2016 թվականի ապրիլի 14-ին՝ Ապրիլյան պատերազմից ընդամենը 10 օր անց, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Երեւանում ընդունում էր Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, ռուսաստանցի դիվանագետ Արգո Ավակովին:
Սերժ Սարգսյանը վստահություն էր հայտնում, որ դեսպանի բազմամյա փորձը կնպաստի Հայաստանում առաքելության արդյունավետ իրականացմանը, Ավակովն էլ վստահեցնում էր, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը կշարունակի իր աշխատանքը ՀՀ իշխանությունների, հասարակական-քաղաքական կազմակերպությունների հետ՝ ի նպաստ Հայաստանում իրականացվող բարեփոխումների:
Առաջին ահազանգը
Այդ հանդիպումից մոտ կես տարի անց՝ 2017 թվականի սկզբին, Մեդիամաքսը տեղեկություններ ստացավ այն մասին, որ Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեության շարունակության հետ կապված խնդիրներ են առաջացել:
Մեդիամաքսի հարցմանն ի պատասխան՝ գրասենյակից հայտնել էին, որ «ԵԱՀԿ անդամ երկրները դեռ կոնսենսուսի չեն եկել կազմակերպության մի շարք դաշտային առաքելությունների մանդատը երկարաձգելու վերաբերյալ, եւ ԵԱՀԿ նախագահությունը շարունակում է բանակցությունները՝ այդ հարցի շուրջ արագ համաձայնության հասնելու համար»:
Այդ պահին Հայաստանը Հարավային Կովկասում միակ երկիրն էր, որտեղ կար ԵԱՀԿ գրասենյակ: Բաքվում 2000 թվականի ամռանը բացված ԵԱՀԿ գրասենյակը իր գործունեությունն ավարտել էր 2014 թ. հունվարի 1-ին, իսկ Թբիլիսիում 1992 թվականին բացված ԵԱՀԿ առաքելության մանդատը լրացել էր 2008 թվականի դեկտեմբերի 31-ին:
Երեւանում ԵԱՀԿ գրասենյակ բացելու որոշումը կայացվել էր կազմակերպության Մշտական խորհրդի նիստում՝ 1999 թ. հուլիսին: Որոշման մեջ նշված էր, որ ԵԱՀԿ եւ Հայաստանի փոխադարձ համաձայնությամբ գրասենյակի գործունեության ժամկետն ամեն անգամ պետք է երկարացվի 12 ամսով:
Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն Մեդիամաքսին ասել էր, որ ԵԱՀԿ Ավստրիական նախագահությունը եւ Հայաստանը շարունակում են բանակցությունները՝ կապված ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի գործունեության շարունակության հետ:
Այդ երկիրը, բնականաբար, Ադրբեջանն էր:
Ականազերծումը՝ իբրեւ պատրվակ
2016 թվականի դեկտեմբերի 31-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում կայացած քննարկումների արձանագրությունը վկայում էր, որ նիստի սկզբում նախագահողը նշում էր, որ մեկ պատվիրակություն (Ադրբեջանը-Մեդիամաքս) հարց է բարձրացրել այն մասին, որ Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի նախատեսվող գործունեությունը ականազերծման ոլորտում չի համապատասխանում գրասենյակի մանդատին:
Այնուհետեւ նախագահողը տեղեկացնում էր, որ ԵԱՀԿ գերմանական նախագահությունը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակ էր գործուղել իր հատուկ պատվիրակին: «Հիմնվելով նրա ներկայացրած փաստերի վրա՝ մենք եզրակացրեցինք, որ խնդրի առարկա դարձած գործունեությունը չի հակասում գրասենյակի մանդատին»,- ասել էր նախագահողը:
Նա նաեւ տարակուսանք էր հայտնել այն կապակցությամբ, որ Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգման հարցը չի լուծվել, «չնայած որ բովանդակային առումով գտնվել է բոլորի համար ընդունելի լուծում, եւ մնացած խնդիրները բացառապես ընթացակարգային բնույթի են»:
«Ճկունության բացակայությունը նույնիսկ այն պայմաններում, երբ տրվել են բովանդակությանը վերաբերող հարցերի պատասխանները, վնաս են հասցնում մեր աշխատանքին, համագործակցություն եւ անվտանգություն խթանելու մեր ընդհանուր ջանքերին: Եթե նման վերաբերմունքը շարունակվի կամ դառնա տարածված, դա ԵԱՀԿ-ն անգործունակ կդարձնի»,- ասել էր Գերմանիան ներկայացնող նախագահողը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում:
Նիստում Ադրբեջանի ներկայացուցիչը պնդել էր, որ չի պատրաստվում տալ իր համաձայնությունը Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգման համար, քանի որ վերջինս մտադիր է զբաղվել ականազերծմանը վերաբերող գործունեությամբ, ինչը «հստակ հետճգնաժամային վերականգնման միջոցառում է»:
Ադրբեջանի ներկայացուցիչը ափսոսանք էր հայտնել, որ բանակցությունները ԵԱՀԿ գործող գերմանական եւ ապագա ավստրիական նախագահության եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի մասնակցությամբ չեն տվել Բաքվին ցանկալի արդյունքը:
Մասնավորապես, Բաքուն ցանկանում էր, որ ԵԱՀԿ գործող գերմանական եւ ապագա ավստրիական նախագահությունները հանդես գային համատեղ փաստաթղթով, որով կոչ կանեին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակին դադարեցնել ականազերծմանը վերաբերող գործունեությունը:
Հայաստանի ներկայացուցիչն իր հերթին ասել էր, որ Ադրբեջանը ԵԱՀԿ-ն ընկալում է «որպես մարտադաշտ՝ պատանդ վերցնելու ոճով հակամարտության մասին իր պատկերացումները ներկայացնելու համար»:
ԱՄՆ հորդորներն ու Կուրցի արձագանքը
Խնդրի վերաբերյալ 2017 թ. հունվարի 12-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում ելույթ էր ունեցել կազմակերպությունում ԱՄՆ դեսպան Դենիել Բաերը:
Նա ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցին կոչ էր արել հարցին հնարավորինս արագ լուծում տալ.
Մոտ 10 օր անց Մեդիամաքսին տված բացառիկ հարցազրույցում Սեբաստիան Կուրցն ասել էր.
«Մենք տեղյակ ենք դաշտային առաքելությունների խնդրի շուրջ ծավալված շահարկումներին եւ ենթադրություններին: Մենք գնահատում ենք ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի կարեւոր եւ արժեքավոր աշխատանքը, եւ այն փակելու ծրագրեր կամ մտադրություններ չունենք»:
2017 թվականի փետրվարին հանդես գալով ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում՝ ԵԱՀԿ-ում ԱՄՆ փոխդեսպան Քեյթ Բըրնսն ասել էր.
«Այս գրասենյակը, ինչպես ԵԱՀԿ բոլոր դաշտային առաքելությունները եւ ինստիտուտները, հանդիսանում է այս կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների կարեւոր տարր՝ նպաստելով ԵԱՀԿ-ի հանդեպ անդամ երկրների ստանձնած հանձնառությունների իրագործմանը։ Եթե ԵԱՀԿ Երեւանի գրասենյակը ստիպված լինի փակվել, դա վատ կանդրադառնա Ադրբեջանի եւ ԵԱՀԿ հանդեպ նրա կառավարության ստանձնած հանձնառության վրա։
Մենք Ադրբեջանի կառավարությանը հորդորում ենք կառուցողական մոտեցում ցուցաբերել որքան հնարավոր է շուտ խնդրի փոխզիջումային լուծում գտնելու համար, որը թույլ կտա Երեւանում ԵԱՀԿ գրասենյակը բաց պահել»։
«Գրասենյակը մեռավ»
Չնայած այս հորդորներին եւ հայկական կողմի ջանքերին, արդեն 2017 թվականի մայիսի սկզբին պարզ դարձավ, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ճակատագիրը կանխորոշված է: Մայիսի 4-ին ԵԱՀԿ-ում նախագահող Ավստրիայի ներկայացուցիչը ԵԱՀԿ Մշտական խորհրդում ելույթ էր ունեցել` հայտարարելով, որ չնայած իրենց ներդրած ջանքերին, անհնար է եղել համաձայնության հանգել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մանդատի երկարաձգման շուրջ:
«Իր խիստ ապակառուցողական մոտեցումներով Ադրբեջանը ԵԱՀԿ-ում հայտնվել է բացարձակ մեկուսացման մեջ: ԵԱՀԿ նախագահությունը, մասնակից երկրները, քարտուղարությունը` բոլորը սատարում են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեությանը, եւ միայն Ադրբեջանն է, որ, չարաշահելով կազմակերպության կոնսենսուսի սկզբունքը, դեմ է հանդես գալիս ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեության շարունակմանը՝ դրանով իսկ հակադրվելով ամբողջ կազմակերպությանը»,- ասել էր Տիգրան Բալայանը:
«Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակումից հետո, փաստացի արգելափակելով նաեւ երեւանյան գրասենյակի գործունեությունը, Ադրբեջանը զրկում է ԵԱՀԿ-ին Հարավային Կովկասում լիարժեք առաքելության ներկայությունից, ինչը, բնականաբար, չի կարող բացասաբար չանդրադառնալ ոչ միայն մեր տարածաշրջանում ԵԱՀԿ գործունեության, այլեւ ընդհանրապես կազմակերպության եւ նրա կառույցների վրա»,- ավելացրել էր ՀՀ ԱԳՆ խոսնակը:
Մայիսի 19-ին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը պաշտոնապես հայտարարել էր, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը կդադարեցնի իր գործունեությունը 2017թ. օգոստոսի 31-ին:
Մայիսի 30-ին ժամանելով Երեւան՝ Զանիերը փորձում էր լավատես լինել.
ՀՀ արտգործնախարարն էլ հույս էր հայտնել, որ «ԵԱՀԿ-ում համապատասխան հետեւություններ են արել գրասենյակի մանդատի երկարաձգման միակ խոչընդոտ հանդիսացող Բաքվի գործելաոճի վերաբերյալ»։
Տարեվերջին ելույթ ունենալով ԵԱՀԿ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը՝ Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ «ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փակումը շատ բացասական նախադեպ ստեղծեց»:
«Գրասենյակի փակման հետեւանքներն առնչվում են ԵԱՀԿ բուն էությանը, որի նպատակն է խնդիրները հանգուցալուծել երկխոսության ու համագործակցության միջոցով, այլ ոչ թե մասնակից մի պետության դիրքորոշումը պարտադրելու միջոցով` ի վնաս մյուսներին եւ ողջ կազմակերպության»,- ասել էր նա:
Հետագա տարիները ցույց տվեցին, որ այդ մեկ պետությունը պիտի շարունակի իր դիրքորոշումը պարտադրելու քաղաքականությունը՝ լուրջ խոչընդոտների չհանդիպելով:
Արա Թադեւոսյան