Bravo. երբ «ամբողջ աշխարհը մեր ոտքերի տակ էր»



1992 թվականի ամռանն ավարտեցի դպրոցը եւ ընդունվեցի Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետը: Արեւելագետ դառնալու ծրագրեր չունեի. ցանկանում էի միջազգային հարաբերություններ ուսումնասիրել, բայց մի քանի միավոր չհերիքեց եւ «հայտնվեցի» արեւելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժնում:

Սեպտեմբերի առաջին օրերին արդեն հասկացել էի, որ արեւելագիտությունը (ամենայն հարգանքով բոլոր արեւելագետների նկատմամբ) իմը չէ: Այն միտքը, որ պետք է հինգ տարի զբաղվեմ մի բանով, որը սրտովս չէ, ուրախություն չէր պատճառում: Ու մի օր ամեն ինչ փոխվեց:

Համալսարանում ինձ մոտեցավ Դավիթ Ալավերդյանն ու ասաց, որ աշխատանքի է ընդունվել Bravo անունով շաբաթաթերթում եւ պայմանավորվել է, որ ռոք երաժշտությանը նվիրված մեր SESSION «սամիզդատ» թերթը առանձին էջ է ունենալու նոր պարբերականում: «Դասերից հետո կգնանք, քեզ կծանոթացնեմ Կարենի եւ Միշայի հետ»,- ասաց Դավիթը: Կարենն ու Միշան Bravo-ի հիմնադիրներ Կարեն Ղազարյանն ու Միքայել Պողոսովն էին:

Դավիթի հետ ծանոթացել էինք 1990 թվականին Աստղիկ Հովհաննիսյանի ղեկավարած Պատանի լրագրողի դպրոցում: Առաջին դասին տեսնելով Դավիթի The Beatles-ի կրծքանշանը՝ հասկացա, որ հոգեհարազատ մարդ եմ գտել: Պատանի լրագրողի դպրոց երկար չհաճախեցի, բայց Դավիթի հետ ընկերացանք եւ սկսեցինք «հրատարակել» SESSION-ը: Նյութերը հավաքում էինք գրամեքենայով, մի քանի տասնյակ օրինակ բազմացնում էինք հայրիկիս գործի տեղի «ռոտապրինտ» սարքավորման միջոցով, որը «քսերոքսի» ավելի անորակ տեսակն էր: SESSION-ը նախատեսված էր վաճառքի համար, բայց, իհարկե, չէր վաճառվում: Մի անգամ մեր ընկեր Լիլկան առաջարկեց կազմակերպել նոր համարի սպառումը Նալբանդյան փողոցի՝ ՊԱԿ-ի շենքի դիմացի բակում մի քանի ամիս գործած ռոք-ակումբում: Դավիթի հետ մի փոքր ուշացած եկանք եւ ներս մտնելով տեսանք, որ գրեթե բոլորի ձեռքին SESSION կա: Մինչեւ մտքում հաշվում էինք, թե որքան եկամուտ ենք ունենալու, հայտնվեց Լիլկան եւ գոհ դեմքով հայտնեց, որ բոլոր թերթերն անվճար բաժանել է:

Եվ ահա SESSION-ի կյանքում պետք է նոր փուլ սկսվեր «իսկական» թերթում:
Դասերից հետո Դավիթի հետ գնացինք «Անի հյուրանոց», որի 6-րդ հարկն ամբողջությամբ զբաղեցնում էր անշարժ գույքի հայաստանյան առաջին գործակալություններից մեկը` Mercury ընկերությունը: Mercury-ն Bravo-ի հովանավորն էր:

Bravo-ի հատկացրած մեկ սենյակում (հետագայում խմբագրությունը 4-5 առանձին սենյակ ուներ) տեսա կյանքիս առաջին համակարգիչը եւ խաղացի կյանքիս առաջին համակարգչային խաղը՝ «ռալլին»: Հետո Կարենը նստեց համակարգչի առջեւ՝ տեքստ մուտքագրելու: Քանի որ գրամեքենայով տպելու որոշ փորձառություն ունեի, առաջարկեցի օգնել իրեն եւ մի տեքստ ինքս մուտքագրեցի: Անհավանական էր, սխալ տպված տառը կամ բառը կարելի էր տեղում ջնջել ու անցնել առաջ: Այդ օրը Bravo-ում մնացի մինչեւ երեկո եւ հասկացա, որ այստեղ ինձ շատ ավելի լավ եմ զգում, քան արեւելագիտության ֆակուլտետում:

Խոսքը փոխանցեմ Կարեն Ղազարյանին եւ Դավիթ Ալավերդյանին:


Կարեն Ղազարյան


Հեռավոր 1990 թվականին՝ ԵՊՀ ռուսական բանասիրության ֆակուլտետ ընդունվելուց քիչ ժամանակ անց կուրսեցուս՝ Միխայիլ Պողոսովի հետ սկսեցինք թղթակցել Պարույր Հայրիկյանի ԱԻՄ կուսակցության Свобода թերթին, որի խմբագիրը Թեւոս Ներսիսյանն էր: Նա պրոֆեսիոնալ եւ փորձառու լրագրող էր, որից շատ բան սովորեցինք: Սակայն ստեղծագործական ազատություն չունեինք, քանի որ թերթը կուսակցական էր: Միշայի հետ որոշեցինք, որ զուգահեռ պետք է նոր թերթ հիմնել՝ «Միլիոն» անվանմամբ: Առաջին համարի ստեղծմանը մասնակցեց նաեւ Դավիթ Ալավերդյանը: Շատ երջանիկ էինք, որ վերջապես կա մի թերթ, որտեղ կարող ենք ինքնադրսեւորվել: Բայց այդ երջանկությունը երկար չտեւեց. Միշան իր բռնկուն բնավորության պատճառով վիճեց Թեւոսի հետ, եւ ստիպված եղանք հեռանալ:


Դավիթ Ալավերդյան


Bravo-ն չպետք է լիներ։ Ավելի ճիշտ՝ Bravo-ն չպետք է լիներ Bravo, այն պետք է կոչվեր «Միլիոն»։ Ի սկզբանե այն հենց այդպես էլ կոչվում էր։ Որքան էլ զարմանալի է, «Միլիոն» շաբաթաթերթը «ծնվեց» 1992 թվականի սկզբին Գրիգոր Լուսավորիչ փողոցում գտնվող ԱԻՄ գրասենյակում՝ երկրորդ հարկում ծվարած Свобода թերթի խմբագրությունում։ Դրան նախորդել էր իմ ծանոթությունը Коммерсант Армении թերթի լրագրող Միշա Պողոսովի եւ նրա համակուրսեցի Կարեն Ղազարյանի հետ։

Սովորում էի ԵՊՀ ժուռնալիստիկայի բաժնի առաջին կուրսում, թղթակցում էի Պետական ռադիոյին, նյութեր էի գրում Деловая Армения շաբաթաթերթի համար, ինչպես նաեւ Պետական հեռուստատեսությունում սյուժեներ էի պատրաստում ռուսալեզու հեռարձակման համար։ Հենց նման մի սյուժե պատրաստելիս էլ ծանոթացել էի Միշայի հետ։

Երբ Միշայի եւ Թեւոսի վեճերից հերթականը վերջինն ու ճակատագրականը դարձավ, հայտնվեցինք այնտեղ, ուր «տանում էին բոլոր ճանապարհները»՝ Mercury Enterprise ընկերությունում, որը «գրավել» էր «Անի» հյուրանոցի 6-րդ հարկը։

Mercury-ի հիմնադիր Երվանդ Ֆրանգուլյանը հավատաց Միշային ու Կարենին, եւ 1992-ի սեպտեմբերին լույս տեսավ Bravo-ի առաջին համարը։


Կարեն Ղազարյան


Bravo-ի համար ընտրեցինք Весь Мир у твоих ног! նշանաբանը: Թերթի հայտնի լոգոն՝ Victory-ի երկու մատները V տառի փոխարեն, ստեղծեց ընկերս՝ Աշոտ Շահբազյանը, որը նաեւ թերթի առաջին նկարիչն էր:

 

 

Երվանդ Ֆրանգուլյանը մեզ ոչ միայն մի քանի սենյակ եւ համակարգիչներ տրամադրեց, այլեւ լիակատար ստեղծագործական ազատություն տվեց. մեր պատկերացումներն իրականացնելու անսահման ազատություն ունեինք:

1993 թվականի սկզբին Կարենն ու Միշան Դավիթին առաջարկեցին ստանձնել Bravo-ի գլխավոր խմբագրի պաշտոնը, Դավիթն էլ առաջարկեց SESSION-ում որպես երկրորդ խմբագիր ներգրավել Աստղիկ Իսաբեկյանին: Շուտով համալրում ստացավ նաեւ Bravo-ի «ամենասկանդալային» էջը՝ Sex Stop-ը: Այն վարող Սարգիս Պողոսյանին (նա Կարենի եւ Միշայի համակուրսեցին էր) միացավ Դավիթի մանկության ընկեր Կարեն Անտոնյանը: Ավելի ուշ Sex Stop-ի համար սկսեց նյութեր գրել Իրինա Ալավերդյանը:

 

 

Mercury-ի՝ Աջափնյակի շրջանի պատասխանատուներ Հովհաննես Յանիկյանի եւ Արեգ Հովհաննիսյանի «բարեխոսությամբ» մեզ միացավ Արմեն Պատվականյանը. նա անում էր կինոյին նվիրված Look էջը:

Թերթի նկարիչը Դմիտրի Մկրտչյանն էր, որին շատերդ, երեւի, ճանաչում եք որպես «Ռադիո Վան»-ի առավոտյան եթերի վարող «ակադեմիկոս Մկրտչյան»: Դիման, տաղանդավոր նկարիչ լինելուց բացի, նաեւ Ro De U պանկ-խմբի մենակատարն էր:

 

 

Լուսանկարիչը Աշոտ Մխիթարյանն էր, որը խմբագրության սենյակներից մեկի զուգարանը վերածել էր ֆոտո-լաբորատորիայի: Այսօրվա թվային աշխարհում դժվար է պատկերացնել, որ այն ժամանակ լուսանկարը լուսանկար էր դառնում ոչ թե մի ակնթարթում, այլ մի քանի բարդ տեխնոլոգիական փուլ անցնելուց հետո միայն: Եվ այդ փուլերից հետո կարող էր պարզվել, որ լուսանկարը խոտանված է…

Տեքստերը մուտքագրում էր Կարինե Ասլանյանը, իսկ համակարգչային բոլոր հարցերի «վարիչը» Տիգրան Մելիքյանն էր:


Դավիթ Ալավերդյան


Bravo-ն շատ արագ մտավ հայաստանյան գորշ իրականություն։ 1992 թվականի աշնանն ու ձմռանը Հայաստանում գրեթե չկար լույս, գազ, հաց, ջուր, բայց յուրաքանչյուր ուրբաթ կար Bravo։ Տպաքանակը կտրուկ աճում էր: Ամանորից հետո Միշան որոշեց այլեւս չզբաղվել ստեղծագործական հարցերով եւ առաջարկեց ինձ ստանձնել Bravo-ի ստեղծագործական կառավարումը՝ դառնալով գլխավոր խմբագիր։


Կարեն Ղազարյան


Նկարագրածս ազատության արդյունքը թերթի մեծ հաջողությունն էր: Մի անգամ, գիշերը տպագրելով հերթական համարը՝ 30 000 օրինակ, հենց տպարանի մուտքի մոտ ամբողջությամբ վաճառեցինք այն: Այնքան ուրախ էինք, որ կրկեսի մոտից մինչեւ «Անի» հյուրանոց ամբողջ ճանապարհին երգում եւ պարում էինք:

 

 

Յուրաքանչյուր բաժին իր էջադրման օրն ուներ. օրինակ՝ SESSION-ը էջադրվում էր երկուշաբթի, Look-ը՝ երեքշաբթի, Sex Stop-ը՝ չորեքշաբթի: Էջադրման պետք էր ներկայանալ թղթի վրա նկարած «մակետով», մուտքագրված նյութերով եւ լուսանկարներով, որոնք պետք էր սքանավորել: Յուրաքանչյուր բաժնի էջադրումը տեւում էր մի քանի ժամ՝ հաշվի առնելով այդ ժամանակվա համակարգչային տեխնիկայի դանդաղաշարժությունը: Բայց Տիգրան Մելիքյանի թեթեւ բնավորության շնորհիվ այդ ժամերն արագ էին անցնում:


Դավիթ Ալավերդյան


Խմբագրություն էին գալիս բազմաթիվ խելագար եւ կիսախելագար մարդիկ, ովքեր բերում էին հիմնականում ձեռագիր, երբեմն՝ մեքենագիր տեքստեր, գիտական հոդվածներ, մենագրություններ, պատմվածքներ, վեպեր, բանաստեղծություններ եւ խնդրում, աղաչում, պաղատում, պահանջում էին, որպեսզի դրանք ոչ միայն հրապարակվեն Bravo-ում, այլեւ հենց առաջիկա համարում։

Երբ թերթի տպաքանակը հատեց 30 000-ը, Միշային առաջարկեցի թողարկել նաեւ հայերեն տարբերակը։ Նա այդ գաղափարին կողմ չէր, բայց անսպասելիորեն ինձ աջակցեց Երվանդ Ֆրանգուլյանը։ Շուտով ունեցանք նաեւ հայերեն Bravo, որի համակարգումը ստանձնեցին Գոհար Գեւորգյանը եւ Խանդութ Բաղդասարյանը։

 

 

Վաճառողները եւ վերավաճառողները թերթը տանում էին անմիջապես խմբագրությունից, վճարում էին առձեռն՝ միանգամից ամբողջ գումարը, վերադարձ բացարձակ չկար։

1993 թվականի հունիսի սկզբին ռուսերեն տարբերակի տպաքանակը հատեց 50 000-ի, հայերենինը՝ 20 000-ի սահմանը։ Թերթը վաճառվում էր ամենուրեք՝ կրպակներում, մայթերին, անգամ մրգի ու բանջարեղենի խանութներում։

Mercury-ի տղաները մեզնից տարիքով շատ մեծ չէին՝ 2-3 տարի միայն: Բայց մեր աչքերում նրանք մեծ ու շատ հաջողակ էին: Երբեմն ուրբաթ առավոտյան որոշում էին, որ կարելի է շաբաթ-կիրակի Սոչի գնալ, տեղում ինչ-որ մեկին տալիս էին մի տրցակ թղթադրամ, որ գնա տոմսերի հետեւից, ու երեկոյան մեկնում էին: 1992 թվականին «Պլանի գլխում»՝ Ազգային գրադարանի այգու տարածքում, սփյուռքահայերը բացել էին Sami անունով սրճարան, որտեղ համբուրգերներ էին պատրաստում: Մի օր Mercury-ի տղաները բոլորիս հավաքեցին, տարան Sami-ում «պատիվ տվեցին». 1992-1993 թվականների Հայաստանի համար դա աննկարագրելի ճոխություն էր:

 

 

Շատ հիշողություններ կան Bravo-ի հետ կապված՝ ե՛ւ մասնագիտական, ե՛ւ անձնական, ե՛ւ զավեշտալի: Մի անգամ ընկերս Bravo-ի համար նյութ էր գրել Երեւանի միասեռականների մասին եւ, չգիտես ինչու, ստորագրել էր «Խորեն Գադիշո Խորխոռունի»: Գադիշո Խորխոռունին մարզպան Վասակ Սյունիի զինակիցն էր, իսկ 1992-1993 թվականներին Հայաստանի ռազմական ոստիկանության պետը Վահրամ Խորխոռունին էր: Եվ քանի որ այն ժամանակ Bravo կարդում էին բոլորը, թերթի լույս տեսնելուց ժամեր անց Վահրամ Խորխոռունուն զեկուցել էին, որ «իր անունը կապել են միասեռականների հետ»: Մանրամասները չեմ հիշում, բայց անխուսափելի թվացող հաշվեհարդարը կանխեց թերթի տնօրեն Արսենը, որն ընդհանուր ծանոթներ ուներ ռազմական ոստիկանության պետի հետ:

 

 

Թվում է, թե մի ամբողջ կյանք ենք անցկացրել Bravo-ում, բայց իրականում մեր «դասական» կազմը թերթում աշխատեց մեկ տարուց պակաս: Առաջին խնդիրներն առաջացան 1993 թվականի հունիսին, երբ թերթի ղեկավարությունից մեկ շաբաթով արձակուրդ խնդրեցինք: Ի պատասխան մեր առջեւ պայման դրեցին՝ կմեկնեք միայն այն դեպքում, եթե մի շաբաթում թերթի երկու համար պատրաստեք: Անհնարին էր թվում, բայց արեցինք ու մեկնեցինք Սեւան:

Տիգրան Մելիքյանը սեւանցի էր եւ օգնեց մեզ տեղավորվել Սեւան քաղաքի մոտ գտնվող «Յախտ կլուբում», որտեղ, չնայած կենցաղային բոլոր հարմարությունների բացակայությանը, չափազանց երջանիկ մեկ շաբաթ անցկացրինք:

Սեւանից վերադառնալուց հետո մեր հարաբերությունները հիմնադիրների հետ շարունակեցին փչանալ: Պատճառներից մեկն այն էր, որ Bravo-ն վաճառվում էր տասնյակ հազարավոր օրինակներով, իսկ մենք ստանում էինք նույնքան, որքան 1992 թվականի աշնանը, ինչը, հաշվի առնելով այն տարիների ահռելի գնաճը, չնչին գումար էր: Ի վերջո, բանը հասավ նրան, որ 1993 թվականի ամռան վերջին հիմնական կորիզով հեռացանք Bravo-ից: Յուրաքանչյուրիս ձեռքին մի քանի թղթապանակ կար (մեր արխիվներն էին), որոնք գրկած շրջում էինք քաղաքում եւ ապագայի ծրագրեր կազմում: Արդեն 1993-ի աշնանը հիմնադրեցինք մեր Maximum շաբաթաթերթը, բայց, ինչպես ասում են, դա այլ պատմություն է: Bravo-ն շարունակեց լույս տեսնել. հին կազմից մարդիկ մնացին, եկան նորերը: Բայց մեզ համար բնականաբար «իսկական» Bravo-ն եղել եւ մնում էր այն թերթը, որը մենք էինք ստեղծել:

 

 

Երեւի, դժվար կլինի գտնել մեկին, ով 1990-ականների սկզբին ապրել է Հայաստանում եւ չի լսել Bravo-ի մասին: Մինչեւ հիմա հանդիպում եմ մարդկանց, որոնք ասում են, որ տանը պահած ունեն թերթի արխիվը: Bravo-ն միայն թերթ չէր, այն երեւույթ եւ միջավայր էր, որն օգնում էր վերապրել դժվար ժամանակները: Երիտասարդ էինք, երջանիկ էինք ու զբաղվում էինք մեր սիրած գործով: Թվում էր, թե իսկապես «ամբողջ աշխարհը մեր ոտքերի տակ է»:

Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են լուսանկարներ Կարեն Ղազարյանի եւ Դավիթ Ալավերդյանի արխիվից:

 

«Նորագույն պատմությունը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Նորագույն պատմությունը»-ը ներկայացնում է իրադարձություններ եւ դրվագներ, որոնք տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում 1991 թվականից հետո ընկած ժամանակաշրջանում: