Հայաստանի եւ Ադրբեջանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին



2024թ. հունվարի 24-ին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) քվեարկությամբ որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները: Ադրբեջանի նկատմամբ նման միջոց կիրառվեց առաջին անգամ՝ 2001 թվականին Եվրոպայի Խորհրդի անդամ դառնալուց ի վեր: «Նորագույն պատմության» այս գլխում պատմում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի անդամակցության մասին:

Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը Ստրասբուրգ ժամանեց 2001 թ. հունվարի 24-ին:

«Ստրասբուրգ էինք մեկնում մեծ հույսերով ու խանդավառությամբ: Բոլորս Եվրոպայի խորհրդին մեր երկրի անդամակցությունը համարում էինք պատմական մեծ իրադարձություն, որով Հայաստանի նորագույն պատմության մեջ նոր էջ էր բացվում: Մեզ համար հստակ ուրվագծվում էր մեր երկրի հետագա ճանապարհը:



Դա իսկապես պատմական օր էր: Եվրոպական տարբեր երկրներից Ստրասբուրգ էին եկել հայկական համայնքների ներկայացուցիչներ՝ ներկա գտնվելու հանդիսավոր արարողությանը: Այնտեղ ներկա գտնվող յուրաքանչյուր հայի համար շատ հուզիչ պահ էր, երբ ՀՀ օրհներգի հնչյունների ներքո կազմակերպության շենքի դիմաց բարձրացավ մեր եռագույնը: Այդ օրը մեզ համար տոնախմբության օր էր: Համենայն դեպս, ՄԱԿ-ին մեր երկրի անդամակցությունից հետո դա նման բնույթի երկրորդ կարեւոր իրադարձությունն էր»,- տարիներ առաջ Մեդիամաքսին պատմել է Վարդան Օսկանյանը:

 

 

Նույն օրը Հայաստանի հետ ԵԽ անդամ դարձավ նաեւ Ադրբեջանը, որն էապես զիջում էր Հայաստանին ժողովրդավարության ցուցանիշներով: Հայաստանը դեռեւս ամիսներ առաջ բավարարել էր անդամակցության պահանջները, սակայն եվրոպական ընտանիքին միանալը հետաձգվում էր Ադրբեջանի պատճառով:

«Մեր անդամակցությունը տեղի ունեցավ Ադրբեջանի հետ միասին ոչ այն պատճառով, որ հետ էինք մնում պայմանների բավարարման եւ քաղաքական կամքի ցուցաբերման առումով, այլ որովհետեւ կազմակերպությունը որոշել էր հաշվի առնել ղարաբաղյան հակամարտության առկայությունը եւ անպայմանորեն Հայաստանին եւ Ադրբեջանին ընդունել միաժամանակ: Այլ կերպ ասած, մենք զոհ էինք գնում Ադրբեջանի դանդաղկոտությանը»,- 2013-ին լույս տեսած «Անկախության ճանապարհով։ Փոքր երկրի մեծ մարտահրավերները (նախարարի օրագրից)» գրքում գրել է Վարդան Օսկանյանը:

 

 

Սպասվում էր, որ Հայաստանը պետք է անդամակցի Եվրոպայի խորհրդին 2000 թվականի ընթացքում: Հայաստանի անդամակցության հարցը ներառվել էր ԵԽԽՎ ամառային նստաշրջանի օրակարգում: Նման որոշում կայացվել էր մայիսի 15-ին Դուբլինում՝ ԵԽԽՎ Քաղաքական հանձնաժողովի նիստի արդյունքներով, որին մասնակցում էին ԵԽԽՎ նախագահ Լորդ Ռասել Ջոնսթոնը եւ ԵԽ գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը:

Նիստից հետո Վալտեր Շվիմերը Մեդիամաքսին տված բացառիկ հարցազրույցում ասել էր.


«Հայաստանը սկսել է ինտեգրացիոն գործընթացը 1996-ին: 1999 թ. մենք իրական դատաիրավական բարեփոխումների, ժողովրդավարական արժեքների ամրապնդման ու սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումների շարունակության ականատեսը դարձանք»:


Պատասխանելով Մեդիամաքսի այն հարցին, թե կարող է արդյոք հայաստանյան լարված ներքաղաքական իրավիճակը բացասական ազդեցություն ունենալ Եվրոպայի խորհրդին անդամակցելու գործընթացի վրա, Վալտեր Շվիմերն ասել էր.

«Հայաստանի Ազգային ժողովում 1999 թ. հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած դեպքերը ցնցեցին Եվրոպայի խորհրդին: Շատ կարեւոր է, որ այդ դեպքերը եւ դրանց հետեւանքները չստիպեն Հայաստանին շեղվել ժողովրդավարական արժեքներին ու մարդու իրավունքների պաշտպանությանը հավատարիմ մնալու ճանապարհից»:

 

 

Հովհաննես Հովհաննիսյանը, որն այդ տարիներին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարն էր, 2016 թվականին Մեդիամաքսին պատմել էր.

«2000 թ. կեսերին պարզ դարձավ, որ ԵԽ-ում ցանկանում են, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը միաժամանակ անդամակցեն կազմակերպությանը: Մինչ այդ, այս հարցն այդքան բացահայտ դրված չէր օրակարգում: Դա քաղաքական որոշում էր ԵԽ-ի կողմից, որի հետեւանքով մեր անդամակցության գործընթացը ձգձգվեց, որպեսզի Ադրբեջանը հասցնի կատարել անդամակցության համար նախատեսված պարտավորությունները: Այդ առիթով մենք բազմիցս արտահայտել էինք մեր դժգոհությունը եվրոպացի գործընկերներին: Նրանք էլ շատ լավ հասկանում էին, որ Հայաստանն իր քրիստոնեական արժեհամակարգով ավելի մոտ է կանգնած կազմակերպությանը, քան Ադրբեջանը: Մենք իսկապես վայելում էինք եվրոպացիների համակրանքը, ինչն առաջացնում էր ադրբեջանցիների զայրույթն ու դժգոհությունը»:

ԵԽԽՎ ամառային նստաշրջանում ձայների մեծամասնությամբ որոշվեց, որ Հայաստանը կանդամակցի Եվրոպայի խորհրդին: 2000 թ. սեպտեմբերին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն պետք է հաստատեր ԵԽԽՎ որոշումը, ինչից հետո Ստրասբուրգում պետք է բարձրացվեր ՀՀ դրոշը:

Սակայն դա տեղի չունեցավ, քանի որ Եվրոպայի խորհրդի գործադիր մարմինը որոշեց հաստատել Հայաստանի անդամակցությունը նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններ անցկացնելուց հետո միայն:

Վարդան Օսկանյանը եւ Հովհաննես Հովհաննիսյանը համակարծիք են, որ Հայաստանին եւ Ադրբեջանին նույն օրը Եվրոպայի խորհուրդ ընդունելով՝ եվրոպացիները ցանկանում էին այդպիսով խթանել տարածաշրջանային գործակցությունը, ինչն իր հերթին բարենպաստ միջավայր կստեղծեր արցախյան հիմնահարցի կարգավորման համար:

 

 

«Եվրոպայի խորհուրդը ցանկանում էր ցույց տալ, որ եվրոպական արժեքների դավանանքը կարող է նպաստել հակամարտության կարգավորմանը եւ նվազեցնել պատերազմի վերսկսման հավանականությունը: Կարծում եմ, որ հենց դա է եղել մեր երկրին եւ Ադրբեջանին նույն օրը անդամագրելու որոշման հիմնական մղիչ ուժը եւ նպատակը»,- ասում է Վարդան Օսկանյանը:


Հովհաննես Հովհաննիսյանը հիշում է, որ անդամակցության օրվա արարողակարգային մասը կազմակերպվել էր այնպես, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն անպայմանորեն ներկա գտնվեին երկու երկրների կողմից անդամակցության փաստաթղթերի ստորագրման, կազմակերպության բակում երկու երկրների դրոշների բարձրացման արարողություններին:

 

 

«Հետաքրքրական է, որ այդ օրը հատուկ Ստրասբուրգ էր ժամանել Վրաստանի խորհրդարանի նախագահ, երջանկահիշատակ Զուրաբ Ժվանիան: Վրաստանը դեռեւս 1999-ին էր անդամակցել ԵԽ-ին: Ժվանիան չափազանց հուզիչ ելույթ ունեցավ՝ ողջունելով երկու հարեւան պետությունների անդամակցությունը Եվրոպայի խորհրդին: Նա իր խոսքում ընդգծեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի անդամակցությունը կնպաստի տարածաշրջանային համագործակցությանը:

 

 

Եղան ողջույնի խոսքեր այլ երկրների ներկայացուցիչների կողմից: Հիշում եմ, որ Հեյդար Ալիեւն այդ շրջանում արդեն վատառողջ էր, դժվարությամբ էր կարողանում մասնակցել նման երկար միջոցառումներին, հաճախակի էր ստիպված լինում նստել կամ կանգ առնել քայլելիս: Քանի որ անդամակցության միջոցառումները ընդհանուր բնույթ էին կրում, մեր նախագահը եւ մեր պատվիրակության անդամները, ի նշան հարգանքի, երբեմն ստիպված էին լինում դանդաղ քայլել կամ հաճախակի կանգ առնել կազմակերպության մի սրահից մյուսն անցնելիս»,- հիշում է Հովհաննես Հովհաննիսյանը:

 

 

Վարդան Օսկանյանը նշում է, որ նախագահներ Քոչարյանը եւ Ալիեւը նորմալ հարաբերություններ ունեին.

«Այդ օրերին նրանք բավական ինտենսիվ էին շփվում ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի շրջանակներում: Կային նախաձեռնություններ, սեղանին դրված էին առաջարկներ: Ստրասբուրգից հետո նախագահները մեկնեցին Փարիզ՝ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի նախաձեռնած եռակողմ հանդիպմանը մասնակցելու նպատակով: Որոշ հույսեր կային հիմնախնդրի կարգավորման հետ կապված, եւ Ստրասբուրգում նախագահների ներկայությունն ու այդ օրերին Հայաստանի եւ Ադրբեջանի անդամակցությունը ԵԽ-ին կարծես լրացուցիչ խթան էին այդ դրական մթնոլորտի համար»:

 

 

Հետաքրքիր է, որ անդամակցության բանակցությունների ժամանակ եւ անդամակցությունից հետո Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը ղեկավարում էր Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիեւը:

«Ափսոս, որ անգամ տարիներ անց նրանք այդպես էլ չհասկացան, որ Եվրոպայի խորհուրդն այսպես ասած «հաշիվներ մաքրելու» տեղ չէ: Եվրոպացի պատգամավորներն արդեն իսկապես հոգնել էին Ադրբեջանի մեղադրանքներից: Ադրբեջանցիներն էլ մշտապես դժգոհում էին, թե եվրոպացիները խտրականություն են դնում մեր եւ իրենց միջեւ»,- ասում է հայկական պատվիրակության նախկին ղեկավարը:

Ադրբեջանական պատվիրակության դժգոհությունը հարուցել էր անգամ հայկական պատվիրակության կողմից անդամակցության առիթով ԵԽ-ին մատուցած հուշանվերը:

«Ընդունված կարգի համաձայն, յուրաքանչյուր երկիր ԵԽ-ին անդամակցելու առիթով հուշանվեր է նվիրում կազմակերպությանը, որը տեղադրվում է կազմակերպության շենքի տարածքում: Մենք նվերի հետ կապված մի քանի տարբերակներ էինք մտածել, եւ ի վերջո մեր ընտրությունը կանգ առավ պղնձից պատրաստված մի կոմպոզիցիայի վրա: Չեմ հիշում, թե ադրբեջանցիները կոնկրետ ինչ էին նվիրել, բայց այն շատ թանկարժեք էր: Այնպես ստացվեց, որ ԵԽ գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը մեր պատվիրակության նվերն առանձնացրեց իր աշխատասենյակի համար, իսկ ադրբեջանցիների նվերը տեղադրեցին կազմակերպության միջանցքում: Իհարկե, նրանք սա կրկին քաղաքական շահարկումների առարկա դարձրին»,- րհիշում է Հովհաննիսյանը:

 

 

Նրա խոսքերով՝ ԵԽ-ին անդամակցության օրվա հետ կապված հայկական կողմի «փոքր հաղթանակներից» մեկն էլ այն էր, որ Հայաստանը Ստրասբուրգում այդ օրը ներկայացված էր ոչ միայն նախագահի գլխավորած պաշտոնական, այլեւ խորհրդարանական պատվիրակությամբ, որը ներկայացնում է այդ տարիների ՀՀ խորհրդարանական ընդդիմության ամբողջ ներկապնակը:

«Մինչ մեկնելը ՀՀ նախագահի հետ խորհրդակցում էինք Ստրասբուրգ մեկնող պատվիրակության կազմի ձեւավորման հարցի շուրջ: Ես առաջարկեցի, որ պատվիրակությունում ընդգրկվեն խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր բոլոր կուսակցությունների առաջնորդները՝ Վազգեն Մանուկյանը, Արտաշես Գեղամյանը, Արթուր Բաղդասարյանը եւ ուրիշներ: Մեր այս քայլը շատ կարեւոր ու դրական ուղերձ էր պարունակում եւ նպաստեց մեր երկրի միջազգային հեղինակության բարձրացմանը: Մինչդեռ Հեյդար Ալիեւին Ստրասբուրգ ուղեկցում էին բացառապես իր աշխատակազմի եւ գործադիր իշխանության ներկայացուցիչները»,- պատմում է Հովհաննես Հովհաննիսյանը:

Այս գլխում օգտագործվել են REUTERS-ի եւ 2rd.am կայքի լուսանկարները:

 

«Նորագույն պատմությունը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Նորագույն պատմությունը»-ը ներկայացնում է իրադարձություններ եւ դրվագներ, որոնք տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում 1991 թվականից հետո ընկած ժամանակաշրջանում: