“Wake up the souls”. SOAD-ի համերգը Երեւանում



2015 թվականի ապրիլի 23-ին Հայաստանում երկու իրադարձություն տեղի ունեցավ, որոնք այլ պայմաններում անհամատեղելի կթվային: Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացվեց Հայոց ցեղասպանության նահատակների եւ մարտիրոսների սրբադասման արարողությունը, որին հետեւեց System of a Down (SOAD) ռոք խմբի համերգը Երեւանի Հանրապետության հրապարակում:

2015 թվականի հունվարի 30-ին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը ներկայացրեց միջոցառումների ժամանակացույցը՝ առանձնացնելով ապրիլի 23-ին նախատեսված երկու իրադարձությունը: Խոսելով SOAD-ի սպասվող համերգի մասին՝ նա նշեց.

«System of a Down-ը երկար տարիներ պայքար է մղում Հայոց ցեղասպանության դատապարտման եւ ճանաչման համար: Հանձնաժողովը որոշեց, որ ճիշտ կլինի, եթե 100-ամյա տարելիցի օրը հայության պահանջն արվեստի տեսքով հնչեցնեն հենց այս խմբի տղաները»:

Վիգեն Սարգսյանը պատմեց նաեւ, որ երեւանյան համերգից առաջ System of a Down-ը «Արթնացնե՛նք հոգիները» (Wake up the souls) միջազգային համերգաշարով հանդես կգա Լոնդոնում, Քյոլնում, Ամստերդամում, Բրյուսելում, Մոսկվայում եւ այլ քաղաքներում:

 

 

Ապրիլի 23-ին համերգը պետք է մեկնարկեր 20:00-ին, սակայն մարդիկ ավելի շուտ էին հավաքվել Հանրապետության հրապարակում եւ մեծ էկրաններին դիտում էին սրբադասման արարողության ուղիղ հեռարձակումը Մայր աթոռից: Համերգի մեկնարկից քիչ առաջ հորդառատ անձրեւ սկսվեց, որը գրեթե անդադար շարունակվեց մինչեւ համերգի ավարտը:

 

 

SOAD-ի կիթառահար Տարոն Մալաքյանը բղավեց. «To our murderers – this is not a rock-n-roll concerts, this is revenge!» («Դիմում եմ մեզ սպանողներին՝ սա ռոք-համերգ չէ, այլ վրեժխնդրություն»):

Համերգից մոտ երկու շաբաթ անց Վաշինգտոնի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր.

«Ապրիլի 23-ի ուշ երեկոյան Երեւանի սրտում, հորդ անձրեւի տակ տասնյակհազարավոր վեր պարզած ձեռքերի ծովի վրայով աշխարհահռչակ System of a Down խմբի տպավորիչ կատարմամբ բարձր հնչեց մեր հարատեւության կոչը. «Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչեք Սարդարապատից»»:


«Այո՛, հենց Սարդարապատում արնաքամ լինող հայը, ի հեճուկս ճակատագրի, ազդարարեց, որ պատրաստ է հայ մնալու մինչեւ իր վերջին կաթիլ արյունը։ Եվ հենց Սարդարապատում հայոց ռազմիկի, շինականի ու հոգեւորականի միասնական սխրագործությունը փշրեց մահաբեր զորքի ողնաշարը։ Իսկ այսօր Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի մաս կազմող Սարդարապատում, որտեղ ապրում են Վանից ու Մուշից, Իգդիրից ու Ամասիայից տարագրված հայերի սերունդները, վեր է խոյանում հայի արյան ծարավ ուժը խորտակող հայոց հաղթանակի արծիվը»,- շարունակել էր ՀՀ նախագահը:



SOAD-ի մենակատար Սերժ Թանգյանը 2020 թվականին Մեդիամաքսին տված հարցազրույցում ասել էր.

«Որքան համերգի օրը մոտենում էր, ես հանգստություն էի զգում, ինչը հազվադեպ է լինում նման մեծ միջոցառումներից առաջ: Զգում էի, որ մեր անցած ճանապարհն է մեզ բերել այդտեղ, եւ որ մենք ճիշտ ճանապարհի վրա էինք. յուրահատուկ հոգեւոր վերահաստատում էր: Ինձ թվում է՝ խմբի ճակատագիրն էր հանդես գալ այդ համերգով, եւ ես դա զգում էի իմ ոսկորներում: Կարծես խումբը ստեղծվել էր հենց այդ օրվա համար: Դա իսկապես աննկարագրելի զգացողություն էր: Միլիոնավոր մարդիկ աշխարհով մեկ դիտում էին համերգն առցանց հեռարձակմամբ՝ նպաստելով, որ Հայոց ցեղասպանությունը դառնա այդ շաբաթվա գլխավոր լրատվական թեման»:

 

 

Թանգյանը մեկնաբանել էր այն կարծիքները, որ համերգն օգնեց փոխել Ցեղասպանության ընկալումը երիտասարդ հայերի կողմից. եթե նախկինում նրանք իրենց զոհ էին համարում, ապա 2015 թ. ապրիլի 23-ից հետո սկսեցին իրենց վերապրողներ ու հաղթողներ համարել:

«Ոմանք ասում են, որ համերգն արթնացրեց Հայաստանի երիտասարդությանը՝ զգալու, որ իրենց երազանքներն իրականացնելը հնարավոր է: Ինձ սրա մասին շատերն են ասել: Ես տեսա Հայաստանի ապագան այդ երիտասարդների ժպտացող աչքերում: Բայց այդ ժամանակ ոչ ոք չէր պատկերացնի, որ փոփոխությունն այդքան արագ ու գեղեցիկ տեղի կունենա, ինչպես եղավ 2018 թ. Թավշյա հեղափոխության ժամանակ»,- ասել էր Թանգյանը:

 

 

Համերգի հաջորդ օրը գրեցի Հպարտ ու խենթ հայերի ժամանակը սյունակը: Ես, ինչպես եւ հազարավոր այլ մարդիկ, որոնց համար SOAD-ի համերգն ավելին էր, քան համերգ ու նոր սկիզբ էր թվում, չգիտեի, որ մեկ տարի անց կլինի Ապրիլյան պատերազմը, որին կհաջորդի ոստիկանության գնդի գրավումը «Սասնա Ծռերի» կողմից, իսկ երեք տարի հետո տեղի կունենա իշխանափոխություն, որի հետեւանքների ֆոնին զավեշտալի են թվում Սերժ Թանգյանի՝ 2020 թվականի գարնանն ասված այս խոսքերը.

«Հեղափոխության շնորհիվ 2015 թվականին հաջորդած հինգ տարիները դարձան հայ ազգի համար վերածննդի տարիներ: Մենք դարձանք ավելի ուժեղ երկիր, որն ավելի լավ դիվանագիտություն է վարում եւ աշխարհում ավելի լուրջ է ընկալվում»:

Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են Ֆոտոլուրի եւ Pan Photo-ի լուսանկարները:

 

«Նորագույն պատմությունը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Նորագույն պատմությունը»-ը ներկայացնում է իրադարձություններ եւ դրվագներ, որոնք տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում 1991 թվականից հետո ընկած ժամանակաշրջանում: