ՀԱՊԿ vs. ՆԱՏՕ՝ հեռավոր 2004-ին



Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) խնդիրները այսօր կամ երեկ չեն ծնվել։ «Նորագույն պատմության» այս թողարկման մեջ կպատմենք ՀԱՊԿ-ի անդամների միջեւ 2004 թվականին տեղի ունեցած խմորումների մասին։

2004 թվականի հունիսի 18-ին Աստանայում հավաքվել էին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարները։ Ելույթ ունենալով ՀԱՊԿ Խորհրդի նիստում, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել էր, որ կազմակերպությունը «հանգիստ եւ դրական» է արձագանքում ՆԱՏՕ-ի հետ իր անդամների համագործակցությանը։ Նա նշել էր, որ ՀԱՊԿ-ի Խորհրդի վերջին նիստում փաստաթուղթ էր ընդունվել ՀԱՊԿ-ի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի համագործակցության հիմնական ուղղությունների մասին։

Քոչարյանն ասում էր, որ փաստաթղթում ամրագրվել են ՀԱՊԿ-ՆԱՏՕ համագործակցությունն իրացնելու կոնկրետ մեխանիզմներ, բայց իրականում
այդ համագործակցությունը բացառապես բարի մտադրություն էր։

Բացի նրանից, որ ՀԱՊԿ-ի ոչ բոլոր անդամներն էին ձգտում գործակցել ՆԱՏՕ-ի հետ, Հյուսիսատլանտյան դաշինքը հրապուրված չէր ՀԱՊԿ-ի հետ համագործակցության հեռանկարով։ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Նիկոլաս Բարնսը 2004 թվականի աշնանը Մեդիամաքսին տված հարցազրույցում ասել էր.

«Քանի որ ՀԱՊԿ-ի անդամներից յուրաքանչյուրը նաեւ Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի (ԵԱԳԽ) անդամ է, դժվար է ասել, թե ինչ արժեք կունենա այս կազմակերպության հետ նոր կապող օղակների ստեղծումը»։

2004 թվականի ապրիլին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը նշել էր, որ «քանի դեռ մենք չենք բարձրացնում ՆԱՏՕ-ին մեր անդամակցության հարցը, դաշինքի հետ մեր համագործակցությունը չի հակասում Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմավարական հարաբերություններին եւ ՀԱՊԿ-ին մեր մասնակցությանը»: Այս հայտարարության փաստը վկայում էր այն մասին, որ ՀԱՊԿ անդամների մեծ մասի վերաբերմունքը ՆԱՏՕ-ի հետ շփումների ընդլայնմանը դժվար թե կարելի էր «հանգիստ եւ դրական» անվանել, ինչպես մի քանի ամիս անց պնդելու էր Ռոբերտ Քոչարյանը։

 

 

«Եթե պարզվի, որ Վրաստանն ու Ադրբեջանը ի վերջո կդառնան ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Հայաստանը՝ ոչ, ապա ակնհայտ է, որ դա կհանգեցնի Կովկասում նոր բաժանարար գծերի ստեղծմանը»,- փաստարկում էր Օսկանյանը։

Օսկանյանի խոսքերից օրեր առաջ Հայաստանի խորհրդարանը վավերացրել էր «Զինված ուժերի կարգավիճակի մասին» բազմակողմ համաձայնագիրը ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի (PfP Status of Forces Agreement-PfP SOFA) շրջանակներում։ Առաջին հայացքից վավերացման փաստը առանձնահատուկ իրադարձություն չէր: Ավելին, Հայաստանի հարեւաններն այդ համաձայնագրին միացել էին ավելի վաղ՝ Վրաստանը 1995-ին (վավերացրել էր 1997-ին), Ադրբեջանը՝ 1998-ին (վավերացրել էր 2000-ին):

Այն օրերին, երբ Հայաստանի խորհրդարանը վավերացնում էր համաձայնագիրը, Ռուսաստանի Պետդուման ընդունել էր «ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ կապված» հայտարարությունը, որտեղ ասվում էր, որ «դաշինքի ռազմական դոկտրինան շարունակում է հարձակողական բնույթ ունենալ»։ 2004 թվականի ապրիլի 1-ին ռուսական պաշտոնական «Պառլամենտսկայա գազետա»-ն գրում էր.

 

 

 

 

2004թ. մայիսին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ հանդիպման ժամանակ ասում էր, որ «անհանգստացած» է ՆԱՏՕ-ի հետ կազմակերպության որոշ անդամների շփումներով։ Լուկաշենկոյի խոսքով՝ ՆԱՏՕ-ի զորքերը գտնվում են ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի տարածքում՝ «ահաբեկչության դեմ պայքարի քողի ներքո»։

Բելառուսի նախագահին վրդովվեցրել էր այն փաստը, որ Ղրղզստանում ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինվորականներ տեղակայելու որոշումը «ընդունվել է առանց անհրաժեշտ խորհրդակցությունների այս դեպքում»։ «Համենայն դեպս, Բելառուսին ոչ ոք չի հարցրել, թեեւ պայմանագրով դա նախատեսված է։ Պատկերացրեք, եթե հանկարծ մենք Բելառուսի տարածքում տեղակայեինք մեկ այլ դաշինքի օդուժ։ Ինչպե՞ս կարձագանքեն մեր գործընկերները՝ ծայրահեղ բացասական», - ասել էր Լուկաշենկոն։ Նա ավելացրել էր, որ Բելառուսն անհանգստացած է նաեւ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի եւ Ղազախստանի շփումներով, «որոնց համար եւս ինչ-որ հիմնավորումներ են բերվում»։

 

 

Աստանայի գագաթնաժողովի նախօրեին Ռուսաստանի ղեկավարությունը նույնպես որոշակի դժգոհություն էր հայտնել ՀԱՊԿ-ի աշխատանքից։ «Մոսկվայի կարծիքով, ՀԱՊԿ-ի անդամ երկրների արտաքին քաղաքական համակարգման մեխանիզմները բավականաչափ արդյունավետ չեն»,- ՌԻԱ Նովոստի-ին ասել էր Կրեմլի բարձրաստիճան աղբյուրը։

Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են REUTERS-ի լուսանկարները:

 

«Նորագույն պատմությունը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Նորագույն պատմությունը»-ը ներկայացնում է իրադարձություններ եւ դրվագներ, որոնք տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում 1991 թվականից հետո ընկած ժամանակաշրջանում: