Երկու անմոռանալի 4-0



2011 եւ 2013 թվականներին Վարդան Մինասյանի գլխավորած Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, որը, թերեւս, լավագույնն էր պատմության մեջ, երկու արտագնա խաղերում երկու անգամ 4:0 հաշվով գեղեցիկ հաղթանակներ տարավ, որոնք զարմացրեցին ոչ միայն հայ երկրպագուներին, այլեւ ամբողջ ֆուտբոլային աշխարհին:


Սլովակիա-Հայաստան 0-4


Սլովակիայի եւ Հայաստանի հավաքականները հանդիպել էին Եվրո-2012-ի որակավորման փուլում 2011 թվականի սեպտեմբերի 6-ին «Ժիլինա» մարզադաշտում:

Բոլոր գոլերը մեր հավաքականը խփեց երկրորդ խաղակեսում. 57-րդ րոպեին դարպասը գրավեց Յուռա Մովսիսյանը, 70-րդ րոպեին՝ Հենրիխ Մխիթարյանը, 80-րդ րոպեին՝ Գեւորգ Ղազարյանը, իսկ վերջակետը 91-րդ րոպեին դրեց Արթուր Սարկիսովը:



Mediamax Sport-ին պատմելով այդ խաղի մասին՝ Վարդան Մինասյանն ասել էր. «Այդ խաղում մեզ մոտ ամեն ինչ ստացվեց: Մրցակիցն անընդհատ ճնշում էր, բայց թե տակտիկապես, թե նախատեսվածի առումով ամեն ինչ կարողացանք կյանքի կոչել:

Սլովակիայի հետ խաղից հետո որոշ հայացքներ ինձ մոտ փոխվեցին ֆուտբոլի ու կյանքի նկատմամբ: Այլ կերպ սկսեցի նայել մարդկային հարաբերություններին: Բնավորությունն ու հայացքները տարբերվում են իրարից, թեեւ նրանց մեջ շատ նուրբ գիծ կա, ու ոչ բոլորն են այդ տարբերությունը տեսնում: Միշտ կարծել եմ, որ բնավորությունը համարյա անհնար է փոխել: Բայց մարդը պետք է փոխվի, որովհետեւ երբեք չենք կարող իմանալ, թե կյանքը մեզ ուր կտանի:

 

 

Դա նաեւ ճկունություն է կոչվում: Հենց այդ առումով էր խաղը յուրահատուկ ինձ համար: Հայացքների վերափոխման հնարավորություն տվեց:

Երբ տեսնում ես, որ քո ընտրած կազմն ու մարտավարությունն արդյունք են բերում, աննկարագրելի է: Հենրիխ Մխիթարյանին աջ կիսապաշտպան էի տարել, ինչ-որ բաներ էինք մտածել, ու բոլորն էլ աշխատեց: Երկրորդ անգամ նույնը կարող է էլ չկրկնվել: Կամ ո՞վ էր 4-0 հաշիվ սպասում»:

 

 

Իսկ Սլովակիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսն իր վրա էր վերցրել Հայաստանի կողմից 0-4 հաշվով պարտություն կրելու պատասխանատվությունը:

«Ուզում եմ շնորհավորել հակառակորդին անհավատալի պահերի իրացման կապակցությամբ: Մենք վատ չէինք խաղում, սակայն միանգամից չկարողացանք գոլ խփել, իսկ հետո մրցակիցն ավելի շատ հնարավորություններ ունեցավ, ինչից էլ օգտվեց»,- ասել էր Վայսը:


Այս հաղթանակից հետո թվում էր, թե Հայաստանն իրական շանսեր ունի մասնակցել Եվրո-2012-ի եզրափակիչ փուլին, սակայն Իռլանդիայի հետ չարաբաստիկ խաղում Բերեզովսկու հեռացումը դաշտից, ցավոք, խաչ քաշեց մեր հույսերի վրա:


Դանիա-Հայաստան 0-4


Դանիայի եւ Հայաստանի հավաքականները հանդիպել էին Աշխարհի առաջնության որակավորման փուլում՝ 2013 թվականի հունիսի 11-ին:

Այդ խաղից 4 օր առաջ Հայաստանի հավաքականը տանը պարտվել էր Մալթայի թիմին՝ անընդմեջ պարտությունների թիվը հասցնելով 4-ի, ուստի քչերը կարող էին սպասել, որ Հայաստանի ընտրանին կհաղթի դանիացիներին, այն էլ՝ նման հաշվով:



Բայց այդ օրը Հայաստանի հավաքականը ֆանտաստիկ խաղ ցուցադրեց: Դանիայի դարպասը երկու անգամ գրավեց Յուռա Մովսիսյանը, մեկական գոլ խփեցին Արազ Օզբիլիսն ու Հենրիխ Մխիթարյանը:

 

 

Դանիայի հավաքականի մարզիչ Մորտեն Օլսենը խաղից հետո խոստովանել էր. «Սա իմ կյանքի ամենասարսափելի մղձավանջն է»:

Իսկ Վարդան Մինասյանն ասել էր, որ Մալթայի հավաքականից կրած պարտությունից հետո «թիմում ընկճվածություն կար, բայց այսօր մենք տեսանք այն հավաքականը, որին սովոր ենք տեսնել»:

Մեկնաբանելով տպավորիչ հաշիվը՝ գլխավոր մարզիչն ասել էր. «Ես չեմ կենտրոնանում հաշվի վրա, ինձ համար կարեւորը ցուցադրած խաղն է եւ արդյունքը»:

 

 

Այդ հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը միավորներով հավասարվել էր ու լրացուցիչ ցուցանիշներով առաջ էր անցել Դանիայից՝ պահպանելով play-off դուրս գալու տեսական հնարավորությունը, որը, ցավոք, գործնականի վերածել չստացվեց:

2013 թվականի վերջին Վարդան Մինասյանը թողեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, որը զբաղեցնում էր 4 տարի. «Վարդանանց» շրջանն ավարտվեց:

Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են Ֆոտոլուրի, REUTERS-ի եւ AFP-ի լուսանկարները:

 

«Նորագույն պատմությունը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Նորագույն պատմությունը»-ը ներկայացնում է իրադարձություններ եւ դրվագներ, որոնք տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում 1991 թվականից հետո ընկած ժամանակաշրջանում: