Քի Վեսթ. բաց թողնված հնարավորությունը



2001 թվականի մարտի 17-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Քերի Քավանոն չէր բացառել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` ապրիլի 3-ին Ֆլորիդայում կայանալիք հանդիպումը կարող է «վճռորոշ» դառնալ: Միեւնույն ժամանակ դիվանագետը զերծ էր մնացել Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի հանդիպման արդյունքները կանխատեսելուց: «Հրաշալի կլիներ, եթե այդ հանդիպումը վերջինը դառնար: Սակայն պետք է հաշվի առնել, որ խաղաղությանը հասնելն իրոք հեշտ չէ»,- ասում էր Քավանոն:


Ինչպես էր նախապատրաստվում Քի Վեսթի հանդիպումը


Մի քանի օր անց՝ 2001 թվականի մարտի 20-ին եւ 21-ին, Վաշինգտոնում կայացան Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հանդիպումները ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քոնդոլիզա Ռայսի եւ ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի հետ:

 

 

Մարտի 21-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ռիչարդ Բաուչերն ասել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Քի Վեսթում կտեւի 4 օր: Նա նշում էր, որ Քի Վեսթի հանդիպումը կդառնա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ուղիղ երկխոսության, ինչպես նաեւ «Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի մասնակցությամբ նրանց կողմից կատարված աշխատանքի» շարունակությունը:

Նույն օրը Երեւանում հանդիպելով Տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ, Ռոբերտ Քոչարյանն ասել էր, որ Ադրբեջանի նախագահի հետ «դեմ առ դեմ» ձեւաչափում իր հանդիպումների «ռեսուրսը գրեթե սպառվել է»: Նրա խոսքով՝ կողմերն արդեն պարզել էին վիճահարույց հարցերի շուրջ միմյանց դիրքորոշումները, եւ այժմ բանակցությունները շարունակելու «հերթափոխը» պետք է ընդունեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Հայաստանի նախագահը հայտարարել էր, որ Ֆլորիդայում Հեյդար Ալիեւի հետ հանդիպման ժամանակ պնդելու է ղարաբաղյան կարգավորման 3 հիմնական սկզբունքների պահպանման անհրաժեշտությունը.

1. հակամարտության կողմերի իրավահավասարություն,
2. Լեռնային Ղարաբաղի անկլավային գոյության բացառում,
3. Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության միջազգային երաշխիքներ:

Ապրիլի 2-ին՝ բանակցությունների մեկնարկի նախօրեին, Վաշինգտոնում անցկացված հատուկ ճեպազրույցում հանդես էր եկել «Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը», որի անունը չհրապարակվեց: Հավանաբար, հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Քերի Քավանոն էր:

Դիվանագետը նշել էր, որ Քի Վեսթում կայանալիք հանդիպումը խիստ տարբերվելու է ինչպես Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նախորդ հանդիպումներից, այնպես էլ Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ կայացած նրանց բանակցություններից: Նա հայտարարել էր, որ Ֆլորիդայում Մինսկի խմբի համանախագահները երկարատեւ բանակցություններ են վարելու ինչպես երկու նախագահների հետ համատեղ, այնպես էլ յուրաքանչյուրի հետ առանձին:

Դիվանագետը նաեւ նշել էր, որ Ֆլորիդայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում զգալի առաջընթացի դեպքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են նոր խորհրդակցություններ սկսել միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ` տարածաշրջանի տնտեսական վերականգնման հարցերով հատուկ առաքելություն ստեղծելու վերաբերյալ: Նա հիշեցրել էր, որ 2000 թվականի մայիսին միջնորդների նախաձեռնությամբ Ժնեւում կայացավ հանդիպում միջազգային ֆինանսական ինստիտուտների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ժամանակ քննարկվում էին նման առաքելության ստեղծման հնարավորությունները:

Ամերիկացի դիվանագետը նաեւ ասել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը, չնայած սկզբնական մտավախություններին, բավականին արդյունավետ ստացվեց: «Մերձավոր Արեւելքի, Հյուսիսային Իռլանդիայի եւ Կիպրոսի օրինակների վրա մենք գիտենք, թե որքան դժվար է բանակցություններում առաջընթացի հասնելը: Սակայն Լեռնային Ղարաբաղի դեպքում, աշխատելով Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ համատեղ, մենք տեսնում ենք առաջ շարժվելու հնարավորությունը»,- ասել էր ամերիկացի դիվանագետը:

 


Քի Վեսթը փոքրիկ կղզյակ է Ֆլորիդա նահանգում (6,4 կմ երկարությամբ եւ 3,2 կմ լայնությամբ):

Ամերիկյան մի շարք նախագահներ են այցելել Քի Վեսթ: Ամենահաճախակի հյուրը Հարի Թրումենն էր, որը կղզի էր այցելել 11 անգամ եւ այնտեղ անցկացրել ընդհանուր առմամբ 175 օր:

 

 

Դուայթ Էյզենհաուերը Քի Վեսթում կազդուրվել էր սրտի նոպայից հետո: 1962թ.` Կարիբյան ճգնաժամից մեկ ամիս անց, ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին այցելել էր Քի Վեսթ:

Կղզում տարբեր տարիներին ապրել են բազմաթիվ գրողներ ու դերասաններ, իսկ ամենահաճախը այստեղ եղել են Էռնեստ Հեմինգուեյն ու Թենեսի Ուիլյամսը: Հենց այստեղ էր Հեմինգուեյը գրել «Հրաժեշտ զենքին» վեպը:

Քի Վեսթի «Փոքր Սպիտակ տունը» նախագահ Հարի Թրումենի ձմեռային նստավայրն էր: 1991 թվականից այն գործում է որպես թանգարան:

2001թ. ապրիլին հենց «Փոքր Սպիտակ տանը» մեկնարկել էին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցությունները:

 

 

2005թ. հունվարին «Փոքր Սպիտակ տանը» մեկ շաբաթ բնակվեց ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը տիկնոջ` սենատոր Հիլարի Քլինթոնի հետ:


Օր առաջին. 2001թ. ապրիլի 4


Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի հանդիպումը Քի Վեսթում մեկնարկել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի մասնակցությամբ:

 

 

Հանդիպման սկզբում Հեյդար Ալիեւն ընթերցել էր երկար մի տեքստ, որում կրկնել էր Ադրբեջանի սովորական մեղադրանքները Հայաստանի հասցեին: Նա Հայաստանն անվանել էր «ագրեսոր» եւ «Լեռնային Ղարաբաղում անջատողականության կազմակերպիչ»: Ադրբեջանի նախագահը հայտարարել էր նաեւ, որ կարգավորման ամբողջ ժամանակահատվածում Հայաստանի դիրքորոշումն ապակառուցողական է եղել: Հեյդար Ալիեւը դժգոհություն էր հայտնել նաեւ այն կապակցությամբ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները զբաղեցրել էին «պասիվ եւ սպասողական դիրքորոշում»:

 

 

Ի պատասխան Ռոբերտ Քոչարյանն ասել էր.

«Ես Ֆլորիդա եմ եկել ոչ թե այստեղ քարոզչությամբ զբաղվելու կամ միջնորդների համար դաստիարակի դերում հանդես գալու համար: Ես եկել եմ կառուցողական աշխատանքի եւ լուծումներ որոնելու նպատակով»:

2011 թվականի ապրիլին Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Մեդիամաքսին տված հարցազրույցում ասել էր.

«Հանդիպումը շատ վատ սկսվեց: Երբ առաջին օրը Քոլին Փաուելի ներկայությամբ նախագահները ներկայացրին իրենց տեսակետները, Ալիեւը ամբողջ գործընթացի պատմության մեջ երեւի թե իր ամենախիստ ելույթը ունեցավ: Բոլորս իրար նայեցինք` մտածելով, թե ինչու ենք եկել այստեղ: Սակայն հաջորդ օրն ամեն ինչ փոխվեց: Երեւի դա ոճ էր. սովորաբար Ալիեւը հրապարակայնորեն մի բան էր ասում, կուլիսներում` մեկ այլ բան»:

 

 

ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը հայտարարել էր, որ զարմացած չէ Հեյդար Ալիեւի կոշտ հայտարարությամբ:

«Ես երկու կողմերից սպասում էի իրենց դիրքորոշումների արտահայտում: Նախագահ Ալիեւն արտահայտեց իր մոտեցումները շատ հստակ եւ բավականին երկար: Նախագահ Քոչարյանն ավելի ուղիղ արտահայտվեց»,- նշել էր նա:

Քոլին Փաուելը հայտարարել էր, որ վաղ է խոսել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հետ Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի հանդիպում կազմակերպելու մասին:

 

 

«Բանակցությունները լինելու են շատ, շատ բարդ: Նախագահ Բուշն այս շաբաթ շատ ուշադիր հետեւելու է դրանց ընթացքին, եւ կարծում եմ, եթե որոշակի փուլում հաջողություն նկատվի, Միացյալ Նահանգների նախագահը ցանկություն կհայտնի հանդիպել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ: Դա կլինի այս շաբաթ, թե ապագայում, ես չգիտեմ»,- ասել էր Քոլին Փաուելը:

 


Բրիտանացի փորձագետ Թոմաս դե Վաալը գրում էր.

«Եթե Քի Վեսթը Ղարաբաղի համար բաց թողնված «Դեյթոնյան պահ» էր, ապա տարբերություններն ուսանելի են: Դեյթոնյան խաղաղությունը Բոսնիայի համար գործուն դարձնելու համար Ռիչարդ Հոլբրուքն իր տնօրինության տակ ուներ բազմաթիվ գործիքներ, որոնք ղարաբաղյան հակամարտության միջնորդները չունեին»:

2011 թվականի ապրիլին Մեդիամաքսի խնդրանքով մեկնաբանելով այս կարծիքը՝ ամերիկացի միջնորդ Քերի Քավանոն ասել էր.

«Դեյթոնում կողմերը ստիպված եղան համաձայնագիր կնքել «Շփման խմբի» ինտենսիվ ճնշման ներքո: ԵԱՀԿ Մինսկի խմբում միշտ եղել է այն ըմբռնումը, որ Ղարաբաղի վերաբերյալ կայուն համաձայնություն կարող է ձեռք բերվել միայն այն դեպքում, երբ կողմերն ինքնուրույն ընդունեն այն. կողմերին այն չի պարտադրվելու: Բացի այդ, դեսպան Հոլբրուքի տնօրինած հիմնական գործիքներից մեկը ՆԱՏՕ-ի կողմից ուժի գործադրման սպառնալիքն էր: Դա եւս այնպիսի գործիք էր, որը համապատասխան չէր Մինսկի գործընթացին:

Հոլբրուքը ենթադրում էր, որ Դեյթոնի ընտրությունը՝ որպես խաղաղ բանակցությունների անցկացման վայր, զգալիորեն նպաստել էր իր ջանքերին:

 

 

Երբ պատմեցի նրան Քի Վեսթի մեր ծրագրերի վերաբերյալ, նա ասաց, որ դա հիանալի վայր է, Թրումենի «Փոքր Սպիտակ տանը» բանակցությունները կարող են ավելի արդյունավետ լինել, եւ երկու նախագահները կարող են զրուցել հարմարավետ մթնոլորտում որքան կպահանջվի` հեռու Վաշինգտոնի եւ մամուլի ազդեցությունից»:


Օր երկրորդ. 2001թ. ապրիլի 5


Ռուսաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը, որը գլխավորում էր ռուսաստանյան պատվիրակությունը Քի Վեսթի բանակցություններում, ապրիլի 5-ին ասել էր, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան «ուս ուսի աշխատում են»`ձգտելով նպաստել խնդրի կարգավորմանը, սակայն «հակամարտության լուծման բանալին գտնվում է Ադրբեջանի եւ Հայաստանի ձեռքերում»:

 

 

Տրուբնիկովի խոսքով՝ Ռուսաստանը չունի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վեճի լուծման «բանալին», եւ «նրան լիովին կբավարարի այն որոշումը, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար»:

Ընդգծելով բանակցությունների մասնակիցների համար կոնսենսուսի որոնման անհրաժեշտությունը, Տրուբնիկովը հույս էր հայտնել, որ բանակցությունների առաջին օրերին ստեղծված լավ մթնոլորտը «կարող է որոշակի դրական արդյունքների բերել»:

 

 

Ամերիկացի միջնորդ Քերի Քավանոն «օգտակար եւ խոստումնալից» էր անվանել միջնորդների հանդիպումները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ: Ֆրանսիացի համանախագահ Ժան Ժակ Գայարդն իր հերթին նշել էր, որ «բանակցությունները շատ լավ մթնոլորտում են անցնում»:

 


Քի Վեսթի հանդիպումը երբեք չէր կայանա, եթե չլիներ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Քերի Քավանոյի եւ նրա ռուսաստանցի ու ֆրանսիացի գործընկերների՝ Նիկոլայ Գրիբկովի եւ Ժան Ժակ Գայարդի աշխատանքը:

Սակայն Քի Վեսթում ռուսաստանյան պատվիրակության «առաջին ջութակի» դերում Ռուսաստանի առաջին փոխարտգործնախարար, նախկին հետախույզ Վյաչեսլավ Տրուբնիկովն էր: Ինչ վերաբերում է Ֆրանսիային, ապա Քի Վեսթից անմիջապես հետո Ժան Ժակ Գայարդին համանախագահի պաշտոնում փոխարինեց Ֆիլիպ դե Սյուրմենը, որն ապրիլի սկզբին դեռ Ֆրանսիայի դեսպանն էր Իրանում, սակայն արդեն մասնակցում էր Ֆլորիդայում ընթացող բանակցություններին:


Վյաչեսլավ Տրուբնիկով


1944թ. ծնված Վյաչեսլավ Տրուբնիկովը Ռուսաստանի ԱԳՆ էր եկել Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունից եւ ԽՍՀՄ ՊԱԿ-ից:

1967 թվականից Տրուբնիկովն աշխատել էր ԽՍՀՄ ՊԱԿ-ի մարմիններում, ծառայել էր ԽՍՀՄ ՊԱԿ-ի Առաջին գլխավոր վարչությունում (արտաքին հետախուզություն): Ավարտել էր ԽՍՀՄ ՊԱԿ-ի Բարձրագույն դպրոցը: 1971-1977թթ. երկարատեւ գործուղման մեջ էր Հնդկաստանում եւ Բանգլադեշում, զբաղվել է հետախուզական գործունեությամբ` «Նովոստի» գործակալության լրագրողի քողի տակ: 1977-1984թթ. աշխատել էր ԽՀՍՄ ՊԱԿ-ի Առաջին գլխավոր վարչության կենտրոնական ապարատում:

1984-1990թթ. Հնդկաստանում եւ Բանգլադեշում ԽՍՀՄ ՊԱԿ-ի գործակալական ցանցի ղեկավարն էր:

1990-1992թթ.` ԽՍՀՄ ՊԱԿ-ի Առաջին գլխավոր վարչության Հարավային Ասիայի բաժնի պետ, գեներալ-մայոր:

1992թ. հունվարից մինչեւ 1996թ.` Ռուսաստանի արտաքին հետախուզության վարչության տնօրենի առաջին տեղակալ: Գեներալ-լեյտենանտ, 1993-ից` գեներալ-գնդապետ:

 

 

1996-2000թթ.` Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն:

Նախագահ Ելցինի՝ 1998թ. հունվարի 22-ի հրամանագրով Վյաչեսլավ Տրուբնիկովին շնորհվել էր բանակի գեներալ զինվորական կոչումը: 1999 թվականին Ռուսաստանի նախագահի հրամանագրով Տրուբնիկովին շնորհվեց Ռուսաստանի Դաշնության Հերոսի կոչում:

2000-2004թթ. զբաղեցրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի ԱՊՀ հարցերով առաջին տեղակալի պաշտոնը: 2004-2009թթ. Ռուսաստանի դեսպանն էր Հնդկաստանում:

Վյաչեսլավ Տրուբնիկովը մահացել է 2022 թվականին՝ 78 տարեկանում։


Քերի Քավանո


Քերի Քավանոն ծնվել է 1955 թվականին: 22 տարվա դիվանագիտական ծառայության ընթացքում աշխատել է Պետդեպարտամենտում, Բեռլինում, Մոսկվայում, Թբիլիսիում, Հռոմում եւ Բեռնում՝ ԱՄՆ դեսպանություններում:

Բիլ Քլինթոնի եւ Ջորջ Բուշ-կրտսերի աշխատակազմերում Քերի Քավանոն զբաղվել է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Հունաստանի, Կիպրոսի, Մոլդովայի, Թուրքիայի եւ Տաջիկստանի հարցերով:

Լինելով Հարավ-եվրոպական հարցերով բյուրոյի տնօրեն եւ Կիպրոսի հարցերով համակարգողի պաշտոնակատար՝ Քերի Քավանոն հատուկ պարգեւ է ստացել այն ճգնաժամի կարգավորման համար, որը ծագել էր Կիպրոսի կողմից ռուսաստանյան S-300 հրթիռային համակարգերի ձեռքբերումից հետո:

 

 

2006 թվականից Քերի Քավանոն աշխատում է Փաթերսոնի դպրոցում, որտեղ դիվանագիտության եւ հակամարտությունների կարգավորման պրոֆեսոր է:

Համարվում է, որ հենց Քի Վեսթի ձախողումը պատճառ դարձավ, որ Քերի Քավանոն լքեց դիվանագիտական ծառայությունը։


Օր երրորդ. 2001թ. ապրիլի 6


Միջնորդները ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին հաղորդել էին, որ ենթադրություններն այն մասին, որ խաղաղ կարգավորման նախագիծը գրեթե պատրաստ է, եւ որ այնտեղ խոսքը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ինչ-որ տարածքների փոխանակման մասին է, չեն համապատասխանում իրականությանը:

 

 

Խաղաղ կարգավորման պատրաստի նախագծի մասին եզրակացություններն առաջ էին եկել այն լուսանկարի հրապարակումից հետո, որտեղ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Քերի Քավանոն ուսումնասիրում էին Անդրկովկասի քարտեզը: Դիվանագետների խոսքով՝ «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ կողմերի տարաձայնությունները դեռեւս շատ մեծ են»:


Օր չորրորդ. 2001թ. ապրիլի 7


Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը Քի Վեսթում հայտարարել էր, որ «չնայած որոշ բարդությունների, ընդհանուր առմամբ կարգավորման գործընթացն առաջ է շարժվում»:

Օսկանյանը հայտարարել էր, որ եթե իրավիճակը նման կերպ է գնահատում նաեւ ադրբեջանական կողմը, ապա «մենք տոնելու բան կունենանք Քի Վեսթից հեռանալուց առաջ»:

 

 

«Եթե մենք համաձայնության գանք սկզբունքների շուրջ, վերջնական արդյունքում կարող ենք արտացոլել դա թղթի վրա»,- ասել էր նախարարը:

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Օսկանյանը «հաջող» էր անվանել միջնորդների բանակցությունները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Նա նաեւ նշել էր, որ հայկական կողմը տեղեկացված չէ Հեյդար Ալիեւի հետ միջնորդների բանակցությունների արդյունքների մասին: Նախարարը նաեւ հայտարարել էր. «Այսօր համանախագահների հետ լրջորեն աշխատել ենք քարտեզների վրա»:

2001 թվականի մայիսին, մեկնաբանելով Քի Վեսթի բանակցությունների արդյունքները, Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապող միջանցքները չեն կարող սիմետրիկ լինել` ելնելով աշխարհագրական պայմաններից:

«Այն հարցում, թե ով կվերահսկի Նախիջեւան-Ադրբեջան միջանցքը, հնարավոր են քննարկումներ տարբեր առաջարկների շուրջ»,- ասել էր Օսկանյանը՝ շեշտելով, որ «հայկական կողմի համար, բնականաբար, գերադասելի է, որպեսզի Հայաստանի տարածքով անցնող միջանցքը հսկեն հայկական ուժերը»:

10 տարի անց՝ 2011 թվականի ապրիլին, Օսկանյանը Մեդիամաքսին տված հարցազրույցում ասել էր.

«Ամերիկացիներն այսպիսի մի արտահայտություն ունեն. Too good to be true («Չափից ավելի լավ է իրականություն լինելու համար»): Այն ժամանակ խոսքը Լեռնային Ղարաբաղը` Լաչինի մի հատվածով Հայաստանի սուվերենության տակ դնելու մասին էր: Այսինքն՝ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պետք է լինեին մեկ պետություն, այսօրվա իմ գնահատմամբ, Ադրբեջանի տեսանկյունից ոչ այնքան համարժեք փոխանակման դիմաց. Ադրբեջանն ընդամենը պետք է իրավունք ստանար ՀՀ տարածքով անխափան կապ հաստատել Նախիջեւանի հետ: Սա էր փաստաթղթի ամբողջ առանցքը»:

 

 

«Այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս էր դառնում, արդեն իսկ հրապուրիչ էր: Բայց մյուս կողմից՝ Նախիջեւանի հետ կապի մասով կային մտահոգիչ տարրեր: Այն տեսքով, ինչպես առաջարկը դրված էր սեղանին, մեզ համար ընդունելի չէր: Եվ հիմա դժվար է ասել` մենք այդ մասով կստանայի՞նք արդյոք այն, ինչ ցանկանում էինք: Կարող եմ միանշանակ ասել, որ Հայաստանի տարածքից ոչ մի թիզ Ադրբեջանին փոխանցելու մասին խոսք չկար, դա բացառվում էր: Խոսքը միայն Նախիջեւանի հետ հաղորդակցության հաստատումն էր: Բայց նույնիսկ այդ տարբերակով առաջարկը հայկական կողմի համար ընդունելի չէր եւ հետագա բանակցությունների կարիք ուներ»,- շարունակում էր նա։


Ձկնորսություն, ջրային դահուկ եւ կոմյունիկե


Ռոբերտ Քոչարյանը Քի Վեսթում երեք մեծ ձուկ էր բռնել, որոնցից մեկի քաշը մոտ 20 կգ էր, Ֆլորիդայում հրապարակվող Daily Sitizen թերթին հայտնել էր Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վահե Գաբրիելյանը: Նա նաեւ նշել էր, որ Ռոբերտ Քոչարյանը ջրային դահուկ է քշել:

 

 

Մինսկի խմբի համանախագահների Քի Վեսթում ընդունված համատեղ կոմյունիկեում ասվում էր, որ նրանք «նոր համապարփակ առաջարկ» են պատրաստում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:

«Չորս օր տեւած ինտենսիվ քննարկումների ընթացքում նախագահները բարի կամք եւ հակամարտությունը փոխզիջումների հիման վրա հստակ հավատարմություն ցուցաբերեցին»,- ասվում էր կոմյունիկեում:

Չնայած այս փաստաթղթի լավատեսական երանգին, պարզ էր, որ Քի Վեսթի հանդիպումը բեկումնային չդարձավ: Ապրիլի 9-ին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը Վաշինգտոնում առանձին հանդիպել էր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ, սակայն այս հանդիպումները ոչ թե հաջողության արձանագրություն էին, այլ ավելի շուտ ամերիկյան դիվանագիտության դեմքը փրկելու փորձ։


Քի Վեսթից հետո


Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ Բուշի հանդիպումից հետո Քերի Քավանոն հայտարարել էր, որ բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Ժնեւում 2001 թվականի հունիսին:

Մայիսի 5-ին Քերի Քավանոն անսպասելիորեն Բաքու էր ժամանել: Մի քանի օր անց ամերիկացի դիվանագետը Մեդիամաքսին տված հարցազրույցում ասել էր, որ Բաքու էր մեկնել Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի անձնական խնդրանքով:

«Նախագահ Ալիեւը զանգահարեց ինձ, երբ Գերմանիայում էի: Խնդրեց Բաքու գալ որոշ հարցեր քննարկելու համար»,- ասել էր Քավանոն:

 

 

Մայիսի 11-ին Քերի Քավանոն Նյու Յորքում հանդիպել էր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Հանդես գալով «Ներդրումներ Հայաստանում» համաժողովում՝ Քավանոն վստահություն էր հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները կկարողանան հասնել այնպիսի խաղաղ համաձայնության, որը կբավարարի երկու կողմին: Սակայն, նշել էր Քավանոն, սեփական ժողովուրդներին փոխզիջումների անհրաժեշտության մեջ համոզելու ունակությունը յուրահատուկ թեստ կդառնա նախագահներ Ալիեւի եւ Քոչարյանի քաղաքական հնարավորությունների համար:

«Հայաստանում եւ Ադրբեջանում մարդիկ գիտակցում են խաղաղության անհրաժեշտությունը: Սակայն նրանք լիովին չեն պատկերացնում, թե ինչպես գնալ փոխզիջումների»,- ասել էր ամերիկացի դիվանագետը:

Մայիսի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ռուսաստանցի եւ ֆրանսիացի համանախագահները ժամանել էին տարածաշրջան: Այցի ընթացքում հայտարարվեց, որ Ժնեւի հանդիպումը, որը նախատեսվում էր անցկացնել հունիսին, հետաձգվում է անորոշ ժամանակով:

Հուլիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կրկին ժամանեցին տարածաշրջան եւ ընդունեցին կոմյունիկե, որում դիմել էին Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդներին՝ կոչ անելով «հասկանալ լուրջ փոխզիջման անհրաժեշտությունը քաղաքական կարգավորման ապահովման համար»:

Վյաչեսլավ Տրուբնիկովը Երեւանում հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները «ոչ մի արմատապես նոր բան» չեն առաջարկել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին: «Մենք աշխատում էինք սխեմայի վրա, որը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից քննարկվել էր Փարիզում եւ Քի Վեսթում: Մենք ունեինք ավելի մանրամասն առաջարկներ կարգավորման սխեմայի տարբեր տարրերի վերաբերյալ, որն արդեն հայտնի է երկու նախագահներին: Ամբողջ նորույթը կայանում է դետալներում: Մենք շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ մեզ նոր սխեմա հարկավոր չէ»,- նշել էր դիվանագետը:

Դեկտեմբերին ԼՂՀ ԱԳ նախարար Նաիրա Մելքումյանը Մեդիամաքսին տված հարցազրույցում հայտարարել էր, որ «ցավոք, Քի Վեսթից հետո Ադրբեջանի նախագահը հրաժարվեց նախորդ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններից»:

Նա նշել էր, որ «հունիսին պետք է հանդիպում կայանար Ժնեւում, կողմերն ապրում էին շատ լուրջ բեկման եւ որոշ չափով նախագահների կողմից համաձայնեցված սկզբունքների հրապարակման կանխազգացումով»: Պատասխանելով ադրբեջանական կողմի` պայմանավորվածություններից հրաժարվելու պատճառների մասին հարցին՝ Նաիրա Մելքումյանն ասել էր.

«Ամենագլխավոր պատճառը, որը ստիպեց Ալիեւին հրաժարվել Քի Վեսթում տված իր խոստումներից, Ադրբեջանի ներքին իրավիճակն է: Իմ կարծիքով՝ Ալիեւի վրա ուժեղ ճնշում գործադրեց նրա մերձավոր շրջապատը, որն ունակ չէր, հաշվի առնելով սուբյեկտիվ պատճառները, իրագործել Ալիեւի կողմից ստորագրված համաձայնությունները, եթե դրանց իրագործման պատասխանատվությունը փոխանցվեր իրենց: Բնականաբար, նախագահ Ալիեւին անհրաժեշտ է վերահսկել իր շրջապատը` հաշվի առնելով պաշտոնը որդուն փոխանցելու նրա ակնհայտ ցանկությունը»:

2002թ. մարտին ամերիկացի նոր միջնորդ Ռուդոլֆ Պերինան Բաքվում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ասել էր. «Ժամանակն է լուծել ղարաբաղյան խնդիրը»: Նրա ռուսաստանցի պաշտոնակից Վյաչեսլավ Տրուբնիկովը հայտարարել էր, որ միջնորդները նոր «հեղափոխական առաջարկներ» չունեն: Դիմելով Ադրբեջանի նախագահին՝ Տրուբնիկովը խնդրել էր «որպես ճնշում չընկալել» համանախագահների տեսակետը կարգավորման վերաբերյալ: Միաժամանակ ռուսաստանցի դիվանագետը նշել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չէին ցանկանա «դատարկ ձեռքերով» վերադառնալ տարածաշրջանից:

Նոյեմբերին Պրահայում ելույթ ունենալով Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի նիստում՝ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ «եթե Ադրբեջանն ընդուներ կարգավորման առաջարկված նախագիծը, այսօր խաղաղ համաձայնագիրը մասամբ իրագործված կլիներ»:

2003թ. դեկտեմբերին Ժնեւում կայացել էր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի առաջին հանդիպումը, որից օրեր անց Վյաչեսլավ Տրուբնիկովը հայտարարել էր, որ «հարկավոր է նոր հիմք մշակել բանակցությունների համար»: Իսկ արդեն հունվարի 20-ին Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է հանդես գան կարգավորման նոր առաջարկներով: Ադրբեջանի նախագահն ասել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը վերջին մի քանի տարվա ընթացքում «անհաջող» էր, եւ Ադրբեջանի հասարակությունը «շատ բան է սպասում միջնորդներից»:


Քի Վեսթն ու «ժառանգորդի» գործոնը


Բազմաթիվ փաստեր հաստատում են, որ Քի Վեսթում ծագած հույսերը «թաղել» էր Իլհամ Ալիեւը, որին ավագ Ալիեւը պատրաստում էր որպես իրավահաջորդ։

2003 թվականի հունվարին Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն ասել էր, որ Հեյդար Ալիեւի մերձավոր շրջապատը, այդ թվում՝ նրա որդի Իլհամը, պատճառ դարձան, որ հետագայում Ադրբեջանի առաջնորդը հրաժարվեց Քի Վեսթի պայմանավորվածություններից:

«Հեյդար Ալիեւն այդ ժամանակ արդեն որոշակի առողջական խնդիրներ ուներ եւ մտավախություն ուներ, որ չի հասցնի կյանքի կոչել ձեռքբերված պայմանավորվածությունները»,- նշել էր Վարդան Օսկանյանը:

 

 

Քերի Քավանոն 2011 թվականի ապրիլին Մեդիամաքսին տված հարցազրույցում ասել էր.

«Հիմնական պատնեշներից մեկն այն հանգամանքն էր, որ կողմերից ոչ մեկն անհրաժեշտ աշխատանք չկատարեց իր երկրի հասարակությանը լուրջ փոխզիջումների նախապատրաստելու համար: Փակ դռների հետեւում երկու առաջնորդները եկան այդ եզրակացությանը եւ պատրաստ էին դիմել քայլերի: Սակայն հրապարակայնորեն նրանք դա ցույց չէին տալիս` շարունակելով պնդել, որ իրենց բոլոր պահանջները պետք է կատարվեն: Ադրբեջանում դա կրկնակի դժվար էր, քանի որ Ալիեւը սահմանափակել էր ծանոթությունն առաջարկվող որոշմանը, եւ դրա մասին գիտեր մարդկանց շատ նեղ շրջանակ, որում ընդգրկված չէին նույնիսկ նրա հիմնական խորհրդատուներից շատերը: Դա պահանջում էր նույնիսկ ավելի մեծ քաղաքական խիզախություն գործողությունների եւ որոշում կայացնելու համար, ինչը կհանգեցներ հասարակական հզոր արձագանքի»:

Քի Վեսթի բանակցություններից 10 տարի անց Վարդան Օսկանյանը պատմել էր Մեդիամաքսին։

«Մեզ պարզ էր դարձել, որ Ալիեւը դժվար թե կարողանա իրականացնել պայմանավորվածությունները: Այնտեղից վերադառնալով` մենք հանգել էինք այդ եզրակացության: Այդ պատճառով, կարծում եմ, Ռոբերտ Քոչարյանը կարիք չզգաց փաստաթուղթը բացելու, քաղաքական ուժերի եւ ժողովրդի հետ աշխատելու: Առավել եւս, որ այդ փաստաթղթի բոլոր կետերի շուրջ վերջնական համաձայնություն չկար: Սեղանի վրա դրված էր ընդամենը առաջարկ, որը պարունակում էր նաեւ մեզ համար անընդունելի կետեր: Այդ երկու նկատառումներից ելնելով` մեզ համար անիմաստ էր սկսել աշխատանքը քաղաքական ուժերի հետ: Նախ՝ մենք վերջնական համաձայնության չէինք եկել, եւ երկրորդ՝ մենք զգացինք, որ Ալիեւը չի կարող համաձայնությունն իրականացնել»:

 

 

«Հետադարձ հայացք նետելով Քի Վեսթի վրա` կարող եմ ասել, որ այն որոշակի «շեղում» էր Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի նախորդ տրամաբանությունից: Շեղում էր այն իմաստով, որ փորձ էր արվում վերջնական լուծում տալ հարցին, ամեն ինչ եզրափակել միանգամից` հետագայի համար ոչինչ չթողնելով: Այդ փաստաթուղթն ամբողջական եւ վերջնական լուծում պետք է տար խնդրին: Կարծում եմ, որ այս տրամաբանությունը ծնվել էր Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի շփումներից: Ենթադրում եմ, որ նման տարբերակով խնդրին լուծում տալը կարող էր Հեյդար Ալիեւի գաղափարը լինել՝ հաշվի առնելով նրա տարիքը եւ իշխանությունը որդուն փոխանցելու ցանկությունը: Թերեւս Ադրբեջանի նախագահն ուզում էր որդու ուսերից հանել հետագա բեռը, ինչը բնական ցանկություն էր մի մարդու համար, ով իրեն համարում էր ոչ միայն իր որդու, այլեւ ամբողջ երկրի հայրը»,- ասում էր Օսկանյանը:

Արա Թադեւոսյան, Արամ Արարատյան

 

«Նորագույն պատմությունը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Նորագույն պատմությունը»-ը ներկայացնում է իրադարձություններ եւ դրվագներ, որոնք տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում 1991 թվականից հետո ընկած ժամանակաշրջանում: