Ռոզենբլատի եւ Ջերեջյանի «խորհրդավոր» այցն ու վերադարձը տարիներ անց



1999 թվականի փետրվարին ԱՄՆ արտաքին քաղաքականության խորհրդի անդամ Փիթեր Ռոզենբլատը եւ Ջեյմս Բեյքերի ինստիտուտի տնօրեն Էդվարդ Ջերեջյանը այցելեցին Հայաստան եւ Ադրբեջան։

Էդվարդ Ջերեջյանն աշխատել էր ԱՄՆ-ի ութ նախագահի վարչակազմերի հետ եւ կարեւոր դեր էր խաղացել արաբա-իսրայելական խաղաղ գործընթացի առաջմղման գործում։ Փիթեր Ռոզենբլատը 1977-1981 թվականներին ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերի անձնական ներկայացուցիչն էր Միկրոնեզիայի ապագա քաղաքական կարգավիճակի վերաբերյալ բանակցություններում:

 

 

Երեւանում եւ Բաքվում նրանք բանակցություններ էին վարել նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի հետ։ Թեեւ Ջերեջյանն ու Ռոզենբլատն ընդգծում էին, որ իրենք բանակցում են բացառապես որպես մասնավոր անձինք եւ չեն ներկայացնում ԱՄՆ վարչակարգը, կարծիքներ կային, որ Ամերիկան որոշել է սեփական դերը ստանձնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից անկախ։

Ամերիկացի պաշտոնաթող դիվանագետների հետ հանդիպել էր նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) նախագահ Արկադի Ղուկասյանը, ով հայտարարել էր, որ «ղարաբաղյան կողմը ներկայացվել է մի քանի նոր առաջարկներ, որոնց մասին դեռ վաղ է խոսել»։ Պատասխանելով այն հարցին, թե ինչպես հասկանալ ամերիկացի դիվանագետների խոսքերը, որ նրանք բանակցում են բացառապես որպես մասնավոր անձինք, Ղուկասյանը նշել էր.

«Ինչպես հասկանում եք, եթե նրանց առաջարկներն իսկապես հեռանկար ունենան, ուրեմն չի բացառվում, որ դրանք ԱՄՆ դիրքորոշումը դառնան»։

 

 

2000 թվականի մայիսին Փիթեր Ռոզենբլատը մասնակցել էր Ամերիկյան համալսարանի՝ Վաշինգտոնի իրավունքի քոլեջում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին նվիրված համաժողովին։

Այնտեղ նա նշել էր, որ շատ քիչ տարբերակներ կան, որոնք կբավարարեն հակամարտության բոլոր երեք կողմերին։ «Ղարաբաղի համար կա մեկ հատուկ կարգավիճակ, որը թույլ կտա Ադրբեջանին ասել, որ իր տարածքային ամբողջականությունը պահպանվելու է, եւ միեւնույն ժամանակ այդ կարգավիճակը բավարարում է Հայաստանին ու ԼՂՀ-ում ապրող հայերին, ովքեր կկարողանան տնօրինել իրենց ճակատագիրը»,- նշել էր Ռոզենբլատը: Նա նաեւ ասել էր, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքների փոխանակման գաղափարը ծագել էր 1999 թվականի երկրորդ կեսին, եւ այս համատեքստում գլխավորը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն էր»։

Մեկնաբանելով Ռոզենբլատի այս խոսքերը՝ ԼՂՀ արտաքին գործերի նախարար Նաիրա Մելքումյանը Մեդիամաքսին տված հարցազրույցում ասել էր, որ «Փիթեր Ռոզենբլատի ելույթում քննարկվել է ասոցացված պետության մոդելը որպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբերակ»:

«Ղարաբաղյան խնդրի լուծման նպատակով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տարածքների փոխանակման վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացվել: Այս կապակցությամբ կցանկանայի միանշանակ հայտարարել, որ չնայած տարածվող լուրերին, հակամարտության կարգավորման նման տարբերակ չի առաջարկվել»,- ասել էր Մելքումյանը:


2000 թվականի մայիսին Էդվարդ Ջերեջյանը Մեդիամաքսին տված բացառիկ հարցազրույցում ասել էր, որ «Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող կարգավորվել արտաքին ուժերի կողմից»: «Երբ 1999 թվականի սկզբին մենք այցելեցինք Երեւան եւ Բաքու, ես համոզվեցի, որ հակամարտության կարգավորումը բանակցությունների միջոցով հնարավոր է»,- ասել էր Ջերեջյանը։ Իր խոսքով՝ դրա համար անհրաժեշտ է հակամարտող կողմերի ղեկավարների ամուր քաղաքական կամքը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ակտիվ դիվանագիտությունը:

 

 

Ջերեջյանն ասել էր, որ բանակցությունների սեղանին «եղել են տարբեր մոտեցումներ, դրանց թվում քննարկվել էին «ազատ ասոցիացիայի» կամ տարածքների փոխանակման տարբերակները:

«Ողբերգություն կլինի, եթե երկարատեւ խաղաղություն հաստատելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ցանկությունը տապալվի: Նույնիսկ եթե մոտ ժամանակներս ռազմական գործողությունները չվերսկսվեն, խաղաղ համաձայնագրի բացակայությունը բացասաբար կազդի Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական, տնտեսական եւ սոցիալական զարգացման վրա»,- պնդում էր Ջերեջյանը։

 

 

Փիթեր Ռոզենբլատը Երեւան վերադարձավ 2008 թվականի մայիսին Ամերիկայի հրեական կոմիտեի (AJC) կառավարիչների ազգային խորհրդի անդամի կարգավիճակով։ AJC-ի ռազմավարական հետազոտությունների տնօրեն Բարրի Ջեքոբսի հետ նրանք հանդիպումներ ունեցան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, որոնց ընթացքում քննարկվել էին հայ-ամերիկյան հարաբերությունների, տարածաշրջանային խնդիրների, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման հեռանկարները:

Էդվարդ Ջերեջյանը Երեւան էր եկել 2016 եւ 2017 թվականներին՝ որպես «Ավրորա» մրցանակաբաշխության հյուր։

 

 

2016 թվականին Մեդիամաքսին տված բացառիկ հարցազրույցում նա ասել էր.

«Հայաստանն իր ձեռքում ունի մեծ խաղաքարտ հող-խաղաղություն-Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշում հավասարման մեջ: Օգտագործեք դա, քանի շատ ուշ չէ: Ադրբեջանը մեծ փողեր է դիզելու իր նավթի եւ գազի պաշարներից: Դա թույլ կտա նրանց հզորացնել զինված ուժերը, եւ հաջորդ պատերազմում հայերը կարող են հայտնվել ոչ շահեկան վիճակում:

Դիվանագիտության արվեստը հետեւյալն է. ստեղծել քաղաքական այնպիսի իրավիճակ, որտեղ հակամարտող կողմերի համար շատ դժվար է դառնում հակառակ կողմին ասել «Ո՛չ»: Մենք արեցինք դա Մադրիդյան խաղաղ կոնֆերանսի ժամանակ, երբ ես ԱՄՆ դեսպանն էի Դամասկոսում, իսկ Հաֆեզ ալ-Ասադը՝ Սիրիայի նախագահը: Նա չէր ցանկանում նստել սեղանի շուրջը եւ ուղիղ բանակցություններ վարել Իսրայելի հետ: Նա ցանկանում էր, որ ՄԱԿ-ը ներգրավվի որպես միջնորդ, որովհետեւ գտնում էր, թե Իսրայելն անհամեմատ ավելի հզոր է, քան արաբական երկրները, եւ առանց ՄԱԿ-ի միջնորդության արաբները բանակցություններում կհայտնվեին անբարենպաստ վիճակում:

Նախագահ Բուշի, պետքարտուղար Բեյքերի, մեր ասպարեզի մասնագետների, իմ գործընկերների ջանքերով մեզ հաջողվեց օգնել, որպեսզի Ասադը որոշի ուղիղ բանակցել Իսրայելի հետ: Դա մեծ բեկում էր: Մենք ներգրավեցինք Պաղեստինի ազատագրման կազմակերպությանը, Իսրայելին, Սաուդյան Արաբիային, Հորդանանին, Եգիպտոսին, ներգրավեցինք բոլորին: Դա երկար բանակցություններ պահանջեց: Ոմանք ասում են, թե մենք ճնշում ենք գործադրել բոլորի վրա, բայց մենք արեցինք այն, ինչ ասել էինք. «Ահա այլընտրանքային սցենարը: Դուք բանակցային գործընթացում երաշխիքներ ունեք Ամերիկայի Միացյալ Նահանգներից: Դուք նախապես գիտեք, որ չեք պատրաստվում կորցնել այն, ինչը, ձեր կարծիքով, կենսական նշանակություն ունի ձեր շահերի համար»: Պետքարտուղար Բեյքերը երաշխավորող նամակներ հանձնեց իսրայելցիներին, սիրիացիներին, հորդանանցիներին, պաղեստինցիներին եւ մյուսներին:

 

 

Ես բերեցի այս օրինակը, որովհետեւ կարծում եմ, որ նման մի բան էլ այստեղ՝ Լեռնային Ղարաբաղի պարագայում է տեղի ունենում: Ներկայում, կողմերը հակառակ բեւեռներում են գտնվում, եւ ոչ մեկը հիմա չի ցանկանում բանակցել: Բայց ի վերջո նրանք ստիպված են լինելու դա անել: Որքան շուտ, այնքան լավ: Հիմա, հավանաբար, կրքերի հանդարտման շրջան կսկսվի, բայց չպետք է թույլ տալ, որ այդ շրջանը չափից ավելի երկար տեւի: Անհրաժեշտ է վերսկսել բանակցային գործընթացը»:

2017 թվականի մայիսին Էդվարդ Ջերեջյանը ԽՍՀՄ-ում ԱՄՆ վերջին դեսպան Ջեք Մեթլոքի հետ Երեւանում ելույթ էին ունեցել «Անցման ավարտ. Հայաստանը 25 տարեկան է՝ ի՞նչ է լինելու հիմա» խորագրով համաժողովում:

Իր ելույթում Ջերեջյանն ասում էր, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ նորմալ երկխոսության հաստատումը շատ կարեւոր է Հայաստանի եւ ԼՂ հակամարտության կարգավորման համար: «Հենց Ռուսաստանն է Մինսկի խմբի համանախագահության մեջ գլխավոր խաղացողը, այլ ոչ թե ԱՄՆ-ը կամ Ֆրանսիան, եւ հենց Ռուսաստանն ունի Կովկասում ամենամեծ ազդեցությունը»,- նշում էր Էդվարդ Ջերեջյանը:

Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են Ջեյմս Բեյքերի ինստիտուտի, Էդգար Բարսեղյանի (100 LIVES), REUTERS-ի լուսանկարները:

 

«Նորագույն պատմությունը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Նորագույն պատմությունը»-ը ներկայացնում է իրադարձություններ եւ դրվագներ, որոնք տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում 1991 թվականից հետո ընկած ժամանակաշրջանում: