Իրան-Հայաստան գազամուղի պատմությունը



2007 թվականի մարտի 19-ին Հայաստանի հարավում սարսափելի եղանակ էր՝ ուժեղ քամի եւ բուք։ Տիպիկ «գիժ մարտ»։ Եղանակը սպառնում էր տապալել նախագծի հանդիսավոր բացումը, որի մասին առաջին քննարկումները սկսվել էին 1993 թվականին, երբ դեռ շարունակվում էր Արցախյան առաջին պատերազմը։

Իրան-Հայաստան գազամուղի շահագործման հանձնման արարողությունը, որը նախատեսված էր մարտի 19-ի առավոտյան՝ երկու երկրի նախագահների մասնակցությամբ, հետաձգվել էր։ Եղանակային պայմանների պատճառով ուղղաթիռը չէր կարողացել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին հասցնել Մեղրի եւ վայրէջք էր կատարել Իրանի Ջուլֆա քաղաքում։ Այնտեղից Իրանի նախագահը մեքենայով ուղեւորվեց Մեղրի։

Ի վերջո, ժամը 14:05-ին Հայաստանի եւ Իրանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Մահմուդ Ահմադինեժադը բացեցին Իրան-Հայաստան գազամուղը։ Եղանակի պատճառով պաշտոնական ելույթներ չեղան։

 

 

Այսօր կպատմենք այն մասին, թե ինչպես կյանքի կոչվեց գազամուղի նախագիծը, ինչ վերափոխումներ ունեցավ, ինչպես նաեւ կներկայացնենք ավելի լայն աշխարհաքաղաքական համատեքստը։ Վերջինս հատկապես հետաքրքիր է դիտարկել այն իրավիճակի լույսի ներքո, որում Հայաստանը հայտնվել է 2020 թվականի պատերազմում կրած պարտությունից հետո։


Պոտենցիալ տարանցում Ուկրաինա եւ Վրաստան


2000-ականների սկզբին Երեւանը գազամուղի նախագիծը դիտարկում էր որպես տարանցիկ դառնալու հեռանկար ունեցող:

Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Արա Պապյանը 2000 թվականին «Իրավունք» թերթին տված հարցազրույցում ասում էր, որ նախագծի իրականացման մեկնարկին խոչընդոտող երեք հիմնական խնդիր կա.

- շինարարություն սկսելու համար միջոցների բացակայությունը,
- իրանական գազի գինը,
- իրանական կողմը չի ցանկանում գազը Հայաստան մատակարարել ամբողջ տարվա ընթացքում։

Իրանական գազը ռուսականից թանկ է, ինչը կարող է իրացման հետ կապված խնդիրներ առաջացնել, ասում էր Պապյանը։ Նա նշում էր, որ Ուկրաինան բազմիցս արտահայտել էր իր հետաքրքրությունը Իրան-Հայաստան գազամուղի նախագծի նկատմամբ։ «Սակայն եթե իրանական գազի գինը ռուսականից երկու անգամ բարձր լինի, բնականաբար Ուկրաինան կհրաժարվի գնել այն»,- նշել էր Պապյանը։

Ուկրաինան առաջին անգամ հետաքրքրություն հայտնեց գազամուղի նախագծի վերաբերյալ 1999 թվականին՝ Հայաստանի ԱԳՆ ղեկավարի Կիեւ կատարած այցի ժամանակ։ 2000թ. հունիսին Ուկրաինայի  վարչապետ Վիկտոր Յուշչենկոյի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը պաշտոնապես բարձրաձայնեց Երեւանի ցանկությունը՝ Ուկրաինան տեսնել գազամուղի կառուցման հարցում Հայաստանի գործընկերների թվում:

 

 

Սակայն գնի հարցը մնում էր առանցքային։ «Եթե գինը մեզ համար ընդունելի լինի, մենք ակտիվորեն կմասնակցենք այս նախագծի իրականացմանը»,- ասել էր Ուկրաինայի փոխարտգործնախարար Դմիտրի Տկաչը Մեդիամաքսին տված հարցազրույցում:

Հայ դիվանագետներն ասում էին, որ պակաս կարեւոր չէ նաեւ Վրաստանի համաձայնությունը գազամուղի՝ իր տարածքով դեպի Եվրոպա անցման վերաբերյալ։ Թբիլիսին խանդավառ չէր, ինչը գրեթե զրոյացնում էր Եվրամիության եւ միջազգային ֆինանսական կառույցների նախագծին մասնակցելու հնարավորությունները։


«Չշփոթել Կովկասը Կարիբյան ավազանի հետ»


Երեւանն ու Թեհրանը ստիպված էին հակադարձել ԱՄՆ-ին, որը չէր թաքցնում իր բացասական վերաբերմունքը գազատարի կառուցման ծրագրերի նկատմամբ։

«Իրան-Հայաստան գազամուղի կառուցումը մենք համարում ենք էներգիայի այլընտրանքային աղբյուրներ փնտրելու ուղիներից մեկը, եւ ես բացասաբար եմ վերաբերվում այդ գործընթացին միջամտելու ցանկացած փորձի»,- 2000 թվականի գարնանն ասում էր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը։


Թեհրանի արձագանքը կանխատեսելիորեն ավելի կոշտ էր:


«ԱՄՆ պաշտոնյաների հայտարարություններն արվում են առանց տարածաշրջանի երկրների քաղաքական եւ տնտեսական անկախությունը հաշվի առնելու եւ հակադրվում են տնտեսական համագործակցության ու ազատ շուկայական հարաբերությունների զարգացմանը։ Որոշ հեռավոր երկրներում գտնվող ուժերը շփոթում են Կովկասը Կարիբյան ավազանի հետ»,- ասված էր Հայաստանում Իրանի դեսպանության հաղորդագրության մեջ։

Չնայած նախագծի նկատմամբ բացասական վերաբերմունքին, հետագա տարիներին Միացյալ Նահանգները զերծ էր մնում կտրուկ քննադատական հայտարարություններից։ Ամենայն հավանականությամբ Վաշինգտոնը հասկացավ, որ իրանական գազը Հայաստանի համար ռուսական «կապույտ վառելիքի» միակ այլընտրանքն է։


Թուրքմենական գազի գործոնը


2000 թվականի նոյեմբերի 29-ին կայացել էր Հայաստանի նախագահի մեկօրյա այցը Թուրքմենստան։ Պաշտոնական աղբյուրները լրատվամիջոցներից ամեն կերպ թաքցնում էին այն փաստը, որ Իրանի տարածքով Հայաստան թուրքմենական գազի հնարավոր մատակարարումների թեման նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սափարմուրադ Նիյազովի հանդիպման թեմաներից էր։

 

 

Այն ժամանակ կարծիքներ էին հնչում, որ Իրանի տարածքով թուրքմենական գազի մատակարարումը Հայաստան կարող է Իրան-Հայաստան գազամուղի նախագիծը սառեցումից փրկելու միակ միջոցը լինել։

Թուրքմենստանից Իրանի տարածքով Հայաստան ավելի էժան գազ արտահանելու հնարավորությունը դիտարկվում էր դեռեւս 90-ականների սկզբին։ Համարվում էր, որ Թուրքմենստանը կարող է վառելիք մատակարարել Իրան գործող Կորպեջե-Կուրտ-Կուի գազամուղով, որից էլ գազը կուղղեր Հայաստան Իրան-Հայաստան գազամուղով:


Մեկ «ուզում ենք», մեկ «չենք ուզում»


2000 թվականի մայիսին Հայաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ «Գազպրոմ»-ի վարչության փոխնախագահ Ալեքսանդր Պուշկինը եւ «Իտերա» միջազգային կորպորացիայի նախագահ Իգոր Մակարովը խոսել էին Իրան-Հայաստան գազամուղի կառուցման «առաջնային կարեւորության» մասին։

Հունիսին տեղեկություն հայտնվեց «Գազպրոմ»-ի եւ «Իտերա»-ի՝ նախագծի իրականացմանը մասնակցելու պատրաստակամության մասին, սակայն մի քանի օր անց «Գազպրոմ»-ի խորհրդի նախագահ Ռեմ Վյախիրեւն ասաց, որ ընկերությունը մտադիր չէ մասնակցել գազամուղի շինարարությանը։

 

 

Այնուհետեւ Երեւան ժամանեց Ռուսաստանի փոխվարչապետ Իլյա Կլեբանովը եւ հայտարարեց, որ «Գազպրոմը» կմասնակցի Իրան-Հայաստան գազամուղի շինարարությանը։ «Կարծում ենք, որ դա շատ կարեւոր նախագիծ է ձեր երկրի տնտեսության համար»,- ասել էր նա։ 2000 թվականի օգոստոսին Ռուսաստանի փոխվարչապետ Վիկտոր Խրիստենկոն հաստատել էր, որ Ռուսաստանը «պատրաստ է քննարկել իր մասնակցության հարցը»:

Մեկ ամիս անց՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Երեւան կատարած սեպտեմբերյան այցի ժամանակ, «Գազպրոմ»-ի եւ «Իտերա»-ի ղեկավարներն ասացին, որ նախագծին մասնակցելու իրենց պատրաստակամության մասին հայտարարությունները «վաղաժամ» են։


Ի՞նչ էր ստորագրվել Թեհրանում


2001 թվականի նոյեմբերի 15-ին Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել «Իրանի տարածքով Հայաստան թուրքմենական գազի տարանցման մասին» հայ-իրանական համաձայնագրի նախագծին, որի ստորագրումը նախատեսվում էր դեկտեմբերին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Թեհրան կատարելիք պաշտոնական այցի ժամանակ։

Այցի ավարտին հայտարարվեց, որ կողմերը ստորագրել են Իրան-Հայաստան գազամուղի կառուցման վերաբերյալ համաձայնագիրը։ Սակայն համաձայնագրի բովանդակությունը հանրությանը չներկայացվեց։ Ռոբերտ Քոչարյանն ասել էր միայն, որ «գազատարը կառուցվելու է Հայաստանի կարիքները բավարարելու համար»։ Դա փաստացի նշանակում էր, որ Երեւանը հրաժարվել էր Իրան-Հայաստան գազամուղը տարանցիկ դարձնելու հեռանկարից։

Դրանից մեկ տարի առաջ Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համաձայնագիր էին ստորագրել «Շահ Դենիզ» հանքավայրից Թուրքիա ադրբեջանական գազի տարանցման մասին, եւ Թբիլիսիի համար տարօրինակ կլիներ մասնակցել մրցակից նախագծին։

Առանցքայինը, սակայն, Ռուսաստանի դիրքորոշումն էր, որը ձգտում էր կանխել մրցակցող գազի տարանցման նախագծերի առաջացումը եւ չէր ցանկանում կորցնել «գազային վերահսկողությունը» նախկին խորհրդային հանրապետությունների հանդեպ։


«Գազպրոմ» եւ «Իտերա»


Հայաստան գազամատակարարման եւ Իրանից գազամուղի նախագծի իրագործման վրա ուղղակի կերպով սկսեց անդրադառնալ Ռուսաստանում սեփականության եւ ազդեցության ոլորտների վերաբաշխումը, որը սկսվեց Վլադիմիր Պուտինի իշխանության գալուց հետո։

2002 թվականի հունվարի 29-ին «Իտերա» ընկերությունը հայտարարեց, որ փետրվարի 1-ից մտադիր է գրեթե երեք անգամ կրճատել Հայաստան մատակարարվող բնական գազի ծավալը։ «Իտերա»-ի հայտարարության մեջ ասվում էր, որ խախտելով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ Հայաստանը չի մարել պարտքը եւ չի վճարել ընթացիկ գազի մատակարարումների համար։

«Իտերա»-ի գործողություններին ուղեկցող ագրեսիվ PR-ը շատերը համարում էին Ռուսաստանի ղեկավարության առջեւ «կարեւորվելու» փորձ։ Այս վարկածի օգտին խոսում էր այն, որ «Իտերա»-ի հայտարարությունն արվել էր հենց այն ժամանակ, երբ «ՀայՌուսգազարդի» ղեկավար Կարեն Կարապետյանը գտնվում էր Մոսկվայում առկա խնդիրները լուծելու նպատակով։

 

 

Դեռ Պուտինի իշխանության գալուց առաջ ռուս քաղաքական գործիչներն ու լրատվամիջոցները զարմանում էին, թե ինչու «Իտերան», որն իրականում միայն գազամատակարարող օպերատոր է, հանդես է գալիս որպես ինքնուրույն քաղաքական խաղացող: «Գազպրոմ»-ի թեմայով խորհրդակցություններից մեկի ժամանակ Պուտինի «Որտե՞ղ են փողերը» խոսքերից հետո ակնհայտ դարձավ, որ «Իտերա»-ի «ոսկե դարը» մոտենում է ավարտին։

2002 թվականի հունվարի 31-ին «Վեդոմոստի» թերթը, վկայակոչելով Ռուսաստանի կառավարության իր աղբյուրները, գրում էր, որ ՌԴ Նախարարների կաբինետը հանձնարարել է «Գազպրոմ»-ին վերադարձնել «Իտերա»-ին այն $126 միլիոնը, որը վերջինս «Գազպրոմ»-ի փոխարեն վճարել էր «ՀայՌուսգազարդ» հայ-ռուսական ձեռնարկությունը ստեղծելիս:

«ՀայՌուսգազարդ»-ի 45% բաժնետոմսերի դիմաց վճարելով $126 միլիոն՝ «Իտերան» համարվում էր բաժնետոմսերի 55 %-ի սեփականատեր, իսկ «Գազպրոմը» գազի տեղափոխումից եւ վաճառքից ո՛չ եկամուտ էր ստանում, ոչ էլ շահաբաժիններ:

«Վեդոմոստին» գրել էր, որ 2001 թվականի դեկտեմբերի 18-ին կարճատեւ աշխատանքային այցով Մոսկվա այցելած Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ի թիվս այլոց, քննարկել էր վերոնշյալ հարցը «Գազպրոմ»-ի խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերի հետ։ Ռուսական թերթի տեղեկություններով՝ հենց այդ հանդիպման ժամանակ «Գազպրոմ»-ի ակտիվը վերադարձնելու վերաբերյալ որոշում էր կայացվել։

 

 

Հասկանալի է, որ Հայաստանի իշխանությունների համար նախընտրելի էր դարձել գործ ունենալ «Գազպրոմ»-ի հետ, որի ղեկավար Միլլերը համարվում էր «Պուտինի մարդը», եւ ոչ թե «Իտերա»-ի, որի հովանավորների թվում էր «Գազպրոմ»-ի նախկին ղեկավար Ռեմ Վյախիրեւը։


Ուշացած առաջարկները


2005 թվականի մարտի 11-12-ը չնախատեսված այցով Հայաստան էր այցելել Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին։ Այցին ինտրիգ էր հաղորդել Նողաիդելիի հայտարարությունն այն մասին, որ Իրան-Հայաստան գազամուղը Երեւանում իր բանակցությունների հիմնական թեմաներից մեկն էր։

«Իհարկե, մենք շահագրգռված ենք, որ Իրանից Հայաստան կառուցվող գազատարը ծառայի Վրաստան գազի ներկրման համար,- ասել էր Նողաիդելին։- Դա շահավետ նախագիծ կլինի Հայաստանի համար, եւ եթե այսօր Վրաստանը տարանցիկ երկիր է Հայաստանի համար, ապա Հայաստանը Վրաստանի համար կդառնա տարանցիկ երկիր»։

 

 

Նրա հայ պաշտոնակից Անդրանիկ Մարգարյանն ավելի զուսպ էր. «Վրացական կողմն առաջարկել է, որ Հայաստանը տարանցիկ ուղի դառնա Վրաստանի տարածքով Ուկրաինա գազի փոխադրման համար։ Մենք լսեցինք այս ցանկությունը եւ կքննարկենք այն ապագայում»,- նշել էր Հայաստանի վարչապետը։

Թվում էր, թե Իրան-Հայաստան գազատարի նկատմամբ Ուկրաինայի եւ Վրաստանի հետաքրքրության արթնանալը նախեւառաջ քաղաքական բնույթ ունի։ Միխայիլ Սաակաշվիլին եւ Վիկտոր Յուշչենկոն փորձում էին ստանձնել հետխորհրդային տարածքում ժողովրդավարական բարեփոխումների առաջնորդների դերը։ Փորձելով վերջ դնել Ռուսաստանից կախվածությանը՝ նրանք դիտարկում էին իրենց էներգետիկ անվտանգության ապահովման բոլոր հնարավոր տարբերակները։ Իրան-Հայաստան գազամուղի՝ հայկական հատվածի շինարարությունը պետք է սկսվեր առաջիկա շաբաթներին, եւ բացառված չէ, որ Վրաստանի վարչապետը փորձել էր համոզել Հայաստանի իշխանություններին ավելացնել խողովակի տրամագիծը՝ հետագա տարանցման ակնկալիքով։

Մարտին Երեւան այցելած «Գազպրոմ»-ի վարչության փոխնախագահ Ալեքսանդր Ռյազանովը բնականաբար դեմ էր արտահայտվել իրանական գազի Ուկրաինա տարանցման հեռանկարներին։ Նա նշել էր, որ մամուլում քննարկված մի քանի միլիարդ դոլար արժողությամբ երկու երթուղիներն էլ՝ Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան-Ուկրաինա եւ Իրան-Հայաստան-Վրաստան-Սեւ ծով-Ուկրաինա, տնտեսապես արդարացված չեն։


«Դառնալ նոր հայեցակարգի մաս»


2006 թվականի ապրիլին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ «Հայաստանը մտադիր է դառնալ էներգետիկ անվտանգության նոր եվրաատլանտյան հայեցակարգի մաս, որի վրա ակտիվորեն աշխատում են ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն»:

Նա նշել էր, որ այս հայեցակարգի վրա աշխատանքի ընթացքում «խոսքը նոր ատոմակայանների, Տրանսկասպյան գազամուղի կառուցման մասին է, եւ այս բոլոր քննարկումները հետաքրքրում են Հայաստանին»։

Ավելի ուշ Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ «Հայաստանն իր առջեւ խնդիր է դրել միանալ Տրանսկասպյան գազամուղին եւ արդեն սկսել է լուրջ բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ»։ «Եթե այս նախագիծը կյանքի կոչվի, Հայաստանը կունենա գազի մատակարարման երեք աղբյուր՝ ռուսական, իրանական եւ միջինասիական»,- նշել էր Օսկանյանը։

 

 

2007 թվականի սկզբին ՀՀ ԱԳՆ ղեկավարը հաստատել էր Հայաստանի հետաքրքրությունը Տրանսկասպյան գազամուղի նախագծի վերաբերյալ. «Մենք բանակցում ենք եւ փորձում ներգրավվել այս նախագծի հետ կապված գործընթացներում»։

Ադրբեջանում էլ հասկացնում էին, որ հայկական կողմի ոգեւորությունն անտեղի է։

«Հայաստանը չի կարող այս հարցի շուրջ բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ մի շարք պատճառներով։ Դրանցից մեկն այն է, որ տարածաշրջանային նախագծերն անհնար են առանց Ադրբեջանի մասնակցության՝ թե՛ որպես արտահանող, թե՛ որպես տարանցիկ երկիր։ Իսկ Հայաստանի հետ համագործակցությունը մենք հնարավոր կհամարենք միայն հակամարտության կարգավորումից ու դրա հետեւանքների վերացումից հետո»,- ասել էր Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։


«Որոշ ափսոսանք»


2006թ. հունվարի 23-ին Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը Մեդիամաքսին տված հարցազրույցում «իրականությանը չհամապատասխանող» էր անվանել տեղեկություններն այն մասին, թե հայկական կողմը Ռուսաստանին առաջարկել է Իրան-Հայաստան գազամուղի բաժնետոմսերի 45 %-ը «Գազպրոմ»-ի կողմից ռուսական գազի գինը մեկ տարվա ընթացքում չբարձրացնելու դիմաց: Նախագահի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ հունվարի 22-ին Մոսկվայում Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը կողմերը քննարկել էին ռուսական գազի մատակարարման հարցը եւ պայմանավորվել շարունակել բանակցությունները։

Ինչպես վկայում էին Մեդիամաքսի աղբյուրները, Քոչարյանի եւ Պուտինի բանակցություններում առաջընթաց չէր գրանցվել: «Ռուսական կողմի առաջարկը՝ իրեն փոխանցել «Հրազդանի ՋԷԿ»-ի հինգերորդ էներգաբլոկը եւ Իրան-Հայաստան գազամուղը, մեզ համար եղել եւ մնում է անընդունելի»,- ասում էին Հայաստանի կառավարության ներկայացուցիչները։

Դրանից մեկ օր առաջ Կրեմլում «Հայաստանի տարվա» բացման արարողության ժամանակ Ռոբերտ Քոչարյանն ասել էր. «Մեր գործընկերությունը պետք է առաջնորդվի երկարաժամկետ համագործակցության տրամաբանությամբ եւ ապահովագրված լինի ընթացիկ կոնյունկտուրայից։- Նա նաեւ հարց էր տվել.- Արդյոք մենք շատ կարեւոր բան չե՞նք կորցնում անխուսափելի գլոբալացումից, նորաձեւ բազմավեկտոր մոտեցումից եւ շուկայի պրագմատիզմից»:

Հունվարի 24-ին Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել էր, որ «Հայաստան ռուսական գազի մատակարարման շուրջ ստեղծված իրավիճակը որոշակի ափսոսանք է առաջացնում»։ «Հաշվի առնելով Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը՝ մենք հույս ունեինք, որ ռուսական գազի գնի որոշման հարցը կարող էր ավելի պարզ լուծվել եւ նման երկարատեւ բանակցություններ չպահանջել»,- ասել էր նա։ Միեւնույն ժամանակ նախագահի մամուլի քարտուղարը նշել էր. «Ռուսաստանի հետ էներգետիկայի ոլորտում համագործակցությունը մեր ռազմավարական գործընկերության բաղադրիչներից մեկն է միայն եւ չի կարող հիմք հանդիսանալ մեր հարաբերությունների ողջ սպեկտրի վերանայման համար»։

Միաժամանակ Վիկտոր Սողոմոնյանը չէր բացառել, որ «հայ-ռուսական համագործակցության էներգետիկ բաղադրիչը որոշակի վերանայման կենթարկվի»։

 

 

«Ստեղծված իրավիճակում մեզ ամենաշատը մտահոգում է այն, որ Հայաստանում ձեւավորվում է հասարակական կարծիք, որը դժվար է բարենպաստ համարել Ռուսաստանի համար։ Մեզ մտահոգում է, որ երկարաժամկետ հեռանկարում նման հասարակական տրամադրությունները կարող են իրենց դերը խաղալ»,- ասել էր Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարը։

Իսկ Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, որը համարվում էր Ռոբերտ Քոչարյանի ամենաիրատեսական հետնորդը, ասել էր, որ «ռուսական գազի գնի բարձրացումը, եթե անգամ դա տեղի ունենա, չի կարող հիմք հանդիսանալ Հայաստանում ռուսական ռազմաբազայի մասին պայմանագրի վերանայման համար»:

Միեւնույն ժամանակ Սարգսյանը նշում էր, որ «գազի խնդիրը զուտ տնտեսական չէ, այստեղ վստահության խնդիր կա եւ ոչ միայն վստահության, այլեւ այն բաների, որոնց մասին ընդունված չէ հրապարակայնորեն խոսել»:

 

 

Արդեն մարտի 22-ին Սերժ Սարգսյանը, որը նաեւ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահն էր, ասել էր, որ ռուսական գազի գինը Հայաստանի համար կարող է ավելի ցածր լինել, քան հայտարարված $110-ը հազար խորանարդ մետրի դիմաց։

Շուտով հայտնի դարձան Հայաստանի համար ռուսական գազի թանկացման հետեւանքները մեղմելու համար նախատեսված «փոխհատուցման մեխանիզմները»։

Ապրիլի 6-ին «Գազպրոմը» մամուլի հաղորդագրություն էր տարածել, որում հայտարարել էր Հայաստանի կառավարության հետ «երկարաժամկետ համաձայնագրի ստորագրման մասին՝ 25 տարի ժամկետով, որը սահմանում է համագործակցության ռազմավարական սկզբունքները»։

«Գազպրոմը» հայտնել էր, որ «ՀայՌուսգազարդը», որի բաժնետոմսերի 45 %-ը պատկանում է ռուսական հսկային, ձեռք կբերի Հայաստանի կառավարությունից «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ անավարտ էներգաբլոկը («Հրազդան-5») եւ Իրան-Հայաստան կառուցվող գազամուղի առաջին՝ 40-կիլոմետրանոց հատվածը։ Ստորագրված համաձայնագրի համապատասխան «ՀայՌուսգազարդը» պարտավորվել էր ավարտին հասցնել եւ արդիականացնել «Հրազդան-5»-ը։ Մամուլի հաղորդագրության մեջ նշվում էր, որ «գործարքի ավարտից հետո «Գազպրոմ»-ի մասնաբաժինը «ՀայՌուսգազարդի» կանոնադրական կապիտալում որակյալ մեծամասնություն կկազմի։

Համաձայնագրով նախատեսված էր, որ ռուսական գազի գինը Հայաստանի համար կմնա $110 հազար խորանարդ մետրի դիմաց, մինչեւ 2009 թվականի հունվարի 1-ը։

Հայաստանի կառավարությունը ապրիլի 6-ին եւս մամուլի հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր, որ «Հրազդան-5»-ը վաճառվելու է $248,8 միլիոնով, եւ բացի այդ, «Գազպրոմը» $140 միլիոն կներդնի էներգաբլոկի արդիականացման համար։

ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ Իրան-Հայաստան գազամուղի մի հատվածի վաճառքի մասին ոչինչ չէր ասվում։ Հայտնի դարձավ, որ «Գազպրոմն» իր մամուլի հաղորդագրության հրապարակումից 2 ժամ անց դիմել էր լրատվամիջոցներին՝ այն չեղյալ համարելու եւ նոր տարբերակին սպասելու առաջարկով։

Դրանում Իրան-Հայաստան գազամուղն այլեւս չէր հիշատակվում։ Այնուամենայնիվ, «Գազպրոմ»-ում «Վեդոմոստի»-ի աղբյուրները պնդում էին, որ գազատարի գնման վերաբերյալ համաձայնությունը «ձեռք է բերվել, սակայն դեռեւս չի պաշտոնականացվել»։

Ինչպես վկայում էին Հայաստանի ԱԳՆ աղբյուրները, երբ 2006թ. հունվարին լրատվամիջոցներում հայտնվեցին առաջին հաղորդագրություններն այն մասին, որ Հայաստանը համաձայնել է Ռուսաստանին վաճառել «Հրազդան-5»-ը եւ գազատարի բաժնետոմսերի մի մասը, Թեհրանը չափազանց նյարդայնացած էր արձագանքել, եւ հայ դիվանագետները ստիպված էին մեծ ջանքեր գործադրել հարավային հարեւանին հանգստացնելու համար։


Նոր իրավիճակ


2007 թվականի սկզբին Հարավային Կովկասում էներգետիկ նոր իրավիճակ ձեւավորվեց։

Ի՞նչ էր տեղի ունեցել։

1. Ադրբեջանը հրաժարվել էր գնել ռուսական գազը եւ օգտագործել ռուսական խողովակաշարը իր նավթն արտահանելու համար։

2. Վրաստանը սկսեց ռուսական գազը գնել $230 գնով, որը Թբիլիսին անվանեց «քաղաքական», բայց վրացական իշխանությունները հայտարարեցին, որ կհրաժարվեն «Գազպրոմ»-ի ծառայություններից, հենց որ ադրբեջանական գազի մատակարարումների ծավալները բավարար դառնան։

3. Պաշտոնապես հայտարարվեց, որ Իրան-Հայաստան գազամուղի 40-կիլոմետրանոց հատվածը փոխանցվելու է «ՀայՌուսգազարդի» տնօրինությանը։

 

 

«Երբ «Գազպրոմը» չի կարողանում հասնել իր ուզածին ո՛չ մտրակով, ո՛չ բլիթով, նա ոչ մի արգելքի չնայելով առաջ է գնում, ինչպես Հայաստանում, որտեղ նա գնել է բոլոր էներգետիկ ենթակառուցվածքները, որպեսզի թույլ չտա Իրանին մրցակցել իր հետ Եվրոպա գազի մատակարարման հարցում»։

Ամենանշանակալին Ադրբեջանի՝ «Գազպրոմ»-ից գազ գնելուց հրաժարվելն էր եւ պաշտոնական Բաքվի կողմից իր որոշումը ներկայացնելու ձեւը։

2006 թվականի դեկտեմբերի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր.

«Երբ սկսեցինք ռուսական գազ գնել, գինը կազմում էր $48։ Այն ժամանակ դրանով զբաղվում էր «Իտերա» ընկերությունը, որի հետ երկարաժամկետ պայմանագիր ունեինք եւ մենք շատ գոհ էինք այդ պայմանագրի կատարումից։ Հետո մեզանից անկախ պատճառներով մատակարարը փոխվեց՝ դարձավ «Գազպրոմը», որի հետ կնքվեց հնգամյա պայմանագիր՝ ֆիքսված գնով, եթե չեմ սխալվում, $55 կամ $60՝ հազար խորանարդ մետրի դիմաց։ Անցյալ տարի «Գազպրոմը» միակողմանի չեղյալ հայտարարեց այս պայմանագիրը եւ հայտարարեց նոր գին՝ $110։ Մենք համաձայնեցինք, թեեւ դա տարօրինակ էր. ի վերջո, դա խոշոր ընկերության հնգամյա միջազգային պարտավորություն էր։ 1994-ին «դարի պայմանագիր» էինք կնքել արտասահմանյան ընկերությունների հետ, որի մեջ ոչ մի ստորակետ չի փոխվել։ Թեեւ այսօր մենք գուցե կարող էինք փոխել մեր կարծիքը՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը եւ հզորացած Ադրբեջանը։ Մեր կարծիքով՝ վստահությունը պետք է վաստակել տարիների ընթացքում, իսկ կորցնել կարելի է մեկ սխալ քայլով։ Սակայն նման մոտեցումը, ըստ երեւույթին, ամենուր չէ։ Չնայած պարտավորությունների խախտման փաստին, մենք, բարի կամք եւ համագործակցության ոգի դրսեւորելով, համաձայնեցինք $110 գնին:

 

 

Բայց երբ այս գինը հանկարծ բարձրացավ մինչեւ $230, իսկ վերջին պահին՝ մինչեւ $235, դա, իհարկե, արդեն չի համապատասխանում ռուս-ադրբեջանական հարաբերությունների ոգուն, բնույթին եւ էությանը։ Եվ դա ցավալի է։ Եթե խոսքը էներգետիկայի եւ առավել եւս՝ գազի մասին է, ապա ապագայում, հավանաբար, ավելի տրամաբանական եւ խելամիտ կլինի համատեղ գործունեության համար ընդհանուր եզրեր փնտրել, քան փորձել միակողմանի բարձրացնել գինը՝ ինչ-որ չափով պարտադրելով Ադրբեջանին։ Դա անհնար է: Ադրբեջանն այլեւս այն պետություն չէ, որին կարելի է պարտադրել։ «Գազպրոմը» կարող է հայտարարել ե՛ւ $500, ե՛ւ $1000 գին, դա իր իրավունքն է։ Իսկ դրանից հրաժարվելը մեր իրավունքն է»։

 

 

«Կովկասում Կրեմլը մեծ ջանքեր է գործադրել՝ թույլ չտալու Իրանին կառուցել այնպիսի ենթակառուցվածք, որը հնարավորություն կտա նրան դառնալ Եվրոպա գազ մատակարարող մրցակից: Իրանական գազի Եվրոպա մուտքը թույլ չտալու համար Ռուսաստանը ամբողջությամբ գնեց Հայաստանի էներգետիկ ոլորտը»։

2007 թվականի հունվարի 19-ին The Wall Street Journal-ում հրապարակված Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի Protect Us Against Bullies հոդվածը հաստատում էր, որ Ալիեւի հայտարարությունները զգացմունքների պոռթկում չէին, այլ Բաքվի նոր քաղաքականության արտացոլում:

«Մեզ համար գազի սակագինը մեկ ակնթարթում բարձրացրեցին ավելի քան երկու անգամ։ Դա ավելին է, քան պարզապես շուկայական ազդանշան, եւ դա անընդունելի է Ադրբեջանի համար։ Ի պատասխան՝ մենք որոշեցինք չգնել ռուսական գազը, ինչպես նաեւ դադարեցնել ռուսական խողովակաշարի օգտագործումը ադրբեջանական նավթը Եվրոպա արտահանելու համար։ Սա որոշիչ պահ է Ադրբեջանի եւ ամբողջ Հարավային Կովկասի համար։ Ադրբեջանն անկեղծորեն ցանկանում է Ռուսաստանի հետ պրագմատիկ, շուկայական հարաբերությունների վրա հիմնված հարաբերություններ, սակայն որպես անկախ պետություն՝ մենք առաջնորդվում ենք մեր ազգային շահերով»,- գրել էր Մամեդյարովը։

 

 

2007 թվականի սկզբին, մեկնաբանելով Ալիեւի եւ Մամեդյարովի հայտարարությունները, գրել էի.

«Մեկ տարի առաջ Ադրբեջանն օգտվում էր Ռուսաստանի էներգետիկ ծառայություններից, սակայն այսօր որոշեց հրաժարվել դրանցից։ Դա նշանակում է, որ Ռուսաստանը կորցնում է Ադրբեջանի վրա ազդեցության լծակներից մեկը, եւ դա անկասկած կազդի ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա։ Հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարները լրջորեն կվերլուծեն այս հանգամանքը»։

Ցավոք, այդ հույսերը սին էին:


Արա Թադեւոսյան

 

«Նորագույն պատմությունը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Նորագույն պատմությունը»-ը ներկայացնում է իրադարձություններ եւ դրվագներ, որոնք տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում 1991 թվականից հետո ընկած ժամանակաշրջանում: