Հայկական դրամի ծնունդը



1993 թվականի նոյեմբերի 22-ին՝ ժամը 00:00-ից սկսված, Հայաստանի Հանրապետության տարածքում դադարեցվեց ԽՍՀՄ պետբանկի եւ Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի 1991-1992 թթ. նմուշի 1000, 5000 եւ 10 000-ռուբլիանոց դրամանիշների շրջանառությունը, եւ ներդրվեց ազգային արժույթը`10, 25, 50, 100, 200, 500 դրամները:


Համաձայնագրերը մնում են թղթի վրա


1993 թվականի հուլիսի 26-ին Ռուսաստանի կենտրոնական բանկը Ռուսաստանի տարածքում շրջանառության մեջ էր դրել 1993թ. թողարկված նմուշի ռուբլին: Ինչպես նշվում է Հայաստանի ԿԲ կայքում, «փաստորեն, Ռուսաստանը դուրս եկավ խորհրդային ռուբլու գոտուց՝ մյուս հանրապետություններին թողնելով քայքայված ֆինանսական համակարգ»:

 

 

1993 թ. սեպտեմբերին նախկին Խորհրդային միության մի շարք հանրապետությունների եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ստորագրվում է համաձայնագիր միասնական ռուբլու գոտի ստեղծելու վերաբերյալ, իսկ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ստորագրվում է երկկողմանի համաձայնագիր. դրանք փաստացի մնում են թղթի վրա: 1993 թվականի հոկտեմբերին Թուրքմենստանը, իսկ նոյեմբերին Ուզբեկստանը եւ Ղազախստանը շրջանառության մեջ են դնում իրենց ազգային արժույթները:

Հայաստանը միակն էր, որ պահպանում էր խորհրդային ռուբլու շրջանառությունը, եւ երկիրը հայտնվում է ռուբլիների անկանխատեսելի ներհոսքի վտանգի առջեւ:


Ռուբլիները բերում էին արկղերով


ԿԲ դրամաշրջանառության վարչության նախկին աշխատակից Գեւորգ Թումանյանը պատմում է.

«ԽՍՀՄ այն նախկին հանրապետություններից, որտեղ կատարվել էր արժույթի փոփոխություն, չփոխանակված սովետական ռուբլիները հոսում էին դեպի Հայաստան: Օդանավակայանում հատուկ վերահսկողություն կար՝ մեծ քանակությամբ բերվող ռուբլիները թույլ չէին տալիս ներմուծել հանրապետություն: Մարդիկ ռուբլիները բերում էին արկղերով, հատկապես ծխախոտի մեծ արկղերն են տպավորվել հիշողությանս մեջ: Բնականաբար, նման «հոսքը» քայքայում էր Հայաստանի առանց այն էլ ծանր վիճակում գտնվող տնտեսությունը, գներն օր օրի աճում էին»:


«Իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից»


Դրամաշրջանառության կարգավորման համալիր միջոցառումներ մշակելու եւ իրականացնելու նպատակով ՀՀ Գերագույն խորհրդի որոշմամբ 1993 հոկտեմբերի 13-ին ստեղծվում է Հայաստանի Հանրապետության դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողով՝ ՀՀ Գերագույն խորհրդի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Իսահակ Իսահակյանի, ՀՀ ֆինանսների նախարար Լեւոն Բարխուդարյանի համանախագահությամբ, որի վրա է դրվում իրավիճակային որոշումներ ընդունելու պատասխանատվությունը: Հանձնաժողովի 1993 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 15 որոշմամբ՝ ՀՀ տարածքում շրջանառության մեջ է դրվում ազգային արժույթը` դրամը:

Նույն օրը հեռուստատեսային ելույթով հանդես է գալիս Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա, մասնավորապես, ասում է.

«Հայաստանը նախկին ԽՍՀՄ մի շարք հանրապետությունների եւ Ռուսաստանի հետ դեռեւս այս տարվա սեպտեմբերին համաձայնագիր ստորագրեց միասնական ռուբլու գոտի ստեղծելու վերաբերյալ, որի ուղղությամբ մեր դիրքորոշումը կապված էր ինչպես ընթացիկ խնդիրների լուծման, այնպես էլ երկարաժամկետ սոցիալական, տնտեսական, քաղաքական եւ աշխարհաքաղաքական նպատակներով:

 

 

Մենք արեցինք մեզնից կախված ամեն ինչ միասնական ռուբլու գոտու խնդիրը քաղաքակիրթ փոխհամաձայնությամբ իրականացնելու համար: Ռուսաստանի կոշտ դիրքորոշման շնորհիվ իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից: Արդյունքում Ռուսաստանն ինքը դուրս մնաց ռուբլու գոտուց, նրան հետեւեցին Ղազախստանն ու Ուզբեկստանը, եւ մենք նույնպես պետք է կատարենք մեր ընտրությունը: Ռուբլու գոտու ձեւավորման նման հեռանկարը որքան անցանկալի, այնքան էլ կանխատեսելի էր, որի համար մենք ձեռնարկել ենք անհրաժեշտ քայլեր, մասնավորապես` ամբողջությամբ տպագրվել եւ հանրապետություն է փոխադրվել ազգային դրամանիշը` դրամը»։

Նախագահը հայտնում է, որ ներքին շուկան արժութային հնարավոր ներխուժումից պաշտպանելու համար նախատեսվում է ՀՀ յուրաքանչյուր չափահաս քաղաքացու հնարավորություն տալ ուղղակիորեն փոխարինել 50 000 ռուբլի` ստանալով 250 դրամ: 50 000 ռուբլուց ավելի՝ 1991-1992թթ. հազար, հինգ հազար եւ տասը հազար դրամանիշով գումարները անհրաժեշտ էր մինչեւ նոյեմբերի 26-ը ներառյալ ձեւակերպել որպես ավանդ խնայբանկերի հատուկ հաշիվներում:


«Ուշացած որոշում»


1993  թվականի նոյեմբերի 24-ին «Ազգ» օրաթերթը հրապարակում է «Ինչ է լինելու «դրամի» հետ, խորհրդարանում եւս չգիտեն» հոդվածը, որտեղ ներկայացնում է ՀՀ Գերագույն խորհրդի երեք պատգամավորի խոսքը.

Ռուբեն Թորոսյան, Տնտեսական ինքնուրույունության եւ տնտեսության զարգացման հանձնաժողովի նախագահ

«Ինձ համար միանշանակ է, որ ազգային դրամի մտցնումը ուշացվեց։ Դեռեւս սեպտեմբեր ամսին վարչապետը հայտարարեց, որ այդ խնդրում տեխնիկական առումով ոչ մի բարդություն չկա։ Իսկ այժմ դա կատարվում է գերարժեզրկման պայմաններում, երբ լուրջ դժվարություններ կլինեն գների կրկին իջեցման հարցում։ Ինչ վերաբերում է խնդրի քաղաքական կողմին, ապա մենք՝ պատգամավորներս, լավ չենք պատկերացնում այն, քանզի տեղի ունեցող բանակցությունների մասին քիչ տեղեկություններ ենք ստացել։ Սակայն մամուլում հրապարակված լուրերից կարելի է եզրակացնել, որ ե´ւ քաղաքական, ե´ւ տնտեսական տեսանկյուններից այս քայլը շատ հանդիսավոր կերպով կարելի էր առնվազն մեկ ամիս առաջ կատարել»։

Մելս Սահակյան, Տնտեսական ինքնուրույունության եւ տնտեսության զարգացման հանձնաժողովի ենթահանձնաժողովի նախագահ

«Հավանաբար, ճիշտն այս ամենը դեռեւս օգոստոսի կեսերին սկսելն էր։ Թե ինչ հետեւանքներ կլինեն, նույնպես դժվարանում եմ պատասխանել։ Բայց չեմ կարող հավատալ, որ տասնապատիկ բարձրացած գները իրենց նախկին մակարդակի կիջնեն։ Չեմ կարծում, թե մթերքների մեծ ռեզերվներ ունենանք, բացի այդ ռուսական ռուբլով ու դոլարով «դրամի» հեղինակությունը պահպանելն էլ հեշտ խնդիր չէ։ Հետեւանքը գների նոր գերթռիչք է լինելու»։

Տիգրան Սարգսյան, Ֆինանսների եւ բյուջեի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

«Այն, ինչ իրականացվում է, պարզապես անհրաժեշտություն է եւ մեխանիզմների առումով էլ ամենից արդյունավետ տարբերակն է ընտրված։ Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա դա ավելի շատ քաղաքական ենթատեքստ ուներ. ազգային դրամի ավելի վաղ մտցնելու դեպքում Հայաստանը կմեղադրվեր ռուբլու նոր տիպի գոտու ստեղծման պայմանագրերի խախտման մեջ իր բոլոր բացասական հետեւանքներով հանդերձ։

 

 

Իսկ թե որքանով էր ճիշտ ընտրված պահը, դա արդեն իմ իրավասություններից դուրս գտնվող հարց է։ Թեեւ ես երբեք չեմ թաքցրել կարծիքս եւ գարնանից սկսած մամուլով մշտապես հայտարարել եմ ազգային դրամը որքան հնարավոր է շուտ շրջանառության մեջ մտցնելու մասին»։

1993 թվականի նոյեմբերի 25-ին «Նոյան Տապան» գործակալությունը հրապարակում է «Տիգրան Սարգսյան. Դրամը կկայունանա» նյութը, որում, մասնավորապես, ասվում էր.

«Տիգրան Սարգսյանը չբացառեց ապագայում նոր տիպի ռուբլու գոտու ստեղծումը` կարծիք հայտնելով, որ այն նման կլինի միասնական եվրոպական դրամական գոտուն։ Նրա կարծիքով՝ մոտակա շաբաթները հանրապետությունում դրամաշրջանառությունը կկարգավորվի, եւ դրամը կդառնա միակ վճարամիջոց։ Պարոն Սարգսյանը նշեց նաեւ, որ Հայաստանը դեռ չի կարողացել Արժույթի միջազգային հիմնադրամից վարկ ստանալ իր դրամի կայունացման համար։ Միեւնույն ժամանակ բացառված չէ Ռուսաստանից նմանօրինակ օգնության ստանալը»։


Աստղագուշակ Զարուհին


2008 թվականի նոյեմբերին, երբ նշվում էր դրամի ներմուծման 15-ամյակը, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը այսպիսի դրվագ պատմեց.

«1993 թ., երբ հեռուստատեսությամբ հանդես եկա եւ հայտարարեցի, որ շրջանառության մեջ ենք դնում ազգային դրամը, հաջորդ օրը ինձ զանգահարեց մի աղջիկ, ներկայացավ Զարուհի անունով, ասաց, որ աստղագուշակ է եւ խնդրում է, որ ես իրեն հստակ ասեմ օրը, ժամը եւ րոպեն, երբ մենք ազգային դրամը շրջանառության մեջ դնելու որոշում էինք կայացրել: Երբ հարցրի` դա ինչո՞ւ է իրեն անհրաժեշտ, աղջիկը պատասխանեց, որ կարող է աստղերի շնորհիվ գուշակել եւ ասել, թե ինչպիսին է լինելու հայկական դրամի ճակատագիրը:

 

 

Մի քանի օր անց նա ինձ զանգահարեց եւ ասաց, որ առաջին փուլում հայկական դրամին դժվար ճանապարհ է սպասվում. երկրում կնկատվի անվստահություն դրամի նկատմամբ, ժողովուրդն այն դժգոհությամբ կընդունի, սակայն հետագայում դրամը կկայունանա եւ կվայելի հայ ժողովրդի վստահությունը»:


«Դրամ» եւ «լումա» անունների ծնունդը


Հայաստանի կենտրոնական բանկի նախկին նախագահ (1994-1998թթ.) Բագրատ Ասատրյանը հիշում է, որ 1993 թվականին Գերագույն խորհրդում հատուկ քննարկում կազմակերպվեց` հասկանալու համար, թե որն է լինելու ազգային արժույթի անվանումը: Այստեղ «ծնվեցին» դրամ եւ լումա անունները:

 

 

«Լուման առաջարկեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, այն ավետարանական ծագում ուներ: Որքան հիշում եմ, դրամ անվանումը եւս նախագահը առաջակեց: Հետո հայտարարվեց դիզայնի մրցույթ, որին հաջորդեցին հետագա գործընթացները»,- հիշում է Բագրատ Ասատրյանը:

Հայկական դրամի առաջին խմբաքանակի տպագրությունն իրականացվել էր Գերմանիայում: Դրամը Հայաստան էր տեղափոխվել ռազմական օդանավերով: Բագրատ Ասատրյանն ասում է, որ տպաքանակն այնքան մեծ չէր, որ անհանգստություն լիներ դրա պահեստավորման հետ կապված: Ավելի մեծ խնդիր էր խորհրդային ռուբլին, որը զբաղեցրել էր հանրապետության գրեթե բոլոր բանկային պահուստները:


Տեր Հուսիկ Լազարյանի «Նիվա»-ով՝ Ղարաբաղ


Հայաստանի տարածքում, ընդհանուր առմամբ, փոխանակվեց մոտ 117 միլիարդ դրամի նախկին սովետական ռուբլի:

«Երբ մեկնարկեց դրամափոխանակման գործընթացը, փոխարկման պատասխանատու էի Ղարաբաղում: ԿԲ-ն տրանսպորտ չուներ, որ մեկնեինք այնտեղ: ՀՀՇ վարչության նախագահ Տեր Հուսիկ Լազարյանի «Նիվա» մակնիշի ավտոմեքենան ինձ տրամադրվեց, ես նստեցի ղեկին, ԿԲ նախագահի տեղակալի եւ այլ պատասխանատուների հետ մեկնեցինք Ղարաբաղ: Նախքան մեր մեկնումը Ղարաբաղում բավական աշխատանք արդեն տարվել էր, ինչի շնորհիվ փոխանակման գործընթացը լիարժեք կատարվեց, եւ արդեն երրորդ օրը ԼՂՀ ողջ տարածքում դրամը շրջանառության մեջ էր»,- պատմում է Բագրատ Ասատրյանը:

 

 

«Աշխատանքները կազմակերպչական իմաստով լավ կատարվեցին, իսկ արդյունքների իմաստով խնդիրներ ունեցանք: Խորհրդային միության բոլոր տարիների ընթացքում ՀՀ-ում շրջանառության մեջ էր դրվել շուրջ 95 մլրդ ռուբլի, բայց փոխանակման ներկայացվեց շուրջ 120 մլրդ ռուբլի: Պատճառը ԽՍՀՄ այլ հանրապետություններից Հայաստան եկած ռուբլու մեծ հոսքն էր: Փաստորեն, 20 տոկոսից էլ ավել գումար մեր տնտեսությունն այդ ծանր ժամանակահատվածում իր վրա վերցրեց: Սա լուրջ խնդիր էր երկրի համար»,- խոստովանում է Կենտրոնական բանկի նախկին ղեկավարը:


Առաջին նմուշները


Բագրատ Ասատրյանը հիշում է, որ երբեմն խնդիրներ էին առաջանում այն գործիչների ժառանգների հետ, որոնց նկարները պատկերված էին թղթադրամի վրա:

«Օրինակ՝ խնդիրներ ունեցանք Վիկտոր Համբարձումյանի ընտանիքի հետ, ով պատկերված էր 100-դրամանոց թղթադրամի վրա: Զրուցեցի Վիկտոր Համբարձումյանի որդու հետ: Նա ասում էր, թե ինչո՞ւ պետք է այդպիսի մեծ վաստակ ունեցող մարդու նկարը նման ցածր նոմինալով դրամի վրա լինի: Ես էլ բացատրեցի, որ այն ավելի մեծ մասսայականություն է վայելելու:

 

 

ԿԲ դրամաշրջանառության վարչության նախկին աշխատակից Գեւորգ Թումանյանը պատմում է, որ դրամի առաջին նմուշի համար համատեղ աշխատանք էին կատարել դիզայներներ Աշոտ Մանուկյանն ու Հրաչյա Ասլանյանը: Տարիներ անց, երբ որոշվեց նոր նմուշի թղթադրամներ թողարկել, մրցույթ հայտարարվեց, եւ հաղթող ճանաչվեց Աշոտ Մանուկյանը:

 

 

Գեւորգ Թումանյանը պատմում է, որ դրամի ներմուծումից հետո Մոսկվայից մի քանի անգամ հանձնաժողով եկավ, որի ներկայությամբ ռուբլիները ոչնչացվեցին այրման ճանապարհով:

«Երկար ժամանակ այրման համար տարածք էինք փնտրում: Երեւանում մեծ վառարաններ ունեցող տարբեր գործարաններ փորձեցինք, բայց ծավալն այնքան մեծ էր, որ որոշվեց այրումը կատարել Հրազդանի ցեմենտի գործարանում»,- հիշում է նա:


Գործարարների արձագանքը


Ինչպիսի՞ն էր գործարարների արձագանքը դրամի ներմուծմանը: 1993 թվականի նոյեմբերի 25-ին «Ազգ»-ում հրապարակվում է «Վաճառականների միությունը պաշտպանում է դրամը» հոդվածը, որն այսպես էր սկսվում.

 

 

«Հայաստանի վաճառականների միության (ՀՎՄ) նախագահությունը, քննարկելով դրամաշրջանառության հետ կապված խնդիրները, որոշել է հանրապետության համար վճռորոշ այս օրերին բացել խանութները եւ «դրամը» ամրապնդել ապրանքների լայն տեսականու վաճառքով։

Ինչպես նշեց ՀՎՄ-ի նախագահ Մակիչ Դեմիրյանը, ազգային դրամի ճակատագրի անորոշության պայմաններում սեփականատերերի կողմից նման քայլի դիմելը պետք է պարզապես խիզախություն համարել, քանզի ողջ ունեցվածքը կորցնելու վտանգը ավելի քան իրական է: Բայց հասկանալով, որ խաղաքարտի վրա է դրված հայոց պետականության կայացումը եւ ներկա պահին միայն սեփական կաշին փրկելու մասին մտածելը, որքան էլ որ դա ֆինանսական առումով արդարացված լինի, դավաճանություն է ազգային իդեալներին, միության նախագահությունը միաձայն խանութները բացելու առաջարկությանը կողմ քվեարկեց։ Ավելին՝ մենք պատրաստ ենք այս կամ այն չափով սանձահարելու միջոցների դիմել եւ այդ մասին հայտնել ենք դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովին»,- ասվում էր հոդվածում:


Արա Թադեւոսյան, Սիրանուշ Եղիազարյան

 

«Նորագույն պատմությունը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Նորագույն պատմությունը»-ը ներկայացնում է իրադարձություններ եւ դրվագներ, որոնք տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում 1991 թվականից հետո ընկած ժամանակաշրջանում: