Կազանի հանդիպումը. հույսեր եւ տապալում



2011 թվականի հունիսի 24-ին Կազանում կայացավ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիեւի եւ Դմիտրի Մեդվեդեւի եռակողմ հանդիպումը։ Հանդիպման նախօրեին լավատեսական հայտարարություններ էին հնչում առ այն, որ Կազանում կարող է փաստաթուղթ ստորագրվել, որով կամրագրվեն ԼՂ կարգավորման հիմնարար սկզբունքները։ Սակայն հանդիպումն ավարտվեց տապալմամբ։


Դովիլի հայտարարությունն ու Կազանում հանդիպման նախապատրաստումը


Մայիսի 26-ին Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները կոչ էին արել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին «քաղաքական կամք դրսեւորել եւ հունիսին կայանալիք հանդիպմանն ավարտել աշխատանքները կարգավորման Հիմնարար սկզբունքների վրա»:

Դովիլում՝ G8 գագաթնաժողովի շրջանակում ընդունված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարությունում, Մեդվեդեւը, Օբաման եւ Սարկոզին հայտարարել էին, որ «գործընթացի հետագա ձգձգումը կասկածի տակ կդնի պայմանավորվածության գալու կողմերի հավատարմությունը»:

 

 

 

Հունիսի 6-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելեցին տարածաշրջան՝ Կազանում հանդիպումը նախապատրաստելու նպատակով։

Հունիսի 14-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասել էր, որ եթե դրական միտումը շարունակվի, ապա Կազանում հնարավոր է առաջընթաց։ Միեւնույն ժամանակ նա ընդգծել էր, որ համակարծիք է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ. «Բանակցային գործընթացում բեկման հնարավոր չէ հասնել առանց ԼՂՀ մասնակցության»:

«Երկրորդ փուլը նախատեսում է խաղաղ համաձայնագրի մշակում, եւ այդ բանակցություններին Լեռնային Ղարաբաղը միանշանակ պետք է մասնակցի»,- ասել էր ՀՀ ԱԳՆ ղեկավարը:


Պատմությունը, հիմնարար սկզբունքները եւ Կոսովոյի գործոնը


Մայիսի 15-ին կայացել էին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի կազմակերպած լսումները, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները որոշակի մանրամասներ էին հայտնել բանակցային գործընթացի մասին։

Ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն Բրյուսելում ասել էր, որ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքների ներկայիս տարբերակը արդար եւ հավասարակշռված է, եւ մենք ցանկանում ենք, որպեսզի կողմերն ընդունեն այն որպես հիմք խաղաղ համաձայնագրի համար»:

Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն հայտարարել էր, որ «եթե կողմերը մոտ ապագայում չընդունեն Մադրիդյան առաջարկությունների Հիմնարար սկզբունքները, ապա միջնորդները ստիպված կլինեն կարգավորման նոր հայեցակարգով հանդես գալ»:

Ներկայացնելով միջնորդների առաջարկների պատմությունը՝ Բեռնար Ֆասյեն ասել էր, որ 1990-ականների վերջին համանախագահներն առաջարկում էին Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի կազմում վերաինտեգրման տարբերակը, որը մերժվել էր Հայաստանի կողմից: Միջնորդի խոսքով՝ 2000-ականների սկզբներին փորձ արվեց հակամարտությունը կարգավորել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանից անջատման օրինականացման հիման վրա, ինչը չընդունեց Ադրբեջանը:

Բեռնար Ֆասյեն նշել էր, որ այդ փորձերից դասեր քաղած միջնորդները որոշեցին այնպիսի առաջարկություններ անել այն խնդիրների վերաբերյալ, «որոնց լուծումը հնարավոր էր թվում»:

Մասնավորապես, ասել էր Ֆասյեն, Մադրիդյան առաջարկությունների համաձայն, պետք է ազատվեն Լեռնային Ղարաբաղին կից տարածքները` Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման եւ վերջինիս ինքնակառավարման պայմանով, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի ապագայում` քվեարկության ճանապարհով:

Միջնորդը նշել էր, որ համանախագահներն այդ առաջարկության վրա աշխատում էին 2005-2006 թվականներին, եւ այն «Մադրիդյան առաջարկություններ» անվանումն էր ստացել 2006 թվականի վերջին: Բեռնար Ֆասյեն նշել էր, որ գործընթացը դանդաղեց 2008 թվականին, «քանի որ Կոսովոյի անկախության ճանաչումը Ադրբեջանի մտահոգության պատճառ դարձավ»։

Միջնորդի խոսքով՝ համանախագահները հույս ունեին «բեկման» հասնել 2009 թվականին, եւ «հենց այդ պատճառով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահներն առաջին անգամ իրենց վրա վերցրին կարգավորման Հիմնարար սկզբունքները հնչեցնելու պատասխանատվությունը»:

 

 

Բեռնար Ֆասյեն ասել էր, որ «2010 թվականի սկզբին միայն Ադրբեջանն իր համաձայնությունը տվեց առաջարկությունների նորացված տարբերակին», ինչից հետո միջնորդները կողմերին մի քանի լրամշակված տարբերակ առաջարկեցին:

«Այդպիսով, այսօր մենք մոտեցել ենք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման երրորդ փուլի ավարտին»,- ասել էր ֆրանսիացի դիվանագետը:

Ռոբերտ Բրադտկեն անհամաձայնություն էր հայտնել Եվրախորհրդարանի որոշ պատգամավորների այն տեսակետների հետ, թե Ղարաբաղյան կարգավորումը «ռուսների ձեռքում է»: Նա ասել էր, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջեւ «եզակի համագործակցություն» է ծավալվել:



«Ոչ թե Ռուսաստանը, այլ մեկ այլ երկիր է օգնել Ադրբեջանին»


Նույն լսումներին Բեռնար Ֆասյեն ասել էր, որ «ոչ թե Ռուսաստանը, այլ մեկ այլ երկիր է օգնել Ադրբեջանին սկսել անօդաչու թռչող սարքերի արտադրությունը (ԱԹՍ)»:

Այսպես էր նա պատասխանել Եվրախորհրդարանի պատգամավորների պնդումներին այն մասին, թե Ռուսաստանը զինում է Ղարաբաղյան հակամարտության կողմերին: Ֆրանսիացի միջնորդը նշել էր, որ մոտ ժամանակներս Ադրբեջանում բացվելու է անօդաչու թռչող սարքերի գործարան, եւ համոզմունք էր հայտնել, որ ադրբեջանական կողմը չէր կարող ինքնուրույն հիմնել այդ արտադրությունը։

Բեռնար Ֆասյեն նաեւ նշել էր, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն հավասար է Հայաստանի ամբողջ պետական բյուջեին, եւ ողջունել էր ԵՄ արտաքին գործերի եվրոպական ծառայության տարածաշրջանային կառավարիչ-տնօրեն Միրոսլավ Լայչեկի հայտարարությունն այն մասին, որ «ԵՄ-ն պետք է ավելի հստակ ազդանշաններ ուղարկի ուժի գործադրման անընդունելիության եւ ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ»:


Ընդդիմության քննադատությունը


Հայաստանի ընդդիմության ներկայացուցիչներն առանձնապես լավատես չէին։

«Սասուն» ջոկատի հրամանատար, ՀԱԿ ներկայացուցիչ Սասուն Միքայելյանն ասել էր, որ «եթե ազատագրված տարածքները հանձնվեն, Ղարաբաղը կարգավիճակ չի ստանա, եւ այդ պատճառով ես փոխզիջման որեւէ հեռանկար չեմ տեսնում»:

Միքայելյանի կարծիքով՝ «իշխանություններն այսօր շատ թույլ դիրքեր ունեն բանակցային գործընթացում», եւ «եթե ցանկանում ենք պատերազմի վերսկսումից խուսափել, ապա ավելի լավ է` փորձենք կարգավորել ներքաղաքական կարգավիճակը»։

Իսկ ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Մոսկովսկիե նովոստի» թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի անցկացումը «ոչնչով հաստատված չէ»:

 

 

Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել էր, որ կարգավորման այն տարբերակը, որին կողմ էր 1997 թվականին, «գրեթե նույն ծրագիրն էր, ինչ այժմ սեղանին դրված է Մադրիդյան սկզբունքներ տեսքով. օկուպացված, մեր տերմինաբանությամբ` ազատագրված տարածքների վերադարձ, որոնք այն ժամանակ չէին ներառում Լաչինը եւ Քելբաջարը, ԼՂ սահմանների ողջ երկայնքով միջազգային խաղաղարար ուժերի տեղակայում, ճանապարհների ապաշրջափակում»:

«Հիմա ամեն ինչ ավելի բարդ է: Արդեն չկա նախկին տրամադրությունը, չկա ուժերի նախկին հարաբերակցությունը: Այն ժամանակ Հայաստանը եւ Ադրբեջանը գրեթե նույն մակարդակի վրա էին, մակրոտնտեսական առումով Հայաստանը նույնիսկ մեկ շնչին ընկնող ցուցանիշներով ավելի լավ դիրքում էր: Իսկ ի՞նչ ունենք հիմա՝ 13 տարի անց: Ադրբեջանի ՀՆԱ-ն հինգ անգամ գերազանցում է Հայաստանի ցուցանիշը: Բյուջեն հինգ անգամ ավելին է: Ռազմական ծախսերը` 10 անգամ ավելին: Բնականաբար, Ադրբեջանի պահանջներն ավելի կոշտ կլինեն: Հիմա շատ դժվար կլինի հասնել նրան, ինչին կարող էինք հասնել այն ժամանակ: Կա միայն մեկ տարր, որը տարբերվում է այն նախագծից. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու գաղափարը: Բայց այն դեռ ոչնչով հաստատված չէ: Խոսում են պլեբիսցիտի, հարցման մասին եւ այլն: Այդ հանրաքվեի անցկացման իրավական հետեւանքների մասին ոչ մի խոսակցություն չկա: Բոլոր զարգացումները թելադրում են, որ հիմա ավելի դժվար է: Այսօր ցանկացած լուծում ավելի վատն է լինելու, քան այն ժամանակ: Ցավոք»,- ասել էր ՀԱԿ առաջնորդը:


«Հերթական խնդիրը կլինի փախստականների վերադարձը Հայաստան»


Կազանում սպասվելիք տապալման մասին կարող էր վկայել Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովի հայտարարությունը՝ արված եռակողմ հանդիպումից 10 օր առաջ։ Նա, մասնավորապես, ասել էր, որ «Ադրբեջանի գրավյալ տարածքների ազատագրումից հետո հերթական խնդիրը լինելու է փախստականների վերադարձը Հայաստան»:

«Ադրբեջանը երբեք չի հրաժարվի այդ տարածքներից: Դրանք մեր նախնիների հողերն են: Հայերն այնտեղ պետությունն են ստեղծել եւ վտարել են մեր հայրենակիցներին: Սակայն դրանք ադրբեջանական հողեր են: Չնայած, որ մենք չենք համարում այդ հողերը անկախ Ադրբեջանի տարածքներ` մենք հավակնելու ենք այնտեղ մեր հայրենակիցների վերաբնակեցմանը»,- ասել էր Հասանովը:


Մոսկվայի ճնշումը


Հունիսի 20-ին «բանակցությունների նախապատրաստական ընթացքին ծանոթ փորձագետը» ՏԱՍՍ գործակալությանը հայտնել էր, որ Կազանում Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների հանդիպմանը կարող են հաստատվել Լեռնային Ղարաբաղի կարգավորման Հիմնարար սկզբունքները։

Ակնհայտ էր, որ ռուսական կողմն ամեն կերպ ձգտում էր առաջընթացի հասնել։ Մեկ տարի անց ավարտվելու էր Դմիտրի Մեդվեդեւի պաշտոնավարման ժամկետը, եւ Ղարաբաղյան կարգավորման հարցում բեկումը կարող էր նրա՝ երկրորդ ժամկետին հավակնելու գործում օգտակար խաղաքար դառնալ։

 

 

Հունիսի 23-ին Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն էր հրապարակել, որում ասվում էր, որ «Կազանի հանդիպումը կոչված է ուղենիշային դեր խաղալ ԼՂ կարգավորման գործընթացում»:



Հանդիպման օրը «Կոմերսանտ» թերթը գրել էր, որ Երեւանը եւ Բաքուն սկզբունքորեն պատրաստ են Կազանում փաստաթուղթը ստորագրել։ «Միակ բանը, որը կարող է խանգարել Ռուսաստանի նախագահի տրիումֆին` անսպասելի անակնկալներն են բուն բանակցությունների պահին: Վերջնական որոշումները եւ ձեւակերպումները կհաստատվեն անմիջապես Կազանում, այնպես որ մենք երաշխավորված չենք հանկարծակի դժվարություններից»,- ասել էր թերթի աղբյուրը:


Վաշինգտոնի եւ Փարիզի ճնշումը


Հանդիպման նախօրեին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին «վճռականորեն կոչ էր արել» Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ Կազանում կայանալիք հանդիպմանը հաստատել Հիմնարար սկզբունքները:

«Նախագահ Օբաման երկու նախագահներին ասել էր, որ ժամանակն է կարգավորել հակամարտությունը եւ առաջարկել այն Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդներին: ԱՄՆ-ը կշարունակի աջակցել երկու նախագահներին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին տարածաշրջանի անվտանգության եւ բարգավաճման ուղղությամբ իրենց կարեւորագույն ջանքերում»,- ասվում էր Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

Իսկ Ռոբերտ Բրադտկեն ասել էր, որ «դա բանակցային գործընթացի ամենակարեւոր փուլն է 2001 թվականից ի վեր, երբ ջանքեր էին գործադրվում խաղաղ համաձայնության հասնելու համար Քի Ուեսթում»։

 

 

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի ուղերձում, որը նա հղել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, ասվում էր.

«Իմացեք, որ բոլոր դեպքերում ես՝ որպես բարեկամ, եւ ինձ հետ է Ֆրանսիան, որն իրեն համարում է քույրը Հայաստանի, հղում ենք Ձեզ այս վճռորոշ հանդիպման հաջողության ամենաանկեղծ մաղթանքները: Իմ երկիրը ջանք չի խնայի՝ սատարելու Ձեզ այդ ճանապարհին»։


«Ասեք «այո՛» կամ «ո՛չ»


Հունիսի 22-ին ելույթ ունենալով Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ նստաշրջանում, Սերժ Սարգսյանն ասել էր, որ նույնիսկ Ադրբեջանում տիրող հակահայկական տրամադրությունների պայմաններում «մենք առաջընթացի ակնկալիքով ենք մեկնելու Կազան»:

Խոսելով փոխզիջումների մասին՝ Հայաստանի նախագահն ասել էր, որ բավական դժվար է համոզել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հասարակություններին զիջումներ անել Ադրբեջանին, որը զբաղված է բացահայտ հակահայկական քարոզչությամբ:

Իսկ Կազան մեկնելու նախօրեին Euronews-ի հետ հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ միջազգային հանրությունը Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից եւ Ադրբեջանից «հստակ եւ վերջնական պատասխան է ակնկալում»:

«Նրանք ցանկանում են հասկանալ, արդյոք շահագրգիռ կողմերը պատրա՞ստ են լուծում փնտրել վերը նշված սկզբունքների հիման վրա։ Նրանք մեզ ասում են. «ասեք, վերջապես, «այո՛» կամ «ո՛չ», մի հապաղեք»: Հուսով ենք, որ Կազանում կայանալիք հանդիպմանը պատասխանը կտրվի»,- ասել էր Հայաստանի նախագահը։

Միեւնույն ժամանակ Սերժ Սարգսյանը նկատել էր, որ իր սպասումները հանդիպումից «շատ մեծ չեն»:



Տապալումը


Հունիսի 24-ի ուշ երեկոյան Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել էր, որ Կազանում «Ադրբեջանը համաձայնությունը չտվեց ԼՂ կարգավորման Հիմնարար սկզբունքների վերջին տարբերակին»:

«Ադրբեջանական կողմը մոտ մեկ տասնյակ փոփոխություններ առաջարկեց, եւ դա էր պատճառը, որ Կազանի հանդիպումը բեկումնային չեղավ»,- ասել էր Նալբանդյանը։

 

 

Նա ընդգծել էր նաեւ, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանը արդեն չորրորդ անգամ է փոփոխություններ առաջարկում միջնորդների ներկայացրած տարբերակներում: «Սակայն մենք շարունակելու ենք բանակցությունները, քանի որ կարգավորման հասնելու այլ ճանապարհ չկա»,- ասել էր Էդվարդ Նալբանդյանը:

Հունիսի 27-ին «Կոմերսանտ»-ը, վկայակոչելով Կրեմլի աղբյուրը, գրել էր, որ Ռուսաստանի նախագահը «խիստ հիասթափված է» Կազանի հանդիպման արդյունքներից, իսկ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը եւս նշել էր, որ Վաշինգտոնում հիասթափված են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները չկարողացան համաձայնության գալ հիմնարար սկզբունքների շուրջ։

Հուլիսի 1-ին Սերժ Սարգսյանը Կիեւում իր ուկրաինացի պաշտոնակից Վիկտոր Յանուկովիչի հետ համատեղ ասուլիսում ասել էր, որ Դմիտրի Մեդվեդեւը ուղերձ է հղել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին։

Նույն օրը Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն հայտարարել էր, որ Ղարաբաղյան հակամարտության կողմերին «հավելյալ առաջարկներ» կարվեն։

Հուլիսի 8-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երեւանում ասել էր, որ Սերժ Սարգսյանին է փոխանցել Կազանի հանդիպումից հետո Դմիտրի Մեդվեդեւի առաջարկները։ Երեւանից Լավրովը մեկնել էր Բաքու, որտեղ առաջարկները փոխանցել էր Իլհամ Ալիեւին։

Հուլիսի 29-ին ԱՄՆ պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով օգնական Ալեքսանդր Վերշբոուն հայտարարել էր, որ Հայաստանը եւ Ադրբեջանը «հետքայլ են կատարել» ԼՂ կարգավորման գործընթացում: «Հայաստանը եւ Ադրբեջանը տակավին ի զորու չեն ավարտել ԼՂ կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցումը, եւ մենք մնում ենք ոչ կառուցողական եւ վտանգավոր պատային իրավիճակում»,- ասել էր նա։


Պոստֆակտում հայտարարություններն ու բացահայտումները


2016թ. ապրիլին՝ Կազանի տապալումից հինգ տարի եւ «Ապրիլյան պատերազմից» երկու շաբաթ անց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երեւանում ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ քաղաքական գործընթացում առաջ շարժվելը կարող էր զսպող գործոն լինել բռնության բռնկումներ թույլ չտալու համար:

Այս մասին Լավրովն ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով վերջինիս հարցին.

«Մենք համոզված ենք եղել, որ իսկապես այդ հարցը կարող է լուծվել բացառապես փոխզիջումների հիման վրա, խաղաղ ճանապարհով, բայց այսօր մենք ունենք այն, ինչ ունենք: Դրա համար էլ ինձ համար չափազանց կարեւոր է Ձեր տեսակետը՝ ինչո՞ւ, այնուամենայնիվ, դա պատահեց»:

 

 

«Ինչո՞ւ իրավիճակը հայտնվեց նման ճգնաժամային կետում, ես չեմ կարող որոշել Հայաստանի, Ադրբեջանի կամ Ղարաբաղի փոխարեն, բայց ես կարծում եմ, որ եթե մեզ հաջողվեր քաղաքական գործընթացում առաջ շարժվել, թեկուզ մի փոքր, եթե մենք թեկուզ նախանշեինք ընդհանուր սկզբունքներ, որոնք կողմերը գոնե հիմք կընդունեին արդեն իրավականորեն պարտավորեցնող փաստաթղթերի մշակման, նախապատրաստման համար, իհարկե, դա ոչ միայն կարեւոր դեր կխաղար բանակցությունների վերսկսման համար, այլ նաեւ զսպող գործոն կհանդիսանար բռնության բռնկումներ թույլ չտալու համար: Բայց, կրկնում եմ, լուծման կարող են հասնել միայն իրենք՝ կողմերը»,- ասել էր Լավրովը:

2016 թվականի նոյեմբերին Սերժ Սարգսյանը պատմել էր «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում.

«2011թ. գրեթե բոլորը համարում էին, թե մենք մոտ ենք ավարտին եւ պատրաստ ենք ստորագրել փաստաթուղթը: Այն ժամանակ ԱՄՆ նախագահը զանգահարել էր Ադրբեջանի նախագահին եւ ինձ ու հաջողություն մաղթել: Ֆրանսիայի նախագահն էլ նամակ էր հղել Ադրբեջանի նախագահին եւ ինձ՝ նույն մաղթանքներով, իսկ Ռուսաստանի նախագահն անձամբ մասնակցել էր այդ բոլոր հանդիպումներին:

 

 

Մենք նստեցինք, ինչպես դա ընդունված է բանակցություններում: Փաստաթղթերը պատրաստ էին: Ռուսաստանի նախագահը, բացելով հանդիպումը, նշեց, թե շատ լավ է, որ մենք հանգեցինք խաղաղ կարգավորմանը: Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ելույթ ունեցավ: Այնուհետ ելույթ ունեցավ Ադրբեջանի նախագահը՝ ասելով, որ իրենք, իհարկե, ցանկանում են խաղաղ կարգավորում, սակայն դեռ որոշակի հարցեր ունեն: Եվ նա յոթ կամ ութ կետ թվարկեց: Հասկանալի է, թե դրանից հետո ինչ իրավիճակ ստեղծվեց»։

2018 թվականի ապրիլին՝ Հայաստանում «թավշյա հեղափոխությունից» մի քանի շաբաթ առաջ, Լավրովն ասել էր.

«Հերթական հանդիպումը, որը պետք է կայանար Կազանում, իսկապես լուրջ դրական արդյունքների հույս էր տալիս, քանի որ փաստաթղթերի նախագծերում, որոնք պատրաստել էր ռուսական կողմը՝ ԱՄՆ եւ Ֆրանսիայի համանախագահների աջակցությամբ, հաշվի էին առնվել, ինչպես մեզ թվում էր, Երեւանի եւ Բաքվի բոլոր մտահոգությունները: Բայց բուն գագաթնաժողովի ընթացքում ի հայտ եկան լրացուցիչ հարցեր եւ մեկնաբանություններ: Այդպես պատահում է, եւ մենք դրանից մեծ ողբերգություն չենք սարքում: Աշխատանքը շարունակվելու է: Վստահ եմ, որ «կազանյան փաստաթղթից» դեռ շատ բան պահանջված է:

Այն տարիներին ձեռք բերվածից ոչինչ չի կորել: Իհարկե, այս ընթացքում ծնվել են որոշակի նոր գաղափարներ, որոնք համանախագահները հիմա փորձում են առաջ տանել կողմերի հետ հանդիպումների ժամանակ: Ամենակարեւորն է ետ կանգնել անվստահությունից, որը դեռեւս երբեմն ի հայտ է գալիս բանակցությունների ընթացքում, եւ կենտրոնանալ իրատեսական գաղափարների վրա, որոնք քիչ չեն: Միայն թե պետք է դրանք թղթին հանձնել: Հայեցակարգային մակարդակում կողմերը համաձայնվում են դա անել, բայց երբ սկսվում են կոնկրետ ձեւակերպումներ մշակվել, դժվարություններ են առաջանում»,- ասել էր Սերգեյ Լավրովը:

2,5 տարի անց սկսվելու էր «44-օրյա պատերազմը»։

Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են REUTERS-ի եւ Ֆոտոլուրի լուսանկարները:

 

«Նորագույն պատմությունը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Նորագույն պատմությունը»-ը ներկայացնում է իրադարձություններ եւ դրվագներ, որոնք տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում 1991 թվականից հետո ընկած ժամանակաշրջանում: