#ElectricYerevan-ը



Կիթառի նվագակցությամբ երեկոներ, ասֆալտին լուսացրած գիշերներ ու Բաղրամյան փողոցը մաքրելով անցկացրած առավոտներ... Շատերի հիշողության մեջ այսպես է մնացել #ElectricYerevan շարժումը, որը ծավալվել էր 2015 թվականի հունիսին: Քիչ չեն նաեւ նրանք, ովքեր չեն հավատում #ElectricYerevan «ռոմանտիկ բնույթին» եւ պնդում են, որ դա հստակ ծրագրված քաղաքական գործողություն էր:

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաները Երեւանում մեկնարկեցին 2015 թվականի հունիսի 19-ին: Դրանից երկու օր առաջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սակագնի բարձրացման որոշում էր կայացրել:

«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը Ազատության հրապարակում հունիսի 19-ին կազմակերպեց արտոնված հանրահավաք, որի ժամանակ ցուցարարները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրեցին պահանջ՝ մինչեւ հունիսի 22-ը ժամը 19։00-ը չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը:

Շարժումը սկսեց մեծ թափ հավաքել հունիսի 22-ից հետո, երբ պարզ դարձավ, որ իշխանությունները պահանջը կատարելու մտադրություն չունեն: Ցուցարարները երթով շարժվեցին դեպի նախագահի նստավայր, ոստիկանական ուժերն էլ Բաղրամյան 26-ի մուտքը եւ շրջակայքը պաշտպանելու համար դրանք շրջապատեցին զրահամեքենաներով:

 

 

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ Երեւանի փոխոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի միջոցով, ցուցարարներին փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը, որ կարող է մի քանի հոգու ընդունել իր նստավայրում, սակայն ցուցարարները փաստացի մերժեցին նախագահի առաջարկը:

 

 

Հունիսի 23-ին՝ լուսադեմին, ոստիկանական հատուկ ջոկատայինները ջրցան եւ զրահապատ մեքենաների միջոցով փորձեցին ցրել Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիներին: Հոսպիտալացվեցին եւ բերման ենթարկվեցին բազմաթիվ քաղաքացիներ:

 

 

Լուսադեմին մոտ 200 մարդ էր բերման ենթարկվել ոստիկանության բաժիններ: Ոստիկանությունը գործողություններ իրականացրեց ոչ միայն Բաղրամյան պողոտայում, այլեւ Ազատության հրապարակում:

 

 

Առավոտյան արդեն ցուցարարները նստացույց հայտարարեցին Հայաստանի գրողների միության եւ Սահմանադրական դատարանի շենքերի միջնամասում՝ փակելով Բաղրամյան պողոտան:

Ազգային ժողովի տարածքից մի փոքր ներքեւ փշալարեր տեղադրվեցին, ցուցարարներն իրենց հերթին աղբամաններով բարիկադներ կառուցեցին:

 

 

#ElectricYerevan շարժման խորհրդանիշ դարձավ «Ֆոտոլուրի» թղթակից Վահրամ Բաղդասարյանի լուսանկարը: Միջազգային առաջատար լրատվամիջոցները հենց այդ լուսանկարով էին պատմում ցույցերի մասին: Ամիսներ անց այդ լուսանկարն ընդգրկվեց Reuters-ի «Տարվա լուսանկար» շարքում:

Լուսանկարի հերոս Կարո Ղուկասյանը, ով կանգնել էր ջրցան մեքենայի շիթերի դեմ, Մեդիամաքսին հետագայում պատմել էր.
«Մինչեւ հունիսի 23-ի լուսադեմը մենք անգամ պատկերացում չունեինք, թե ինչ է ջրցան մեքենան: Իրականում, դրա ջրի տակ մնալը բավական ցավոտ է: Ոստիկանության բաժանմունքում տասնմեկ ժամ անցկացնելու հետո, երբ տուն եկա եւ սկսեցի համացանցում լուրերը փնտրել, տեսա այդ լուսանկարը: Մի պահ չհավատացի, որ ես եմ»:

Պայքարի օրերին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ որոշումը չեղյալ հայտարարելու համար փողոց դուրս եկած քաղաքացիներն աչքի ընկան նաեւ ստեղծարարությամբ՝ պայքարի սիմվոլներ դարձան ուշագրավ գրություններով պաստառներն ու կոչերը:

 

 

Առավոտյան ցուցարարները մաքրում էին տարածքը, սնունդ բաժանում, քննարկումներ անում՝ հենց ասֆալտին նստած, մինի-համերգներ կազմակերպում: Ժամը 18:00-ից հետո Բաղրամյան պողոտան մարդաշատ էր դառնում, ցուցարարները շարունակում էին բողոքի գործողությունները:

Ցույցերը գրավել էին ոչ միայն Երեւանի բնակիչների, այլեւ միջազգային հանրության եւ մամուլի ուշադրությունը:

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ղեկավար Մայքլ Գեորգ Լինքը Հայաստանի իշխանություններին կոչ էր արել «խաղաղ հավաքներ անցկացնելու մարդկանց իրավունքը»: Իսկ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ էր արել «մանրակրկիտ եւ անաչառ հետաքննություն» անցկացնել՝ հունիսի 23-ի առավոտյան Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից ուժի գործադրման իրավաչափությունը պարզելու համար:

#ElectricYerevan շարժումը հստակ առաջնորդ չուներ, սակայն առավել ակտիվ էին Վաղինակ Շուշանյանն ու Մաքսիմ Սարգսյանը: Հատկանշական է, որ երկուսն էլ այժմ բնակվում են արտասահմանում:

Հունիսի 27-ի երեկոյան հայտնի դարձավ, որ մինչեւ ՀԷՑ-ում նախատեսված աուդիտի անցկացումն ու եզրակացության կազմումը կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: Այս մասին ասել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ ունեցած խորհրդակցության ժամանակ:

 

 

Հունիսի 29-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիան շարունակող քաղաքացիներին կոչ արեց «զերծ մնալ հակասահմանադրական գործողություններից եւ չսրել իրավիճակը»:

«Բաղրամյան փողոցում հայտնվել են ուժեր, որոնց իրական նպատակը ոչ թե էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հարցն է, այլ երկրում անկայունության ստեղծումն ու մեր քաղաքացիներին բախումների մղելը: Վերջիններս առաջին պլան են մղել ոչ թե հարցի սոցիալական կամ տնտեսական բաղադրիչը, այլ անհասկանալի ու անհեռատես քաղաքական նկրտումներ»,- ասել էր նա:

Ցույցերը Երեւանում աստիճանաբար սկսեցին մարել: «Տաշիր» ընկերությունների խումբը որոշ ժամանակ անց գնեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որում անցկացված աուդիտը որեւէ խախտում չհայտնաբերեց: 2016 թվականի հոկտեմբերի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը քաղաքացիների համար մնաց 49 դրամ, իսկ մյուս մասը՝ 7 դրամը, մինչեւ 250 կՎտ/ժ ծախսի դեպքում, սուբսիդավորեց կառավարությունը:

Մարի Թարյան

Այս գլխում օգտագործվել են Ֆոտոլուրի եւ Մեդիամաքսի լուսանկարները:

 

«Նորագույն պատմությունը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Նորագույն պատմությունը»-ը ներկայացնում է իրադարձություններ եւ դրվագներ, որոնք տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում 1991 թվականից հետո ընկած ժամանակաշրջանում: