2014 թվականին բացված UWC Dilijan College-ը իրավամբ համարվում է ժամանակակից Հայաստանի գլխավոր այցեքարտերից մեկը։ Այսօր քչերն են հիշում, որ գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանի եւ նրա կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի երազանքի իրականացման ճանապարհը հարթ չէր, իսկ 2010 թվականին նախագիծը չեղարկման եզրին էր։
2010 թվականի հունիսի 24-ին Հայաստանի Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունները, որոնց համաձայն հանրապետությունում օտարալեզու դպրոցներ կարող են բացվել միջպետական համաձայնագրերի հիման վրա, ինչպես նաեւ մասնավոր հիմունքներով։ Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասել էր, որ Դիլիջանում արդեն սկսվել է ներդրումային ծրագիր՝ 650 աշակերտի համար նախատեսված մեծ կրթահամալիր ստեղծելու համար։
Օրինագծի ընդունման լուրը վրդովեցրեց հասարակության մի մասին, իսկ ամենաակտիվ ընդդիմախոսները ստեղծեցին «Ո՛չ օտարալեզու դպրոցներին» նախաձեռնությունը։
Երեք շաբաթ անց ԴԻԼԻՋԱՆ Միջազգային դպրոցի նախագծի նախաձեռնողները հանդես եկան Հանրային խորհրդի անդամներին ուղղված բաց նամակով։
«Օրենսդրական փոփոխություններն անհրաժեշտ չէին նախագծի հաջող իրականացման համար: Սակայն ներկայիս ընթերցմամբ օրենքը Հայաստանի քաղաքացիներ հանդիսացող աշակերտների համար կդժվարացնի մեր դպրոցում ավարտուն միջնակարգ կրթության ստացումը` հետագայում Հայաստանի բուհերում ուսումը շարունակելու նպատակով»,- նշվում էր նամակում:
Նամակի հրապարակումից հետո նախագծի նախաձեռնողները Հայաստանում մի շարք հանդիպումներ էին անցկացրել, որոնք, ըստ ամենայնի, արդյունավետ էին։ Ամեն դեպքում, 2010 թվականի աշնանը ծրագրի Հոգաբարձուների խորհրդի նիստից հետո հայտարարվել էր.
«Ներկայում նախագիծը դադարեցնելու անհրաժեշտություն չկա: Զգալի թվով մարդիկ աջակցություն են հայտնել նախագծին ԶԼՄ-ների եւ նախաձեռնողների հետ անմիջական շփման միջոցով: Արդյունքում փաստաթղթերի եւ ճարտարապետական ծրագրի մշակման աշխատանքը կշարունակվի»։
Երկու տարի անց, 2013 թվականի մարտին «Վեդոմոստի» թերթի հետ հարցազրույցում Ռուբեն Վարդանյանն ասել էր․
«Մենք ապրում ենք գլոբալիզացիայի դարաշրջանում, երբ կարեւորագույն հմտություններից մեկը այլ մշակույթները հասկանալու եւ ընդունելու ունակությունն է, ընդ որում՝ չկորցնելով սեփական մշակութային ինքնությունը: Դիլիջանի դպրոցը նման միջազգային համագործակցության վառ օրինակ է` ինչպես դոնորների, այնպես էլ ուսանողների առումով: Ակնկալում ենք, որ առաջին տարում (2014թ.) մեզ մոտ սովորելու համար երեխաներ կժամանեն մոտ 30 երկրներից: «Դիլիջանը» միջազգային կրթական նախագիծ է, որը դուրս է գալիս մեկ երկրի սահմաններից եւ երիտասարդների համար ճանապարհ է բացում դեպի աշխարհի լավագույն համալսարանները` լինեն դրանք ԱՄՆ-ում, Եվրոպայի, թե Ասիայի երկրներում: Դրանով մենք փորձում ենք կապ հաստատել այն մարդկանց միջեւ, որոնք կարող են ազդել աշխարհի ապագայի վրա»:
Վարդանյանը տեղեկացրել էր, որ Դիլիջանի դպրոցը կընդգրկվի United World Colleges համակարգում, որը հիմնվել է 50 տարի առաջ եւ ներառում է 12 ուսումնական հաստատություններ ամբողջ աշխարհում, որոնց ուսանողներն ընտրվում են 140 երկրներում ազգային հանձնաժողովների ցանցի միջոցով:
Ռուբեն Վարդանյանը նշել էր նաեւ, որ Դիլիջանի դպրոցում երեխաների մոտ 70%-ը սովորելու է անվճար՝ մասնավոր միջոցներից գոյացած հատուկ կրթաթոշակային հիմնադրամի հաշվին։
2013 թվականի հոկտեմբերին United World Colleges-ը հայտարարեց, որ Դիլիջանի միջազգային դպրոցը դարձել է UWC-ի լիիրավ անդամ եւ կկոչվի UWC Dilijan:
«Մենք ոգեւորված ենք Դիլիջանի միջազգային դպրոցի՝ UWC-ին միանալու փաստով։ Հայաստանի տեղակայումը Արեւելքի եւ Արեւմուտքի խաչմերուկում եւ հարուստ պատմությունը երկիրը կատարյալ վայր են դարձնում UWC դպրոցի համար: Իսկ այն դերը, որը դպրոցը կխաղա Դիլիջանի զարգացման հարցում, նրան հատուկ տեղ եւ նշանակություն է տալիս UWC ընտանիքում», - ասել էր UWC միջազգային գրասենյակի գործադիր տնօրեն Քեյթ Քլարքը։
Իսկ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը ընդգծել էր, որ UWC-ի դպրոցների ուսանողներն ընտրվում են բացառապես մրցակցային հիմունքներով եւ առավելությունը տրվում է տաղանդավոր ու սոցիալապես ակտիվ երիտասարդներին՝ անկախ նրանից, թե ի՞նչ ծագում ունեն։
UWC Dilijan College-ի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2014 թվականի հոկտեմբերի 11-ին։ Հետխորհրդային տարածքում առաջին անգամ ստեղծվել էր մի դպրոց, որն առաջին իսկ տարում կարողացավ է 96 աշակերտ հավաքագրել մոտ 50 երկրից՝ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՊՀ այլ պետություններից, Եվրոպայից եւ Ասիայից, Մերձավոր Արեւելքից, Աֆրիկայից, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներից, Ավստրալիայից։ Ծրագրին աջակցել էին ավելի քան 200 նվիրատուներ տարբեր երկրներից։
UWC Dilijan College-ի բացման արարողությանը ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, դպրոցի հիմնադիրներն ու գործընկերները, մոտ 1 000 հյուրեր։ Ողջույնի տեսաուղերձներ էին հղել Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը, որը 17 տարի գլխավորել էր UWC շարժումը, հայտնի թենիսիստ եւ բարեգործ Անդրե Աղասին եւ դիրիժոր Վալերի Գերգիեւը։
Բացման պահի դրությամբ դպրոցի շինարարության ծախսերը կազմել էին $115 միլիոն։
2023 թվականի սեպտեմբերին UWC Dilijan-ում մեկնարկեց 10-րդ ուսումնական տարին․քոլեջ ընդունվեցին 111 նոր ուսանողներ 56 երկրներից: 2023 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ UWC Dilijan-ն ունի 220 ուսանող 72 երկրից: Նրանց 75%-ը ամբողջական կամ մասնակի կրթաթոշակ են ստանում։
Արա Թադեւոսյան