Քանյե Ուեսթի «Կարապի երգը»



 

2015 թվականի ապրիլին առաջին անգամ Հայաստան էին եկել Քիմ եւ Քլոե Քարդաշյանները, եւ նրանց այցը մեծ իրարանցում էր առաջացրել:

Քույրերը ուշադրության կենտրոնում էին, իսկ Քիմի ամուսինը՝ այն ժամանակ արդեն 21 Grammy մրցանակ ունեցող հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը, կարծես, ստվերում էր մնացել:

 

 

2015 թվականի ապրիլի 12-ի ուշ երեկոյան՝ կեսգիշերին մոտ, Քիմ Քարդաշյանը գրեց թվիթերում, որ մոտ կես ժամից Քանյեն անվճար համերգ կտա Կարապի լճի մոտ:

Լուրը տարածվեց կայծակնային արագությամբ եւ հազարավոր երեւանցիներ շտապեցին դեպի Օպերա:

Քանյեն համերգի բացումն արեց Stronger երգով, որին հաջորդեցին Jesus Walks, Power, Touch the Sky եւ All of the Lights կատարումները:

 

 

Good Life երգի կատարման ժամանակ Քանյե Ուեսթը անակնկալ ցատկեց Կարապի լիճը, նրան հետեւեցին տասնյակ երկրպագուներ եւ բազմաթիվ անհանգիստ ոստիկաններ:



Հաջորդ օրը շարքից դուրս եկած բարձրախոսը Քանյեն նվիրեց ԹՈՒՄՈ կենտրոնին` համերգին կատարելիք երգերի ցուցակի հետ: Այն վկայում էր, որ ռեփերը նախատեսում էր կատարել եւս չորս երգ`եթե չորոշեր ցատկել լիճը:

 

 

Համերգից հետո Քիմ Քարդաշյանը թվիթերում գրել էր.

«Քանյեն ինձ արթնացրեց եւ ասաց, որ պատրաստվում է Երեւանում անվճար համերգով հանդես գալ… Հազարավոր մարդիկ էին այնտեղ: Քանյեն ցատկեց Կարապի լիճը, որ ավելի մոտ լինի ամբոխին, եւ շատ-շատերը ցատկեցին նրա հետեւից…

 

 

Ինչպիսի խելահեղ գիշեր էր: Այնքան ուրախ եմ, որ կարողացա Հայաստանում բոլորի հետ մի լավ զվարճանալ մեր այստեղ անցկացրած վերջին գիշերվա ընթացքում»:

 

«Նորագույն պատմությունը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Նորագույն պատմությունը»-ը ներկայացնում է իրադարձություններ եւ դրվագներ, որոնք տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում 1991 թվականից հետո ընկած ժամանակաշրջանում: