Տիրան Կյուրեղյանի «կռիվը» Գարեգին Երկրորդի, Քոչարյանի եւ Տեր-Պետրոսյանի հետ



2001 թվականի մայիսին, երբ Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարության պետական հանձնաժողովը պատրաստվում էր տոնական միջոցառումներին, սկանդալ բռնկվեց։

Կոնֆլիկտը սկսվել էր 2000 թվականի հոկտեմբերի 6-ին, երբ մոտ մեկ տարի առաջ
Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրված Գարեգին Երկրորդի որոշմամբ արքեպիսկոպոս Տիրան Կյուրեղյանը ազատվեց Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդի պաշտոնից։

1948 թվականին Կիպրոսում ծնված Ղազարոս Կյուրեղյանը 1962 թվականին հայրենադարձվել էր Հայաստան, իսկ երկու տարի անց ընդունվել էր Գեւորգյան ճեմարան: 1972 թվականին ձեռնադրվել էր աբեղա, իսկ 1976 թվականին նշանակվել էր Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդի: Տիրան Կյուրեղյանը Ռուսաստանի հայերի հոգեւոր առաջնորդ մնաց գրեթե քառորդ դար:

 

 

2000 թվականի հոկտեմբերին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական հայտարարության մեջ նշվում էր, որ արքեպիսկոպոս Տիրանը «կտեղափոխվի այլ պատասխանատու պաշտոնի»։ Այդ ժամանակ մոտ 50 հայ հավատացյալներ Մոսկվայում բողոքի ցույց էին կազմակերպել՝ պահանջելով որոշումը չեղյալ համարել։ Սակայն կրքերը շուտով հանդարտվեցին։ Բայց, ինչպես պարզվեց, վեց ամիս անց ավելի թեժ բորբոքվելու համար։

2001 թվականի մայիսին Տիրան Կյուրեղյանը հայտարարել էր «Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի՝ Ամենայն հայոց կաթողիկոսի ենթակայությունից անջատման մասին»։ 2000 թվականի նրա պաշտոնանկությունից հետո թեմի առաջնորդի պարտականությունները կատարում էր 1988 թվականից Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգի) հայ հոգեւոր հովիվ Եզրաս Ներսիսյանը։

 

 

Կաթողիկոսի այս որոշումը բուռն բողոք էր առաջացրել Կյուրեղյանի եւ նրա կողմնակիցների շրջանում. նրանք պնդում էին, որ առաջնորդը պաշտոնանկ է արվել միայն նրա համար, որ թեմը ղեկավարի Վեհափառի հարազատ եղբայրը: Կաթողիկոսը, որն այդ ժամանակ հովվապետական այցով Միացյալ Նահանգներում էր, մեկնաբանություններ չարեց, այլ պարզապես կարգալույծ հռչակեց Տիրան Կյուրեղյանին։

Ի պատասխան՝ թեմի նախկին առաջնորդը մամուլի ասուլիս հրավիրեց եւ հայտարարեց, որ Գարեգին Երկրորդը «լեգիտիմ» Կաթողիկոս չէ։

 

 

Ի պատասխան Ռուսաստանի հայ մտավորականության ներկայացուցիչները հայտարարություններ տարածեցին՝ դատապարտելով Կյուրեղյանի «անարժան եւ անբարո» գործողությունները: Նրանք թեմի նախկին ղեկավարին «մոլագար» անվանեցին եւ Կաթողիկոսին կոչ արեցին «արդար գնահատական տալ թափթփուկների խմբի կործանարար գործունեությանը, որը փորձում է պղծել հավատացյալների հոգիները»:

 

 

Կյուրեղյանն էլ հայտարարեց, որ Հայաստանի կառավարության որոշակի կառույցներ ճնշում են գործադրում Մոսկվայի հայ համայնքի վրա: Թեմի նախկին առաջնորդը սկսեց նաեւ քաղաքական հայտարարություններ անել՝ ասելով, որ «Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղը կհանձնի Ադրբեջանին»:

Նա պնդում էր, որ Քոչարյանը Հայաստանի նախագահ էր «նշանակվել» արեւմտյան ուժերի ճնշման ներքո եւ Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անմիջական մասնակցությամբ: Վերջինը, պնդում էր Կյուրեղյանը, «մնում է իրավիճակի իրական տերը» եւ «գորշ կարդինալի» դեր է խաղում Հայաստանում:

«Ղազար Կյուրեղյանը մամուլի ասուլիսի մասնակիցներին հասկացրեց, որ, հնարավոր է, կգլխավորի «Ռուսաստանի հայկական սփյուռքի ընդդիմադիր շարժումը»։ Այսպես տեղի ունեցավ քաղաքական ձեռնադրումը, որը նախկին արքեպիսկոպոսն ինքն իր հանդեպ իրագործեց», - գրում էր GazetaSNG.ru պարբերականի մեկնաբանը:

Հիմքեր կային ենթադրելու, որ հակամարտության արմատները իրականում սկիզբ էին առել ոչ թե 2000, այլ 1999 թվականին։

 

 

1999 թվականի սեպտեմբերի 28-ին՝ Կաթողիկոսի ընտրություններից մեկ ամիս առաջ, Հայոց եկեղեցու մի քանի հոգեւորականներ հայտարարություն էին տարածել, որում պնդել էին, որ «Հայաստանի կառավարության բարձրագույն էշելոնները համաձայնության են եկել թեկնածուներից մեկի օգտին (նկատի ունենալով Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանին) եւ մտադիր են նրան շնորհել կաթողիկոսական գահը»։ Այս հայտարարության նախաձեռնողներից մեկը Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանն էր։

Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են REUTERS-ի եւ ՌԴ նախագայի մամուլի ծառայության լուսանկարները

 

«Նորագույն պատմությունը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

«Նորագույն պատմությունը»-ը ներկայացնում է իրադարձություններ եւ դրվագներ, որոնք տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում 1991 թվականից հետո ընկած ժամանակաշրջանում: