Liazor-ի «հատուցման ակցիան»



Այսօր հաքերային հարձակումներով որեւէ մեկին չես զարմացնի, բայց 2000 թվականի ձմռանը սկսված հայ-ադրբեջանական «կիբերպատերազմը» անսովոր եւ խորհրդավոր իրադարձություն էր։

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ 2000 թվականի հունվարի վերջին ադրբեջանցի հաքերների The Green Revenge եւ HijaK Teams խմբերը սկսեցին շարքից հանել հայկական կայքերը։ Առաջին զոհը դարձավ ԱՄՆ-ում տեղակայված Armeniaonline.com սերվերը։ Այնուհետեւ խափանվեց Հայաստանի Ազգային հեռուստատեսության պաշտոնական Armtv.com վեբ-սերվերը։

Սերվերի վրա թողնված հաղորդագրությունում ասվում էր.

«Մեր նախագծի հիմնական նպատակը հայ-ադրբեջանական հակամարտության մասին ճշմարտացի տեղեկատվություն տրամադրելն է։ Ներկայում հայկական բազմաթիվ կայքեր կեղծ տեղեկատվություն են տարածում։ Մենք որոշեցինք ուղղել դա՝ օգտագործելով մեր բոլոր հնարավորությունները։ Հիմա քրտնաջան աշխատում ենք, որպեսզի մեկուսացնենք բոլոր այն հայկական կայքերը, որտեղ կեղծ տեղեկություններ ենք գտնում»։

2000 թվականի փետրվարի 11-ից 13-ը հայ հաքերները իրականացրեցին «հատուցման գործողություն» եւ իրենց վերահսկողության տակ վերցրեցին 20-ից ավել ադրբեջանական կայքեր, այդ թվում՝ խոշոր պրովայդերների սերվերները եւ «Զերկալո» թերթի առցանց տարբերակը։

 

 

Հայկական կողմի հսկողության տակ մի քանի օրով անցան baku-vision.com, azerbaijan-online.com, azeri.com, baku.net, zerkalo-daily.com, azeri.net, azembassy.com, azerin.com, azerin.net, azer.org, azer.com, azdata.net, karabakh.org, aznet.org, azer.net, azerbaijantv.com, baku.org, baku-az.net կայքերը։

 

 

Այդ կայքերը բացելու բոլոր փորձերը բերում էին մի էջի վրա, որտեղ գրված էր «Don't trouble trouble, until trouble troubles you»:

«Ադրբեջանը որոշ ժամանակով պարզապես կորցրեց իր ինտերնետը: Սակայն մենք չէինք այս պատերազմի նախաձեռնողները»,- այն ժամանակ Մեդիամաքսին ասել էր Liazor խմբի ներկայացուցիչը:

 

 

«Ամենից շատ մեզ վրդովեցրեց այն փաստը, որ հայկական կայքերի վրա հարձակվելու որեւէ առիթ չկար եւ կատարվածը նման էր դեռահաս հաքերների՝ իրենց կարողությունները աշխարհին ցուցադրելու փորձի»։


Liazor խմբի ներկայացուցիչը ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ ի տարբերություն իրենց ադրբեջանցի «գործընկերների», իրենք իրենց ակցիան չեն ուղեկցել «ապաշնորհ քաղաքական հայտարարություններով»։

 

 

Սակայն պարզվեց, որ «հատուցման գործողության» հեղինակները չսահմանափակվեցին միայն կայքերի նկատմամբ վերահսկողություն սահմանելով։ Հաջորդեց գործողության երկրորդ փուլը։

Ռուսալեզու «Զերկալո» թերթի առցանց տարբերակը, որն այդ ժամանակ Ադրբեջանի ամենահեղինակավոր ԶԼՄ-ներից մեկն էր, հանկարծ սկսեց մեկը մյուսի հետեւից «սենսացիաներ» մատուցել: Այսպես, թերթը հայտնում էր, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների անձնական հանդիպումների ժամանակ մշակվում է հայերի կողմից գրավված հարավային տարածքների դիմաց Հայաստանին Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության համապատասխան տարածքներ զիջելու տարբերակը»:

 

 

Թերթը նաեւ գրում էր, որ Թեհրանի նախաձեռնությամբ հետաձգվել է Հեյդար Ալիեւի այցը Իրան: Այդ ամենը մեջբերվում եւ տարածվում հայկական եւ ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից:

Բանը հասավ նրան, որ Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Արա Պապյանը ստիպված էր մեկնաբանել համացանցում ծավալվող իրադարձությունները.

«Մենք արդեն որակել ենք ադրբեջանցի հաքերների հարձակումները հայկական կայքերի վրա որպես մարդու հիմնարար իրավունքներից մեկի՝ տեղեկատվության ազատության իրավունքի խախտում, որն ամրագրված է Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային պայմանագրում (1966 թ.): Հասկանալով, որ հայ հաքերների ակցիան բացառապես պատասխան բնույթ է կրում, այնուամենայնիվ, կոչ եմ անում ադրբեջանցի եւ հայ հաքերներին զերծ մնալ հետագա քայլերից եւ թույլ տալ ինտերնետի օգտատերերին տեղեկատվություն ստանալ եւ ինքնուրույն եզրակացություններ անել»։

 

 

2000 թվականի փետրվարի 17-ին Liazor խումբը հայտարարեց պատասխան միջոցառումների ավարտի մասին։ «Հուսով ենք, որ հետագա համարժեք քայլերի կարիք չի լինի»,- ասված էր խմբի հայտարարության մեջ:

Արա Թադեւոսյան

 

«Նորագույն պատմությունը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Նորագույն պատմությունը»-ը ներկայացնում է իրադարձություններ եւ դրվագներ, որոնք տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում 1991 թվականից հետո ընկած ժամանակաշրջանում: