2005 թվականի սեպտեմբերին Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, ֆին դիվանագետ Հեյկի Տալվիտիեն խոստովանեց, որ Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) շրջանակներում Հայաստանի գործողությունների ծրագրի շուրջ բանակցությունները ձգձգվում են «Ադրբեջանի եւ ԵՄ անդամ երկրներից մեկի հետ հարաբերություններում առկա խնդիրների պատճառով»։
Տալվիտիեն չէր ասել, թե ԵՄ անդամ որ երկիրը ի նկատի ունի, սակայն պարզ էր, որ խոսքը Կիպրոսի մասին է։ 2005 թվականի օգոստոսի 29-ին թուրքական Հյուսիսային Կիպրոսից Ադրբեջան ուղիղ չվերթ էր իրականացվել, որով Հյուսիսային Կիպրոսի նախկին նախագահ Ռաուֆ Դենքթաշը եւ նրա որդին՝ չճանաչված հանրապետության փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Սերդար Դենքթաշը ժամանել էին Բաքու: Դենքթաշ-կրտսերն ասել էր, որ «մեր այցի նպատակը մեկուսացման ռեժիմից հնարավորինս արագ դուրս գալու ուղիների որոնումն է»։ Ի պատասխան Կիպրոսի իշխանությունները վետո էին դրել Ադրբեջանի Գործողությունների ծրագրի քննարկմանը։
Հեյկի Տալվիտիեն ասել էր, որ Հարավային Կովկասի երեք երկրները ԵՀՔ-ում ներառելու որոշում ընդունելիս Եվրամիությունը ելնում էր նրանից, որ անհրաժեշտ է պահպանել «հավասարակշռված քաղաքականություն» տարածաշրջանի բոլոր երկրների նկատմամբ: ԵՄ հատուկ ներկայացուցիչը հույս էր հայտնել, որ «ԵՄ անդամ երկրի» եւ Ադրբեջանի հարաբերություններում խնդիրները հնարավոր կլինի լուծել մինչեւ 2005 թ. հոկտեմբերի կեսերը։ Եթե դա տեղի չունենա, ասել էր Տալվիտիեն, ԵՄ-ն կարող է ավելի «տարբերակված քաղաքականություն» վարել Հարավային Կովկասի երկրների նկատմամբ։
Հետաքրքիր է, որ դրանից մի քանի օր առաջ Երեւան էր այցելել Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնենը, որը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները «շատ աշխատանք են կատարել ԵՀՔ-ի շրջանակներում Գործողությունների ծրագրի պատրաստման ուղղությամբ» եւ «շատ լուրջ մոտեցում են ցուցաբերում եվրոպական ինտեգրման նկատմամբ»։
Հապաղումը դժգոհություն էր առաջացնում ոչ միայն Երեւանում։ Վրաստանի արտաքին գործերի նախարար Սալոմե Զուրաբիշվիլին ասել էր. «Մենք ԵՄ-ի հետ Գործողությունների ծրագրի շուրջ բանակցությունների կարեւոր փուլում ենք, սակայն դրանք ձգձգվում են, եւ կարելի է ասել, որ մենք այնքան էլ գոհ չենք, թե ինչպես է ընթանում այս գործընթացը»:
2003 թվականին տարածաշրջանի երկրներին փաստացի մերժել էին ներառել ԵՄ նոր նախաձեռնության մեջ, որն այն ժամանակ կրում էր Wider Europe անվանումը: 2003 թվականի հոկտեմբերի 1-ին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը Բրյուսելում ԵՄ առաջնորդների հետ հանդիպումներից հետո ասել էր.
«Եթե Եվրամիությունից «ուղերձ» ստանանք այն մասին, որ Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը, ի վերջո, կարող են ԵՄ անդամ դառնալ, եւ մեր ժողովուրդները հավատան, որ մենք ի վերջո կապրենք միության մեջ, որտեղ սահմաններն էական չեն, կարծում եմ, որ դա կփոխի մեր մոտեցումները հակամարտությունների կարգավորմանը»։
Օսկանյանի խոսքով, այդ դեպքում «մենք կդառնանք պակաս ագրեսիվ եւ ավելի քիչ պահանջկոտ», «իսկ հակամարտությունների կարգավորումը կլինի բոլորովին այլ համատեքստում, որն ավելի հարմար կլինի առկա խնդիրները լուծելու համար»։
Նույն թվականի սեպտեմբերին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր.
«Հայաստանը կողմ է, որ Եվրամիությունը մշակի եւ բարձրաձայնի իր դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ: Մենք ցանկանում ենք, որ մեր տարածաշրջանը ներառվի Եվրամիության ուղղակի շահերի ուղեծրում»։
ԵՄ առաջնորդներն, իրենց հերթին, բացատրում էին Wider Europe նախաձեռնությունում Հարավային Կովկասի երկրները չներառելու պատճառները.
«ԵՄ-ն շատ նշանակալի աջակցություն է ցուցաբերել տարածաշրջանի զարգացմանը: Ցավոք, մենք դեռեւս չենք տեսնում այն առաջընթացը` ժողովրդավարությանը, ազատ շուկայական տնտեսությանը եւ խաղաղությանը հասնելու ճանապարհին, որն ակնկալում էինք: Մենք որոշակի հաջողությունների ենք հասել տարածաշրջանային համագործակցության խրախուսման ճանապարհին, սակայն դրանք չեն համապատասխանում այն ծավալին, որը պարտավորվել էին ապահովել Հարավային Կովկասի մեր գործընկերները` ԵՄ-ի հետ գործընկերության եւ համագործակցության մասին պայմանագրերի ուժի մեջ մտնելուց հետո։ Տարածաշրջանի լիարժեք եւ երկարաժամկետ կայունացումն ուժեղ կամք է պահանջում, որն անհրաժեշտ է փոխզիջումների հասնելու համար: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի խոսել իրական տարածաշրջանային համագործակցության մասին: Առաջիկայում տարածաշրջանի երկրները դեռեւս բազմաթիվ կարեւոր քայլեր պետք է ձեռնարկեն», - 2003 թվականի հունիսին Մեդիամաքսին տված բացառիկ հարցազրույցում ասում էր Եվրոպական Միության արտաքին կապերի հանձնակատար Քրիսթոֆեր Փաթենը։
2004 թվականի սկզբին, ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, Փաթենը կրկին նշել էր, որ Հարավային Կովկասի երկրների ներգրավվածությունը ԵՀՔ-ում մեծապես կախված է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հավատարմությունից ժողովրդավարական վերափոխման գործընթացին:
«Եվրամիությունը ուշադիր հետեւում է տարածաշրջանի բոլոր երեք երկրներում տեղի ունեցող զարգացումներին, որպեսզի համոզվի, որ առաջընթաց է արձանագրվում ժողովրդավարացման եւ տնտեսական զարգացման ոլորտներում: Մենք ցանկանում ենք տեսնել բարեփոխումների նկատմամբ վստահելի հանձնառություն, որը հստակորեն դրսեւորվում է կոնկրետ քայլերի միջոցով, ինչպիսին է կոռուպցիայի դեմ պայքարը», - ասել էր Փաթենը:
Ի վերջո, 2004 թվականի հունիսին Եվրամիությունը որոշում կայացրեց ներգրավել Հայաստանին, Վրաստանին եւ Ադրբեջանին ԵՀՔ-ում: Դրանից առաջ Ռոբերտ Քոչարյանը նշել էր, որ Հայաստանի ներգրավվածությունը «լուրջ խթան կհանդիսանա երկրի օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու համար»։
Արդեն 2004 թվականի հոկտեմբերին Հայաստանի եւ Վրաստանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Միխեիլ Սաակաշվիլին Թբիլիսիում քննարկել էին ԵՀՔ շրջանակներում ԵՄ-ի հետ համագործակցության ուղղությամբ երկու երկրների ջանքերի համակարգման հարցերը։
«Մենք ցանկանում ենք, որ այս նոր ծրագրի շրջանակներում մեր համագործակցությունը ԵՄ-ի հետ լինի լիարժեք եւ ոչ դեկլարատիվ»,- հայտարարել էին երկու երկրների նախագահները։ Իսկ Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի հետ հանդիպմանը Ռոբերտ Քոչարյանն ասել էր, որ Հայաստանն ու Վրաստանը կարող են փորձագետների համատեղ խումբ հիմնել, որը փաստաթուղթ կմշակի երկու երկրների առաջնահերթությունների վերաբերյալ Եվրոպական Միության «Եվրոպական հարեւանության քաղաքականության» շրջանակներում։
«Առաջին հերթին մենք ինքներս պետք է հասկանանք, թե ինչ ենք ուզում Եվրոպական հարեւանության քաղաքականությունից,- ասել էր Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ ԵՄ-ն դեռ պատրաստ չէ իր առաջարկները ձեւակերպել։ «Այս պահը կարող ենք օգտագործել մեր ակնկալիքների մասին ավելի ակտիվ խոսելու համար»,- ասել էր Հայաստանի նախագահը։
2005 թվականի մարտի սկզբին Եվրահանձնաժողովը հրապարակել էր Հայաստանի վերաբերյալ զեկույցը, որը պարունակում էր Գործողությունների ծրագրի հիմնական ուղղությունները։ Դրանից մի քանի օր անց Ռոբերտ Քոչարյանը հանդիպում էր հրավիրել կառավարության անդամների հետ՝ նվիրված Հայաստանի Գործողությունների ծրագրի մշակմանը։
«Եկել է կողմնորոշվելու ժամանակը. ի՞նչ ուղղություններ ենք ընտրում եւ ի՞նչ արագությամբ ենք պատրաստ առաջ շարժվել։ Դա շատ կարեւոր պահ է երկրի համար։ Մենք կարող ենք լուրջ աջակցություն ստանալ ընթացող բարեփոխումներին եւ ԵՄ կառույցների օգնությամբ կենտրոնացնել մեր ջանքերը դրանց իրականացման համար»,- ասում էր Ռոբերտ Քոչարյանը։
Արա Թադեւոսյան
Այս գլխում օգտագործվել են լուսանկարներ Ֆոտոլուրի եւ REUTERS-ի արխիվից: