ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի ընտրությունները տեղի ունեցան 1995թ. հուլիսի 5-ին: Ընտրվեց 190 պատգամավոր` 150-ը մեծամասնական ընտրակարգով, 40-ը՝ համամասնական: Նույն օրն անցկացվում էր նաեւ ՀՀ Սահմանադրության համաժողովրդական հանրաքվեն, որով զգալիորեն ուժեղացվում էր նախագահի իշխանությունը:
Ընտրություններին մասնակցեցին մոտ 1000 թեկնածու եւ 13 կուսակցություն:
Իշխող Հայոց համազգային շարժումը (ՀՀՇ) գլխավորեց «Հանրապետություն» միավորումը, որին անդամակցեցին նաեւ Ռամկավար-ազատական (Լիբերալ-դեմոկրատական), Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունները, «Մտավորական Հայաստանը», Հայաստանի հանրապետական կուսակցությունը եւ Քրիստոնյա-դեմոկրատական միությունը:
Համամասնական կարգով 5% սահմանագիծը հաղթահարեց 5 ուժ՝ «Հանրապետություն» միավորում` 42.66 %, «Շամիրամ»` 16.88 %, Հայաստանի կոմունիստական կուսակցություն` 12.10 %, Ազգային-ժողովրդավարական միություն` 7,51 %, Ազգային ինքնորոշում միավորում` 5,57 %:
Ամենամեծ խմբակցությունը «Հանրապետությունն» էր` 117 պատգամավոր:
Ազգային ժողովում ստեղծվեց նաեւ «Բարեփոխումներ» պատգամավորական խումբը (31 պատգամավոր): 21 պատգամավոր չընդգրկվեց որեւէ խմբակցության կամ պատգամավորական խմբի կազմում:
Հետագայում ձեւավորվեց «Երկրապահ» պատգամավորական խումբը (17 պատգամավոր):
ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Բաբկեն Արարքցյանը:
Տեր-Պետրոսյան vs. Դաշնակցություն
Ընտրություններից մոտ կես տարի առաջ ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ 1994 թ. դեկտեմբերի 28-ի հրամանագրով արգելվեց Դաշնակցության գործունեությունը: Կուսակցությունը մեղադրվեց Երեւանի նախկին քաղաքապետ Համբարձում Գալստյանի սպանության (1994թ. դեկտեմբերի 17) եւ իր կազմում «Դրո» ահաբեկչական խմբի առկայության համար:
1995 թվականի մայիսին Ազգային ժողովում Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ուղերձում մեղադրանք ներկայացրեց ՀՅԴ-ին ահաբեկչական փորձերի եւ Հայաստանում քաղաքական սպանությունների համար՝ ասելով, որ ՀՅԴ-ն «քաղաքական կուսակցություն չէ, այլ ավելի շուտ ահաբեկչական եւ ֆաշիստական կազմակերպություն»: Այդ նույն ուղերձում ՀՀ նախագահն ասել էր, որ թույլ չի տա, որպեսզի «Հայաստանը դառնա Լիբանանի պես երկիր», եւ «ահաբեկչությունը Հայաստանում կոչնչացվի»: ՀՅԴ-ն հերքեց մեղադրանքները` հայտարարելով, որ իրականում Տեր-Պետրոսյանն ուղղակի փորձում է վերացնել մրցակցին գալիք ընտրություններից առաջ:
Մի շարք պետություններ եւ միջազգային կազմակերպություններ բացասաբար արձագանքեցին ՀՅԴ գործունեության արգելափակմանը: Մասնավորապես, Երեւանում ԱՄՆ դեսպանատունը հանդես եկավ հայտարարությամբ, որում անհանգստություն էր հայտնում Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ապագայի համար եւ նշում էր, որ երկրի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության գործունեության դադարեցումը «կտրականապես հակասում է ժողովրդավարության եւ խոսքի ազատության հաստատված սկզբունքներին»: ԱՄՆ-ը կոչ արեց իշխանություններին եւ ՀՅԴ-ին երկխոսություն սկսել:
«Եթե նայեք դրսից, ապա դա շատ հակաժողովրդավարական է թվում` արգելել կուսակցությունը, փակել նրանց թերթերը, եւ այդ ամենն անում է մի մարդ, որը դեմոկրատի համբավ ունի: Բայց ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ, այդ քայլով ես փրկում եմ Հայաստանի ժողովրդավարությունը ահաբեկչությունից: Դաշնակցությունը կուսակցություն չէ, այն ահաբեկչական կազմակերպություն է»,- այսպիսին էր Լեւոն Տեր-Պետրոսյանի պատասխանը, որը հրապարակվեց ամերիկյան The Christian Science Monitor թերթում 1995թ. մայիսին:
Լեւոն Զուրաբյան vs Նիկոլ Փաշինյան
«Մոսկովսկիե նովոստի» թերթը 1995 թվականի հուլիսի 5-ին գրում էր.
«Խորհրդարանական ընտրությունների նախօրեին Հայաստանում ստեղծվեց կանանց հասարակական-քաղաքական կազմակերպություն` «Շամիրամ»: Հայաստանի կանայք ավանդաբար չեն զբաղվում քաղաքականությամբ եւ, ըստ էության, որոշվել է վերջ դնել դրան: Սակայն «Շամիրամի» կանայք սովորական չեն, այլ ընտրյալ: Կուսակցության առաջնորդներից են ՀՀ արտգործնախարար Վահան Փափազյանի կինը` Անահիտ Թորոսյանը, երգչուհի Նադեժդա Սարգսյանը, նախագահի մամուլի քարտուղար Լեւոն Զուրաբյանի կինը` Շողեր Մաթեւոսյանը: «Շամիրամի» չափազանց աշխույժ ընտրարշավը ղեկավարում է անձամբ ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը: Երեւանում նույնիսկ բացվել է «Շամիրամ» ամառային սրճարան:
Սակայն «Շամիրամի» ընտրարշավի ժամանակ տեղի է ունեցել միջադեպ: «Լրագիր» թերթի լրագրող Նիկոլ Փաշինյանը բավականին հեգնական մի հարցազրույց էր արել Շողեր Մաթեւոսյանի հետ, որի նախաբանն ավարտվում էր հետեւյալ տողերով. «Նշանակված ժամանակին մենք առանձնացանք Շողեր Մաթեւոսյանի հետ սենյակներից մեկում: Հարցազրույցի համար»:
Հաջորդ օրը «Լրագրի» խմբագրությունում հայտնվեց անսպասելի հյուրը` ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Լեւոն Զուրաբյանը: Գլխավոր խմբագրի սենյակում խանդոտ ամուսինը մի քանի անգամ ապտակեց Նիկոլ Փաշինյանին: Ինչ արած, ընտրարշավի ժամանակ ինչ ասես, որ չի պատահում»:
Առաջին նախընտրական բախումը
Ընտրություններից մոտ երկու շաբաթ առաջ տասը ընդդիմադիր կուսակցություններ ձեւավորեցին «Համագործակցություն հանուն արդարության» ոչ պաշտոնական դաշինքը եւ իշխանություններին վերջնագիր ներկայացրին՝ պահանջելով հինգ օրվա ընթացքում կատարել հետեւյալ պահանջները՝ գրանցել չգրանցված ընդդիմադիր կուսակցություններին ու թեկնածուներին, տեղափոխել ընտրությունների անցկացման օրը, ապահովել հավասար մեկնարկային հնարավորություններ բոլոր կուսակցությունների համար, ապահովել պաշտոնական լրատվամիջոցների հասանելիությունն ընդդիմության համար։
Իշխանությունն այս պահանջներին որեւէ կերպ չարձագանքեց։ 1995 թվականի հունիսի 20-ին՝ հերթական հանրահավաքից հետո, ընդդիմության առաջնորդները ցուցարարներին տարան դեպի նախագահական նստավայր, որտեղ գիշերային նստացույց կազմակերպեցին եւ այրեցին Լեւոն Տեր-Պետրոսյանին պատկերող խրտվիլակը: Նստացույցը շարունակվեց հաջորդ օրը, որի ընթացքում
ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը հայտարարեց «այլընտրանքային, ժողովրդական իշխանություն ստեղծելու» որոշման մասին:
Այդ ընթացքում ընդդիմության հավաքի մասնակիցները տեղեկացան, որ Ազատության հրապարակում հավաքվել է «Երկրապահ» կամավորականների միության մի քանի հարյուր անդամ: Ընդդիմության առաջնորդներից Աշոտ Մանուչարյանը մի խումբ ցուցարարների հետ ուղեւորվեց դեպի հրապարակ, որտեղ բախումներ սկսվեցին «Երկրապահ»-ի անդամների հետ, որոնք ավարտվեցին օդ արձակված կրակոցներից հետո:
Լրագրող Աննա Իսրայելյանը ժամանակին Մեդիամաքսի հետ հարցազրույցում կարծիք էր հայտնել, որ այս միջադեպը առաջին դեպքերից էր, «երբ շոշափելիորեն զգացվեց ուժային լուծումների եւ ուժային գործոնի ներկայությունը մեր քաղաքական դաշտում, որը գնալով ավելի ու ավելի ամրապնդվեց»: «Երկրապահները` պատերազմի մարդիկ, դարձան քաղաքական գործոն, որը փոփոխական հաջողությամբ փորձում էին օգտագործել թե՛ ընդդիմադիր ուժերը, թե՛ իշխանությունները»,- ասել էր նա:
«Շամիրամ»-ի սենսացիան
1995 թվականի ընտրությունների գլխավոր սենսացիան «Շամիրամ»-ի գրանցած տպավորիչ արդյունքն էր:
«Շամիրամ» խմբակցության նախկին անդամ Նադեժդա Սարգսյանը ժամանակին պատմել էր Մեդիամաքսին.
«Երբ ինձ առաջարկեցին դառնալ կուսակցության անդամ, այդ առաջարկը մեծ ոգեւորությամբ չընդունեցի, քանի որ գիտեի, որ դա մեծ պատասխանատվություն է, որը խլելու է ինձանից շատ էներգիա եւ ուժ, եւ քիչ ժամանակ կունենամ իմ աշխատանքի` երգելու համար, եւ այդպես էլ եղավ:
Իհարկե, մենք տեղյակ էինք խնդիրների մասին, բայց չէինք պատկերացնում, որ դրանք այդքան շատ են: Ես պիտի զբաղվեի միայն մշակութային հարցերով, սակայն պարտավորություն ստանձնեցի նաեւ մի քանի այլ ոլորտների համար` առողջապահության, կրթության, զինծառայողների խնդիրների: Հաճախակի մեկնում էինք համերգներով զորամասեր, որպեսզի ե՛ւ ուրախություն պարգեւենք զինվորներին, ե՛ւ ծանոթանանք նրանց խնդիրներին:
Իհարկե, բոլորիս համար անակնկալ էր, որ մենք մտանք խորհրդարան երկրորդ տեղով: Բայց, մյուս կողմից, դա մեր աշխատանքի արդյունքն էր: Մենք աշխատում էինք օր ու գիշեր: Շատերը մեզ «ֆեմինիստուհիներ» էին անվանում, սակայն մենք միշտ քարոզում էինք ուժեղ տղամարդու կերպարը:
Թերթերն իմ մասին ինչ ասես գրում էին, անգամ «անբարոյական» էին անվանում: Թերթերից մեկը երկու անգամ «նվիրեց» ինձ «Նաիրի» կինոթատրոնը: Առաջին անգամ գրել էին, որ Վանո Սիրադեղյանն այն ինձ նվիրել է մարտի 8-ի կապակցությամբ, մի քանի ամիս անց՝ հոկտեմբերին, նույն թերթը գրեց, որ նա «նվիրել է» ինձ «Նաիրին» արդեն ծննդյան օրվա կապակցությամբ:
Մեզ շատերն էին աջակցում, այդ թվում, օրինակ, Վազգեն Սարգսյանը: Սակայն, այո, ամենից շատ մեր կողքին է եղել Վանո Սիրադեղյանը: Իր օգնությամբ մենք կարողացանք շատ խնդիրներ լուծել»:
Իրականությունն այն է, որ «Շամիրամն» ամբողջությամբ Վանո Սիրադեղյանի «նախագիծն էր»: Տարաձայնություններ ունենալով ՀՀՇ-ի վերնախավի որոշ անդամների հետ՝ նա որոշեց հակակշիռ ստեղծել իշխող կուսակցությանը:
«Իհարկե, ակնհայտ էր, որ այդ կուսակցությունը ներքին գործերի նախարարի նախագիծն էր, որը կյանքի կոչվեց՝ զգալիորեն օգտագործելով հենց վարչական ռեսուրսն ու ուժային լծակները: Չնայած այդ հանգամանքին՝ կցանկանայի նաեւ դրական բան ասել «Շամիրամի» մասին: Իրենց ներկայությունը խորհրդարանում երբեմն զսպող դերակատարություն ուներ: Օրինակ` 1996թ. սեպտեմբերի 26-ի իրադարձությունների ժամանակ, երբ իշխանամետ պատգամավորները բռունցքներով հարձակվեցին ընդդիմադիր գործիչների վրա, հենց «Շամիրամի» պատգամավորուհիներն էին, որ փորձում էին բաժանել կռվող պատգամավորներին: Շատ ու շատ օրինակներ կան, երբ նրանք փորձել են հանդարտեցնել տղամարդկանց բորբոքված կրքերը»,- հիշում է Աննա Իսրայելյանը:
Արտասահմանյան մամուլը` ընտրությունների մասին
1995թ. հուլիսի 8-ի համարում ռուսական «Կոմերսանտ» թերթը ««Республика» в окружении «Семирамиды»» հոդվածում գրեց.
«Հայաստանում ընտրությունների նախնական արդյունքները հերքել են նախօրեին արված կանխատեսումները. «Հայոց համազգային շարժում» (ՀՀՇ) կուսակցության կողմից ղեկավարվող «Հանրապետություն» բլոկը, որին 30 %-ից պակաս ձայն էին կանխատեսում, շատ է գերազանցել այդ ցուցանիշը: Իսկ ընտրությունների «արծաթե մեդալակիրը» ապշեցրել է ինչպես Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, այնպես էլ միջազգային դիտորդներին. դա կանանց «Շամիրամ» կուսակցությունն է («Սեմիրամիդա»): Երրորդը դարձավ Կոմկուսը: Իսկ ընդդիմությունը, որը տապալեց նախընտրական արշավը, եզրափակում է ցուցակը»:
Արեւմտյան մի շարք թերթեր քննադատական գնահատականներ տվեցին ընտրություններին: Մասնավորապես, Los Angeles Times-ը իր հոդվածը վերնագրել էր «ՀՀ ղեկավարները հաղթում են վիճելի ընտրություններում» (Armenia's Rulers Winning Disputed Vote), իսկ բրիտանական Daily Telegraph-ը` «Ընտրությունները ճանապարհ հարթեցին դեպի հայկական բռնապետություն» (Elections Pave the Way for Armenian Dictatorship):
Free but not fair
Ընտրություններին հետեւում էր 185 դիտորդ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովից, Եվրոպայի խորհրդից, Եվրոպական խորհրդարանից, ԱՊՀ-ից, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի ու ԵՄ-ի համատեղ առաքելությունը:
Ըստ ԵԱՀԿ զեկույցի՝ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում մի քանի հուսադրող նշաններ են ցույց տվել: «Սակայն առկա էին մի շարք բացասական պահեր: Մեկ քաղաքական կուսակցություն հեռացվեց պայքարից մինչեւ ընտրությունները, ընտրական հանձնաժողովների կազմը փոփոխական էր եւ անհավասարակշիռ: Ընտրությունների մասին օրենքը կիրառվում էր ընտրողաբար եւ անհետեւողականորեն: Գաղտնի քվեարկության կանոնը միշտ չէ, որ գործում էր: Այնուամենայնիվ, բուն քվեարկության գործընթացը սահուն անցավ»,- ասվում էր եզրակացության մեջ:
1995 թվականի խորհրդարանական ընտրություններին միջազգային դիտորդները տվեցին «ազատ, բայց ոչ արդար» (free but not fair) բնորոշումը, որը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ տվեց: Շատերը համոզված էին, որ այդպիսով արեւմտյան դիտորդները փորձել էին «ե՛ւ նալին խփել, ե՛ւ մեխին»:
Արա Թադեւոսյան, Արամ Արարատյան
Այս գլխում օգտագործվել են Ֆոտոլուրի լուսանկարները: