«Բոյկոտի համար ոչ պատճառ ունենք, ոչ էլ հիմք»



1999թ. ապրիլի 25–ին Վաշինգտոնում կայացավ ՆԱՏՕ-ի 50-ամյակին նվիրված հոբելյանական գագաթաժողովը եւ Հյուսիսատլանտյան Գործընկերության Խորհրդի նիստը:

Ելույթ ունենալով Եվրաատլանտյան Գործընկերության Խորհրդի նիստում` Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մասնավորապես, ասել էր.

«Ակնհայտ է, որ սառը պատերազմի ավարտից հետո աշխարհը փոխվել է, եւ փաստացի կերպով կփոխվի, եւ արդեն սկսել է փոխվել նոր նախադրյալների վրա հիմնված` եվրոպական անվտանգության արդյունավետ հայեցակարգը: Պարզ է նաեւ, որ հարաբերությունների նոր վարքագիրքը չի կարող հստակեցվել առանց երկրագնդի վրա տեղի ունեցող փոփոխությունները հաշվի առնելու: Ճշմարտությունն այն է, որ Եվրոպայում գերակշռող ուժ դարձած ՆԱՏՕ-ն որոշում է իր ռազմավարությունը, ընդգծում է լիազորությունների նոր շրջանակը, որն Եվրոպայում նոր բաժանարար գծերի հնարավոր առաջացման դեպքում նաեւ պատասխանատվության շրջանակ է ենթադրում:

Մեզ համար սա հատուկ մտահոգության առարկա է հանդիսանում, քանի որ, լինելով բարդ տարածաշրջանում տեղակայված երկիր, մենք կարող ենք գլոբալ դիմակայության նոր ընկերակցության մեջ հայտնվել: Կարծում եմ, նման հեռանկարը շատ երկրների համար է մտահոգության առիթ հանդիսանում, եւ նրանք պետք է հնարավորին ամենը անեն` իրադարձությունների նման զարգացումից խուսափելու համար: Մինչ այդ անհրաժեշտ է այնպիսի նոր մոտեցումների ձեւակերպումն ու գիտակցումը, ուր փոխզիջումների որոնումը չփոխարինվի ուժի կիրառմամբ, եւ ՆԱՏՕ-ին անդամակցելը նոր ռազմավարության իրականացման ընթացքում ամենաթողության իրավունք եւ կրկնակի ստանդարտների օգտագործում չնշանակի»:

 

 

Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Սերգեյ Բադալյանը Ռոբերտ Քոչարյանի վաշինգտոնյան այցը «Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնային հարաբերությունների եւ հանրապետության ազգային եւ պետական շահերի նկատմամբ դավաճանություն» էր որակել: Նա նշել էր, որ «այցը իրականացվում է Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի հետ բոլոր կապերը խզելու ժամանակաշրջանում, երբ հայկական կողմի խնդրանքով Ռուսաստանը հզորացնում է իր ռազմական ներկայությունը Հայաստանում եւ համալրում է այստեղի իր ռազմաբազան նորագույն տեխնիկայով»:

 

 

Վաշինգտոնից վերադառնալուց հետո Ռոբերտ Քոչարյանը համոզմունք էր հայտնել, որ իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին չի կարող բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական նշանակություն ունեցող հարաբերությունների վրա:

«Վաշինգտոնյան այցից հրաժարվելը հավասարազոր կլիներ բոյկոտի, որի համար մենք ոչ պատճառ ունենք, ոչ էլ հիմք»,- ասել էր Հայաստանի նախագահը, նշելով, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին իր մասնակցությունը «կարեւոր եւ անհրաժեշտ քայլ էր»:

1999թ. հուլիսին Մեդիամաքսի հետ հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը նկատել էր, որ տեսանելի ապագայում Հարավային Կովկասը ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության գոտի չի դառնա:

 

 

Վաշինգտոնի գագաթաժողովը անցնում էր ՆԱՏՕ-ի` նախկին Հարավսլավիայում տիրող իրավիճակին միջամտելու ֆոնին, եւ ողջ 1999 տարվա ընթացքում Ադրբեջանի ներկայացուցիչները փորձում էին այս կամ այն կերպով զուգահեռներ անցկացնել Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ:

Մեկնաբանելով այս փորձերը` Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ասում էր, որ հունիսին Ռոբերտ Քոչարյանի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում Դաշինքի ղեկավարը հստակորեն հայտնել է, որ ՆԱՏՕ-ն մտադիր չէ միջամտել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին:

 

 

Հայաստանի ԱԳ նախարարը նշում էր նաեւ, որ կոսովյան իրադարձություններից հետո Ադրբեջանում պատրանք ստեղծվեց, որ եթե ՆԱՏՕ-ն մասնակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, ապա կպաշտպանի Ադրբեջանի շահերը:

 

 

«Իրավիճակն իրոք շատ նման է, սակայն Կոսովոյի եւ Ղարաբաղի միջեւ զգալի տարբերություն կա. մեր ազատագրական բանակն անհամեմատ ավելի ուժեղ գտնվեց: Մեզ հաջողվեց ինքնուրույն դիմակայել էթնիկական զտումներին եւ անել այն, ինչ հիմա ՆԱՏՕ-ն փորձում է իրականացնել Կոսովոյում»,- ասում էր Հայաստանի ԱԳ նախարարը:

Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են REUTERS-ի լուսանկարներ:

 

«Նորագույն պատմությունը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Նորագույն պատմությունը»-ը ներկայացնում է իրադարձություններ եւ դրվագներ, որոնք տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում 1991 թվականից հետո ընկած ժամանակաշրջանում: