Հայաստանի էլցանցերի պատմությունը. դրամա 6 գործողությամբ



Ավելի քան քառորդ դար էլեկտրական ցանցերը էական ազդեցություն ունեն Հայաստանի քաղաքական գործընթացների վրա: «Նորագույն պատմություն» նախագծի այս գլխում պատմում ենք, թե ինչպես եւ ինչու է այդպես ստացվել:

Գործողություն առաջին


Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերի մասնավորեցման մասին քննարկումները սկսվել էին 1999 թվականին, եւ թվում էր, թե նոր սեփականատիրոջ վերաբերյալ որոշումը կկայացվի սեղմ ժամկետներում:

Սկզբում Հայաստանի էլեկտրացանցերին հավակնում էր հինգ ընկերություն՝ ռուսական «Իտեռա»-ն, ֆրանսիական Electricité de France-ը, իսպանական Union Fenosa-ն, ամերիկյան AES Silk Road-ը եւ շվեյցարա-շվեդական ABB-ն:

2000 թվականի ապրիլին մրցութային հանձնաժողովը որոշել էր տենդերին մասնակցելու իրավունքի զրկել «Իտեռային», որը «Ռոսէներգոատոմ» ընկերության հետ կոնսորցիում էր կազմել: Դրանից հետո Հայաստանում Ռուսաստանի դեսպան Անատոլի Դրյուկովը հայտարարել էր, որ «ռուսական ընկերությունները լքում են Հայաստանը եւ դա չի համապատասխանում Հայաստանի եւ Ռուսաստանի ձգտումներին»: Իսկ «Ռոսէներգոատոմ»-ի գործադիր տնօրենի առաջին տեղակալ Դմիտրի Ժուրբանը պնդում էր, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) եւ ԱՄՆ կառավարությունը բացահայտ պաշտպանում են ամերիկյան ընկերության շահերը։

Հայկական էլցանցերի բաժնետոմսերը «Իտեռային» վաճառելուն դեմ էր Համաշխարհային բանկը (ՀԲ): ՀԲ տարածաշրջանային տնօրեն Ջուդիթ Օ'Քոնորը դիմել էր Հայաստանի վարչապետ Արամ Սարգսյանին՝ հորդորելով տենդերի արդյունքները ամփոփելիս չմոռանալ «ազնիվ մրցակցության եւ արդար գործարարության սկզբունքների» մասին։

 

 

2000 թվականի մարտին Երեւան կատարած այցի ժամանակ ԱՄՆ Առեւտրի նախարարության նորանկախ պետությունների հարցերով խորհրդական Յան Կալիցկին չէր թաքցրել, որ հետաքրքրված է ամերիկյան AES ընկերության հաղթանակով: «Կարծում եմ՝ ամերիկյան ընկերությունը լավագույնն է», - ասել էր նա։

Այնուամենայնիվ, Հայաստանի իշխանությունները հայտարարել էին, որ «Իտեռային» հեռացնելու իրենց որոշումը պայմանավորված էր բացառապես տնտեսական, այլ ոչ թե քաղաքական նկատառումներով։

AES Silk Road-ը ամենասկզբից համարվում էր ամենահավանական հաղթողներից մեկը: Ընկերությունն Վրաստանում եւ Ղազախստանում նման աշխատանքի փորձ ուներ: Մասնավորապես, AES-ի դուստր ձեռնարկություն AES Telasi-ն Վրաստանի մայրաքաղաքի բաշխիչ էլցանցերի բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերն էր։

2000 թվականի հոկտեմբերին Մեդիամաքսին տված բացառիկ հարցազրույցում ԱՊՀ երկրներում AES Silk Road-ի ներկայացուցիչ Ջոն Հաֆաքերն ասել էր.

«AES-ը միշտ նախընտրում է ձեռք բերել բաժնետոմսերի 100%-ը: Եթե սեփականության այս մակարդակը հասանելի չէ, մենք կաշխատենք հնարավորինս մոտենալ այդ նպատակին»:

Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանի կառավարությունը առաջարկում էր էլեկտրացանցերի մասնավորեցման հետեւյալ սխեման. ցանցի բաժնետոմսերի 51%-ը պետք է անցներ ռազմավարական ներդրողին, 20%-ը՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկին, 20%-ը՝ պետությանը, 5%-ը՝ վաճառվելու է ֆոնդային բորսայում, իսկ 4%-ը՝ բաշխվելու է ցանցերի կոլեկտիվների շրջանում: Հաֆաքերի հարցազրույցի հրապարակումից մի քանի օր անց Հայաստանի էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը նշել էր, որ ցանցերի պոտենցիալ գնորդների հետ բանակցությունների ընթացքում «սկզբնական մասնավորեցման բանաձեւը կարող է որոշակի փոփոխությունների ենթարկվել»:

 

 

Իսպանական Union Fenosa-ն միշտ չափազանց զգույշ էր արտահայտվում իր նպատակների մասին: 2000 թվականի սեպտեմբերին Union Fenosa-ի արտասահմանյան ներդրումների վարչության ներկայացուցիչ Դեյվիդ Գոմեսը Մեդիամաքսին տված հարցազրույցում հաստատել էր տենդերին մասնակցելու ընկերության մտադրությունը: Սակայն Գոմեսը հավելել էր, որ ամեն ինչ կախված է առաջարկվող պայմաններից: Նույն զգուշավոր պատասխանը նա տվել էր նաեւ 2001 թվականի սկզբին:

2001 թվականի մարտի 15-ին Հայաստանի Դեմոկրատական կուսակցության եւ «Սահմանադրական իրավունք» միության նախաձեռնությամբ հայտարարվել էր «ցանցերի մասնավորեցման դեմ համազգային շարժման» ծավալման մասին:
Նախաձեռնողները պնդում էին, որ մասնավորեցման արդյունքում Հայաստանը «կկորցնի իր էներգետիկ անկախությունը»։

Ակնկալվում էր, որ տենդերի արդյունքները պետք է հայտարարվեն 2001 թվականի ապրիլին, սակայն նախնական որակավորում անցած AES Silk Road-ը եւ Union Fenosa-ն առաջարկներ չէին ներկայացրել, եւ տենդերը չեղյալ էր հայտարարվել։


Գործողություն երկրորդ


Գործընթացը կրկին ակտիվացել էր 2001 թվականի հոկտեմբերին, երբ հայտարարվել էր, որ կա երկու հավակնորդ՝ ամերիկյան AES Silk Road-ը եւ «Ռուսաստանի միացյալ Էներգահամակարգեր»-ը (ՌԱՕ ԵԷՍ)։ Հայկական մի քանի լրատվամիջոց՝ հավաստի աղբյուրներ վկայակոչելով, գրում էին, որ AES-ը այլեւս հետաքրքրված չէ հայկական ցանցերով եւ մրցույթին մասնակցում է «իներցիայով»։

 

 

Հետաքրքիր է, որ 2001 թվականի ամռանը Ռուսաստանի փոխվարչապետ Իլյա Կլեբանովը հայտարարել էր, որ «Գազպրոմը» եւ «Իտեռան» կմասնակցեն Հայաստանի էլեկտրացանցերի մասնավորեցմանը, նշելով, որ այդ նպատակով կարող է կոնսորցիում ստեղծվել իսպանական Union Fenosa ընկերության հետ: Կառավարությունից հասկացնում էին, որ Հայաստանի ղեկավարության համար նախընտրելի տարբերակը կլիներ հենց ռուս-արեւմտյան կոնսորցիումը: Սակայն Union Fenosa-ի ղեկավարները հերքեցին կոնսորցիում կազմելու իրենց մտադրությունը, իսկ «Գազպրոմը» եւ «Իտեռան» մրցույթին մասնակցության հայտեր չներկայացրեցին։

Ռուսաստանի «Միացյալ ֆինանսական խմբի» վերլուծաբանները նշում էին, որ «ՌԱՕ ԵԷՍ»-ը հիմնականում քաղաքական նպատակներ է հետապնդում եւ որ Հայաստան մուտք գործելը չի օգնի ընկերությանը ընդլայնել էլեկտրաէներգիայի արտահանումը ԱՊՀ-ից դուրս։

Հոկտեմբերին Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը խոստովանել էր, որ «ՌԱՕ ԵԷՍ»-ը ժամանակին չի ներկայացրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ինչի հետեւանքով տենդերային հանձնաժողովի նիստը կայացել էր նախատեսվածից 10 օր ուշ։

 

 

Դեկտեմբերին տենդերը կրկին անվավեր էր ճանաչվել: 2001 թվականի դեկտեմբերի 13-ին Հայաստանի կառավարությունը էներգետիկայի նախարարությանը հանձնարարել էր միավորել չորս բաշխիչ ցանցերը մեկ ընկերության մեջ։ Նոր ընկերության կազմի մեջ պետք է ընդգրկվեին «Հյուսիսային էլեկտրացանցը», «Հարավային էլեկտրացանցը», «Կենտրոնական էլեկտրացանցը» եւ «Երեւանի էլեկտրացանց» ՓԲԸ-ները։ Կառավարության որոշման համաձայն՝ ցանցերի միավորումը պետք է ավարտվեր 2002 թվականի առաջին եռամսյակում։

Հաջորդ օրը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ երկրի էներգետիկ ոլորտում ծանր իրավիճակը կկարգավորվի առաջիկա երկու ամիսների ընթացքում։ Մեկնաբանելով էլցանցերի սեփականաշնորհման անհաջող փորձերը՝ նա նշել էր, որ շարունակում է դրանց սեփականաշնորհման կողմնակից լինել։ Եթե ցանցերը փոխանցվեն հավատարմագրային կառավարման, ասել էր նախագահը, բոլոր շահագրգիռ կողմերի միջեւ հարաբերությունները պետք է հստակ սահմանվեն։

Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Օուեյս Սաադաթը պատրաստակամություն էր հայտնել օգնել Հայաստանի կառավարությանը ցանցերը կառավարելու համար փորձառու ընկերություն ներգրավելու հարցում։ Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարությունն արել է անհրաժեշտ ամեն ինչ տենդերը հաջողությամբ անցկացնելու համար, եւ այն փաստը, որ մրցույթը չի կայացել, «հիմնականում պայմանավորված է արտաքին գործոններով»։

 

 

Սաադաթը նաեւ հայտարարել էր, որ Համաշխարհային բանկը կկենտրոնացնի իր ջանքերը SAC-4 վարկի «լողացող» տրանշի վերակառուցման վրա՝ փորձելով չկապել դրա հատկացումը էլեկտրացանցերի մասնավորեցման տենդերի արդյունքների հետ, այլ հաշվի առնել այն քայլերը, որոնք Հայաստանի կառավարությունը պատրաստ է ձեռնարկել էներգետիկայի ոլորտում իրավիճակը բարելավելու համար։


Գործողություն երրորդ


2002 թվականի հունվարի 31-ին Հայաստանի կառավարությունը որոշել էր էլեկտրացանցերը հինգ տարի ժամկետով հավատարմագրային կառավարման հանձնելու մասին։ Միեւնույն ժամանակ, կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ այս որոշումը չի բացառում նշված ժամկետից շուտ ցանցերը մասնավորեցնելու հնարավորությունը՝ «համապատասխան նախադրյալների առկայության դեպքում»։

«Նախադրյալները» ի հայտ եկան ամռանը. 2002 թվականի օգոստոսին Midland Resources Holding ընկերությունը ճանաչվեց Հայաստանի էլեկտրացանցերի մասնավորեցման տենդերի հաղթող։

Midland Resources Holding-ը պարտավորվել էր վճարել $12,15 միլիոն բաժնետոմսերի 80% համար եւ մարել ընկերության $25 միլիոնի պարտքը։ Այդպիսով, գործարքի ընդհանուր գինը կազմել էր $37.15 միլիոն։

 

 

Midland Resources Holding-ը գրանցված էր Մեծ Բրիտանիայի օֆշորային գոտիներից մեկում: Նրան էր պատկանում հայկական Max Fruit ընկերության բաժնետոմսերի 50%-ը: Max Fruit-ի մնացած 50%-ի սեփականատերը գործարար եւ Ազգային ժողովի պատգամավոր Հարություն Փամբուկյանն էր: Պատգամավորի խոսքով՝ էլեկտրացանցերի մասնավորեցման գործընթացում նա հանդես էր եկել որպես «միջնորդ» Հայաստանի կառավարության եւ Midland Resources Holding-ի միջեւ։

Մեկնաբանելով գործարքը՝ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի մամուլի քարտուղար Վիգեն Սարգսյանն ասել էր. «Համաշխարհային բանկը լիովին վստահ չէ, որ էներգետիկ ոլորտում փորձ չունեցող Midland Resources Holding-ի կկարողանա լուծել Հայաստանի էներգետիկ ոլորտի առջեւ ծառացած բարդ մարտահրավերները»։

 

 

2002 թվականի օգոստոսի 28-ին Հայաստանի 14 ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ դատապարտել էին գործարքը։ «Ժողովրդի աչքի առջեւ իշխանությունները կրկին մաֆիոզ-կլանային համակարգին բնորոշ անամոթ գործարք կնքեցին՝ վաճառելով Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող էներգետիկ ցանցերը», - ասվում էր նրան հայտարարության մեջ։


Գործողություն չորրորդ


2005 թվականի փետրվարի 15-ին ռուսական թերթերը մեկնաբանում էին Հայաստանի էլեկտրացանցերի հնարավոր ձեռքբերումը ռուսական «ՌԱՕ ԵԷՍ»-ի կողմից։

«ՌԱՕ ԵԷՍ»-ի ներկայացուցիչը հաստատել էր «Վեդոմոստի»-ին, որ հոլդինգը բանակցություններ է վարում Midland Group-ի հետ։ «Սակայն դեռ վաղ է խոսել գործարքի ավարտի մասին։ Որեւէ պայմանավորվածություններ չունենք», - նշել էր նա։

Մոսկվայում գործող «ԲրոքերՔրեդիտՍերվիս»-ի վերլուծաբան Ալեքսանդր Կորնիլովը «Իզվեստիա» թերթին ասել էր, որ «տնտեսական տեսանկյունից բաշխիչ ցանցերի գնումը կասկածելի է թվում»։ Միեւնույն ժամանակ, նշել էր նա, ««ՌԱՕ ԵԷՍ»-ի գործարքներից շատերը հաշվի են առնում Ռուսաստանի պետության շահերը, որին պատկանում է հոլդինգի բաժնետոմսերի 51%-ը»։

Այդ ժամանակ «ՌԱՕ ԵԷՍ»-ին պատկանում էին Սեւան-Հրազդան հիդրոէլեկտրակայանների կասկադը, Հրազդանի ՋԷԿ-ը, ընկերությունը նաեւ կառավարում էր Հայկական ատոմակայանի ֆինանսական հոսքերը։

2005 թվականի հուլիսի 1-ին հայտնի էր դարձել, որ «ՌԱՕ ԵԷՍ» խմբի մաս կազմող InterEnergo BB ընկերությունը $73 միլիոնով ձեռք էր բերել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն։ Այս մասին նշվում էր «ՌԱՕ ԵԷՍ» ՌԲԸ-ի տարեկան հաշվետվության մեջ, սակայն ընկերությունը գործարքի վերաբերյալ որեւէ հրապարակային հայտարարություն չէր արել։

Նույն օրը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մամլո քարտուղար Մարգարիտա Գրիգորյանը Մեդիամաքսին տված հարցազրույցում հերքել էր «ՌԱՕ ԵԷՍ»-ի կողմից ընկերության ձեռքբերման մասին հաղորդագրությունը։

«Խոսքը գնում է միայն ընկերության կառավարման կառուցվածքում փոփոխությունների մասին, որոնց վերաբերյալ մենք պաշտոնապես կհաղորդենք հաջորդ շաբաթ», - նշել էր նա։

 

 

Հուլիսի 8-ին ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբինսոնը հայտարարել էր, որ «Համաշխարհային բանկը դժգոհ է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակից»։

Ռոբինսոնը նշել էր, որ Հայաստանի կառավարությունը մինչ այժմ հանդես չի եկել որեւէ հայտարարությամբ, որը լույս կսփռեր իրավիճակի վրա:

Ռոբինսոնի խոսքերով, ՀԲ-ն «փորձում է պարզել՝ ինչ է տեղի ունեցել իրականում»։ Նա հիշեցրել էր, որ ցանցերի բաժնետոմսերի ավելի քան 25%-ի վաճառքը պետք է նախապես արտոնված լիներ կառավարության եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից:

«Բաշխիչ ցանցերը Հայաստանի ամենախոշոր եւ եկամտաբեր ոլորտներից է, որը ռազմավարական նշանակություն ունի ցանկացած հայի համար, եւ ես անհրաժեշտ եմ համարում, որպեսզի կատարվող իրադարձությունների մասին հայտարարվի հրապարակայնորեն, թափանցիկ եւ պաշտոնապես», - ասել էր Ռոջեր Ռոբինսոնը:

Նույն օրը Մարգարիտա Գրիգորյանը կրկին հերքել էր «ՌԱՕ ԵԷՍ»-ի կողմից ընկերությունը ձեռք բերելու մասին տեղեկությունները: Նա Մեդիամաքսին ասել էր, որ կառավարումը փոխանցվել է հոլանդական InterEnergo BB ընկերությանը, որը ռուսական «ՌԱՕ ԵԷՍ»-ի մաս է կազմում», սակայն ընկերությունը վաճառելու մասին խոսք չի եղել:

Հուլիսի 19-ին ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալությունը (USAID) մտահոգիչ էր անվանել տեղեկությունները «Հայաստանի էլցանցեր»-ի սեփականատիրոջ փոփոխության մասին եւ տեղեկացրել էր, որ վերանայում է Հայաստանին տրամադրվող օժանդակության փաթեթը։

USAID-ի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում էր.

«Եթե այդ տեղեկությունները ստույգ են, ապա փոփոխությունը կատարվել է շրջանցելով Հայաստանի կառավարության կանոնակարգերը, որոնք ստեղծված են սպառողներին պաշտպանելու նպատակով: Մինչ այս իրավիճակը կպարզվի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը վերանայում է իր օժանդակության փաթեթը` պարզելու համար, թե արդյո՞ք իր ընթացիկ կամ նախատեսվող ծրագրերից որևէ մեկի հաջողությունը կարող է կանխորոշվել էլցանցերի սեփականության իրավունքի փոփոխությունը»։

Հայտարարության մեջ նաեւ ասվում էր, որ «մենք հատկապես մտահոգում է այս իրավիճակը` հաշվի առնելով այն փաստը, որ մենք տարիներ շարունակ սերտորեն համագործակցել ենք Հայաստանի կառավարության հետ Հայաստանի կոմունալ ծառայությունների թափանցիկությունը ապահովող գործընթացները հաստատելու նպատակով»։


Գործողություն հինգերորդ


«ՌԱՕ ԵԷՍ»-ը Հայաստանի էլեկտրացանցերի սեփականատերն էր գրեթե 10 տարի։

Սակագները բարձրացնելու որոշումից հետո Հայաստանում ծավալվել էր Electric Yerevan շարժումը, որի մասին պատմել ենք «Նորագույն պատմություն» նախագծի գլուխներից մեկում։

 

 

Electric Yerevan-ը փաստացի ցանցերի սեփականատիրոջ փոփոխության խթան հանդիսացավ։

2025 թվականի նոյեմբերի 22-ին «Տաշիր Կապիտալ» ընկերության տնօրեն, Սամվել Կարապետյանի զարմիկ Նարեկ Կարապետյանը գրառում էր կատարել, որում, մասնավորապես, ասվում էր.

«Էլեկտրիկ Երեւանի օրերն էին: Մարդիկ դուրս էին եկել փողոց՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Ինչպես ամեն ամառ Սամվել Կարապետյանը Հայաստան էր ժամանել: Կարծես ավանդույթ էր դարձել և ամեն անգամ երկրի համար մի կարևոր հարց քննարկվում էր նրա հետ: Այդ տարի երկրի ղեկավարը մի խնդրանքով էր դիմել նրան ՝գնել Հայաստանի էլեկտրական ցանցերը, որպեսզի այսպես կոչված blackout -ը կանխվի և համակարգը պարտքերի պատճառով չկանգնի:

 

 

Հիշում եմ մեր տանը հորս և հորեղբորս խոսակցությունը: Հայրս դեմ էր՝ բոլորիս առաջարկում էր չանել, քանի որ ժողովրդի համար այդպիսի նուրբ ոլորտ, ինչպիսին լույսն է, չի կարող խոցելի չլինել և մարդիկ դժգոհ լինելով այդ կառույցից, որը չէր կարող անթերի լինել, իրենց դժգոհությունը կարող էին փոխանցել ընտանիքի անվանը, իսկ կործանվող ընկերությունը բեռ կլիներ մեզ համար: Հիշում եմ հորեղբորս խոսքերը՝ եթե անգամ չստացվի ընկերության վիճակը լավացնել, տարին 15 մլն $ կհատկացնենք և կհամարենք դա բարեգործություն Հայաստանի համար: Երկար բանավեճից հետո որոշվեց գնել»։

2015 թվականի հոկտեմբերի 1-ին Սամվել Կարապետյանի «Տաշիր»-ը եւ «Ինտեր ՌԱՕ»-ն ստորագրել էին Հայաստանի էլէկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի պայմանագիրը:

««Տաշիր» ընկերությունների խումբը ստանձնում է Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կառավարման հետ կապված բոլոր պարտավորությունները: Հետագա զարգացման ծրագրում նախատեսված է հակաճգնաժամային ծրագրի ներմուծում՝ ընկերության ֆինանսական գործունեության օպտիմալացման նպատակով, ինչպես նաեւ աստիճանաբար իրականացվելիք բաշխիչ ցանցերի արդիականացում: Բնակչությանը աջակցության նպատակով որոշվել է հաջորդ տարվա ընթացքում կառավարության եւ անձնական գումարների հաշվին փոխհատուցել բարձրացված եւ մինչեւ 2015 թ. օգոստոսի 1-ը գործող սակագների տարբերությունը՝ բնակչության եւ փոքր բիզնեսի շրջանում»,- հայտարարել էր «Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանը:

Հոկտեմբերի 16-ին Սամվել Կարապետյանը նոր հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, ասվում էր.

«Ընկերության կառավարումը կլինի պարզ, հանրության համար հասկանալի ու թափանցիկ՝ հիմնված կորպորատիվ պատասխանատվության կարեւորագույն բաղկացուցչի վրա: «ՀԷՑ»-ի զարգացման գերակա նպատակներից է հակաճգնաժամային ծրագրի ներդրումը, ընկերության ֆինանսական գործունեության օպտիմալացումը, սպասարկման որակի բարձրացումը եւ «ՀԷՑ»-ի ֆինանսա-տնտեսական վերահսկողության ապահովումը՝ այդ թվում նաեւ համապատասխան նորագույն տեխնոլոգիաների ներդրման միջոցով։

 

 

Նախեւառաջ, նախատեսում ենք արդյունավետ ներդրումների միջոցով բաշխիչ ցանցերի ենթակառուցվածքի արդիականացում: Համընդհանուր անզիջում պայքար ենք մղելու արատավոր երեւույթների, կոռումպացված աշխատողների եւ անբարեխիղճ սպառողների դեմ եւ ներքին ռեսուրսների կենտրոնացմամբ, այդ թվում նաեւ՝ էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցմամբ կրճատելու ենք ընկերության ծախսերը, որի արդյունքում հետագայում հնարավոր կլինի խուսափել «ՀԷՑ»-ի մասով էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից: 3 միլիոն բնակչության շահը մեզ համար, անկասկած, առաջնային է եւ չի կարող համեմատվել որոշ կոռումպացված աշխատակիցների ու անբարեխիղճ սպառողների շահի հետ»:

2015 թվականի դեկտեմբերին Սամվել Կարապետյանը ցանցերի գնման որոշ մանրամասներ էր ներկայացրել РБК Daily թերթին տված հարցազրույցում.

- Աշնան սկզբին հայտարարվեց, որ դուք Интер РАО-ից գնում եք «Հայաստանի էլեկտրական ցանցերը»: Ինչո՞ւ որոշեցիք ձեռք բերել այդ ակտիվը, չէ՞ որ այն բազմաթիվ պարտքեր ուներ:

- Այո, ընկերությունը մեծ պարտքեր ուներ՝ շուրջ $220 մլն: Ակտիվը գնել ենք այդ պարտքերը մարելու համար:

- Ինչպե՞ս դա հասկանանք: Դա բարեգործությու՞ն է:

- Իհարկե ոչ, բարեգործություն չէ: «Հայաստանի էլեկտրական ցանցերը» լավ ընկերություն է եւ երկարաժամկետ ակտիվ, իսկ մեր կառավարման ներքո այն ավելի լավը կդառնա:

- Ինչո՞վ է լավ վնասաբեր ընկերությունը:

- Մենք ընկերությունը ստացանք շատ ծանր վիճակում: Այն վնասաբեր էր, բայց շահութաբեր կդառնա:

- Ո՞վ է ձեզ առաջարկել գնել ընկերությունը:

- Առաջարկը եղել է Интер РАО-ից:

- Կոնկրետ ո՞վ է առաջարկել՝ վարչության նախագահ Բորիս Կովալչո՞ւկը:

- Բնականաբար, առանց պարոն Կովալչուկի նման ակտիվը չէր վաճառվի: Ակտիվը գնելու առաջարկով մեզ դիմել է Интер РАО-ի վարչության անդամներից մեկը: Վերջնական որոշումը կայացվեց նրանից հետո, երբ դրա մասին խնդրեցին նաեւ ՀՀ իշխանությունները:

- Կարծես թե ձեզ խնդրում էին գնել ընկերությունը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու նախագահ Սերժ Սարգսյանը, երբ Երեւանում հանրահավաքներ սկսվեցին՝ էլեկտրականության սակագների բարձրացման դեմ: Նրանց մոտ վա՞խ կար, որ մարդիկ կարող են դուրս գալ վերահսկողությունից:

- Այո, ՀՀ իշխանություններն են խնդրել: Մի կողմից, մենք ցանկանում ենք ընկերությունում կարգուկանոն հաստատել, մյուս կողմից՝ հասկանում ենք, որ դա հանրապետության համար ռազմավարական ակտիվ է, որն ազդում է երկրում առկա ներդրումային միջավայրի վրա: Վստահ եմ՝ մենք կարող ենք այն փոփոխել:

- Դա գումարայի՞ն գործարք էր:

- Այո, ոչ ոք մեզ այդ ակտիվը չի նվիրել:

- Որքա՞ն այն արժեցավ:

- Մենք առայժմ չենք բացահայտում գործարքի մանրամասները:

- Դուք նշեցիք, որ ընկերությունը ձեզ անցավ $220 մլն պարտքային բեռով: Կարելի՞ է գոնե իմանալ, թե այդ պարտքի որ մասն եք արդեն մարել:

- Շուրջ 20%-ը:

- Դուք տեսե՞լ եք հայկական մամուլում ենթադրություններն այն մասին, որ այդ ակտիվը ձեռք եք բերել քաղաքական նկատառումներից ելնելով, որպեսզի ձեր եղբայր Կարեն Կարապետյանը վարչապետ դառնա:

- Արդեն 10 տարի է այդ մասին գրում են, սակայն նա դեռ ՀՀ վարչապետ չի դարձել: Ինչ վերաբերում է ИнтерРАО-ի հետ գործարքին, ապա այն ոչ մի կապ չունի նրա հետ: «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ձեռքբերումը մենք դիտարկում ենք երկու տեսանկյունից՝ որպես բիզնես եւ օգնություն հայրենիքին:

 

 

- Ընկերության ո՞ր մասնաբաժինն եք դուք ձեռք բերել:

- Մենք գնել ենք 100%-ը:

- Интер РАО-ի հաշվետվության մեջ դեռ նշվում է, որ վաճառվել է 25%-ը:

- Համաձայնագրի կառուցվածքն այնպիսին է, որ մասնաբաժինները մեզ անցնում են փուլերով: Տվյալ պահին մեզ է պատկանում ակտիվի բաժնետոմսերի 50% -ը:

- Ինչպե՞ս եք մտադիր շահույթ ունենալ:

- Էներգետիկան իսկապես շատ խոցելի բիզնես է, շատ բան կախված է ոչ միայն կառավարող մարմիններից, այլեւ սպառողներից: Սակայն Հայաստանում, որքան էլ զարմանալի կարող է թվալ, մարդիկ վճարում են ժամանակին եւ կանոնակարգված: Այժմ բնակչության կողմից էլեկտրականության դիմաց վճարման մակարդակը կազմում է մոտավորապես 99,8%:

- Եվ այնուամենայնիվ, որտեղի՞ց պետք է շահույթ ստանաք:

- Մենք դեռ չենք մտածում շահույթի մասին եւ հաստատ չենք էլ մտածելու առաջիկա 5 տարիների ընթացքում: Դա երկարատեւ ակտիվ է, մշտական:


Գործողություն վեցերորդ


2025 թվականի հունիսի 17-ին «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը News.am-ի հետ զրույցում խոսեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերի մասին:

«Ի՞նչ կարծիք ես պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խմբակ, մոռանալով Հայոց պատմությունը, Հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու, հայ ժողովրդի վրա: Քանի որ ես միշտ եղել եմ հայ եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն: Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»:

 

 

Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը ձերբակալվել էր, իսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)»։

Հունիսի 26-ին կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ասել էր.

««Հայաստանի էլեկտրական ցանցերը» (ՀԷՑ) կարմիր գծերն անցել է, կառավարումը պետք է վերցնենք մեր ձեռքը։ Պետությունը պետք է շատ արագ վերցնի ՀԷՑ-ի կառավարումը: Հետագա գործընթացները պետք է արագ եւ արդյունավետ իրականացնենք: Հարցը քաղաքական մակարդակով քննարկել ենք, օրենքի նախագիծ է արդեն դրվել շրջանառության մեջ: ԱԺ արտահերթ նիստով համապատասխան օրենսդրական փոփոխությունները կիրականացվեն, եւ շատ արագ գործընթացը տեղի կունենա»:

 

 

Հուլիսի 16-ին Նիկոլ Փաշինյանն ասել էր.

«Այս փուլում պետությունը պետք է վերցնի ՀԷՑ-ի կառավարումը, եւ կվերցնենք։ Մենք ամենեւին չենք ասել, որ պետականացման կամ ետգնման գործընթացից հետո կամ այդ ընթացքում հենց պետությունն է միշտ լինելու Հայաստանի էներգետիկ ցանցերի կառավարողը։ Արտապատվիրակման մասին ենք ասում. մենք խնդիր ունենք գտնել ամենաարդյունավետ կառավարչին եւ այդ կառավարման նկատմամբ ձեւավորել հանրային եւ պետական վերահսկողություն»:

Հուլիսի 18-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի որոշմամբ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ էր նշանակվել Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանը:

 

 

2025 թվականի նոյեմբերի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը զրկել գործունեության լիցենզիայից։

Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են Ֆոտոլուրի եւ REUTERS-ի լուսանկարները

 

«Նորագույն պատմությունը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

«Նորագույն պատմությունը»-ը ներկայացնում է իրադարձություններ եւ դրվագներ, որոնք տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում 1991 թվականից հետո ընկած ժամանակաշրջանում: