Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելուց ընդամենը մեկուկես ամիս անց Տիգրան Սարգսյանը ներգրավվեց Վրաստանում հայկական եկեղեցիների, մասնավորապես՝ Թբիլիսիի Սուրբ Նորաշեն եկեղեցու պաշտպանության գործին։
2008 թվականի մայիսի 23-ին Տիգրան Սարգսյանը Մինսկում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում հանդիպել
էր իր վրաց գործընկեր Լադո Գուրգենիձեի հետ։ Հայաստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասված էր.
«Տիգրան Սարգսյանը մի շարք խնդրահարույց հարցեր է բարձրացրել։ Մասնավորապես, նա մտահոգություն է հայտնել Վրաստանից Հայաստան տարանցիկ բեռնափոխադրումների բարձր սակագների վերաբերյալ եւ նշել հայկական կողմին գնագոյացման հիմնավորման մասին տեղեկացնելու անհրաժեշտությունը։
Վարչապետները քննարկել են նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու Վրաստանի թեմի իրավական կարգավիճակը։ Տիգրան Սարգսյանն իր գործընկերոջ ուշադրությունը հրավիրել է Վրաստանի հոգեւոր եւ աշխարհիկ շրջանակների արմատական ներկայացուցիչների կողմից կրկնվող հարձակումների եւ սադրիչ գործողությունների վրա, որոնք, նրա խոսքով, լրացուցիչ սոցիալական լարվածություն են ստեղծում։

Վարչապետը, մասնավորապես, նշել էր Թբիլիսիի Սուրբ Նորաշեն հայկական եկեղեցու տարածքի անօրինական ցանկապատումը։ Լադո Գուրգենիձեն դատապարտել է արմատական դրսեւորումներն ու սադրիչ գործողությունները եւ խոստացել է ավելի մանրամասն ուսումնասիրել հարցը եւ միջամտել այն լուծելու համար»։
Մի քանի ամիս անց Սուրբ Նորաշենը կրկին հայտնվել էր վարչապետի ուշադրության կենտրոնում։ 2008 թվականի նոյեմբերի 18-ին Տիգրան Սարգսյանն ասել էր, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Վրաստանի դեսպանից բացատրություն կպահանջի Սուրբ Նորաշեն հայկական եկեղեցու տարածքում գերեզմանների պղծման վերաբերյալ։ Բացի այդ, նշել էր կառավարության ղեկավարը, հայկական կողմը պաշտոնական բողոքի նոտա կներկայացնի։ «Նման գործողությունները չեն համապատասխանում երկու երկրների նախագահների միջեւ գոյություն ունեցող երկխոսության մթնոլորտին», - ասել էր Տիգրան Սարգսյանը։ Նա հույս էր հայտնել, որ «վրացական կողմը արագ կարձագանքի տեղի ունեցածին»։

2008 թվականի դեկտեմբերի 9-ին Տիգրան Սարգսյանն աշխատանքային մեկօրյա այցով մեկնել էր Թբիլիսի՝ մասնակցելու միջկառավարական հանձնաժողովի նիստին։ Վրաստանի նախագահի եւ վարչապետի հետ հանդիպումներից հետո Տիգրան Սարգսյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել էր Սուրբ Նորաշեն եկեղեցու տարածք։

Վրաստանում հայկական եկեղեցիների թեման կրկին օրակարգում հայտնվեց 2011 թվականի հունիսին՝ առիթը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի Վրաստան կատարած վեցօրյա այցն էր։
Այցի ավարտից մեկ շաբաթ անց Վրաց Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Իլիա Երկրորդն ասել էր, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսին «անհրաժեշտ է ավելի շատ փորձ ձեռք բերել»:
Ելույթ ունենալով կիրակնօրյա պատարագի ժամանակ, Վրաց Պատրիարքը, մասնավորապես, ասել էր.
«Գարեգին Բ-ն երիտասարդ է, ու հավանաբար նրան անհրաժեշտ է ավելի շատ փորձ ձեռք բերել: Նա խելացի է, սակայն ցանկանում է ամեն ինչ արագ անել, ինչը չի ստացվում: Ես ասացի նրան, որ մեծ փորձ ունեմ, եւ հանգստությունը ամենից լավ բանն է։ Հայերը ցանկանում են կրկին եկեղեցիներ բացել Վրաստանում: Մենք առաջարկեցինք, որ եթե Վրաստանում պետք է հայկական եկեղեցիներ բացվեն, ապա Հայաստանում եւս անպայման պետք է վրացական տաճարներ բացվեն: Վրաց Եկեղեցին բաց է բոլորի համար, սակայն մենք թույլ չենք տա վրաց ժողովրդի եւ Վրաստանի հալածումը»։

Պատասխանելով Մեդիամաքսի հարցին, Մայր Աթոռի Տեղեկատվական Համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանն ասել էր.
«Ի պատասխան Հայ Առաքելական Եկեղեցու բարձրացված` եկեղեցիների վերադարձման հարցին, վրացական կողմը ներկայացնում է իր պահանջները Հայաստանի հյուսիսում գտնվող մի շարք հայկական պատմական վանքերի ու եկեղեցիների վերաբերյալ: Այդ առնչությամբ հայկական կողմի կեցվածքը հստակ է. Վրաց Եկեղեցին պետք է ներկայացնի փաստեր եւ հիմնավորումներ, որոնք Հայ Եկեղեցին քննության կառնի»:
Խոսել էր նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Նա ասել էր, որ Իլիա Երկրորդի հայտարարությունն «էթիկայի տեսակետից պատշաճ չէ» եւ նշել էր, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «հարգում է Վրաց Պատրիարքի տարիքը եւ փորձառությունը» եւ նախընտրում է չմեկնաբանել այդ հայտարարությունը:
Դիվանապետը նաեւ ընդգծել էր, որ Գարեգին Բ-ի Վրաստան կատարած այցի ընթացքում «ակնհայտ էր Վրաց Եկեղեցու անհանդուրժողական վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ»: Արշակ արքսպիսկոպոսը պարզաբանել էր, որ Վեհափառ Հայրապետը չայցելեց Թբիլիսիի Սուրբ Նորաշեն եւ Ախալցխայի Սուրբ Նշան եկեղեցիներ` Վրաց Եկեղեցու ցանկության բացակայության պատճառով:
Վրաստանում հայկական եկեղեցիների թեման կրկին ասպարեզ եկավ 2013 թվականի սկզբին։ Վրացական լրատվամիջոցները հաղորդել էին, որ հունվարի 24-ին կայացել է հայ-վրացական հանձնաժողովի աշխատանքային հանձնաժողովի առաջին նիստը, որը կուսումնասիրի Վրաստանի տարածքում գտնվող հինգ հայկական եկեղեցիների հարցը:

Ինչպես հաղորդել էր «Գրուզիա Օնլայն»-ը` վկայակոչելով Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Նանա Կեինիշվիլիին, հանձնաժողովի կազմում ընդգրկված են Վրաստանի մշակույթի նախարարության, Վրաց ուղղափառ եկեղեցու, Հայ Առաքելական եկեղեցու, ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչները: Հաղորդվում էր, որ հանձնաժողով ստեղծելու որոշումը կայացվել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի Երեւան կատարած այցի ընթացքում։ Հանձնաժողովի անդամները պետք է ուսումնասիրեին հինգ եկեղեցիներ, որոնց պատկանելությունը վիճարկվում է՝ Սուրբ Նշան, Սուրբ Գեւորգ, Նորաշեն, Սուրբ Մինաս եւ Կարմիր Ավետարան:

2013 թվականի հունվարի 17-ին Երեւանում կայացած ճեպազրույցի ժամանակ Բիձինա Իվանիշվիլին ասել էր, որ «կկատարի հայ համայնքին տված իր նախընտրական խոստումները», եւ որ իր կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի «հայերը Վրաստանում իրենց զգան ինչպես հարազատ երկրում»։
Այցի նախօրեին Իվանիշվիլին բացառիկ հարցազրույց էր տվել Մեդիամաքսին, որում, մասնավորապես, ասել էր.
- Վերջին տարիներին Հայաստանը եւ Վրաստանը վիճարկում են Թբիլիսիում մի շարք եկեղեցիների պատկանելիության հարցը: Եվ մինչ կողմերը վիճում են, եկեղեցիները փլուզվում են կամ գտնվում են փլուզման եզրին: Մասնավորապես, հունվարի սկզբին մենք այցելեցինք Թբիլիսի եւ տեսանք, որ Նորաշեն եկեղեցու ճակատային մասի ճաքերը զգալիորեն ավելացել են եւ եկեղեցին կարող է փլուզվել ցանկացած պահին: Ի՞նչ եք մտածում այդ խնդրի լուծման ուղիների վերաբերյալ:
- Վրաստանի տարածքում բոլոր հուշարձանները պաշտպանվում են պետության կողմից: Պետք է նշել, որ երկար տարիներ Վրաստանը հատուկ ուշադրություն է հատկացնում մշակութային եւ ճարտարապետական ժառանգության պահպանմանը: Սակայն, մենք մտադիր ենք ավելացնել ներդրումներն այդ ուղղությամբ` ինչպես պետական, այնպես էլ արտաբյուջետային: Պետք է ոչ թե վիճել, այլ աշխատել մեր մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ, որն իրենից ընդհանուր հոգեւոր եւ տնտեսական ռեսուրս է ներկայացնում:
2013 թվականի փետրվարի 12-ին Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Մեդիամաքսին տված հարցազրույցում ասել էր, որ իր գերատեսչությունը որեւէ տեղեկություն չունի Վրաստանի տարածքում հայկական եկեղեցիների հարցը ուսումնասիրող հայ-վրացական հանձնաժողովի գործունեության մասին:
«Միայն երեկ երեկոյան ենք պաշտոնական գրություն ստացել Վրաստանի մշակույթի նախարարի կողմից. նա առաջարկում է ստեղծել համատեղ գիտական խումբ, որը կուսումնասիրի հուշարձանների վիճակը եւ, միգուցե, կզբաղվի նաեւ պատմական հարցերով», - ասել էր Հասմիկ Պողոսյանը:
Մեկ շաբաթ անց, Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանի հետ հանդիպմանը Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը վստահեցրել էր, որ «հայ եւ վրաց եկեղեցիների միջեւ հաստատված ջերմ եւ բարեկամական հարաբերությունները կշարունակվեն, եւ առկա խնդիրները կլուծվեն բարեկամական մթնոլորտում՝ երկխոսության եւ փոխըմբռնման միջոցով»։
Վերջին տասնամյակի ընթացքում Վրաստանում հայկական եկեղեցիների հարցը երկկողմ հարաբերություններում լարում չի առաջացրել։ Սակայն դա չի նշանակում, որ խնդիրը լուծվել է՝ վաղ թե ուշ այն նորից օրակարգ է գալու։ Իսկ Թբիլիսիի կենտրոնում գտնվող Սուրբ Նորաշեն շարունակում է փակ մնալ։
Արա Թադեւոսյան
Այս գլխում օգտագործվել են լուսանկարներ Ֆոտոլուրի արխիվից:

