Հայաստանի կարճատեւ  «սիրախաղը» ՎՈՒՈՒԱՄ-ի հետ



1990-ականների վերջին եւ 2000-ականների սկզբին Թբիլիսին, Կիեւը, Բաքուն ու Քիշնեւը փորձում էին զարգացնել ՎՈՒԱՄ տարածաշրջանային միավորումը (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան եւ Մոլդովա)՝ չթաքցնելով ԱՊՀ-ին «հակակշիռ» ստեղծելու ձգտումը։ 1997 թվականին ստեղծված միավորումը 1999 թվականին վերածվեց ՎՈՒՈՒԱՄ-ի (միացավ Ուզբեկստանը)։ 2005 թվականին Ուզբեկստանը լքեց կազմակերպության շարքերը, եւ հապավումը նորից կրճատվեց։ Ֆորմալ առումով ՎՈՒԱՄ-ը շարունակում է գոյություն ունենալ, թեեւ առաջնորդները այդ ձեւաչափով վաղուց չեն հանդիպել ՝ վերջին գագաթնաժողովը տեղի էր ունեցել Կիեւում 2017 թվականին։

 

 

2000 թվականի հունվարին Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը անսպասելի հայտարարություն արեց.

«Հայաստանը մտադիր է ակտիվացնել հարաբերությունները ՎՈՒՈՒԱՄ-ին անդամակցող երկրների հետ»։ Իսկ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Թբիլիսի կատարած այցի ժամանակ չբացառեց, որ ապագայում Հայաստանը ՎՈՒՈՒԱՄ-ի անդամ երկրների հետ բանակցություններ կվարի Հայաստանի հնարավոր «միացման» վերաբերյալ։ Միեւնույն ժամանակ, ընդգծում էր նախագահը, «Հայաստանի արտաքին քաղաքականության շրջանակներում ՎՈՒՈՒԱՄ-ին անդամակցելու հարցը դեռեւս օրակարգում չկա»։ Քոչարյանն ասում էր, որ Հայաստանը Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության ընդլայնման կողմնակից է եւ ՎՈՒՈՒԱՄ-ը դիտարկում է որպես ձեւերից մեկը։

«Այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը դրական է արտահայտվում ՎՈՒՈՒԱՄ-ի մասին, իսկ Հայաստանը հեռանկարում ցանկանում է միանալ այս կազմակերպությանը՝ դրական գործոն է», - ասում էր Ադրբեջանի արտաքին քաղաքական հարցերով նախկին պետական խորհրդական Վաֆա Գուլուզադեն։ Նրա կարծիքով՝ Հայաստանը, ինչպես եւ ՎՈՒՈՒԱՄ-ի երկրները, ԱՊՀ անդամ է, եւ կարելի է եզրակացնել, որ Երեւանն էլ չի հավատում ԱՊՀ հեռանկարին եւ ցանկանում է ավելի սերտ գործակցել տարածաշրջանի երկրների եւ առաջին հերթին Ադրբեջանի եւ Վրաստանի հետ։

 

 

2000 թվականի մայիսին Վաշինգտոնում ՎՈՒՈՒԱՄ-ի զարգացման խնդիրներին եւ Եվրասիայի երկրաքաղաքական հարցերին նվիրված սեմինար էր տեղի ունեցել, որին Մասնակցել էին ՎՈՒՈՒԱՄ-ի հինգ անդամ երկրների դեսպանները եւ մի քանի տասնյակ ամերիկացի քաղաքագետներ, դիվանագետներ ու փորձագետներ։

Սեմինարում Ադրբեջանի դեսպան Հաֆիզ Փաշաեւը նշում էր, որ Ադրբեջանը ՎՈՒՈՒԱՄ-ը դիտարկում է որպես «դաշինք քաղաքականության, անվտանգության եւ տնտեսության ոլորտում», որի հիմնական նպատակն է անդամների անկախության եւ ինքնիշխանության ամրապնդումը։ Իսկ Վրաստանի դեսպան Թեդո Ջափարիձեն ասում էր, որ ՎՈՒՈՒԱՄ-ի մասնակիցները նպատակ ունեն զարգացնել կապերը «հզոր եւ կենսականորեն կարեւոր հարեւան Թուրքիայի, ինչպես նաեւ եվրոպական երկրների եւ ԱՄՆ-ի հետ»։ «Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նրա մասնակցությունը ՎՈՒՈՒԱՄ-ում արժեքավոր կլիներ, սակայն այդ երկիրն ունի մեզանից տարբերվող պատկերացում այն մասին, թե որոնք են վտանգները եւ անվտանգության հայեցակարգը», - ասում էր Ջափարիձեն։

 

 

Հայաստանի «սիրախաղը» ՎՈՒՈՒԱՄ-ի երկար չտեւեց։ Արդեն 2000 թվականի դեկտեմբերին Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ ՎՈՒՈՒԱՄ-ը բացասաբար է ազդում ԱՊՀ շրջանակում ինտեգրացիոն գործընթացների վրա։ Նա նշում էր, որ ՎՈՒՈՒԱՄ-ի բոլոր անդամ երկրները ներկայացված են ԱՊՀ-ում, եւ «ոչինչ չի խանգարում նրանց տնտեսական ինտեգրացիայի խնդիրները լուծեն Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում»։

Վարդան Օսկանյանի այս խոսքերը համահունչ էին ՌԴ ԱԳՆ ղեկավար Իգոր Իվանովի հայտարարություններին, որոնք նա արել էր դեռեւս 1999 թվականի հուլիսին «Կոմսոմոլսկայա Պրավդա»-ին տված հարցազրույցում.

 

 

 

«Բոլորովին անհասկանալի է, թե ինչպես կարող են ԱՊՀ անդամ երկրները զուգահեռաբար այլ քաղաքական խմբավորումներ ստեղծել եւ ձեւ անել, որ ոչինչ չի կատարվում։ Անհրաժեշտ է իրերն իրենց անուններով կոչել. ՎՈՒՈՒԱՄ-ը քաղաքական կազմակերպություն է՝ ռազմաքաղաքականի վերածվելու հաշվարկով»։

Հետաքրքիր է, որ 2000 թվականի վերջում ՎՈՒՈՒԱՄ-ի ապագայի մասին ոչ այնքան լավատեսական գնահատական էր տալիս ԱՄՆ պաշտպանության նախարար Ուիլյամ Քոենը։ Նա նշում էր, որ Ուկրաինայում նախագահ Լեոնիդ Կուչմայի դեմ արշավը «թուլացնելու է նրա դիրքերը ինչպես երկրի ներսում, այնպես էլ Արեւմուտքում՝ նրան ավելի կառուցողական դարձնելով Մոսկվայի հետ հարաբերություններում»։ Բաքվում, նշում էր Քոենը, որոշակի եզրակացություններ արդեն իսկ արել են՝ շքեղ ընդունելություն ապահովելով Վլադիմիր Պուտինին եւ «նոր դարաշրջան» հռչակելով երկու երկրների հարաբերություններում։

 

 

«Իսկ առանց Ուկրաինայի եւ Ադրբեջանի ՎՈՒՈՒԱՄ դաշինքը կորցնում է իմաստը եւ հեռանկարները։ Թեեւ ֆորմալ կերպով այն կշարունակի գոյություն ունենալ եւ նույնիսկ, հնարավոր է, պաշտոնապես կձեւակերպվի որպես լիարժեք միջազգային կազմակերպություն», - ասում էր Պենտագոնի ղեկավարը։

Քառորդ դար անց ակնհայտ է, որ Քոենի կանխատեսումը ճշգրիտ էր։ Այլ հարց է, որ այս ընթացքում աշխարհում ընդհանրապես շատ բան է փոխվել։

Արա Թադեւոսյան

 

«Նորագույն պատմությունը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

«Նորագույն պատմությունը»-ը ներկայացնում է իրադարձություններ եւ դրվագներ, որոնք տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում 1991 թվականից հետո ընկած ժամանակաշրջանում: