«Սուրբ Հայաստան»-ի վերադարձը



2006 եւ 2007 թվականներին երկու կարեւոր իրադարձություն տեղի ունեցավ՝ Հայաստանի տարին Ռուսաստանում եւ Հայաստանի տարին Ֆրանսիայում: Պատիվ եմ ունեցել մասնակցելու դրանց կազմակերպչական աշխատանքներին. Մեդիամաքսի հիմնադրած Մեդիաբրենդ PR-ընկերությունը հանդիսանում էր տարիների տեղեկատվական գործընկերը:

 

 

Թեեւ Ռուսաստանում Հայաստանի տարվա ընթացքում տարբեր կարեւոր միջոցառումներ տեղի ունեցան, այն ավելի «ավանդական», հետխորհրդային երկրներին բնորոշ բնույթ ուներ: Ֆրանսիայում Հայաստանի տարին, որի մտահղացումը պատկանում էր այդ երկրում ՀՀ դեսպան Էդվարդ Նալբանդյանին, իսկապես աննախադեպ իրադարձություն էր Հայաստանի նորագույն պատմության մեջ: Տարվա ընթացքում Հայաստանը ոչ միայն Փարիզում, այլեւ Ֆրանսիայի տարբեր քաղաքներում ու բնակավայրերում ներկայացավ մի քանի հարյուր մեծ ու փոքր միջոցառումով:

 

 

Armenie mon amie (Հայաստան, իմ ընկեր) նշանաբանով անցկացվող տարվա մարգարիտը Armenia Sacra (Սուրբ Հայաստան) ցուցահանդեսն էր, որը 2007 թվականի փետրվարի 19-ին Լուվրում բացեցին Ֆրանսիայի եւ Հայաստանի նախագահներ Ժակ Շիրակն ու Ռոբերտ Քոչարյանը:

 

 

Ցուցահանդեսին ներկայացված էր 4-18-րդ դարերի հայ մշակույթի եւ արվեստի ավելի քան 200 գլուխգործոց: Հատուկ ցուցահանդեսի համար Հայաստանից եւ Արցախից Լուվր էր տեղափոխվել 32 խաչքար:

 

 

Armenia Sacra-ն Լուվրում մնաց մինչեւ 2007 թվականի մայիսի 21-ը: Երբ սկսվում էր ցուցանմուշների՝ Հայաստան վերադարձնելու կազմակերպման գործընթացը, հայկական կողմից Տարվա հանձնակատար Վիգեն Սարգսյանը եւ Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը որոշեցին, որ այդ բացառիկ ցուցադրությունը պետք է հասանելի դառնա նաեւ Հայաստանի քաղաքացիներին ու երկրի հյուրերին:

 

 

«Armenia Sacra-ն ներկայացնում էր ցուցանմուշներ մշակութային երեք կարեւորագույն օջախներից` Հայաստանի պատմության թանգարանից, Մատենադարանից եւ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից, ինչպես նաեւ` Անթիլիասից, Երուսաղեմից, մասնավոր հավաքածուներից: Մեր տաղանդավոր մասնագետները` պատմության թանգարանի երկարամյա տնօրեն Անելկա Գրիգորյանը (որն այս ցուցադրության հայկական կողմի հանձնակատարն էր), Մատենադարանի տնօրեն Սեն Արեւշատյանն ու Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների ղեկավար Ասողիկ Սրբազանն (այն օրերին դեռեւս Տ. Ասողիկ քահանա Կարապետյան) աշխատում էին «դրսի աչքերով» իրենց թանգարանների նմուշներին նայող եւ դրանց պատմությունը վերապատմող «օտարների» հետ:

 

 

Եվ այդ ցուցահանդեսներից յուրաքանչյուրը բացում էր հայկական պատմամշակութային ժառանգության մի նոր շերտ, նոր տեսանկյունից էր մեկնաբանում դրա բացառիկությունն ու համաշխարհային նշանակությունը»,- պատմում է Վիգեն Սարգսյանը:

 

 

Մինչ խաչքարերը եւ թանգարանային նմուշները վերադառնում էին Հայաստան, պատմության թանգարանում նորոգվում էին դահլիճները, հատուկ ցուցափեղկեր էին կառուցվում, թարգմանվում եւ հրատարակվում էր Լուվրի տպագրած կատալոգը, վերապատրաստվում էին էքսկուրսավարները` ցուցադրությունն ըստ արժանվույն ներկայացնելու համար:

 

 

Հիշելով Armenia Sacra-ի նախապատրաստական աշխատանքները, Վիգեն Սարգսյանը պատմում է, որ «ֆրանսիական կողմի հանձնակատար, Ժակ Շիրակի նախկին օգնական, իսկ այդ պահին Լուվրի տնօրենի խորհրդական Նելլի Տարդիվյե-Էնրոյի հետ որոշել էինք կազմակերպել բացառիկ մասշտաբի եւ ազդեցության մի ցուցադրություն»:

Վիգեն Սարգսյան-Նելլի Տարդիվյե գործակցությունն առանցքային էր՝ Ֆրանսիայում Հայաստանի տարվա հաջողության համար: Երբ 2011 թվականին Նելլի Տարդիվյեն հեռացավ կյանքից, Վիգեն Սարգսյանը գրեց նրան նվիրված Երբ կորցնում ես բարեկամիդ հուշ-հոդվածը:

«Բացառիկ դերակատարություն ունեցավ Լուվրի կողմից ցուցադրության ղեկավար նշանակված Ժանիկ Դյուրանը: Նմուշների շարքում էին բացառիկ արժեք ներկայացնող եւ կառավարության հատուկ որոշումներով միայն դուրսբերման ենթակա այնպիսի կոթողներ, ինչպիսիք էին Հեթում թագավորի Ճաշոցը, Էջմիածնի Ավետարանի կազմը (6-րդ դար), Աստվածամուխ Սուրբ Գեղարդը: Բայց, անշուշտ, ամենաազդեցիկ եւ խոսուն ցուցանմուշներն էին Հայաստանի եւ Արցախի տարբեր անկյուններից հավաքված, զգուշությամբ փաթեթավորված եւ Լուվր տեղափոխված խաչքարերը: Ցուցադրության ընթացքում դրանք դիտեցին Լուվրի 3 միլիոն այցելուներ: Իսկ բուն ցուցահանդես այցելեց ավելի քան 300 000 մարդ: Արդյունքում Լուվրի տնօրինությունը խնդրեց մեկ ամսով երկարաձգել ցուցադրությունը եւ երեք անգամ վերատպեց ցուցադրության հաստափոր կատալոգը»,- պատմում է Վիգեն Սարգսյանը:

 

 

Armenia Sacra-ի հայաստանյան ցուցադրությունը նախապատրաստելու ընթացքում կիրառվում էր նման ծավալուն ցուցադրություն կազմակերպելու՝ հենց Լուվրում ձեռք բերված փորձը:

«Ապագայում այն շատ էր օգնելու ճիշտ պլանավորել, նախապատրաստել եւ անցկացնել այլ ցուցադրություններ: Կարելի է վստահորեն ասել, որ փոխվեց ժամանակավոր ցուցադրությունների կազմակերպման ողջ մշակույթը, Հայաստանի պատմության թանգարանի անձնակազմը ձեռք բերեց բացառիկ փորձ: Այս, ինչպես նաեւ Ֆրանսիայում Հայաստանի տարվա բոլոր մնացած դժվար եւ պատասխանատու ծրագրերի նախապատրաստման եւ անթերի անցկացման գործում հսկայական դեր ունեին երիտասարդ, բայց շատ կազմակերպված եւ պատասխանատու Արման Ծատուրյանն ու իր թիմը»,- նշում է Վիգեն Սարգսյանը:

Հպարտ եմ, որ իմ լուման էլ կա Հայաստանում Armenia Sacra-ն ցուցադրության նախապատրաստական աշխատանքներում: Իմ առաջարկությամբ այն ստացավ «Սուրբ Հայաստան` վերադարձ տուն» անվանումը: Մեզ հաջողվեց նաեւ «ԱրմենՏել» ընկերությանը ներգրավել որպես ցուցահանդեսի գլխավոր հովանավոր եւ պետական միջոցներ խնայել:

 

 

«Սուրբ Հայաստան` վերադարձ տուն» ցուցահանդեսը Հայաստանի պատմության թանգարանում բացվեց 2007 թվականի սեպտեմբերի 12-ին եւ գործեց մինչեւ նոյեմբերի 30-ը: Թանգարանի մուտքի մոտ ներկայացված էր բարեհաջող հայրենիք վերադարձած ավելի քան 30 խաչքար:

Վիգեն Սարգսյանն ասում է, որ հայկական պատմամշակութային ժառանգության ներկայացումն արտերկրում նպատակ ուներ ներկայացնել հայկական քաղաքակրթության անանց խորությունը եւ համաշխարհային գործընթացներում այսօր չափերով փոքր երկրի անմոռաց ժամանակներից համաշխարհային գործընթացներում վիթխարի դերակատարում ստանձնած ժողովրդի անցած ուղին ու ապագայի տեսլականը:

«Ապագայում այդ նույն տրամաբանությամբ կազմակերպվեցին Վենետիկի Սուրբ Մարկոս հրապարակի երեք թանգարանների դահլիճները զբաղեցրած «Հայաստան. մեկ քաղաքակրթության հետքը» (2012թ.), Մոսկվայի պատմության թանգարանի (2012թ.), եւ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի Armenia! ցուցահանդեսը (2018թ.)»,- հիշեցնում է նա:

Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են REUTERS-ի, Ֆոտոլուրի եւ Զավեն Սարգսյանի լուսանկարները:

 

«Նորագույն պատմությունը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Նորագույն պատմությունը»-ը ներկայացնում է իրադարձություններ եւ դրվագներ, որոնք տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում 1991 թվականից հետո ընկած ժամանակաշրջանում: