«Հայկական նախագիծն» ու Բաքվի նավթի «լեգենդը»



 

Հայաստանի նորագույն պատմության քիչ չէին «նախագծերը», որոնք հավակնում էին «կախարդական փայտիկ» դառնալ եւ երկրին բարեկեցիկ ապագա ապահովել։ Սակայն 1999 թվականի գարնանը ներկայացված «Հայկական նախագիծը» առանձնանում էր իր անիրականատեսությամբ:

«Հայկական նախագիծ» «հեղափոխական առաջարկը» մշակվել էր Հայաստանի Ռամկավար-Ազատական (ՀՌԱԿ) կուսակցության ինժեներա-տնտեսական խմբի կողմից։ Սակայն հիմնական մշակող Հարություն Առաքելյանը պնդում էր, որ նախագիծը ՀՀ նախագահին առընթեր քաղաքական խորհրդի նիստում հավանության արժանանալուց հետո դադարել է լինել զուտ կուսակցական նախաձեռնություն։ «Կարող եք համարել, որ դա Ռոբերտ Քոչարյանի նախագիծն է»,- ասում էր Առաքելյանը։ Ինքը՝ Քոչարյանը, սակայն, նախագծի մասին որեւէ բան չէր ասել։

 

 

Առաքելյանի եւ նրա թիմակիցների հիմնական փաստարկը արաբական երկրներում քաղցրահամ ջրի սուր պակասն էր։ Նրանք վկայակոչում էին ՄԱԿ-ի փորձագետների գնահատականները, որոնց համաձայն 2030 թվականին այդ երկրներում ջրի պահանջարկը կաճի 17 անգամ։

«Հայկական նախագծի» հեղինակներն առաջարկում էին Հայաստանին միանալ 1992 թվականին Իրանի եւ Կատարի միջեւ ստորագրված համաձայնագրին, որը իրանական Քարուն գետից մինչեւ Կատար 770 կիլոմետր երկարությամբ եւ 10 խմ վայրկյանում թողունակությամբ խողովակաշարի կառուցում էր նախատեսում:

Հարություն Առաքելյանը նշուն էր «Հայկական նախագծի» իրականացման փուլերը։

Նախ՝ Հայաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրում սահմանային Արաքս գետի մի հատվածը հավասար պայմաններով օգտագործելու եւ Հայաստանի հարավում համատեղ ուժերով հզոր հիդրոէլեկտրակայան եւ ամբարտակ կառուցելու մասին։

Այնուհետեւ Երեւանը, Թեհրանը եւ Մոսկվան Իրանի տարածքով մինչեւ Քարուն գետ համատեղ խողովակաշարի կառուցման համաձայնագիր են ստորագրում։

 

 

Եվ վերջապես, Հայաստանը, Ռուսաստանը եւ Իրանը կոնսորցիում են ստեղծում, որը պայմանագրեր կկնքի արաբական երկրների հետ՝ նրանց քաղցրահամ ջուր մատակարարելու եւ շահույթը երեք հավասար մասերի բաժանելու մասին։ Առաքելյանը պնդում էր, որ բացի Կատարից, պոտենցիալ հաճախորդներ կդառնան Քուվեյթը, Բահրեյնը, ԱՄԷ-ն, Օմանը, Սիրիան եւ Իրաքը։ Նա ասում էր, որ «Հայկական նախագծի» մրցակցային առավելությունը ջրի մատակարարման ամենակարճ ուղին եւ, հետեւաբար, ամենացածր արժեքը:

Առաքելյանը նաեւ չէր թաքցնում, որ գործընկերների ընտրությունը պատահական չէ.

«Դա յուրоրինակ պատասխան կլինի Երեւանի, Թեհրանի եւ Մոսկվայի մասնակցությունը տարածաշրջանային տնտեսական ծրագրերի իրականացմանը սահմանափակելու փորձերին»։

Հեղինակները նշում էին, որ «Հայկական նախագծի» իրականացման արժեքը 6 մլրդ դոլար է եւ ներառում է ոչ միայն Արաքս-Կարուն խողովակաշարի կառուցման, այլեւ Պարսից ծոցի հատակով խողովակի անցկացման ծախսերը:

Նախագիծը գործող կամ գոնե պոտենցիալ ներդրողներ չուներ. հեղինակներն ասում էին, որ ծրագրում են ներգրավել «հայկական սփյուռքի կապիտալները» եւ վկայակոչում էին Մոսկվայի «լուրջ հետաքրքրությունը» նախագծի հանդեպ։

 

 

«Հայկական նախագծի» հեղինակները հաշվարկել էին նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի հնարավոր բացասական արձագանքը։ Նրանք պնդում էին, որ Թուրքիան վերահսկում է Տիգրիսի աղբյուրների 50 տոկոսը եւ Եփրատի աղբյուրների գրեթե 99 տոկոսը` Սիրիան եւ Իրաքը պահելով «ջրային կախվածության մեջ»։ «Հայկական նախագծի» իրականացումը զգալիորեն կնվազեցնի Թուրքիայի տնտեսական եւ քաղաքական ազդեցությունը արաբական երկրների վրա, պնդում էին նրանք։ Առաքելյանը նաեւ պնդում էր, որ «Հայկական նախագիծը» կարող է օգուտ բերել Ադրբեջանին, քանի որ կդադարի Կասպից ծովի ջրերով ադրբեջանական տարածքների հեղեղումը։

«Բաքվում պարզապես խուճապի են մատնված, քանի որ «Հայկական նախագիծը» կարող է ոչ միայն լուրջ նյութական, այլեւ քաղաքական հաղթաթուղթ դառնալ։ Եվ այդ ժամանակ Բաքվի նավթի լեգենդին կհակադրվի իրական հայկական ջուրը, որն արժե ոչ պակաս, քան «սեւ ոսկին», - ասում էր Հարություն Առաքելյանը։


Նախագիծը շուտով մոռացվեց, Իրանի եւ Կատարի միջեւ ստորագրված պայմանագիրը մնաց թղթի վրա, իսկ Բաքվի նավթի «լեգենդը» իրականություն դարձավ։

Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են լուսանկարներ Ֆոտոլուրի արխիվից:

 

«Նորագույն պատմությունը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Նորագույն պատմությունը»-ը ներկայացնում է իրադարձություններ եւ դրվագներ, որոնք տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում 1991 թվականից հետո ընկած ժամանակաշրջանում: