Ռամբույե. առաջընթացի սպասելիքներն ու «բանակցության իմիտացիան»



2006 թվականի փետրվարի 10-11-ը Փարիզի Ռամբույե արվարձանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը բանակցում էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Չնայած սպասումներին ու կանխատեսումներին, երկօրյա հանդիպումը խաղաղ գործընթացում «բեկում» չապահովեց:

Այդ բանակցությունը Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի վեցերորդ հանդիպումն էր։ Երկու ղեկավարների առաջին հանդիպումը կայացել էր 2003 թվականի դեկտեմբերին Ժնեւում։ 2004 թվականի ապրիլին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպել էին Վարշավայում։ «Չենք կարող հպարտանալ արդյունքներով, բայց բանակցությունների բնույթն ու մթնոլորտը դրական են»,- ասել էր Քոչարյանը հանդիպման ավարտին։

2004 թվականի սեպտեմբերին Աստանայում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների երրորդ հանդիպումը։ Մի քանի ժամ տեւած բանակցությունների արդյունքներով առաջնորդները նշել էին, որ քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ 2005 թվականի մայիսին Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը կրկին հանդիպեցին Լեհաստանի մայրաքաղաքում։ Միջնորդները շատ դրական էին գնահատել այդ հանդիպումը. ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանն անգամ խոսել էր «լուրջ առաջընթացի հասնելու հնարավորության» մասին։

 

 

2005 թվականի օգոստոսին Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը բանակցություններ էին վարել Կազանում եւ հանդիպումից հետո հայտարարել էին, որ կողմերն այն համարում են «դրական զարգացում բանակցային գործընթացում»։

2006 թվականի փետրվարի 10-ին Ռամբույեում բանակցությունները տեւել էին մոտ 4 ժամ։ Քոչարյանի եւ Ալիեւի դեմ առ դեմ հանդիպմանը նախորդել էին ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց մասնակցել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ռուս եւ ֆրանսիացի համանախագահներ Սթիվեն Մանը, Յուրի Մերզլյակովը եւ Բեռնար Ֆասիեն, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Վարդան Օսկանյանը եւ Էլմար Մամեդյարովը, եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։

Մինչ բանակցությունների մեկնարկը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին Ելիսեյան պալատում ընդունել էր Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը եւ հույս հայտնել, որ կողմերը կկարողանան «հիմք դնել ապագա կարգավորման համար»։

 

 

Ռամբույեի բանակցություններն ընթանում էին փակ դռների հետեւում։ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումների պատմության մեջ առաջին անգամ մամուլի ներկայացուցիչներին թույլ չէին տվել բանակցությունների վայր ժամանել. 30 վայրկյան տեւած պրոտոկոլային նկարահանման համար ներս էին թողել միայն Քոչարյանի եւ Ալիեւի անձնական օպերատորներին ու լուսանկարիչներին։

Առաջին օրվա արդյունքներով կողմերը որեւէ հայտարարություն չարեցին։ Բանակցությունները շարունակվեցին փետրվարի 11-ի առավոտյան, որը սկսեցին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները, իսկ որոշ ժամանակ անց հանդիպեցին երկու նախագահները, որոնք խոսեցին ավելի քան երկու ժամ։

Նախատեսվում էր, որ եթե կողմերին հաջողվի հաղթահարել տարաձայնությունները, կսկսվի բանակցությունների երրորդ փուլը՝ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի մասնակցությամբ։ Դա տեղի չունեցավ. Ռամբույեի հանդիպումից անմիջապես հետո Քոչարյանն ու Ալիեւը մեկնեցին Փարիզից։

 

 

2006 թ. փետրվարի 12-ին հրապարակված հայտարարության մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նշել էին, որ «չնայած ինտենսիվ բանակցություններին, հակամարտող կողմերի դիրքորոշումները որոշ զգայուն հարցերի շուրջ չեն փոխվել»։ Միջնորդներն ասել էին, որ Քոչարյանն ու Ալիեւն արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են շարունակել հակամարտության կարգավորման ուղիներ փնտրել։

Բանակցությունների ձախողման առաջին ազդակներն ի հայտ էին եկել փետրվարի 8-ին, երբ ելույթ ունենալով Ստոկհոլմի Արտաքին քաղաքականության ինստիտուտում՝ Ռոբերտ Քոչարյանն ասել էր.

«Ես զգուշավոր լավատեսությամբ էի տրամադրված փարիզյան հանդիպման հեռանկարների վերաբերյալ, սակայն Ադրբեջանի ղեկավարության ներկայացուցիչների վերջին հայտարարությունների պատճառով այն փոխվեց չափազանց զգուշավոր լավատեսության»։


Ամենայն հավանականությամբ Քոչարյանը նկատի ուներ Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարություններն այն մասին, որ Բաքվի համար կարգավորման միակ հնարավոր տարբերակը Լեռնային Ղարաբաղի «վերաինտեգրումն» է Ադրբեջանի կազմում։

«Կարգավորմանը հասնելու համար կողմերը պետք է քաղաքական կամք դրսեւորեն եւ որոշակի քաղաքական ռիսկի դիմեն։ Այն հայտարարությունները, որոնք հնչել էին Բաքվից վերջին 2-3 օրվա ընթացքում, վկայում են, որ այդ կամքը Ադրբեջանում չկա կամ բավարար չափով չէ»,- ասել էր Հայաստանի նախագահը Շվեդիայում։

 

 

Ռամբույեի հանդիպման նախօրեին շատերը համեմատություններ էին կատարում դրանից հինգ տարի առաջ ստեղծված իրավիճակի հետ, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները հանդիպում էին անցկացրել, որը, թվում էր, կարող է բեկումնային դառնալ ղարաբաղյան խնդրի լուծման համար։ Ռոբերտ Քոչարյանը եւ Հեյդար Ալիեւը հանդիպել էին 2001 թվականի հունվարի 26-ին հենց Փարիզում։ Այդ բանակցություններում Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ներկայացրել էր խնդրի կարգավորման հնարավոր ուղիների իր տեսլականը եւ կողմերին առաջարկել սկզբունքներ, որոնց հիման վրա կարող էր կառուցվել խաղաղության համաձայնագիրը։ Այդ սկզբունքները հետագայում կոչվեցին «փարիզյան» եւ դարձան այն ծրագրի հիմքը, որը քննարկվել էր 2001 թվականի ապրիլին Քի Ուեսթի բանակցություններում եւ նախատեսում էր Լեռնային Ղարաբաղի փոխանցումը Հայաստանի ինքնիշխանության ներքո՝ Նախիջեւանի հետ կապի համար ՀՀ տարածքում Ադրբեջանին հաղորդակցության միջանցք տրամադրելու դիմաց։ Սակայն արդեն 2001 թվականի ամռանը Հեյդար Ալիեւը հրաժարվել էր Քի Ուեսթի պայմանավորվածություններից, եւ խաղաղ գործընթացը փակուղի էր մտել։

 

 

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոր բանակցություններին նախորդել էր երկու երկրների արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, որը տեղի էր ունեցել 2006 թվականի հունվարի կեսերին Լոնդոնում: Հենց Վարդան Օսկանյանն ու Էլմար Մամեդյարովն էին համարվում 2004 թվականի գարնանը սկսված «Պրահայի գործընթացի» հեղինակները։

Ռոբերտ Քոչարյանի Հայաստան վերադառնալուց հետո Երեւանը հերքել էր ադրբեջանական կողմի այն հայտարարությունները, թե Հայաստանի նախագահը կիսատ է թողել բանակցությունները Ռամբույեում։ Ի պատասխան Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովի հայտարարության, թե «Հայաստանի ղեկավարն անավարտ է թողել բանակցությունները», Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել էր, որ «Ռոբերտ Քոչարյանը արժեւորում է իր ժամանակը եւ անլուրջ է համարում բանակցությունների իմիտացիան՝ անգամ հիասքանչ Փարիզում ավելի երկար մնալու համար»։

 

 

«Իրականում փետրվարի 11-ին Ռամբույեում Հայաստանի նախագահն առաջարկել էր ամփոփել բանակցությունները, երբ պարզ էր դարձել, որ արդյունքի հասնել չի ստացվելու»,- պարզաբանել էր Սողոմոնյանը։

Իսկ Վարդան Օսկանյանը կոչ էր արել հրաժարվել Ռամբույեում Քոչարյանի եւ Ալիեւի հանդիպման «կատեգորիկ գնահատականներից»։ Օսկանյանի խոսքերով՝ «Այն փաստը, որ նախագահները չկարողացան համաձայնության գալ Ֆրանսիայում, չի բացառում այս տարվա ընթացքում առաջընթացի հասնելու հնարավորությունը»։

 

 

«Այն, որ Ռամբույեի բանակցություններում համաձայնություն ձեռք չի բերվել, ստվեր չի գցում նախորդ հաջողությունների եւ 2005 թվականին բանակցային գործընթացում գրանցված առաջընթացի վրա։ Այս առաջընթացը ուժի մեջ է մնում։ Ակնհայտ է, որ որքան մոտենում ենք հակամարտության կարգավորմանը, այնքան ավելի բարդ են դառնում այն խնդիրները, որոնք դեռ պետք է լուծվեն: Խնդիրը, որը դրվել էր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առջեւ Ռամբույեում, շատ բարդ է, եւ այն հեշտ չէ լուծել միանգամից»,- ասել էր Վարդան Օսկանյանը։

Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են լուսանկարներ REUTERS-ի եւ Ֆոտոլուրի արխիվներից:

 

«Նորագույն պատմությունը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Նորագույն պատմությունը»-ը ներկայացնում է իրադարձություններ եւ դրվագներ, որոնք տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում 1991 թվականից հետո ընկած ժամանակաշրջանում: