«3+3» կամ «3+3+2»՝ բանաձեւեր իրական անվտանգության փոխարեն



2020 թվականի պատերազմի հետեւանքներից մեկը Ռուսաստանի համաձայնությունն էր Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջարկին «3+3» մեխանիզմ գործարկելու մասին՝ Հարավային Կովկասի երեք երկրներ եւ երեք հարեւաններ (Ռուսաստան, Թուրքիա, Իրան): Վերջին 3.5 տարվա ընթացքում այս ձեւաչափով ընդամենը երկու հանդիպում է կայացել՝ Մոսկվայում եւ Թեհրանում (Վրաստանը երկուսն էլ անտեսել է)։

Այսօր կպատմենք այն մասին, որ քառորդ դար առաջ Հայաստանն առաջարկել էր «3+3+2» ձեւաչափը։

«Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջեւ հակասություններն այսօր սրված են ավելին, քան երբեւէ։ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ նոր առճակատման դեպքում մենք, ոչ մեր կամքով, ստիպված կլինենք հրաժարվել արտաքին քաղաքականության կոմպլեմենտարության սկզբունքից, եւ վաղ թե ուշ ստիպված կլինենք ընտրություն կատարել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ»:


Դժվար է հավատալ, բայց այս խոսքերն ասվել էին ոչ թե այսօր, այլ 25 տարի առաջ։ Այս հայտարարությամբ 1999 թվականի դեկտեմբերին հանդես էր եկել Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը։ Նա ասել էր, որ իրավիճակը տարածաշրջանում արագորեն փոխվում է եւ հղի է վտանգավոր եւ անցանկալի հետեւանքներով։ Օսկանյանն ասում էր, որ դրանով էին պայմանավորված իր վերջին այցերը Մոսկվա եւ Թեհրան, որտեղ ինքը գործընկերների հետ քննարկում էր տարածաշրջանային անվտանգության նոր համակարգի ստեղծման հեռանկարները, որը կարող են ձեւավորել Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը, ինչպես նաեւ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը։

Օսկանյանը կտրականապես հերքում էր այն ենթադրությունը, թե այս կերպ Հայաստանը փորձում է նպաստել նոր բեւեռի ստեղծմանը ի դեմս Ռուսաստանի եւ Իրանի։ «Մենք փորձում ենք ընդհանրապես հրաժարվել բեւեռներից, եւ այդ իսկ պատճառով առաջարկում ենք անվտանգության համակարգում ներգրավել տարածաշրջանի բոլոր երկրները»,- ասում էր նա։

 

 

Մի քանի ամիս անց, 2000 թվականի մարտին ելույթ ունենալով Վրաստանի խորհրդարանում, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացրել էր տարածաշրջանային անվտանգության համակարգի փոփոխված բանաձեւը.

«Մեր կարծիքով, Հարավային Կովկասի տարածաշրջանի հավաքական անվտանգության ապագա համակարգը կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, եթե իրապես համապարփակ, համալիր բնույթ կրի: Նման համակարգը չպետք է բացառի տարածաշրջանի վրա անմիջական ազդեցություն ունեցող ուժերից որեւէ մեկի մասնակցությունը։ Մեր առաջարկած «3+3+2» բանաձեւը ներառում է Հարավային Կովկասի երեք պետությունները, տարածաշրջանի անմիջական հարեւաններին՝ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը, ինչպես նաև Եվրամիությունն ու ԱՄՆ-ն»։

Նա ասում էր, որ Հարավային Կովկասում հավաքական անվտանգության համակարգի հարցում Հայաստանը ելնում է պատմական եւ ներկա աշխարհաքաղաքական իրողություններից եւ այն փաստից, որ «տարածաշրջանն այսօր հանդիսանում է ընդհանուր եվրոպական անվտանգության համակարգի ամենաթույլ օղակներից մեկը»։

2001 թվականին Եվրոպական միության Խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան Մեդիամաքսին տված բացառիկ հարցազրույցում մեկնաբանել էր Հայաստանի առաջ քաշած «3+3+2» բանաձեւը.

«Նշված բոլոր երկրները պետք է դերակատարություն ունենան տարածաշրջանում երկարաժամկետ անվտանգության եւ կայունության հաստատման գործում։ Մենք անընդհատ խոսում ենք տարածաշրջանում ավելի սերտ համագործակցության անհրաժեշտության մասին, սակայն դրսի գործընկերները եւս պետք է աշխատեն այդ նպատակներին աջակցելու համար: Կարեւոր է գիտակցել, որ Հարավային Կովկասում անվտանգությունը մեկուսացված խնդիր չէ»։

 

 

Սոլանան նշել էր, որ «սեպտեմբերի 11-ի ողբերգական իրադարձությունները ցույց տվեցին, որ անվտանգության ոլորտում համագործակցության անհրաժեշտությունը շատ ավելին է, քան տարածաշրջանային մակարդակով համագործակցությունը»։

«Հակաահաբեկչական գլոբալ կոալիցիայի ստեղծումը հսկայական մարտահրավեր է մեզ համար, բայց միեւնույն ժամանակ հնարավորություններ է ստեղծում մի կողմ դնել հին տարաձայնությունները եւ կենտրոնանալ ուժերը միավորելու վրա։ Դա ակնհայտ շանս է Հարավային Կովկասի համար»,- ընդգծում էր Խավիեր Սոլանան։

Ավելի վաղ՝ 2000 թվականին, Մեդիամաքսի խնդրանքով տարածաշրջանային անվտանգության համակարգի վերաբերյալ Քոչարյանի առաջարկը մեկնաբանել էր նաեւ Ռայսի համալսարանի Ջեյմս Բեյքերի Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն, ամերիկացի ամենափորձառու եւ հեղինակավոր դիվանագետներից մեկը՝ Էդվարդ Ջերեջյանը.

«Հարավային Կովկասի բաժանումը մրցակցող ռազմաքաղաքական դաշնակիցների կհանգեցնի տարածաշրջանի լուրջ ապակայունացմանը։ ՆԱՏՕ-ի ընդլայնումը Հարավային Կովկասում ինձ խնդրահարույց է թվում։ Դա կսրի Ռուսաստանի մտահոգությունը Եվրոպայում ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ եւ կվերածնի շրջապատման մեջ հայտնվելու Ռուսաստանի պատմականորեն արմատացած վախը: Իսկ այն, որ Հայաստանը կարող է հայտնվել ռուսական ազդեցության ներքո, չի ծառայում նրա երկարաժամկետ շահերին։ Ուստի համաձայն եմ, որ Հարավային Կովկասի երկրների համար լավագույն ճանապարհը կլինի տարածաշրջանային անվտանգության համակարգի ստեղծման վրա աշխատելը»։

 

 

Միեւնույն ժամանակ, նշում է նա, «պետք է իրատես լինել. Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության համակարգ կարող է ձեւավորվել միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո»։

2003 թվականի մայիսին Հարավային Կովկասի երկրներ կատարած տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան էր ժամանել Իրանի արտգործնախարար Քամալ Խարազին։ Երեւանում, Բաքվում եւ Թբիլիսիում կայացած բանակցություններում Իրանի ԱԳՆ ղեկավարը հատուկ շեշտադրել էր տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերը։

 

 

«Թեհրանը հանդես է գալիս Կովկասում անվտանգության տարածաշրջանային համակարգի ստեղծման օգտին՝ «3+3» բանաձեւով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Իրան, Թուրքիա, Ռուսաստան)»,- Երեւանում ասել էր Խարազին։ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպմանը իրանցի նախարարն ընդգծել էր, որ «տարածաշրջանի երկրները պետք է ինքնուրույն լուծեն Կովկասի անվտանգության խնդիրները»։


Վրաստանն ու Ադրբեջանը արձագանքը բավականին սառն էր։ Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը հիշեցրել էր, որ Ադրբեջանն ու Վրաստանը ձգտում են ինտեգրվել ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին։ «Ուստի Կովկասում անվտանգության լուրջ համակարգն անհնար է առանց եվրատլանտյան կառույցների մասնակցության»,- նշել էր ադրբեջանցի նախարարը։

 

 

Կովկասում տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու նախաձեռնությունների ու բանաձեւերի պակաս երբեք չի եղել։ Սակայն քանակը երբեք չի վերածվել որակի: Հիմնական պատճառը եղել եւ մնում է այն, որ տարածաշրջանային անվտանգության համակարգի մասին խոսելիս դրա գրեթե բոլոր հավանական մասնակիցները հենց միմյանց են «սպառնալիք» համարում։

Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են լուսանկարներ REUTERS-ի, Ֆոտոլուրի, ՄԱԿ-ի եւ «Ավրորա» նախաձեռնության արխիվներից:

 

«Նորագույն պատմությունը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Նորագույն պատմությունը»-ը ներկայացնում է իրադարձություններ եւ դրվագներ, որոնք տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում 1991 թվականից հետո ընկած ժամանակաշրջանում: