Զորավար Անդրանիկի վերադարձը



2000 թվականի փետրվարի 19-ին եւ 20-ին Հայաստանում վերջին հրաժեշտն էին տալիս Զորավար Անդրանիկին: Նրա աճյունը հատուկ արարողակարգով ու չվերթով տեղափոխվել էր Հայաստան Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատնից:

Կյանքի վերջին տարիները Անդրանիկ Օզանյանն անցկացրել էր Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքում: Առողջական խնդիրների պատճառով 1927-ին բժիշկները Անդրանիկին խորհուրդ են տալիս առողջարանային բուժում ստանալ:

Կնոջ՝ Նվարդ Քյուրքչյանի հետ, Անդրանիկը սկսում է բուժումը Կալիֆորնիայի Չիկո քաղաքի մոտակայքում գտնվող Ռիչարդսոն Սփրինգս առողջարանում, որտեղ էլ 1927-ի օգոստոսի 31-ին մահանում է անգինայից:


Պատգամը


Ըստ վկայությունների, մահվանից որոշ ժամանակ առաջ Անդրանիկը կնոջն ասել է հետեւյալը.

«Մահվան համար չեմ ցավիր, կցավիմ, թե որքան ուրախ պիտի ըլլան թուրքերը: Մահս չեմ հոգար այլ գործս, որ կիսատ մնաց: Եթե այս անգամ ցավը զիս տանի, մարմինս օտար հողի վրա չթողուս, անպայման Հայաստան փոխադրեք։ Եթե զիս հայրենիք չընդունին, ձեռքիս ցուցամատը կտրել կուտաս եւ հոն կղրկես, տեղ մը թող թաղեն: Աս մատս շատ աշխատած է հայրենիքի համար եւ շատ հոգնած է, թող հայրենի հողին մեջ հանգստանա»։


Թաղումներ Ֆրեզնոյում եւ Փարիզում


Մահվանից մեկ շաբաթ հետո՝ 1927 թվականի սեպտեմբերի 7-ին, Անդրանիկի զինակիցներն ու ընկերները նրան զինվորական արարողակարգով հողին են հանձնում Ֆրեզնոյի Արարատ գերեզմանատանը: Թաղմանը ներկա էր 15 000-ից ավելի մարդ, հայկական բազմաթիվ գաղութներում այդ օրը հիշատակի երեկոներ են կազմակերպվում Անդրանիկի պատվին:

 

 

Կալիֆորնիայում թաղման արարողությունից չորս ամիս անց՝ 1928 թվականի հունվարին, կինն ու զինակիցները ձեռնամուխ են լինում Անդրանիկի աճյունը Խորհրդային Հայաստանում վերահուղարկավորելու աշխատանքներին: Դագաղը Կալիֆորնիայից տեղափոխվում է Ֆրանսիա, որտեղից էլ նախատեսվում էր բերել Խորհրդային Հայաստան:

 

 

Բայց Հայաստանի իշխանությունները Հայ Օգնության Կոմիտեի միջոցով Անդրանիկի հարազատներին տեղեկացնում են, որ նպատակահարմար չէ Զորավարի աճյունի տեղափոխումը Հայաստան: Այդ տարիներին խորհրդային քարոզչությունը Անդրանիկին ու ֆիդայական շարժման մյուս դեմքերին ներկայացնում էր որպես ժողովուրդների բարեկամության ու խորհրդային կարգերի թշնամիներ։

 

 

Անդրանիկի աճյունը 1928-ի հունվարի 29-ին ամփոփվում է Փարիզի ամենահայտնի՝ Պեր Լաշեզ գերեզմանատանը: Ավելի ուշ՝ 1945-ին, գերեզմանի վրա տեղադրվում է նրա ձիարձանը:


Տեղափոխումը Հայաստան ու թաղումը Եռաբլուրում


1990-ականների վերջին Հայաստանում սկսեցին ձեռնամուխ լինել հայ ազատագրական շարժման անվանի մասնակիցների աճյունների հայրենիք տեղափոխման գործընթացին։ 1998 թվականին Հայաստան բերվեց Սոսե Մայրիկի աճյունը։ 1999-2000-ին հերթը Անդրանիկ Օզանյանինն էր։ Ստեղծվեց տեղափոխման հարցերը կարգավորող պետական հանձնաժողով՝ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի գլխավորությամբ։

«Որպես զինվորականներ՝ մեզ համար պատվի հարց էր Անդրանիկի՝ հայրենիքում թաղվելու պատգամը կատարելը։ Բացի այդ, դա նաեւ խորհրդանշական բնույթ էր կրում պատերազմում հաղթած երկրի համար։ Զինվորականներից, քաղաքական ու մշակույթի ու գործիչներից կազմված պետական հանձնաժողով ձեւավորվեց, որը ես էի գլխավորում»,- 2017 թվականին Մեդիամաքսին պատմել էր Վաղարշակ Հարությունյանը։

 

 

«Քննարկեցինք Անդրանիկի տեղափոխման հետ կապված բոլոր հարցերը, Ֆրանսիայի իշխանությունների հետ շատ արագ պայմանավորվածության եկանք։ Պաշտպանության նախարարության աշխատակիցներից ու զինվորականներից ստեղծեցի հատուկ խումբ, որը պետք է գնար Ֆրանսիա եւ կազմակերպեր գործընթացը։ 2000-ի փետրվարի 18-ի գիշերը Անդրանիկի աճյունը հասավ Երեւան»,- հիշում էր Վաղարշակ Հարությունյանը։

 

Փարաքարում Անդրանիկի թաղման թափորը դիմավորում է նրա զինվորներից մեկը ու բաժակաճառ ասում։



«Մեծ բազմություն էր հավաքվել Մարզահամերգային համալիրում, որտեղ դրված էր Անդրանիկի մասունքներն ամփոփող դագաղը: Տարբեր տարիքի հազարավոր մարդիկ էին գալիս վերջին հրաժեշտը տալու: Նրանց մեջ էր նաեւ ալեհեր մի ծերունի, ով Անդրանիկի զինվորն էր եղել»,- պատմում է Ֆոտոլուր գործակալության տնօրեն Մելիք Բաղդասարյանը:

 

 

Հաջորդ օրը Զորավար Անդրանիկի աճյունը տեղափոխում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հոգեհանգստյան պատարագ է մատուցում:

 

 

Էջմիածնից դագաղը տեղափոխվում է Եռաբլուր, որտեղ ամփոփվում է Վազգեն Սարգսյանի գերեզմանի հարեւանությամբ:

Սուրեն Ստեփանյան

Լուսանկարները՝ Ֆոտոլուրի եւ Վաղարշակ Հարությունյանի արխիվից

 

«Նորագույն պատմությունը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Նորագույն պատմությունը»-ը ներկայացնում է իրադարձություններ եւ դրվագներ, որոնք տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում 1991 թվականից հետո ընկած ժամանակաշրջանում: