«Զերկալո» թերթի պատմությունը



Դպրոցի առաջին դասարաններից սիրեցի թերթեր կարդալը: Սկզբում իմ սիրելի թերթը «Սովետական սպորտն» էր, «պերեստրոյկա»-ի մեկնարկից հետո՝ «Կոմսոմոլսկայա պրավդան»։ Իսկ 1990 թվականի աշնանը հանկարծ հայտնաբերեցի, որ Հայաստանում հայտնվել է ռուսալեզու «Զերկալո» շաբաթաթերթը, որը տարբերվում է տեղական մյուս թերթերից։

«Զերկալո»-ի գլխավոր խմբագիրը Բորիս Նավասարդյանն էր, ում շատերը ճանաչում էին որպես Երեւանի մամուլի ակումբի նախագահ։ «Նորագույն պատմություն» նախագծի համար Բորիսին խնդրեցի որոշ դրվագներ հիշել «Զերկալո»-ի կյանքից:


Սկիզբը


1989 թվականի ամռանը Բորիսն իր գործընկերների՝ Ավետ Դեմուրյանի, Ռուբեն Մանգասարյանի, Էլինա Պողոսբեկյանի եւ Ջուլիետա Ամիրխանյանի հետ որոշեցին անկախ թերթ հրատարակել։

 

 

Խնդիրն այն էր, որ Հայաստանում դեռ խորհրդային իշխանություն էր, եւ նոր թերթ հիմնելը հնարավոր էր բացառապես Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի բյուրոյի որոշման հիման վրա։ Բորիս Նավասարդյանը հիշում է, որ իրենք համապատասխան դիմում ներկայացրին, որը «դարակում» մնաց մինչեւ 1990 թվականի ամառը, երբ Հայաստանում Գերագույն խորհրդի ընտրությունների արդյունքներով ստեղծվեց առաջին փաստացի ոչ կոմունիստական խորհրդարանը։ 1990 թվականի օգոստոսին խմբագրությունը սկսեց աշխատել, իսկ սեպտեմբերին լույս տեսավ «Զերկալո»-ի առաջին համարը։

 

 

Սկզբում «Զերկալոն» դասական դայջեստ էր եւ հայ ընթերցողին պատմում էր արտասահմանում կատարվողի մասին։ Սակայն շուտով հայեցակարգը փոխվեց, եւ թերթում սկսեցին ավելի շատ հեղինակային նյութեր տպագրվել:

Բորիսի խոսքով՝ իրենց հիմնական մրցակիցները հայալեզու «Անդրադարձն» ու «Մունետիկն» էին եւ ռուսալեզու «Բրավոն»։


«Ոսկե ժամանակը»


Առաջին համարը հրատարակելու նպատակով Բորիս Նավասարդյանը իր խնայողություններից հատկացրել էր 500 ռուբլի, ինչը բավարար էր էջադրման եւ տպագրության ծախսերը հոգալու համար։ Սակայն առաջին իսկ համարի իրագործումից հետո գործերը շատ լավ գնացին. «Զերկալո»-ի նախկին գլխավորի բնորոշմամբ՝ «ունեւոր դարձանք»։

 

 

Թերթերի մեծ մասը վաճառվում էր 3 կոպեկով, իսկ «Զերկալոն» տասն անգամ ավելի թանկ արժեր՝ 30 կոպեկ, բայց դա ընթերցողներին հետ չէր պահում։ Բորիսը հիշում է, որ մի քանի շաբաթվա ընթացքում տպաքանակը հասավ 36 000 օրինակի եւ զիջում էր միայն «Ազգ», «Երկիր» եւ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերին։ Ընդ որում՝ 30 000-ը վաճառվում էր Հայաստանում, իսկ մնացած 6 000-ը ինքնաթիռներով «արտահանվում էր» Վրաստան եւ Ռուսաստան։

 

 

«Առաջին ամիսներին շահույթը ֆանտաստիկ էր: Համակարգիչներ գնեցինք, բարձր հոնորարներ էինք վճարում։ Մեր որոշ գործընկերներ մինչեւ հիմա հիշում են, որ «Զերկալոն» միակ թերթն էր, որը հոնորար էր վճարում ոչ միայն հեղինակին, այլեւ հարցազրույց տվողին»,- պատմում է Բորիս Նավասարդյանը։


Լիմոնադի, հատակի սալիկի եւ «Զերկալո»-ի «կոնգլոմերատը»


Թեեւ թերթը ոչ միայն ծածկում էր ծախսերը, այլեւ շահութաբեր էր, «Զերկալոն»
դարձավ մի «կոնգլոմերատի» կամ «կոնսորցիումի» մաս, որին անդամակցում էին նաեւ լիմոնադի եւ հատակի սալիկների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունները։

 

 

«Կոնսորցիումը» որոշակի ֆինանսական «բարձիկ» էր ապահովում, երբ, օրինակ, «Հայմամուլը» ուշացնում էր վճարումները իրացված թերթերի դիմաց։

 

 

«Զերկալոն» հիմնել էր «Արմենֆաքս» լրատվական գործակալություն, որը նույնպես այս «կոնսորցիումի» մաս էր կազմել։

 

 

Թերթի գործընկերները նրան տրամադրել էին Լազերային տեխնոլոգիաների ինստիտուտի բազայի վրա արտադրված արբանյակային ալեհավաքներ, որոնց շնորհիվ գործակալության թարգմանիչները դիտում էին արտասահմանյան լրատվական ալիքներ եւ լրահոս պատրաստում, որն օգտագործում էին ոչ միայն «Զերկալո»-ում, այլեւ վաճառում էին բաժանորդներին։


Մոնթեի հետ «անանուն» հարցազրույցը


Բորիս Նավասարդյանը հիշում է Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Հայաստանում ապաստանած Վրաստանի առաջնորդ Զվիադ Գամսախուրդիայի հետ հարցազրույցները։

 

 

Առանձին պատմություն է Մոնթե Մելքոնյանի հետ հարցազրույցը։ Քանի որ Մոնթեն այն ժամանակ Հայաստանում գաղտնի էր գտնվում, հարցազրույցը հրապարակվել էր առանց նրա անունը նշելու։

Նախկին գլխավոր խմբագիրը շեշտում է, որ «Զերկալո»-ի վերլուծական նյութերը տարբերվում էին այն ժամանակ շատ տարածված մոտեցումից, երբ մեկնաբանությունը կարող էր կամ իշխանամետ, կամ ընդդիմադիր լինել։ «Մենք
միշտ ներկայացրել ենք հենց մեր տեսակետը՝ անկախ քաղաքական կոնյունկտուրայից»,- ասում է Բորիս Նավասարդյանը։


Ճգնաժամը


Չնայած այն ժամանակների համար չտեսնված եկամուտների դիվերսիֆիկացմանը եւ անդամակցությանը «կոնսորցիումին», «Զերկալո»-ի բարեկեցությունը երկար չտեւեց։

 

 

Թերթի հրապարակման պարբերականությունը խաթարվեց 1993 թվականին էներգետիկ ճգնաժամի եւ բազմաթիվ տեխնիկական եւ տնտեսական խնդիրների պատճառով։ Սակայն հիմնական խնդիրը կապված էր ֆինանսների հետ։ «Փողը արագ արժեզրկվում էր, եւ երբ «Հայմամուլը» 6 ամիս ուշ հատկացրեց մեզ հասանելիք վճարումները, մենք փաստացի սպասվածից 10 անգամ քիչ ստացանք»,- պատմում է Բորիս Նավասարդյանը։

«Զերկալո»-ի վերջին համարը լույս տեսավ 1994 թվականին։


Արա Թադեւոսյան

 

«Նորագույն պատմությունը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Նորագույն պատմությունը»-ը ներկայացնում է իրադարձություններ եւ դրվագներ, որոնք տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում 1991 թվականից հետո ընկած ժամանակաշրջանում: