ՆԱՏՕ-ի առաջին զորավարժությունը Հայաստանում



Այն մասին, որ 2003 թվականի ամռանը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» (ԳՀԽ) ծրագրի շրջանակում Հայաստանի տարածքում կանցկացվեն Cooperative Best Effort զորավարժությունները, 2002 թ. փետրվարին հայտնել էր Հայաստանի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ, գեներալ-մայոր Միքայել Մելքոնյանը: Մինչ այդ Հայաստանի տարածքում միայն հայ-ռուսական համատեղ վարժանքներ էին եղել, ուստի Մելքոնյանի հայտարարությունը եթե ոչ սենսացիա, ապա բավականին հնչեղ նորություն էր։

 

 

Cooperative Best Effort 2003 զորավարժությունների նպատակը թեթեւ հետեւազորի փոխազդեցության հմտությունների բարելավումն էր խաղաղապահ գործողություններ իրականացնելիս եւ փոխըմբռնման զարգացումը ՆԱՏՕ-ի եւ գործընկեր երկրների միջեւ:

2002 թվականի նոյեմբերի 12-ին Երեւանում մեկնարկել էր Cooperative Best Effort-2003 զորավարժությունների պլանավորման նախնական կոնֆերանսը, որին մասնակցել էր ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր 17 պետության 65 ավագ սպա:

 

 

Միքայել Մելքոնյանը հայտարարել էր, որ ռուսական կողմը կմասնակցի զորավարժություններին՝ ընդգծելով, որ այդ որոշումը մեծապես պայմանավորված է այն բանով, որ դրանք անցկացվելու են Հայաստանի տարածքում: Գեներալը հիշեցրել էր, որ Ռուսաստանը չէր մասնակցել Cooperative Best Effort-2002 զորավարժություններին, որոնք անցկացվել էին Վրաստանում:


Ռուսական գործոնը


Ռուսաստանին հրավիրելու մտադրության մասին առաջին անգամ խոսել էր Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը 2002 թվականի հոկտեմբերին։ Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա»-ում հրապարակված հարցազրույցում նա ասել էր, որ Հայաստանում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում զորավարժությունների անցկացումը չպետք է մտահոգի Ռուսաստանին:

 

 

«Ռուս զինվորականները կարող են անմիջականորեն մասնակցել այդ զորավարժություններին, համենայնդեպս մենք անպայման կուղարկենք համապատասխան հրավեր ռուսաստանյան ռազմական ղեկավարությանը»,- նշել էր Սերժ Սարգսյանը:


Թուրքական գործոնը


Դեռեւս 2002 թվականի հուլիսին Սերժ Սարգսյանն ասել էր, որ «եթե թուրք զինվորականները մասնակցեն զորավարժություններին, դրանում ոչ մի սարսափելի բան չի լինի»։

Մի քանի ամիս անց Հայաստանի պաշտպանության նախարարը կոչ էր արել ավելի հանգիստ վերաբերել թուրք զինվորականների հնարավոր մասնակցությանը Cooperative Best Effort-ին։

 

 

Մեկնաբանելով այն հայտարարությունները, որ հայ եւ թուրք զինվորնեը չեն կարող հանդես գալ դաշնակիցների դերում, Սերժ Սարգսյանը հայտարարել էր.

«Եկեք պատկերացնենք, որ տարածաշրջանում, Աստված մի արասցե, հայտնվի ռազմականացված ահաբեկչական խմբավորում, որը կսպառնա ինչպես Հայաստանին, այնպես էլ Թուրքիային: Ի՞նչ անել նման իրավիճակում: Անձամբ ես այդ դեպքում հաճույքով կհամագործակցեմ Թուրքիայի հետ»:

 

 

2002 թվականի վերջին թեմայի վերաբերյալ խոսել է նաեւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա նշել էր, որ «էմոցիոնալ առումով ես հիացած չեմ» Հայաստանի տարածքում զորավարժություններին թուրքական զորախմբի հնարավոր մասնակցությունից:

«Սակայն, որպես նախագահ, հասկանում եմ, որ ՆԱՏՕ-ի հետ ճիշտ կառուցված հարաբերություններն ավելի կարեւոր են երկրի համար»,- նշել էր Ռոբերտ Քոչարյանը։ Պատասխանելով «Գոլոս Արմենիի» թերթի ընթերցողների հարցերին՝ նա ասել էր, որ «ՆԱՏՕ-ն աշխարհի ամենահզոր ռազմաքաղաքական կազմակերպությունն է, ըստ էության՝ եվրոպական անվտանգության համակարգի առանցքն է... ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը, անկասկած, դրական է ազդում մեր անվտանգության աստիճանի վրա»։


Ռոբերտսոնի այցը


Զորավարժությունների մեկնարկից մեկ ամիս առաջ Հայաստան էր այցելել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերտսոնը։ Ելույթ ունենալով Ռոբերտ Քոչարյանի հետ համատեղ ճեպազրույցում՝ նա ասել էր, որ «վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերություններում զգալի առաջընթաց է գրանցվել»։

 

 

«Հարավային Կովկասի երկրները գտնվում են 21-րդ դարի նոր սպառնալիքներին հակազդելու առաջնագծում»,- ասել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը եւ նշել, որ Cooperative Bets Effort-2003 զորավարժությունների անցկացումը Հայաստանում օգտակար կլինի ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար։

 

 

Միաժամանակ Ռոբերտսոնն ասել էր, որ «ՆԱՏՕ-ն շատ լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ»։

«Երկար տարիներ ՆԱՏՕ-ն ու Ռուսաստանը հակառակորդներ էին, սակայն այսօր իրավիճակն արմատապես փոխվել է, եւ մենք միասին դիմակայում ենք ընդհանուր թշնամուն»,- ասել էր Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը։


Ջոնսի հարցազրույցը


Զորավարժությունների մեկնարկի օրը Երեւանում հրապարակվել էր Մեդիամաքսի բացառիկ հարցազրույցը Եվրոպայում ՆԱՏՕ-ի միավորված զինված ուժերի գերագույն հրամանատար, գեներալ Ջեյմս Ջոնսի հետ:

«Մենք հույս ունենք, որ Cooperative Best Effort-2003 զորավարժությունների անցկացումը կնպաստի ՆԱՏՕ-ի եւ Հայաստանի միջեւ ավելի ամուր կապերի հաստատմանը»,- ասել էր ամերիկացի գեներալը:

 

 

«Զորավարժությունների հյուրընկալումը ԳՀԽ շրջանակում խաղաղության չափազանց արժեքավոր միջոց է, որը թույլ է տալիս էապես բարելավել օպերատիվ փոխգործողության մակարդակը ՆԱՏՕ-ի եւ գործընկեր երկրների միջեւ եւ լավ հնարավորություններ է ստեղծում զորավարժությունների պլանավորման գործընթացներում ներգրավվելու համար»,- ասել էր Ջեյմս Ջոնսը:

 

 

Նա ողջունել էր այն փաստը, որ Ռուսաստանը որոշել է մասնակցել վարժանքներին: «2002 թվականին ՆԱՏՕ-Ռուսաստան Խորհրդի ստեղծումից հետո կողմերը զգալի առաջընթացի են հասել գործնական համագործակցության բնագավառում: Մասնակցությունը ԳՀԽ շրջանակներում կայանալիք զորավարժություններին լիովին արտահայտում է համագործակցության այս նոր ոգին»,- ասել էր Եվրոպայում ՆԱՏՕ-ի միավորված զինված ուժերի գերագույն հրամանատարը:


Մեկնարկը


2003 թվականի հունիսի 16-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի տարածքում տեղի էր ունեցել Cooperative Best Effort 2003 զորավարժությունների բացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցում էր շուրջ 400 զինվորական 19 երկրից։

 

 

Ելույթ ունենալով բացմանը` Սերժ Սարգսյանն ասել էր, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանի անվտանգության ապահովման բաղադրիչներից է, եւ ԳՀԽ շրջանակում համագործակցությունն էլ ավելի արդիական է դառնում նոր սպառնալիքների պայմաններում:

 

 

ՆԱՏՕ-ի հարավային հրամանատարության ներկայացուցիչ, գեներալ-մայոր Ռաֆայել Բարբուդոն էլ ասել էր, որ Cooperative Best Effort-2003 զորավարժությունների հիմնական նպատակն է բարելավել ՆԱՏՕ-ի անդամների եւ գործընկեր երկրների միջեւ օպերատիվ գործակցության հմտությունները: Նա եւս ողջունել էր ռուս զինվորականների մասնակցությունը։

Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են Ֆոտոլուրի լուսանկարները:

 

«Նորագույն պատմությունը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Նորագույն պատմությունը»-ը ներկայացնում է իրադարձություններ եւ դրվագներ, որոնք տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում 1991 թվականից հետո ընկած ժամանակաշրջանում: