2004 թվականի մայիսի 10-ին Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու հունիսին Ստամբուլում կայանալիք Եվրատլանտյան գործընկերության խորհրդի (ԵԱԳԽ) գագաթնաժողովին։ Պատճառաբանությունը «հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակն» էր։
Հայաստանի նախագահը մասնակցել էր ՆԱՏՕ-ի եւ ԵԱԳԽ-ի վերջին երկու գագաթնաժողովներին՝ Վաշինգտոնում եւ Պրահայում։ Ռոբերտ Քոչարյանի քննադատները նաեւ հիշեցնում էին, որ Հայաստանի նախագահը 1999 թվականի աշնանը ոչ միայն մասնակցել էր Ստամբուլում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովին, այլեւ հանդիպել էր Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելի հետ։ Ի դեպ, Թուրքիայում ԵԱՀԿ գագաթնաժողովին մասնակցելու որոշումը Հայաստանը կայացրել էր նրանից հետո, երբ միջազգային հանրությունը եւ առաջին հերթին՝ ԱՄՆ-ն համոզել էին Երեւանին հրաժարվել Ստամբուլում գագաթնաժողովն անցկացնելու որոշման վրա վետո դնելու մտադրությունից։
Ամերիկացիներին այն ժամանակ հաջողվել էր համոզել Երեւանին՝ խոստանալով ազդել Թուրքիայի վրա եւ հասնել նրան, որ այդ երկիրը փոխի իր դիրքորոշումը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը այդ հարցը քննարկել էր 1999 թվականին ԵԱՀԿ Ստամբուլի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների հետ։ Պատասխանելով Մեդիամաքսի այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ին կարելի է միջնորդ համարել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, Ռոբերտ Քոչարյանն ասել էր. «Կարծում եմ՝ այո, եւ ԱՄՆ-ն արդեն մի քանի ամիս է, ինչ փորձում է խաղալ այդ դրական դերը»։
Ստամբուլում ԵԱՀԿ-ի եւ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովների միջեւ ընկած 5 տարիների ընթացքում ԱՄՆ-ն իսկապես մեծ ջանքեր էր գործադրել՝ հասնելու Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը։ Սակայն շոշափելի արդյունքի հասնել չհաջողվեց։ Այդ ֆոնին Քոչարյանի՝ Ստամբուլ գնալուց հրաժարվելը կարող էր կայացվել նաեւ ԱՄՆ-ին հինգ տարի առաջ տված խոստումների մասին հիշեցնելու նպատակով։
Մյուս կողմից, Քոչարյանի որոշումը ոչ միանշանակ էր թվում Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի մերձեցման քաղաքականությունը հաշվի առնելով։
2004 թվականի մարտին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերն ասել էր.
«ՆԱՏՕ-ին յոթ նոր անդամների միանալուց հետո Գործընկերության քաղաքականությունը կմտնի նոր փուլ, որը բնութագրվում է գործընկերների հետ ավելի անհատականացված հարաբերություններով եւ Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հետ համագործակցության վրա շատ ավելի մեծ շեշտադրմամբ»:
Հայաստանն իր կողմից եւս մի շարք քայլեր էր ձեռնարկել ՆԱՏՕ-ի հետ մերձեցման ուղղությամբ։ Հայաստանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները հայտարարել էին ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիր (Individual Partnership Action Plan-IPAP) մեկնարկելու Երեւանի մտադրության մասին, իսկ 2004 թվականի ապրիլին Հայաստանի խորհրդարանը վավերացրել էր «Զինված ուժերի կարգավիճակի մասին» բազմակողմ համաձայնագիրը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» (ԳՀԽ) ծրագրի շրջանակներում։
Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս որոշ ուժեր պնդում էին, որ Քոչարյանի՝ Ստամբուլ մեկնելուց հրաժարվելը պայմանավորված էր «Մոսկվայի գաղտնի հրամանով»։ Սակայն Երեւանը գագաթնաժողովը չէր բոյկոտում. Ստամբուլում հայկական պատվիրակությունը գլխավորում էր արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
Կարծիքներ էին հնչում, որ Քոչարյանի որոշման մեկ այլ նպատակը հայ-թուրքական հարաբերությունների խնդրին ՆԱՏՕ-ի ուշադրությունը հրավիրելն էր, թեեւ դաշինքի ղեկավարները հետեւողական հայտարարում էին, որ մտադիր չեն որպես միջնորդ հանդես գալ Երեւանի եւ Անկարայի միջեւ։
Դեռ 2001 թվականի հունվարին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերտսոնը Մեդիամաքսին ասել էր.
«ՆԱՏՕ-ն չի կարող դատավորի դեր խաղալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում: Մենք չենք կարող վերահսկել մեր դաշինքի անդամ երկրների արտաքին քաղաքականությունը։ Բացի այդ, դա իրագործելի չէ գործնականում։ Օրինակ, ես չեմ կարող նախագահ Բուշի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Կոնդոլիզա Ռայսին ասել, թե ինչպես պետք է Միացյալ Նահանգները զարգացնի հարաբերությունները Հյուսիսային Կորեայի կամ Հնդկաստանի հետ: Դա ոչ տեղին ու անօգուտ կլիներ»։
2000-ականների սկզբին հայ դիվանագետները մասնավոր զրույցներում ասում էին, որ միտումնավոր են օգտագործում «թուրքական գործոնը» որպես լծակ ՆԱՏՕ-ի հետ բանակցություններում՝ ընդգծելով, որ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը բացասաբար է անդրադառնում Հայաստանում դաշինքի իմիջի վրա։ Դժվար է ասել, թե նման քաղաքականությունն ինչ արդյունք տվեց, բայց ակնհայտ է, որ Երեւանը հետագայում այլ մարտավարություն ընտրեց. Հայաստանը պատրաստակամություն էր ցուցաբերում մասնակցել ՆԱՏՕ-ի բոլոր միջոցառումներին, որոնք այս կամ այն կերպ կապված էին Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ՝ այդպիսով փորձելով առաջ մղել Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտության գաղափարը։
Հենց այսպես կարելի էր մեկնաբանել Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի հայտարարությունը 2004թ. մայիսի 5-ին Բրյուսելում ԵԱԳԽ ռազմական կոմիտեի շտաբների պետերի հանդիպման ժամանակ։
«Հայկական կողմը չի կիսում այն կարծիքը, որ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» (ԳՀԽ) ծրագրի շրջանակներում Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցությունը դատապարտված է ձախողման։ Հայաստանը փորձում է կապեր հաստատել հարեւան երկրների հետ տարածաշրջանային ռազմական համագործակցության ծրագրերի շրջանակներում ՝ նպատակ ունենալով թուլացնել լարվածությունը եւ նպաստել հակամարտությունների կարգավորման համար բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը»։
Ի դեպ, հենց Միքայել Հարությունյանն էր պատմության մեջ առաջին բարձրաստիճան հայ զինվորականը, որը 2003 թվականի նոյեմբերին այցելել էր Ստամբուլ. նա ժամանել էր այնտեղ ՆԱՏՕ-ի Հյուսիսային հրամանատարության գլխավոր հրամանատարի հրավերով եւ մասնակցել Allied Action 2003 զորավարժությունների VIP-օրվան։
Չնայած հնչած քննադատությանը, Ռոբերտ Քոչարյանի՝ Ստամբուլում ԵԱԳԽ գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվելը չազդեց ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների վրա. մեկ տարի անց՝ 2005 թվականի հունիսին, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հանձնեց դաշինքի հետ Հայաստանի Անհատական գործընկերության ծրագրի պրեզենտացիոն փաստաթուղթը։
Արա Թադեւոսյան
Այս գլխում օգտագործվել են լուսանկարներ REUTERS-ի եւ Sputnik Armenia-ի արխիվներից: