«Դավաճանություն» vs. «փրկություն». Երեւանի կոնյակի գործարանի վաճառքի պատմությունը



Երեւանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) վաճառքի որոշումն կայացվել էր դեռեւս 1995 թվականին: Միջազգային տենդերն առաջին անգամ հայտարարվել էր 1997 թվականի օգոստոսին, սակայն այդ ժամանակից ի վեր երեք անգամ հետաձգվել էր:

Չնայած գաղտնիության պայմաններին, որոնցում մրցույթը կազմակերպվել էր 1998 թվականին, տեղեկատվության արտահոսքից խուսափել չհաջողվեց: Առաջինը գործարանը ֆրանսիական Pernod Ricard ընկերությանը 30 միլիոն դոլարով վաճառելու կառավարության մտադրության մասին հայտարարել էր Ազգային Ժողովի պատգամավոր (այժմ՝ Հայաստանի նախագահ) Վահագն Խաչատուրյանը:

Կառավարությունն արձագանքել էր, որ բանակցություններն ավարտված չեն, եւ գինը վերջնականապես համաձայնեցված չէ: Մեկնաբանություն էր արել նաեւ Pernod Ricard-ի ներկայացուցիչ Ալեն-Սերժ Դելետը.

«Երեւանի կոնյակի գործարանի բաժնետոմսերի ձեռքբերումը մենք դիտարկում ենք որպես կարեւոր քայլ դեպի ընդարձակ ռուսական շուկա, որն աշխարհում հայկական բրենդիի ամենամեծ սպառողն է»:

Հրապարակումներ կային այն մասին, որ ԵԿԳ-ի ձեռքբերմանը հավակնում էր համար ալկոհոլի արտադրության մեկ այլ համաշխարհային հսկա՝ կանադական Seagram ընկերությունը:

Չնայած կառավարության, վարչապետ Արմեն Դարբինյանի եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հավաստիացումներին Հայաստանի տնտեսության համար Pernod Ricard-ի հետ գործարքի օգտավետության մասին, խորհրդարանում հայտարարություններ էին հնչում «ազգային շահերի դավաճանության եւ ազգային սրբությունը արհամարհելու» մասին:

 

 

Մի քանի հասարակական կազմակերպություններ նույնիսկ ստորագրահավաք սկսեցին գործարանի վաճառքի դեմ: Ամենատարածված վարկածն այն էր, որ «ֆրանսիացիները գործարանը գնում են, որպեսզի շուտով փակեն եւ վերացնեն մրցակցին»: Այս թեզի կողմնակիցներին չէր համոզում նույնիսկ մրցույթի պայմաններում ամրագրված այն պահանջը, որ գնորդը պարտավորվում է նվազագույնը 5 տարի արտադրել ավանդական ապրանքանիշեր՝ վերջին երեք տարիների միջին տարեկան արտադրության ծավալներին համապատասխան՝ օգտագործելով բացառապես տեղական խաղող եւ կոնյակի սպիրտեր:

Հայաստանի վարչապետ Արմեն Դարբինյանը ուշադրություն էր հրավիրում այն փաստի վրա, որ Pernod Ricard-ը միակ հավանական ներդրողն է, որը պատրաստակամություն է հայտնել ներդրումներ կատարել առանց որեւէ երաշխիքների՝ ինչպես պետության, այնպես էլ միջնորդ ընկերությունների կողմից: Վարչապետը նաեւ նշել էր, որ ամբողջ աշխարհում գինու եւ կոնյակի արտադրությամբ զբաղվում են մասնավոր ընկերություններ, եւ իրեն հասկանալի չէ, թե ինչու Հայաստանը պետք է բացառություն լինի:

Գործարանի տնօրեն Ալբերտ Հերոյանը կատակում էր, որ վաճառքից միակ տուժողը ինքն է լինելու, քանի որ կորցնելու է պաշտոնը, սակայն եւս կողմ էր գործարքին. «Ի վերջո, գործարանին ոտքեր չեն կպցնելու, որ Հայաստանից տեղափոխեն»:

 

 

Ռուսաստանում 1998 թվականի ամռանը ծավալված տնտեսական ճգնաժամը, որը դեֆոլտի եւ Սերգեյ Կիրիենկոյի կառավարության հրաժարականի պատճառ դարձավ, լավ «նվեր» մատուցեց Երեւանի կոնյակի գործարանի վաճառքի ընդդիմախոսներին:

Եթե սկզբում գործարքի ավարտին հասցնելուն խանգարում էր ՀՀ խորհրդարանը, որը, այնուամենայնիվ, ոչինչ չկարողացավ անել, հիմա գործին միջամտեցին ռուսական իրողությունները:

Ճգնաժամի հետեւանքով արտադրանքի արտահանման ծավալները Ռուսաստան զգալիորեն նվազել էին, իսկ իրավիճակի բարելավման հեռանկարները անորոշ էին: 1998 թվականի աշնանը լուրեր տարածվեցին, որ Pernod Ricard-ը իբր պատրաստվում է հրաժարվել գործարքից: $ 2 միլիոնը Հայաստանի պետբյուջե փոխանցվել էր հունիսին, իսկ մնացած $ 28 միլիոնը, պայմանագրի համաձայն, պետք է վճարվեր դեկտեմբերի 10-ին:

Աշնանը Հայաստան Pernod Ricard-ի մի քանի պատվիրակություններ այցելեցին: Բանակցությունները տարվում էին ամենաբարձր մակարդակով՝ խմբի փոխնախագահին ընդունել էր նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Վարչապետ Արմեն Դարբինյանը չէր ժխտում, որ սկսվել է «բավականին կոշտ բանակցությունների» նոր փուլ: Միեւնույն ժամանակ Հայաստանի կառավարությունը հայտարարում էր, որ ըմբռնմամբ է մոտենում Pernod Ricard-ի դժվարություններին եւ շարունակում է ընկերությանը հեռանկարային ներդրող համարել:

 

 

Հայաստանի կառավարությունն ու Pernod Ricard-ը համաձայնության եկան 1998 թվականի դեկտեմբերի 12-ին: Կողմերը պայմանագրին լրացում ստորագրեցին, որով $ 28 միլիոն դոլարի վճարման նոր ժամկետ սահմանվեց 1999 թվականի հունիսը:

Դրանից մեկ-երկու տարի անց անգամ Երեւանի կոնյակի գործարանի վաճառքի ամենախիստ ընդդիմախոսները ստիպված էին ընդունել, որ նման սեփականատիրոջ մասին կարելի էր երազել: Ֆրանսիացիները ոչ միայն չփակեցին գործարանը, այլեւ անկեղծ հարգանք ցուցաբերեցին ARARAT-ի նկատմամբ, որը եղել եւ մնում է Հայաստանի թիվ մեկ բրենդը:

 

 

Գործարանի վաճառքից հետո նրա նոր ղեկավար նշանակվեց Պիեռ Լարեչը:

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասել էր, որ Պիեռ Լարեչը «Հայաստանի եւ Արցախի մեծագույն բարեկամն էր»:

«Նրա գլխավորությամբ հանճարեղ որոշում ընդունվեց հայկական կոնյակի ստանդարտ ընդունելու մասին։ Մենք հրաժարվեցինք խորհրդային ГОСТ-13471 ստանդարտից, սահմանեցինք մերն առ այն, որ հայկական կոնյակ է այն ալկոհոլը, որը ստացված է հայկական խաղողից եւ շշալցված է Հայաստանում»,- ասել էր Հրանտ Բագրատյանը։ Նա նաեւ նշել էր, որ Պիեռ Լարեչի նախաձեռնությամբ ԵԿԳ-ն Հայաստանում առաջին ընկերություններից էր, որ բժշկական ապահովագրություն տրամադրեց բոլոր աշխատակիցներին։

Իսկ Հայաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանն իր հերթին նշել էր, որ հենց Պիեռ Լարեչի նախաձեռնությամբ Արցախում արտադրված խաղողը սկսեց օգտագործվել հայկական կոնյակի արտադրության մեջ:

Պիեռ Լարեչը հետեւողականորեն եւ սկզբունքորեն բարձրացնում էր հայկական կոնյակի ապագայի համար կարեւոր հարցեր։

2003 թվականի մարտին Հայաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Զադոյանի հետ հանդիպման ժամանակ նա մտահոգություն էր հայտնել ձմռան ցրտահարությունների հետեւանքների կապակցությամբ, որոնք վնաս էին հասցրել Արարատյան դաշտի խաղողի այգիների զգալի մասին: Պիեռ Լարեչն ընդգծում էր ֆերմերներին անհապաղ օգնություն ցուցաբերելուն ուղղված միջոցառումների կարեւորությունը՝ ցրտահարությունից տուժած խաղողի որթատունկերը հատելը կանխելու նպատակով:

 

 

Նույն թվականի օգոստոսին Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ հանդիպման ժամանակ Պիեռ Լարեչը կոչ էր արել միջոցներ ձեռնարկել, որպեսզի ներկրվող սպիրտերը, «որոնց որակն ու ծագումը հսկողության չեն ենթարկվում, չօգտագործվեն հայկական կոնյակի արտադրության համար»:

2004 թվականի հունիսին կայացած մամուլի ասուլիսում, որի ժամանակ հայտարարվեց, որ Պիեռ Լարեչը շուտով կթողնի ԵԿԳ ղեկավարի պաշտոնը, նա նշել էր, որ «ԵԿԳ-ի նոր ղեկավարությանը հաջողվեց փարատել այն մտավախությունները, որոնք կային Հայաստանի քաղաքական եւ հասարակական շրջանակներում Pernod Ricard խմբի կողմից գործարանը ձեռք բերելուց հետո»:

Պիեռ Լարեչը մահացավ Ֆրանսիայում 2020 թվականի փետրվարին՝ 74 տարեկան հասակում:

Արա Թադեւոսյան

 

«Նորագույն պատմությունը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

«Նորագույն պատմությունը»-ը ներկայացնում է իրադարձություններ եւ դրվագներ, որոնք տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում 1991 թվականից հետո ընկած ժամանակաշրջանում: