Հայկական ԱԷԿ-ի վերագործարկումը



1989 թվականին՝ Չեռնոբիլի ատոմակայանի վթարից եւ 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո, Հայկական ԽՍՀ ղեկավարությունը ժողովրդավարական ուժերի որոշակի ճնշման ներքո Հայկական ատոմակայանը փակելու վերաբերյալ որոշում էր կայացրել։ Երեք տարի անց Արցախյան պատերազմի եւ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Հայաստանի ամբողջական շրջափակման հետեւանքով երկիրը հայտնվել էր լրջագույն էներգետիկ ճգնաժամի մեջ, եւ ակնհայտ էր, որ առանց ատոմակայանի վերագործարկման այն հաղթահարելը գրեթե անհնար կլիներ։

1993 թվականի ապրիլի 7-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի վերականգնման աշխատանքները սկսելու եւ շահագործումը վերսկսելու մասին» որոշումը։ Խնդիրը դյուրին չէր. ատոմակայանների «վերակենդանացման» նախադեպեր աշխարհում չկային։

Հայկական ատոմակայանի ապակոնսերվացման ծրագրի կարեւորության մասին վկայում էր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի 1994 թվականի ամանորյա ուղերձը, որտեղ նա առանձնացրել էր իշխանությունների առջեւ ծառացած երեք կարեւորագույն խնդիրները՝ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը, Սահմանադրության ընդունումը եւ ատոմակայանի վերագործարկումը։

 

 

Հայկական կամ Մեծամորի ատոմակայանի շինարարությունը սկսվել էր 1970 թվականին եւ ավարտվել 1979-ին։ ԽՍՀՄ փլուզմանը նախորդող ժամանակաշրջանում Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը հասցվել էր մոտ 15 մլրդ կՎտ/ժ-ի, որից 65 %-ն արտադրում էին ՋԷԿ-երը, 27-ը՝ ատոմակայանը, իսկ մնացած 8-ը՝ հիդրոէլեկտրակայանները։

1977 թվականից ի վեր արտադրված էլեկտրաէներգիայի 15-20 %-ն արտահանվում էր հարեւան խորհրդային հանրապետություններ եւ Թուրքիա։ Սեփական էներգառեսուրսներով ոչ հարուստ հանրապետությունը վերածվել էր էլեկտրաէներգիա արտահանողի։ Արդյունքում ապակողմնորոշիչ տպավորություն էր ստեղծվել Հայաստանում էլեկտրաէներգիայի ավելցուկի առկայության մասին, թեեւ իրականում դրա արտադրության համար ամեն տարի հանրապետություն էր ներկրվում մոտ 4 մլն տոննա վառելիք, որի արժեքը 1990-ականների միջազգային գներով գերազանցում էր $200 միլիոնը։

 

 

Ակնհայտ էր, որ առանց արտաքին օգնության Հայաստանը չէր կարողանա վերագործարկել ատոմակայանը։ Մոսկվայի հետ ակտիվ բանակցությունների արդյունքը եղավ 1994 թվականի մարտին «Հայկական ատոմային էլեկտրակայանի համատեղ ապակոնսերվացման մասին» համաձայնագրի կնքումը։ Հայաստանը պարտավորվում էր ատոմը չօգտագործել ռազմական նպատակներով եւ օգտագործված հումքը չարտահանել երրորդ երկիր՝ առանց Ռուսաստանի գրավոր թույլտվության։ Ռուսական կողմն իր վրա էր վերցնում թափոնների փոխադրումն ու թաղումը։

1994 թվականի հունիսի 4-ին Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի կառավարությունների միջեւ ստորագրվել էր 110 միլիարդ ռուբլու պետական վարկի մասին պայմանագիր։ Հայաստանի կառավարությունը որոշել էր վարկի գումարի 60 %-ը ուղղել ՀԱԷԿ-ի վերագործարկմանը։

Վարկը տրամադրվել էր մինչեւ 1999 թվականի հունվարի 1-ը՝ չորս տարվա ընթացքում հավասարաչափ մարումներով։ Վարկի գրավը Հայկական ատոմակայանի եւ հայկական մի շարք ձեռնարկությունների, այդ թվում՝ Երեւանի կոնյակի գործարանի բաժնետոմսերի փաթեթն էր։

 

 

1995 թվականի հունվարին Ռուսաստանի Դաշնության Պետդուման վավերացրել էր պայմանագիրը։ Վավերացմանը նախորդած բանավեճերը բավական բուռն էին։

Ռուսաստանի ֆինանսների նախարար Վլադիմիր Պանսկովն ասել էր, որ վարկն իրականում տրամադրվում է ռուսական ձեռնարկություններին, քանի որ գումարը չի հատի Ռուսաստանի Դաշնության սահմանը, այլ կուղղվի ռուսական ապրանքների ու հումքի ձեռք բերմանը։ Վավերացման ակտիվ ջատագովներից էր Պետդումայի ԱՊՀ գործերի եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը: Նա պատգամավորներին հորդորում էր հաշվի առնել ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական գործոնը՝ ասելով, որ Ռուսաստանը Կովկասում քիչ անկեղծ դաշնակիցներ ունի։ Ի վերջո, Պետդուման վավերացրեց համաձայնագիրը, իսկ վերին պալատի՝ Դաշնային խորհրդի նախագահ Վլադիմիր Շումեյկոն եւս ընդգծում էր, որ «օգնելով Հայաստանին՝ մենք օգնում ենք մեր ձեռնարկություններին, քանի որ այդ վարկի շնորհիվ նրանք պատվերներ կստանան, իսկ Հայաստանի էներգետիկ հատվածի վերականգնումը տեղի կունենա ռուսական տեխնոլոգիաների կիրառմամբ»։

 

 

1995-ի մարտի 31-ին ատոմակայանի տնօրեն Սուրեն Ազատյանը հայտարարել էր, որ վերագործարկումը չպետք է վերածվի քաղաքական շոուի. ընդդիմությունը պնդում էր, որ ատոմակայանի բացումը նախեւառաջ հաղթաթուղթ է իշխանությունների համար գալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։

Մինչ հայ-ռուսական բանակցությունների մեկնարկը, Արեւմուտքը կայանի ապակոնսերվացման գաղափարին չէր աջակցում։ 1994 թվականի կեսերին Հայաստանում ԱՄՆ դեսպան Հարրի Գիլմորը Լոս Անջելեսում ասել էր. «ԱՄՆ միջուկային էներգիայի կոմիտեն հաստատապես համոզված է, որ Չեռնոբիլի եւ նույնիսկ հաջորդ սերնդի բոլոր ռեակտորները անվտանգ չեն»: Սակայն ԱՄՆ էներգետիկայի փոխնախարար Ուիլյամ Ուայթը, ով պաշտոնական այցով Հայաստանում էր 1995 թվականի ապրիլին, ասել էր, որ հանրապետությունն առաջիկա տարիներին այլընտրանք չունի իր էներգետիկ կարիքները բավարարելու համար։

 

 

1995 թվականի ապրիլին Հայաստանի վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ հանդիպման ժամանակ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջուկային անվտանգության վարչության պետ Մորիս Ռոսենը գոհունակություն էր հայտնել ատոմակայանի անվտանգության ապահովման աշխատանքների ընդհանուր առաջընթացից եւ ասել, որ պատճառ չի տեսնում կայանի շահագործման մեկնարկը հետաձգելու համար։

ՀԱԷԿ-ի վերագործարկման ժամանակացույցը բաժանված էր երեք փուլի՝ նախապատրաստական աշխատանք, «ֆիզիկական» գործարկում եւ էներգիայի արտադրության մեկնարկ:

 

 

1995 թվականի հունիսի 27-ին կայացավ կայանի «ֆիզիկական» բացումը։ Հաշվի առնելով, որ դա հուլիսի 5-ին կայանալիք Ազգային Ժողովի ընտրություններից մոտ մեկ շաբաթ առաջ էր, պարզ էր, որ իշխանությունների համար միջոցառումը նաեւ քողարկված քարոզչական նշանակություն ուներ: «Ֆիզիկական» բացմանը ներկա էին ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Առաջինը, վարչապետ Հրանտ Բագրատյանը եւ բազմաթիվ այլ բարձրաստիճան այրեր: Հենց Տեր-Պետրոսյանը կտրեց կարմիր ժապավենը, որն ամրացված էր ատոմակայանի առաջին եւ երկրորդ էներգաբլոկների հատման հատվածում:

 

 

Ատոմային վառելիքի բեռնումը կայանում կայացել էր 1995 թվականի հունիսի 18-ին, սակայն տարբեր տեխնոլոգիական գործընթացներով պայմանավորված, Հայկական ԱԷԿ-ը սկսեց էլեկտրաէներգիա արտադրել աշնան սկզբին: Մինչեւ տարեվերջ Հայաստանում աստիճանաբար վերացան էլեկտրաէներգիայի «հովհարային» անջատումները եւ մարդկանց կյանքը վերադարձավ բնականոն հուն՝ գոնե նվազագույն կենցաղային պայմանների ապահովման առումով:

Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են լուսանկարներ Արմենպրեսի եւ Ֆոտոլուրի արխիվներից:

 

«Նորագույն պատմությունը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Նորագույն պատմությունը»-ը ներկայացնում է իրադարձություններ եւ դրվագներ, որոնք տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում 1991 թվականից հետո ընկած ժամանակաշրջանում: