«Ոսկե ծիրան»-ի ստեղծումն ու կայացումը



«Ոսկե ծիրան» կինոփառատոնը Հայաստանի նորագույն պատմության ամենակայացած եւ սիրված բրենդներից է: Անգամ եթե կինոյի հատուկ երկրպագու չեք, չեք կարող չնկատել, որ փառատոնի օրերին Երեւանը յուրահատուկ հմայք ու գրավչություն է ստանում:


Փառատոնը՝ հայ կինոն փրկելու միջոց


«Ոսկե ծիրանը» երեք հիմնադիր ունի՝ ռեժիսոր Հարություն Խաչատրյանը, կինոգետներ Սուսաննա Հարությունյանը եւ Միքայել Ստամբոլցյանը:

«1994-1995 թվականներին ավարտեցի «Վերջին կայարանը» ֆիլմը: Առաջարկում էին, որ դառնամ «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն, բայց ո՛չ փող կար, ո՛չ հնարավորություն կար, ո՛չ տեխնիկա կար: 10 տարի ֆիլմ չէի նկարում։

Միքայել Ստամբոլցյանի եւ Սուսաննա Հարությունյանի հետ շատ անհանգիստ էինք, թե ինչ է լինելու մեր կինոյի ապագան, ինչպես կարող ենք վերականգնել այն: Մեր զրույցները միշտ այն մասին էին, թե ինչպես անենք, որ Հայաստանում նորից կինոյով զբաղվեն։

 

 

Ի վերջո, եկանք այն մտքին, որ ամենաճիշտ ճանապարհը կինոփառատոն հիմնադրելն է: Փառատոնը կբերի լավագույն ֆիլմերը, մարդիկ կտեսնեն՝ ինչ է իսկական կինոն: Օտարներն էլ կծանոթանային հայկական կինոյին, կհրավիրեին, կցուցադրեին տարբեր տեղերում, ոգեւորություն կառաջանար»,- պատմում է Հարություն Խաչատրյանը:


Կառլովի Վարիի քեֆն ու «լկտի» հոլանդացին


2003 թվականին Խաչատրյանի «Վավերագրողը» ֆիլմը հրավիրել էին Կառլովի Վարիի փառատոնին։

«Սուսաննայի եւ Միքայելի հետ գնացինք, ֆիլմն էլ մրցանակ ստացավ։ Որոշեցինք այդ առիթով քեֆ անել։ Կոնյակ էինք տարել հետներս, ինչքան փող ունեինք, հավաքեցինք, սեղան գցեցինք։ Մի հետաքրքիր, բայց տարօրինակ մարդ կար, որն իրեն շատ լկտի էր պահում` հոլանդացի կինոլրագրող Պիտեր Վան Բուերենը։ Մի քանի բաժակ խմեց ու ասաց՝ ձեր Երեւանում փառատոնը ե՞րբ է, մենք էլ ենք ուզում մասնակցել։ Ասացինք՝ մեզ մոտ միջազգային փառատոն չկա։ Սկսեց մեզ ծաղրել. «Ի՞նչ երկիր եք, որ փառատոն էլ չունեք, ինչի՞ եք ֆիլմ նկարում, եթե փառատոն չունեք»։ Ես էլ բերանս բացեցի, հայհոյեցի նրան։ Հետո էլ խմած-խմած ասացի՝ հաջորդ տարվա ամռանը բոլորիդ հրավիրում եմ Երեւան՝ կինոփառատոնի։

 

 

Հետ եկանք ու մոռացանք այդ խոսակցության մասին։ Մեկ էլ դեկտեմբերին նամակ եկավ Պիտեր Վան Բուերենից։ Գրում էր՝ բոլորիս հրավիրել եք փառատոնի, բայց մինչեւ հիմա ո՛չ հրավերն եք ուղարկել, ոչ էլ ֆիլմերի ցանկ ենք ուզել, որ ընտրեք։ Հասկացանք, որ եթե չանենք, խայտառակ կլինենք»,- ծիծաղով հիշում է Հարություն Խաչատրյանը:


Առաջին «Ոսկե ծիրանը»


«2004 թվականի հունվարից սկսեցինք խելագարի պես դեսուդեն վազել, որ հուլիսին հասցնենք փառատոնն անել։ Մեզ շատ օգնեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը: Հետո դիմեցինք գործարար Խաչատուր Սուքիասյանին։ Ի դեպ, «ծիրան» անունը հենց ինքն առաջարկեց: Արտաշես Թումանյանը մեզ տարավ Գործարարների միություն, արդյունքում 13 թե 15 հազար դոլարի չափ գումար հավաքվեց, որն, իհարկե, շատ քիչ էր։ Հետո էլի անցանք նախարարություններով, տարբեր ծանոթ ու անծանոթ մարդկանցով կարողացանք 22 մարդու համար տոմսի գումար ճարել, ֆիլմերի ցուցադրման փող հավաքել, աֆիշներ պատրաստեցինք, «Մոսկվա» կինոթատրոնին խնդրեցինք, որ մեզ օգնի:

Պիտեր Վան Բուերենը դարձավ մեր փառատոնի կնքահայրերից մեկը՝ չնայած իր չար լեզվին, մեզ աննկարագրելի շատ օգնեց։ Չէր ներում ոչ մի սխալ: Փառատոնի մասին մեր առաջին թերթն իր օգնությամբ տպվեց, նա մեզ ծանոթացրեց թաիլանդական, կորեական կինոյի հետ։ Մեր մեծագույն բարեկամը դարձավ։ Ափսոս, վերջերս մահացավ»,- պատմում է ռեժիսորը:

 

 

2006 թվականից «Ոսկե ծիրան»-ի գլխավոր հովանավոր դարձավ «ՎիվաՍել»՝ ապագայում «ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային օպերատորը: «Ռալֆ Յիրիկյանը փառատոնը շատ սիրեց: Շատ շնորհակալ ենք իրեն՝ իր օգնության շնորհիվ բարձունքների հասանք»,- նշում է Հարություն Խաչատրյանը:


Իոսելիանին եւ Կիմ Կի-Դուկը


Հիմնադրվելուց մի քանի տարի անց «Ոսկե ծիրանն» արդեն ամուր կանգնած էր ոտքերի վրա եւ կարողանում էր Երեւան հրավիրել կինոյի աշխարհի ճանաչված մարդկանց: Մեծ էր փառատոնում իրենց ֆիլմերը ցուցադրել ցանկացողների ցանկը: Օրինակ՝ 2012-ին «Ոսկե ծիրան» 9-րդ կինոփառատոնը ստացել էր 1120 հայտ 70 երկրից:

2014 թվականին «Ոսկե ծիրանը» նվիրված էր Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին եւ ստացել էր արդեն 1500 հայտ 101 երկրից:

 

 

11-րդ փառատոնի ամենասպասված հյուրերից էր հանրահայտ կորեացի կինոռեժիսոր Կիմ Կի-Դուկը: 2014-ի անվանի հյուրերից էր նաեւ անվանի ռեժիսոր Օթար Իոսելիանին:

«Երկար տարիներ չէի եղել Երեւանում՝ գուցե մարդի՞կ են փոխվել: Այն ժամանակ լրիվ այլ էր, շատրվանների կողքը նստելու երեւանյան սովորություն կար: Հերթական անգամ նստած էի, կոնյակ էի խմում, կողքս էլ մարդիկ էին նստած, մոտեցան ինձ, հարցրին, ինչո՞ւ եմ մենակ խմում, ու առաջարկեցին միանալ իրենց: Այդպիսի վայր էր Երեւանը, քաղաքի տեսք ուներ, տներն էլ տների նման էին: Երեւանը շնչում էր»,- պատմել էր նա Մեդիամաքսին:


Մուտին եւ Կինսկին


2015-ի ամռանը Երեւանը ոգեւորված էր. «Ոսկե ծիրան»-ի հյուրերը հայտնի դերասանուհիներ Օռնելա Մուտին ու Նաստասյա Կինսկին էին:

 

 

«Գիտեմ, որ սա հատուկ տարի է Հայաստանի համար (Ցեղասպանության 100-րդ տարելից - խմբ.), հենց դրա համար էլ Երեւան գալու եւ «Ոսկե ծիրան» փառատոնին մասնակցելու առաջարկն ընդունեցի: Բացի այդ, ընկերուհուս՝ դիզայներ Ուլյանա Սերգեյենկոյի ամուսինն ազգությամբ հայ է, եւ նրանից շատ բան եմ իմացել Հայաստանի մասին ու հասցրել եմ շատ սիրել:

 

 

Սա իմ առաջին այցն է Հայաստան, շատերից եմ լսել, որ այն մոգական երկիր է, գեղեցիկ է ու հոգեւոր»,- ասել էր Մուտին:


13-րդը


2016թ. թվականի հուլիսի 10-17-ը կայացած եւ Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված «Ոսկե ծիրանը» թվով 13-րդն էր:

«Մտավախություն ունեինք 13 թվի հետ կապված, քանի որ շատերը սնահավատորեն են մոտենում դրան: Նույնիսկ մտածում էինք փառատոնն այս տարի 12,5 անվանել: Սակայն դիզայներ Գարիկ Մարտիրոսյանն առաջարկեց, որ 13 թիվը պարզապես չշեշտադրենք»,- ասում էր Սուսաննա Հարությունյանը:

 

 

2016-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում գտնվող «Աստղերի պուրակ»-ում տեղադրվեցին Էդմոնդ Քեոսայանի, Դմիտրի Կեսայանցի եւ Ալբերտ Յավուրյանի աստղերը, իսկ «Փարաջանովյան թալեռ» մրցանակին արժանացած փառատոնի հատուկ հյուրը դերասանուհի Ժաքլին Բիսեթն էր:


15-ամյակը


2018 թվականի հուլիսի 8-15-ը Երեւանում անցկացվեց հոբելյանական 15-րդ «Ոսկե ծիրանը», որն ուներ 15 խորագիր («15 արկածաշատ տարի», «Երազանքներով լի 15 տարի», «Հավասարության 15 տարի», «Համարձակության 15 տարի», «Հյութեղ ծիրանի 15 տարի» եւ այլն)։

 

 

Այդ տարվա փառատոնի ճանաչված հյուրերից էր ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին:

Իր հետահայաց ծրագրի բացմանն ու «Մա՛յր» ֆիլմի ցուցադրությանն ընդառաջ հանդիպել էր իր ֆիլմերի սիրահարների հետ:


Սերնդափոխություն


2019-ին փառատոնի համահիմնադիրներ Հարություն Խաչատրյանը, Սուսաննա Հարությունյանը եւ Միքայել Ստամբոլցյանը ներկայացրին «Ոսկե ծիրան»-ի նոր՝ երիտասարդ ղեկավարներին։

«Ոսկե ծիրան»-ի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրել էր Հասմիկ Հարությունյանը, գեղարվեստական ղեկավար էր դարձել Կարեն Ավետիսյանը։

 

 

««Ոսկե ծիրանը» մեր հարազատ զավակն է, մենք ենք նրան ծնել ու մեծացրել եւ չէինք վստահի ոչ մի կիսակասկածելի ու կիսավստահելի մարդու։ Փառատոները գնում են դեպի նոր ուղղություն, նոր մտածողություն եւ նոր հարաբերություններ, ֆիլմերի արտադրությունը՝ նույնպես։ Նոր սերնդի ներմուծումը փառատոն ճիշտ, առողջ եւ սթափ որոշում էր»,- բացատրում էր Հարություն Խաչատրյանը։

Լուսինե Ղարիբյան, Արա Թադեւոսյան

 

«Նորագույն պատմությունը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Նորագույն պատմությունը»-ը ներկայացնում է իրադարձություններ եւ դրվագներ, որոնք տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում 1991 թվականից հետո ընկած ժամանակաշրջանում: