2004 թվականի սեպտեմբերի 13-ին, ժամը 16:20-ին Մեդիամաքս գործակալությունը հաղորդագրություն տարածեց՝ «ՇՏԱ՛Պ։ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը չեղարկել է Ադրբեջանում անցկացվող զորավարժությունները՝ Բաքվի կողմից հայ սպաներին ընդունելուց հրաժարվելու պատճառով» վերնագրով։
Դրանից մի քանի օր առաջ Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանությունը հրաժարվել էր մուտքի թույլտվություն տրամադրել հինգ հայ սպաներին՝ Cooperative Best Effort-04 (CBE-04) զորավարժություններին մասնակցելու համար։
Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանի ներկայացուցիչը Մեդիամաքսին տված հեռախոսային հարցազրույցում ասել էր, որ Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված միացյալ ուժերի գերագույն հրամանատար, ամերիկացի գեներալ Ջեյմս Ջոնսը որոշել է չեղարկել զորավարժությունները, «քանի որ Ադրբեջանի կողմից հայ սպաներին թույլտվություն տրամադրելու մերժումը խախտում է «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում զորավարժությունների անցկացման հիմնարար սկզբունքը, ըստ որի՝ դրանք պետք է բաց լինեն բոլոր գործընկեր երկրների համար»։
[5 տարի անց՝ 2009 թվականի հունվարին, գեներալ Ջոնսը կնշանակվի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական եւ կմնա այդ պաշտոնում մինչեւ 2010 թվականի նոյեմբերը]։
«Հակասում է Ադրբեջանի հայտարարություններին»
Մեկ ամիս անց՝ 2004թ. հոկտեմբերի 13-ին, ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Նիկոլաս Բարնսը Մեդիամաքսին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել էր, որ «մենք տպավորված էինք Երեւանի կողմից անցկացված «Cooperative Best Effort 2003» զորավարժություններով, հիմնականում այն պատճառով, որ դրան մասնակցել էին թուրք սպաները եւ հրավեր էր ուղարկվել նաեւ Ադրբեջանին՝ չնայած երկրների միջեւ լարված հարաբերություններին»։
«Մենք աջակցում ենք ՆԱՏՕ-ի որոշմանը՝ չեղարկել Cooperative Best Effort 2004 զորավարժությունները եւ խորապես ցավում ենք հայ մասնակիցներին մուտքի թույլտվություն չտրամադրելու Բաքվի որոշման համար: Մեր կարծիքով, այս որոշումը հակասում է Ադրբեջանի կողմից հաճախ արվող հայտարարություններին ՆԱՏՕ-ի հետ համագործակցության եւ Դաշինքի հետ ավելի սերտ գործընկերություն հաստատելու ջանքերի մասին»,- ասել էր Բարնսը։
Բարնսի շիտակության պատճառը հասկանալի էր. 2004 թվականի ապրիլին Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի հրամանատարի տեղակալ, գեներալ Չարլզ Ուոլդը Երեւանում հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանն անձամբ է զբաղվում Ադրբեջանում Cooperative Best Effort-2004 զորավարժություններին հայկական կողմի մասնակցության հարցերով։ Ավելին, գեներալ Ուոլդն ասել էր. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն անձամբ վստահեցրել էր ինձ, որ հայ զինծառայողները կկարողանան մասնակցել զորավարժություններին»։
«Վերաբերվել ըմբռնումով»
Ադրբեջանական արմատական կազմակերպությունները արշավ էին սկսել CBE-04-ին հայ զինվորականների մասնակցության դեմ դեռեւս 2003 թվականի աշնանը։
Հայաստանում որոշ ուժեր նույնպես դեմ էին CBE-03 զորավարժություններին թուրք զինվորականների մասնակցությանը, սակայն Հայաստանի ղեկավարությունը հասկացրեց, որ քաղաքական որոշումն ընդունված է։
2002 թվականի դեկտեմբերի 21-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ «էմոցիոնալ առումով ես ոգեւորված չեմ CBE-03 զորավարժություններին թուրքական զորախմբի մասնակցության հնարավորությամբ»: «Սակայն որպես նախագահ հասկանում եմ, որ ՆԱՏՕ-ի հետ լավ կառուցված հարաբերություններն ավելի կարեւոր են երկրի համար»,- նշել էր նախագահը։
2004 թվականի հունվարին՝ Բաքվում CBE-04 պլանավորման համաժողովի մեկնարկից առաջ, Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը հայտարարություն էր արել, որը տպավորություն էր ստեղծում, թե Բաքուն հաշտվել է հայկական պատվիրակության այցի անխուսափելիության հետ։
«Մենք կարող ենք վճռական քայլեր ձեռնարկել, սակայն պետք է մտածենք նաեւ ապագայի մասին։ Ի՞նչ դիվիդենտներ կբերեն Ադրբեջանին նման գործողությունները»,- ասել էր Գուլիեւը՝ ընդգծելով, որ եթե ադրբեջանական կողմը չընդունի հայկական պատվիրակությանը, դա կարող է վնասել ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի հարաբերություններին։ Նա հորդորել էր երկրի հանրությանը «ըմբռնումով վերաբերվել նման այցերին, քանի որ հակառակ դեպքում դա կնպաստի հայկական քարոզչամեքենայի շահերին»։
Իսկ զորավարժությունների չեղարկումից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, ասվում էր.
«Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի 20%-ի շարունակվող օկուպացիայի եւ ավելի քան 1 միլիոն փախստականների եւ վերաբնակիչների առկայության պայմաններում Հայաստանի ղեկավարությունը գնալով ավելի կոշտ եւ ոչ կառուցողական դիրքորոշում է որդեգրում խաղաղ բանակցություններում։ Նման պայմաններում Ադրբեջանի համար անհնար էր հայ զինծառայողների մասնակցությունը երկրի տարածքում անցկացվող զորավարժություններին»։
Առաջին միջադեպը
2004 թվականի հունվարի 13-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի հյուպատոսական իշխանությունների պահանջով թուրքական համապատասխան ծառայությունները թույլ չէին տվել հայ սպաներին նստել Ստամբուլ-Բաքու չվերթն իրականացնող ինքնաթիռը։ Իսկ մինչ այդ Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանությունը հրաժարվել էր մուտքի թույլտվություններ տրամադրել հայկական պատվիրակությանը՝ առանց մեկնաբանությունների ։
«Այն բանից հետո, երբ Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանությունը հրաժարվել էր մուտքի թույլտվություններ տրամադրելուց, ՆԱՏՕ-ի ղեկավարությունը կապ էր հաստատել Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ, որը վստահեցրել էր, որ հայ սպաները կարող են դրանք ստանալ անմիջապես Բաքվի օդանավակայանում: Միայն դրանից հետո մեր զինվորական պատվիրակությունը մեկնեց Ստամբուլ՝ այնտեղից Ադրբեջանի մայրաքաղաք մեկնելու նպատակով»,- ասել էր Հայաստանի ՊՆ արտաքին կապերի եւ միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ, գեներալ-մայոր Միքայել Մելքոնյանը։
Խոստումներ
2004 թվականի ապրիլի 26-ին Երեւան ժամանել էր Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի հրամանատարի տեղակալ, գեներալ Չարլզ Ուոլդը։
Գեներալն ընդգծել էր, որ խնդիրը հատուկ քննարկել էր Ադրբեջանի նախագահի հետ։ «Իլհամ Ալիեւը հավաստիացրել է, որ հայ զինծառայողները խնդիրներ չեն ունենալու»,- նշել էր նա։
Մարտին Հայաստանի խորհրդարանը վավերացրել էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» շրջանակներում «Զինված ուժերի կարգավիճակի մասին» բազմակողմ համաձայնագիրը։ Այսպիսով, հայ զինվորականներն այս անգամ ընդհանրապես կարող էին չդիմել Ադրբեջանի տարածքում ՆԱՏՕ-ի բազմազգ զորավարժություններին մասնակցելու թույլտվություն ստանալու համար։ Սակայն Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանություն դիմելու որոշումը կայացվել էր ՆԱՏՕ-ի խնդրանքով։
2004 թվականի սեպտեմբերի 9-ին՝ զորավարժությունների մեկնարկից մի քանի օր առաջ, գեներալ Ուոլդը կրկին այցելել էր Բաքու եւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հետ քննարկել CBE-04-ին հայ զինվորականների մասնակցության հարցը։
Թուրքիայի դիրքորոշումը
Հետաքրքիր է, որ Ադրբեջանի մերձավոր դաշնակցի՝ Թուրքիայի ներկայացուցիչները բազմիցս կոչ էին անում Բաքվին խոչընդոտներ չստեղծել հայ զինվորականների համար։ Զորավարժությունները չեղարկումից մի քանի օր առաջ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ահմեդ Ունալ Չեւիքյոզն ասել էր, որ «Բաքվում ՆԱՏՕ-ի զորավարժություններին հայ սպաների մասնակցությունը խոչընդոտելը ձեռնտու չէ Դաշինքի հետ Ադրբեջանի հետագա համագործակցության համար»։
«ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Ադրբեջանը ստանձնել է մի շարք պարտավորություններ, որոնցից մեկը ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ գործընկերների ներկայացուցիչների կողմից Դաշինքի միջոցառումներին մասնակցելու պայմանների ստեղծումն է»,- ասել էր թուրք դիվանագետը։
[2008 թվականին Աբդուլլահ Գյուլի Երեւան այցից մի քանի օր առաջ, Ահմեդ Չեւիքյոզը Երեւան էր այցելել Թուրքիայի նախագահի հատուկ բանագնացի կարգավիճակում]։
Դեռեւս 2003 թվականի նոյեմբերին «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի գործընկերության համակարգման կենտրոնի տնօրեն, թուրք գեներալ-մայոր Ռըֆքը Դյուրուսոյը Մեդիամաքսին տված հարցազրույցում ասել էր, որ «Դաշինքի ոչ մի գործընկեր երկիր չի կարող արգելափակել մեկ այլ գործընկեր երկրի մասնակցությունը զորավարժություններում, որոնք իրականացվում են ԳՀԽ ծրագրի շրջանակներում»։
Արա Թադեւոսյան