Զորախմբի գործուղումը Իրաք՝ իշխանությունը, ընդդիմությունը եւ «Հայկական ժամանակը»



2005 թվականի հունվարի 18-ին մի քանի ժամվա տարբերությամբ Մերձավոր Արեւելք մեկնեցին 46 հայ խաղաղապահներ եւ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Զինվորականների նպատակակետը Քուվեյթն էր, իսկ նախարարինը՝ Եգիպտոսը։ Այցերը միմյանց հետ անմիջական կապ չունեին, բայց զուգադիպությունը խորհրդանշական էր։

Հայաստանի Զինված ուժերի ոչ մարտական ստորաբաժանումը, որի կազմում ընդգրկված էին սակրավորներ, ռազմական բժիշկներ եւ վարորդներ, ժամանել էր Քուվեյթ՝ երկշաբաթանոց վարժանքների համար։ Այնտեղից նրանք պիտի գնային Իրաք՝ ծառայելու լեհական հրամանատարության ներքո գտնվող բազմազգ դիվիզիայում:

Վարդան Օսկանյանը Եգիպտոսի մայրաքաղաք էր մեկնում Արաբական երկրների լիգայի հետ հուշագիր ստորագրելու՝ Հայաստանին այս կազմակերպությունում հատուկ հրավիրված երկրի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։ Օսկանյանի խոսքով, «այդ փաստաթղթի ստորագրումն, անկասկած, պատմական իրադարձություն է եւ նոր էջ է բացում հայ-արաբական հարաբերությունների պատմության մեջ»:

 

 

2004 թվականի դեկտեմբերի 24-ին Հայաստանի Ազգային ժողովը փակ նիստում վավերացրել էր 46 հայ ռազմական բժիշկների, վարորդների եւ սակրավորների Իրաք գործուղելու մասին հուշագիրը։ Վավերացմանը կողմ էին քվեարկել 91, դեմ՝ 23 պատգամավոր։ Դեմ էին ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի խմբակցությունը եւ իշխող կոալիցիայի մաս կազմող Դաշնակցության խմբակցությունը։

Խաղաղապահների գործուղումը Իրաք մի քանի ամիս բուռն ներքաղաքական քննարկումների առարկա էր։ Տպավորություն կար, թե իշխանությունների կողմից հրահանգ էր իջեցվել հնարավորինս քիչ խոսել Իրաք հայ խաղաղապահներ գործուղելու դրդապատճառների մասին։ Ակնհայտ էր, որ Հայաստանն իր զինվորականներին երբեք Իրաք չէր ուղարկի, եթե չլինեին որոշակի պարտավորությունները ԱՄՆ-ի հանդեպ։

 

 

«Բացատրական աշխատանքի» հիմնական բեռը պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ուսերին էր։ 2004 թվականի դեկտեմբերին նա ասել էր, որ «Հայաստանը պարտավոր է իր զորախումբն ուղարկել Իրաք»։ «Նույնիսկ եթե դրանից վնասներ կրենք, այն էականորեն ավելի փոքր կլինի, քան եթե մի կողմ մնանք այս գործընթացներից»,- պարզաբանել էր Սերժ Սարգսյանը։

2005 թվականի հունվարի 18-ին՝ Քուվեյթ խաղաղապահների գործուղման օրը, պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ «Հայաստանը ներգրավված է մի գործընթացում, որը, չնայած համաշխարհային, այդ թվում՝ հայ հանրության հակասական ընկալմանը, միջազգային անվտանգության կառուցման կարեւոր բաղադրիչներից մեկն է»: Դա Երեւանից հնչող առաջին նման հայտարարությունն էր. Հայաստանը Հարավային Կովկասի միակ երկիրն էր, որը չէր աջակցել Իրաքի դեմ ԱՄՆ պատերազմին։

 

 

Ընդդիմության շարքերում միասնականություն չկար։ 2004թ. հոկտեմբերին «Ազգային միաբանություն» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Ալեքսան Կարապետյանը խոսում էր «հայկական զորախմբի Իրաք ուղարկելու անընդունելիության մասին, որը կարող է հանգեցնել հայերի զանգվածային արտագաղթի արաբական երկրներից», բայց դեկտեմբերի 24-ին խմբակցությունը միաձայն քվեարկեց գործուղման օգտին։

2004թ. հունվարի 20-ին «Հայկական ժամանակ» թերթը, որի գլխավոր խմբագիրը Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր, հայտնել էր Երեւանում ամերիկացի կոնգրեսականների խորհրդականների ու օգնականների պատվիրակության հետ ընդդիմության ներկայացուցիչների հանդիպման մանրամասները։ Ըստ թերթի, «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը որոշել էր «Արդարություն» դաշինքին «անհարմար դրության մեջ» չդնել եւ ամերիկյան պատվիրակության անդամներին ասել էր, որ իր ընդդիմադիր գործընկերները ձեռնպահ են մնացել քվեարկության ժամանակ։ «Հայկական ժամանակ»-ը վրդովված գրում էր, որ հանդիպմանը ներկա «Արդարության» առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը լռել էր եւ չէր ասել, որ անձամբ ինքը եւ խմբակցության դեմ, այլ ոչ թե ձեռնպահ էին քվեարկել։

 

 

2004 թվականի հունվարի 19-ին «Արդարությունը» ներկայացնող Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ում հրապարակված հարցազրույցում ասել էր.

 

 

2004թ. աշնանը ընդդիմության մեկ այլ ներկայացուցիչ, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդներից Ալբերտ Բազեյանն ասել էր, որ Մոսկվային դուր չի գա պաշտոնական Երեւանի որոշումը, եւ եթե հայկական զորախումբն ուղարկվի Իրաք, «Ռուսաստանը կարող է որոշակի պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ»։

 

 

Սակայն Մոսկվայից դժգոհության տեսանելի նշաններ չեղան։ 2005 թվականի աշնանը Հայաստանի կառավարությունը դիմեց խորհրդարանին Իրաքում հայ խաղաղապահների ծառայության ժամկետը երկարացնելու առաջարկով։ Հետագա տարիներին ժամկետը եւս մի քանի անգամ երկարաձգվեց։

Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են լուսանկարներ Ֆոտոլուրի արխիվից:

 

«Նորագույն պատմությունը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Նորագույն պատմությունը»-ը ներկայացնում է իրադարձություններ եւ դրվագներ, որոնք տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում 1991 թվականից հետո ընկած ժամանակաշրջանում: