2023թ. նոյեմբերի 16-ին ելույթ ունենալով Ազգային ժողովում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասել էր. «Այն, ինչ մենք ուզում էինք Լեռնային Ղարաբաղի հարցով, այլեւս հնարավոր չէր առնվազն ԵԱՀԿ 1996 թվականի դեկտեմբերին՝ Լիսաբոնի գագաթնաժողովից հետո»։ Հակադարձելով` Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն ասել էր, որ «1996 թվականին Հայաստանն այնքան ուժեղ էր, որ հակառակվելով աշխարհի մեծերին, այդ թվում՝ ԱՄՆ-ին, Ռուսաստանին եւ Ֆրանսիային, միայնակ վետո էր դրել Ղարաբաղյան հակամարտության՝ մեզ համար ոչ ցանկալի կարգավորման տարբերակի նկատմամբ՝ դրա համար չվճարելով որեւէ դիվանագիտական գին»:
ԵԱՀԿ երկօրյա գագաթնաժողովը, որին մասնակցում էին 54 երկրի ղեկավարներ, մեկնարկեց Պորտուգալիայի մայրաքաղաքում 1996 թվականի դեկտեմբերի 2-ին: Օրակարգի գլխավոր հարցը Եվրոպայի անվտանգության ապագա մոդելի քննարկումն էր. ԽՍՀՄ փլուզումից եւ Սառը պատերազմի փաստացի ավարտից հետո ընդամենը 5 տարի էր անցել:
Հայաստանի եւ Ադրբեջանի համար, բնականաբար, հատուկ կարեւորություն ուներ այն, թե գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում ինչպես է հիշատակվելու Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Մինչ գագաթնաժողովի մեկնարկը արտահոսք եղավ այն մասին, որ Ադրբեջանը սպառնացել է խափանել ԵԱՀԿ գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթի ընդունումը, եթե վերջնական փաստաթղթում չհաստատվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
Արդեն Լիսաբոնում Հայաստանն ու Ադրբեջանը բանակցություններ էին վարել՝ փորձելով գտնել փոխընդունելի ձեւակերպումներ, սակայն հաջողության չէին հասել:
Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւն իր ելույթում հակամարտության կարգավորման ձախողման համար մեղադրել էր Հայաստանին․
«Սահմանների անխախտելիությունը եւ տարածքային ամբողջականությունը համաշխարհային համայնքի կողմից ընդունված սկզբունքներ են։ Այդ սկզբունքներից ցանկացած շեղում խոչընդոտում է խաղաղության եւ կայունության հաստատումը: Լեռնային Ղարաբաղի անկախության անօրինական հավակնություններն անհամատեղելի են միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում գտած նորմերի հետ։ Մենք երբեք թույլ չենք տա, որ Ադրբեջանի տարածքում ստեղծվի երկրորդ հայկական պետությունը։ Հայկական կողմը պետք է վերջապես գիտակցի, որ իր կողմից հրահրված հակամարտությունը, որը ահավոր տառապանքներ պատճառեց Ադրբեջանի ժողովրդին, դժվարին կացության մեջ է դրել նաեւ հայ ժողովրդին»։
Դեկտեմբերի 2-ի երեկոյան ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովում ելույթ ունեցավ Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ հակադարձեց Հեյդար Ալիեւին.
«Բուդապեշտի գագաթնաժողովից հետո Հայաստանն ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին։ Դեռ ավելին, Հայաստանը հանդես եկավ Ադրբեջանի հետ անմիջական երկխոսության մեջ մտնելու նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով այդ երկրի հետ համաձայնեցնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները։ Սակայն այս գագաթնաժողովում մեզ թվում է, որ Ադրբեջանը փորձում է խախտել բանակցային գործընթացի՝ համընդհանուր ճանաչում գտած տրամաբանությունը։
Մեր խորին համոզմամբ՝ Ղարաբաղի հակամարտությունը Ադրբեջանի առաջարկած սկզբունքների հիման վրա լուծելու դեպքում ցեղասպանության եւ բռնի արտաքսման մշտական սպառնալիքը կախված կլինի Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա։ 1988 թվականի փետրվարին Սումգայիթում, 1988 թվականի նոյեմբերին Կիրովաբադում եւ 1990 թվականի հունվարին Բաքվում տեղի ունեցած հակահայկական ջարդերի փորձը, ինչպես նաեւ 1991 թվականի մայիս-հունիս ամիսներին Ղարաբաղի 24 գյուղերի բնակիչների բռնի արտաքսման փորձը ակնհայտորեն վկայում են, որ չնայած բոլոր հավաստիացումներին, Ադրբեջանը չի կարող ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխիքը։ Այդ պատճառով մենք գտնում ենք, որ նոր ողբերգության բացառման միակ հնարավորությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելն է։ Այնուհանդերձ, Հայաստանը հաստատում է հրադադարը պահպանելու իր պարտավորությունը եւ պատրաստակամություն է հայտնում շարունակել կառուցողական մասնակցությունը բանակցային գործընթացին թե՛ Մինսկի խմբի շրջանակներում եւ թե՛անմիջական երկխոսությունում»։
Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկեց նաեւ ԵԱՀԿ հովանու ներքո անցկացնել երեք անդրկովկասյան պետությունների ոչ պաշտոնական խորհրդակցություններ, որոնց նպատակը կլինի տարածաշրջանային գործակցության գլխավոր սկզբունքների եւ ուղենիշների մշակումը։
Լիսաբոնի գագաթնաժողովի փակումից ժամեր առաջ ամփոփիչ փաստաթղթի 20-րդ կետը, որտեղ խոսվում էր Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին, հանգուցային դարձավ։ Վերջին նիստում Հեյդար Ալիեւն ասել էր, թե կհրաժարվի հայտարարագրի վրա վետո դնելու մտադրությունից, եթե Հայաստանը չառարկի 20-րդ կետի դեմ, որտեղ շեշտվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու նախատեսվում Ղարաբաղի ինքնորոշումը Ադրբեջանի կազմում։ Հայաստանն էլ, ընդունելով հայտարարագրի ամբողջ տեքստը, վետո էր դրել հենց այդ կետի վրա: Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր.
«Հայաստանը չի կարող հանել իր առարկությունը 20-րդ կետի վերաբերյալ՝ հիմնվելով այն հիմնապատճառների վրա, որ ես շարադրեցի երեկ»։
Ի վերջո ԱՄՆ պատվիրակության ղեկավար Սեմ Բրաունն առաջարկեց վիճահարույց կետը հանել հայտարարագրից եւ հրապարակել այն իբրեւ ԵԱՀԿ գործող նախագահ Ֆլավիո Կոտիի առանձին հայտարարություն։
2013 թվականին հրապարակված հուշերում Վարդան Օսկանյանը, որը 1996 թվականին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալն էր եւ Լիսաբոնում ընթացող թեժ քննարկումների հիմնական դերակատարներից մեկը, գրում էր, որ այդ փոխզիջումային տարբերակը եւս միանգամից ձեռք չէր բերվել:
Օսկանյանը գրում է, որ ԵԱՀԿ մշտական խորհուրդը նախագահող երկրի՝ Շվեյցարիայի դեսպան Ժերար Շտուդմանի հետ «կոշտ» հանդիպման արդյունքում համաձայնություն էր եղել այն մասին, որ թարմացված ամփոփիչ փաստաթղթից կհանվի ԼՂ հարցին վերաբերող պարբերությունը:
«Փոփոխության մասին Շտուդմանի խոստումը ստանալուց հետո մենք վերադարձանք դահլիճ՝ շարունակելու քննարկումները այլ հարցերի շուրջ, միաժամանակ անհամբեր սպասելով ԵԱՀԿ քարտուղարության կողմից նոր տարբերակը բաժանելուն: Հանկարծ մի ահավոր աղմուկ լսվեց դահլիճի հարակից միջանցքից, որը եւ վերածվեց քաշքշուկի, երբ արդեն մենք` հայկական պատվիրակությունը, նույնպես հայտնվեցինք այդ խառնաշփոթի մեջ... Թուրքիայի եւ Ադրբեջանի պատվիրակությունները, իմացած լինելով, որ քարտուղարությունից դուրս եկած եւ պատվիրակություններին բաժանվելու համար դեպի դահլիճ գնացող նորացված քաղաքական դեկլարացիայից Լեռնային Ղարաբաղին վերաբերող հատվածը հանվել է, բռնի ուժով քարտուղարության աղջիկներին թույլ չէին տալիս շարժվել դեպի դահլիճ եւ բաժանել փաստաթուղթը: Մեծ ժխորի պատճառավ գործին խառնվեց ԵԱՀԿ ողջ ղեկավարությունը: Ամեն ինչ ժամանակավորապես ընդհատվեց, եւ նրանք դռնփակ հանդիպման արդյունքում որոշեցին փաստաթուղթը թողնել նախնական տեսքով»,- 2013-ին գրում էր Օսկանյանը:
Իսկ 1996 թվականին՝ Լիսաբոնում գագաթնաժողովի փակվելուց հետո, Հայաստանի փոխարտգործնախարար Վարդան Օսկանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպես էր մեկնաբանել տեղի ունեցած «դիվանագիտական դրամատիկ մարաթոնը».
Լիսաբոնից վերադառնալուց հետո ՀՀ նախագահի խոսնակ Լեւոն Զուրաբյանը մամուլի ասուլիսում ասել էր, որ Լիսաբոնում խախտվել էր բանակցային գործընթացի տրամաբանությունը, ադրբեջանական կողմը փորձել էր պարտադրել իր կամքը։ Նրա կարծիքով՝ դա վտանգավոր նախադեպ է ԵԱՀԿ-ի աշխատանքում, երբ մի երկիր պատանդ է վերցնում մասնակից երկրների բանակցությունները եւ կատարված աշխատանքը՝ փորձելով բոլորին թելադրել իր կամքը։
Երեւան վերադառնալուց հետո մեկնաբանություններ էր արել նաեւ Վարդան Օսկանյանը: Նա, մասնավորապես, ասել էր, որ առայժմ դժվար է ասել, թե ինչպիսի հետեւանք կարող է ունենալ լիսաբոնյան գագաթնաժողովը՝ դրական, թե բացասական:
Փոխարտգործնախարարը նշել էր, որ ճնշումներ միշտ էլ եղել են, եւ այդ գիծը դեռեւս կշարունակվի, բայց Հայաստանի համար անընդունելի է որեւէ պարտադրանք: Վարդան Օսկանյանը նաեւ նշում էր, որ Լիսաբոնում տեղի ունեցածը անցած մի քանի տարվա առաջացած կուտակումների բախումն էր:
2013 թվականին իր հուշերում նա ավելի մանրամասն էր արտահայտվել.
«Լիսաբոնի գագաթնաժողովի եզրափակիչ մասում հնչել էր ԵԱՀԿ գործող նախագահի՝ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Ֆլավիո Կոտիի հայտարարությունը, որում ուրվագծվում էին ԼՂ հարցի կարգավորման որոշակի սկզբունքներ, որոնք միանշանակորեն համընկնում էին Ադրբեջանի մոտեցումներին եւ բացարձակապես անընդունելի էին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար: Դրանք ենթադրում էին Լեռնային Ղարաբաղի ինքնավարության բարձր մակարդակ Ադրբեջանի կազմում, անվտանգության երաշխիքներ եւ կապ Հայաստանի հետ:
Այս հայտարարության ակունքները, կարելի է ասել, գնում էին 1995թ. դեկտեմբեր՝ Բոնն: Այնտեղ ԼՂ բանակցություններում Մինսկի խմբի հերթական հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների խորհրդականներ Ժիրայր Լիպարիտյանի եւ Վաֆա Գուլուզադեի միջեւ բանակցություններ սկսվեն՝ հստակեցնելու Լեռնային Ղարաբաղի հնարավոր կարգավիճակի քաղաքական չափորոշիչները: Այդ օրերին հսկայական ճնշում կար Հայաստանի վրա՝ համաձայնելու Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում ամենաբարձր ինքնավարության, որը համազոր պետք է լիներ դե ֆակտո անկախ, բայց դե յուրե Ադրբեջանի կազմում տարբերակին: 1996թ. ամբողջ ընթացքում Լիպարիտյանն ու Գուլուզադեն հանդիպեցին մոտ տասն անգամ, հիմնականում՝ Փարիզում: Այդ հանդիպումների արդյունքները մեծամասամբ գաղտնի էին պահվում: Տեղյակ էր լինում միայն Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Նախարարների խորհրդի կամ նախագահների գագաթնաժողովի ԵԱՀԿ յուրաքանչյուր տարեվերջյան հանդիպման արդյունքում որոշումների կողքին միշտ ընդունվում է նաեւ քաղաքական դեկլարացիա, որտեղ անդրադարձ է արվում ԵԱՀԿ տարբեր մարմինների գործունեությանը, եւ քաղաքական գնահատականներ են տրվում տարբեր զարգացումների ու իրադարձությունների: 1992-ից, երբ ԼՂ հարցը արդեն մտավ ԵԱՀԿ օրակարգ, յուրաքանչյուր տարի այդ քաղաքական դեկլարացիայում տեղ է գտել նաեւ ԼՂ հարցը, որտեղ մեկ կամ երկու պարբերությամբ ներկայացվել է հարցի շուրջ արվածը, այդ պահի իրավիճակը եւ դրա քաղաքական գնահատականը: ԵԱՀԿ կանոնադրության համաձայն այդ փաստաթուղթը եւս ընդունվում է կոնսենսուսով: Այնտեղ կողմերի համար երբեք անակնկալներ չեն եղել, որովհետեւ միջնորդների օգնությամբ նախօրոք բանակցվում եւ համաձայնեցվում է դրա բովանդակությունը:
Լիսաբոնում ակնկալվում էր նույնը, բայց այդպես չեղավ հիմնականում Ադրբեջանի խաբեության, նենգության եւ համառության, բայց նաեւ, իհարկե, հայկական կողմի միամտության, ինքնավստահության եւ անփութության պատճառով:
Քանի որ ԼՂ հարցի շուրջ տարվա գլխավոր իրադարձությունը Լիպարիտյան-Գուլուզադե բովանդակությամբ գաղտնի բանակցություններն էին, բնական էր (եւ բանակցողներն այդպես էլ պայմանավորվել էին), որ հենց իրենք Լիսաբոնում նախագահների քաղաքական դեկլարացիայում ներառվելիք ԼՂ հատվածի նախագիծը ներկայացնեին արդեն ընդհանուր գծերով համաձայնեցված:
Գագաթնաժողովին ընդառաջ եւ դրանից ընդամենը երկու օր առաջ Մինսկի խմբի հերթական հանդիպումն էր Հելսինկիում, որտեղ ներկա էր Հայաստանի պատվիրակությունը՝ իմ գլխավորությամբ, Ադրբեջանի պատվիրակությունը՝ արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովի գլխավորությամբ: Լեռնային Ղարաբաղը ներկայացնում էր ԼՂ արտգործնախարար Արկադի Ղուկասյանը:
Հանդիպումներն արդեն մոտենում էին ավարտին, եւ ես պատվիրակության հետ պատրաստվում էի Հելսինկիից մեկնել Լիսաբոն, երբ մենք լուր ստացանք, որ Լիպարիտյանը գալիս է Հելսինկի՝ հանդիպելու Մինսկի խմբի համանախագահների եւ, բնականաբար, Ղուկասյանի ու ինձ հետ: Պարզվեց, որ Գուլուզադեն վերջին պահին զանգել է Լիպարիտյանին եւ հայտնել, որ ադրբեջանական կողմը հրաժարվում է շարունակել երկկողմ բանակցությունները, չեղյալ է համարում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները եւ հայկական կողմի հետ պատրաստ չէ համաձայնեցնել Լիսաբոնի քաղաքական դեկլարացիայում տեղ գտնելիք տեքստը:
Լիպարիտյանի այս անակնկալ այցի նպատակն էր հայկական կողմի բողոքը ներկայացնել համանախագահներին, համապատասխան արձագանք ակնկալել, ինչպես նաեւ արդեն այս նոր ստեղծված իրավիճակում մեզ հետ քննարկել մեր անելիքները Լիսաբոնում:
Այս լուրը, բնականաբար, մեզ անակնկալի բերեց, ինչպես նաեւ մտահոգեց այն առումով, որ եթե այս բոլորը Ադրբեջանը նախօրոք էր ծրագրել՝ վերջին պահին անակնկալի բերելով հայկական կողմին, բնականաբար, նա էական առավելություն էր ունենալու Լիսաբոնում ընթանալիք բանակցություններում»:
Լիսաբոնից անմիջապես հետո Վարդան Օսկանյանն ասում էր, որ բանակցությունների նոր փուլ կսկսվի միայն Մինսկի խմբի նոր համանախագահների հարցը լուծելուց հետո: 1996 թվականի դեկտեմբերի դրությամբ Մինսկի խմբի համանախագահներն էին Ռուսաստանն ու Ֆինլանդիան, իսկ 1997 թվականին ձեւավորվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը՝ ի դեմս Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի:
Լիսաբոնի գագաթնաժողովից օրեր անց, 1996 թվականի դեկտեմբերի 9-ին, Մոսկվայում կայացել էր Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Ալեքսանդր Արզումանյանի եւ Եվգենի Պրիմակովի հանդիպումը:
Ամփոփիչ ասուլիսում Պրիմակովը հայտարարել էր. «Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության, Լեռնայի Ղարաբաղի ինքնորոշման եւ ինքնակառավարման բարձրագույն աստիճանի պայմաններով: Այս բանաձեւից դուրս հիմնահարցը լուծում չունի»:
Դրանից երեք օր առաջ՝ 1996 թվականի դեկտեմբերի 6-ին, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը Բաքվում այսպես էր արձագանքել այն մասին, թե արդյոք ՌԴ վարչապետ Վիկտոր Չեռնոմիրդինն ու ԱԳ նախարար Եվգենի Պրիմակովը Լիսաբոնում հանդես էին գալիս «դիվանագիտական քաղաքավարության» դիրքերից, թե աջակցում էին Ադրբեջանի դիրքորոշմանը.
«Ես նրանց հետ հանդիպել էի ե՛ւ գագաթնաժողովից առաջ, ե՛ւ դրա ընթացքում։ Նրանք հասկացան իմ դիրքորոշումը։ Բայց միեւնույն ժամանակ նրանք խիստ մտահոգված էին, որ գագաթնաժողովը կարող է ավարտվել առանց փաստաթղթի ընդունման։ Եվ երբ արդեն գնում էր այլընտրանքային լուծման որոնումը, Չեռնոմիրդինն ու Պրիմակովը ակտիվ մասնակցություն ունեցան, ինչի համար ես շնորհակալ եմ նրանց։
Չեռնոմիրդինը ելույթ ունեցավ նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարության ընդունման ժամանակ, շատ վճռականորեն աջակցեց այդ հայտարարությանը` վստահեցնելով, որ Ռուսաստանը կանի ամեն ինչ այս հակամարտությունը կարգավորելու համար։ Ես շատ գոհ եմ։ Այնտեղ, ինչպես ասացիք, դիվանագիտական քաղաքավարություն չկար, կար իրական աջակցություն»։
Հետաքրքիր է, որ նույն ասուլիսում Հեյդար Ալիեւը մեկնաբանել էր նաեւ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը ռուսական ռազմակայանի մասին համաձայնագիրը երկրի հիմնական օրենքին համապատասխանելու վերաբերյալ.
«Համարում եմ, որ Անդրկովկասի տարածքում եւ հատկապես՝ Հայաստանում, Ռուսաստանի Դաշնության ռազմաբազաների տեղակայման անհրաժեշտություն չկա։ Ինչո՞ւ են դրանք պետք՝ ես չեմ հասկանում: Կարծում եմ՝ դա բոլորովին ավելորդ է։ Ես սկզբունքորեն դեմ եմ Անդրկովկասի տարածքում ռուսական զինված ուժերի տեղակայմանը»:
Լիսաբոնից վերադառնալուց հետո Հեյդար Ալիեւը խոսել էր ոչ միայն Լեռնային Ղարաբաղի խնդրից, այլեւ «պատմությունից».
«Այսօր Հայաստանի Հանրապետություն անունով ստեղծված պետությունը հիմնված է ադրբեջանական տարածքների վրա՝ շնորհիվ գերհզոր ուժերի թույլտվության»:
Վարդան Օսկանյանն իր հուշերում գրում է, որ «Բուդապեշտի գագաթնաժողովից երկու տարի անց Լիսաբոնի գագաթնաժողովը կարծես միջազգային հանրության կողմից Հայաստանից վրեժ լուծելու փորձ լիներ»:
«Այդ ժամանակ, հակառակ միջազգային հանրության կամքին, Հայաստանը միայնակ ԵԱՀԿ-ում թույլ չտվեց հաստատել կոնսենսուս մինուս մեկ սկզբունքը: Ահավասիկ, հաջորդ առաջին իսկ ընձեռված հնարավորության դեպքում նրանք Հայաստանի համար ամենացավոտ եւ ճակատագրական հարցում ձեւ գտան շրջանցելու խաղի այդ կանոնը եւ պատժելու Հայաստանին»,- գրում է Օսկանյանը:
Այլ կարծիք ունի Լեւոն Զուրաբյանը: Հակադարձելով Նիկոլ Փաշինյանի 2023թ. նոյեմբերի 16-ի հայտարարությանը՝ նա ասել է.
«Այդ վետոյի եւ Հայաստանի այն սկզբունքային եւ հետեւողական դիրքորոշման շնորհիվ, որ Հայաստանն անընդունելի էր համարում որեւէ լուծում, որը կսահմաներ Արցախը որպես Ադրբեջանի մաս, Հայաստանն ի վերջո հասավ նրան, որ 1997 թվականի նոյեմբերին ԵԱՀԿ Մինսկի համանախագահներ ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան հակամարտող կողմերին ներկայացրին կարգավորման փուլային տարբերակը, որը Ադրբեջանի եւ Հայաստանի հետ իրավահավասար կարգավիճակով պետք է ստորագրեր նաեւ Լեռնային Ղարաբաղը, ընդ որում՝ լուծումը չէր նախատեսում Ադրբեջանի տարածքային ամբողջականության որեւէ հիշատակում: Աշխարհը, ըստ էության, ընդունել էր Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո անկախությունը, ինչպես նաեւ Հայաստանն ու Ղարաբաղը կապող տարածքների վրա հայկական վերահսկողությունը՝ պահանջելով միայն, որ Ադրբեջանին հետ վերադարձվեն Լեռնային Ղարաբաղից դուրս տարածքները»:
Արա Թադեւոսյան