2001 թվականի սեպտեմբերի 25-ին Կաթոլիկ եկեղեցու քահանայապետ, Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապը երկօրյա այցով ժամանել էր Հայաստան։ Պոնտիֆիկոսի այցը Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակի կարեւորագույն բաղադրիչներից էր։
Մերձեցում եւ բողոքներ
Ավելի վաղ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի այցը նախատեսված էր 1999 թվականի ամռանը։ Այն ժամանակ Հովհաննես Պողոս Երկրորդին Հայաստան էր հրավիրել Գարեգին Ա կաթողիկոսը։
Կաթողիկոսի անբուժելի հիվանդությունը Պոնտիֆիկոսի այցը չեղարկելու պատճառ դարձավ։ Հենց Գարեգին Առաջինն էր փորձ կատարել կարգավորել Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) եւ Վատիկանի միջեւ հարաբերությունները, ինչը ոչ միանշանակ էր ընկալվել եկեղեցական շրջանակներում։
Գարեգին Առաջինի այցը Վատիկան 1996 թվականի դեկտեմբերին փաստացի պառակտում էր առաջացրել Հայոց եկեղեցու շարքերում։ Այցի ընթացքում Գարեգին Առաջինը եւ Հովհաննես Պողոս Երկրորդը ստորագրել էին համատեղ հայտարարություն եւ փաստել, որ հենց միայն այդ փաստը նշանակալի առաջընթաց է էկումենիկ հարաբերություններում եւ կծառայի որպես երկխոսության սկիզբ դարավոր հակասությունները մեղմելու համար։ Եկեղեցիների ղեկավարները գոհունակություն էին հայտնել, որ «անցյալից ժառանգած բազմաթիվ թյուրիմացություններն ու վեճերը աստիճանաբար ցրվում են»։
«Ափսոսանք ենք հայտնում եղած վեճերի եւ հակասությունների համար եւ վճռական ենք մեր եկեղեցիների հիշողությունից ընդմիշտ հեռացնելու այն դառնությունը, դիմակայությունն ու նույնիսկ ատելությունը, որոնք երբեմն տեղի էին ունեցել եւ այսօր կարող են ստվեր գցել երկու եկեղեցիների հավատացյալների եղբայրական եւ քրիստոնեական հարաբերությունների վրա»,- ասվում էր համատեղ հայտարարության մեջ։
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ եպիսկոպոս Պարգեւ Մարտիրոսյանը բաց նամակ էր հղել կաթողիկոսին, որում, մասնավորապես, գրել էր.
1997 թվականին Հայ առաքելական եկեղեցու Մոսկվայի, Ուրուգվայի եւ Արցախի թեմի առաջնորդները կաթողիկոսին էին հանձնել բարձրաստիճան հոգեւորականների մի խմբի նամակը, որում դարձյալ մտահոգություն էր հայտնվում Հռոմի պապի հետ ստորագրված հայտարարության վերաբերյալ։ Հոգեւոր ղեկավարները խնդրել էին կաթողիկոսին հավատքի հիմքերում ճշգրտումներ չանել եւ միայնակ չլուծել նման հիմնաքարային հարցերը։
Գարեգին Առաջինին մասնավորապես մեղադրել էին, որ Հռոմի պապի հետ համատեղ հայտարարություն ստորագրելով՝ նա փաստացի հեռացել էր Հայոց եկեղեցու աստվածաբանական դիրքերից։
Ցեղասպանության ճանաչումը
Գարեգին Առաջինի մահից հետո Վատիկանը հայտարարել էր. «Մահացել է Արեւելքում Հռոմի պապի դաշնակիցը»։
Սակայն հետագա զարգացումները ցույց տվեցին, որ Գարեգին Բ կաթողիկոսը մտադիր չէր ընդհատել հարաբերությունները Հովհաննես Պողոս Երկրորդի հետ։ Հայոց եկեղեցու առաջնորդը պաշտոնապես հրավիրել էր Պոնտիֆիկոսին այցելել Հայաստան 2000 թվականի նոյեմբերին, երբ այցով Վատիկանում էր։
Այցի ավարտին ստորագրված համատեղ հայտարարության մեջ երկու եկեղեցիների առաջնորդները գոհունակությամբ արձանագրել էին այն փաստը, որ վերջին տարիներին «Վատիկանի եւ Սուրբ Էջմիածնի հարաբերությունները զարգացել եւ ամրապնդվել են»։
Հռոմի պապի հեղինակությունը Հայաստանում կտրուկ աճել էր 1915 թվականի Հայոց ցեղասպանության փաստացի ճանաչումից հետո։
«20-րդ դարը նշանավորվել էր բռնության ծայրահեղ դրսեւորումներով։ Հայոց ցեղասպանությունը, որով սկսել էր դարը, նախաբանն էր այն սարսափների, որոնք իրականացվեցին հարյուրամյակի ընթացքում»,- ասվում էր 2000 թվականի նոյեմբերին Հովհաննես Պողոս Երկրորդի եւ Գարեգին Երկրորդի կողմից ստորագրված համատեղ հայտարարության մեջ, որը մեծ դժգոհություն առաջացրեց Թուրքիայում:
Ինտրիգը չկայացավ
2000 թվականի մարտին Վատիկանի ներկայացուցիչները չէին բացառում, որ Կաթոլիկ եւ Ռուս ուղղափառ եկեղեցիների առաջնորդների հանդիպումը կարող է կայանալ Հայաստանում։ Catholic World News գործակալությանը տված հարցազրույցում նրանք նշել էին, որ Հայաստանը երկու կողմից էլ դիտվում է որպես յուրատեսակ «չեզոք» տարածք։ Բացի այդ, Վատիկանի ներկայացուցիչները հայտնել էին, որ Գարեգին Բ կաթողիկոսը լավ հարաբերություններ ունի երկու եկեղեցիների ղեկավարների հետ եւ «կարող է կատարյալ միջնորդ դառնալ այս հանդիպման համար»։ Մայր աթոռի մամլո դիվանում Catholic World News-ի հաղորդագրությունը որակել էին որպես «իրականությանը չհամապատասխանող» եւ նշել, որ նման նախաձեռնություններ Հայոց եկեղեցու ղեկավարության հետ չեն քննարկվել։
Մոսկվայի եւ Համայն ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդը իսկապես այցելեց Հայաստան, բայց Հովհաննես Պողոս Երկրորդի այցից 2 օր առաջ։ Նա Երեւան ժամանեց 2001 թվականի սեպտեմբերի 22-ին, հաջորդ օրը մասնակցեց Երեւանի Գրիգոր Լուսավորչի տաճարի օծմանը եւ վերադարձավ Մոսկվա։
«Աստված օրհնի Հայաստանը»
2001 թվականի սեպտեմբերի 25-ին «Զվարթնոց» օդանավակայանում Հովհաննես Պողոս Երկրորդին դիմավորում էին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Գարեգին Բ կաթողիկոսը։ Օդանավասանդուղքից իջնելուց հետո Պոնտիֆիկոսը համբուրեց իրեն մատուցած սկուտեղը՝ հայկական հողով։
Հովհաննես Պողոս Երկրորդը հայտարարել էր, որ «շատ երկար էր սպասել այս այցին»։
Ողջույնի ելույթի առաջին բառերը՝ «Աստված օրհնի Հայաստանը» Հովհաննես Պողոս Երկրորդն արտասանել էր հայերեն։ Նա ընդգծել էր, որ դիմում է ոչ միայն Հայաստանում ապրող, այլեւ «աշխարհում ապրող միլիոնավոր հայերին, ովքեր հավատարիմ են մնում իրենց ավանդույթներին ու ազգային ինքնությանը»։
Հովհաննես Պողոս Երկրորդը հայտարարել էր, որ 20-րդ դարը շատ տառապանքներ է բերել հայ ժողովրդին, եւ հանդես էր եկել տարածաշրջանում խաղաղության հաստատման օգտին՝ ընդգծելով, որ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե ժողովուրդները փոխադարձ հարգանք ունենան միմյանց նկատմամբ։
Պոնտիֆիկոսը նշել էր, որ Եվրոպայի խորհրդին անդամակցելը վկայում է Հայաստանի ղեկավարության «համարձակ քայլերի» մասին, որոնք նպատակ ունեն ամրապնդել ժողովրդավարական ավանդույթները, որոնք անհրաժեշտ են մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների իրացման համար։
Գագաթնակետը
Այցի գագաթնակետը դարձավ հայազգի աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի կողմից Ave Maria երգի կատարումը 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի մոտ՝ Հովհաննես Պողոս Երկրորդի ներկայությամբ։
Նույն օրը Պոնտիֆիկոսը Գարեգին Երկրորդի հետ հանդիպմանն ասել էր, որ Հայաստան այցի նախօրեին գրականություն է ուսումնասիրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ։
Ճակատագրի հեգնանքը
Ճակատագրի հեգնանքով Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջին օտարերկրյա առաջնորդն էր, որը հանդիպել էր Հովհաննես Պողոս Երկրորդի հետ։
2005 թվականի հունվարի 28-ին Վատիկանում Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպմանը Հովհաննես Պողոս Երկրորդը ջերմորեն հիշել էր 2001 թվականի սեպտեմբերին Հայաստան կատարած իր ուխտագնացությունը։
Երկու օր անց՝ հունվարի 30-ին, Հովհաննես Պողոս Երկրորդը զգացել էր գրիպի առաջին ախտանշանները, իսկ փետրվարի 2-ին հիվանդությունը սրվել էր, եւ Պոնտիֆիկոսին տեղափոխել էին Հռոմի Gemelli կլինիկա։
2005 թվականի ապրիլի 3-ին Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր էր հղել Վատիկանի պետքարտուղար կարդինալ Անջելո Սոդանոյին։
«Հովհաննես Պողոս Երկրորդի մասին պայծառ հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում։ Մենք երբեք չենք մոռանա Պոնտիֆիկոսի օրհնությունը, մեծ հարգանքն ու ջերմությունը մեր ժողովրդի հանդեպ, որոնք լավագույնս դրսեւորվեցին Հովհաննես Պողոս Երկրորդի Հայաստան կատարած պատմական այցի ժամանակ»,- ասված էր հեռագրում։
Արա Թադեւոսյան
Այս գլխում օգտագործվել են REUTERS-ի լուսանկարները: