պայքարել, որպեսզի նա այդ հնարավորություններից կարողանա լիարժեքորեն օգտվել», - ասել էր Սերժ Սարգսյանը:

 

 

2013թ. փետրվարի 18-ին Հայաստանում կայացան հերթական նախագահական ընտրությունները եւ հաղթանակ տոնեց Սերժ Սարգսյանը: Երկրորդ տեղը զբաղեցրած «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը
չճանաչեց ընտրությունների արդյունքները եւ հայտարարեց, որ «թույլ չի տա գողանալ ժողովրդի ձայնը՝ նույնիսկ սեփական կյանքի գնով»:

Ապրիլի 9-ին Երեւանում տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Նույն օրը Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում անցկացրեց իր «երդմնակալության արարողությունը»:

«Թքած Րաֆֆու ու Սերժի վրա: Այսօր ժողովուրդն է գալիս իշխանության»,- հայտարարել էր Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նա ասել էր, որ չի պատրաստվում լքել Ազատության հրապարակը եւ «մինչեւ վերջին շունչը ժողովրդին հավատարիմ ու հաշվետու կմնա»:

Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են Ֆոտոլուրի լուսանկարները:

 

«Նորագույն պատմությունը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

«Նորագույն պատմությունը»-ը ներկայացնում է իրադարձություններ եւ դրվագներ, որոնք տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում 1991 թվականից հետո ընկած ժամանակաշրջանում: