
2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք Ազգային Ժողովի ընտրություններին ընդառաջ Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ծավալուն հարցազրույց էր տվել Մեդիամաքսին:
Նա, մասնավորապես, ասել էր.
«Այս ընտրությունները, իմ կարծիքով, Հայաստանին հնարավորություն են ընձեռում վերջ դնել անցած ընտրությունների շուրջ հակասական գնահատականներով նշանավորված անցյալին: Անցյալում եղել են լուրջ մեղադրանքներ ընտրությունների կեղծման եւ դրանց շուրջ մանիպուլյացիաների հետ կապված: Այս ընտրությունները Հայաստանին հնարավորություն են ընձեռում մոտենալ եվրոպական չափանիշներին եւ նոր գլուխ բացել Հայաստանի՝ ժողովրդավարական ապագայի կառուցման գործում»:
Իսկ 2017 թվականի մարտի 16-ին Պյոտր Սվիտալսկին դիվանագիտական պրակտիկայում ոչ այնքան ընդունված քայլ էր արել՝ կոչով դիմելով Հայաստանի ընտրողներին:
Նրա ուղերձում ասվում էր.
«1. Գնացե՛ք եւ ընտրե՛ք: Ես գիտեմ, որ շատ հայաստանցիներ վստահ չեն, որ իրենց ձայնը կարող է հաշվարկվել: Նրանք անցյալի վատ փորձ ունեն, սակայն ցանկանում եմ ասել, որ այս անգամ մենք կանենք հնարավորը, որ ձեր ձայնը հաշվարկվի: Այնպես որ՝ գնացե՛ք եւ ընտրե՛ք:
2. Հավատացե՛ք, որ ձեր ընտրությունը կլինի գաղտնի եւ անանուն: Նոր տեղադրված տեխնիկական միջոցները` տեսանկարահանող սարքավորումները, չեն բացահայտի ձեր ընտրությունը: Մի՛ հավատացեք այն մարդկանց, որոնք ասում են, թե կբացահայտեն` ում օգտին եք քվեարկել, քանի որ դա հնարավոր չէ:
3. Մի՛ գայթակղվեք եւ մի՛ վաճառեք ձեր ձայնը: Կլինեն մարդիկ, որոնք ձեզ փող, ծառայություններ կառաջարկեն կամ խոստումներ կտան ձեր ձայնի դիմաց: Չկա աշխարհում այնպիսի փող, որը կարժենա ձեր ձայնը:
4. Խիզա՛խ եղեք, մի՛ ահաբեկվեք, ձեզ կարող են սպառնալ, մի՛ վախեցեք: Ընտրական այս գործընթացը կորոշի ձեր ապագան:
5. Եթե ինչ-որ բան տեսնում եք, որ սխալ է, մի՛ վախեցեք բարձրաձայնել դրա մասին եւ հայտնել իրավապահներին, նույնիսկ եթե չեք հավատում, որ նրանց գործողություններն արդյունավետ կլինեն: Դա նրանց պարտականությունն է»:
Ընտրություններին միջազգային դիտորդները բավականին լավ գնահատական տվեցին, իսկ ընդդիմությունը չվիճարկեց դրանց արդյունքները: Դեսպան Սվիտալսկին, սակայն, շարունակում էր «բարձրացնել նշաձողը»:
2017 թվականի հունիսի 13-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը Սվիտալսկու հետ հանդիպմանն ասել էր, որ «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի համատեքստում Հայաստանը Եվրոպական միությունից ակնկալում է առավել ընդգծված քաղաքական աջակցություն՝ նաեւ արտաքին քաղաքական հարթությունում:
Հաջորդ օրը Եվրամիության դեսպանն առաջարկել էր փոխել Հայաստանի ընտրական օրենսգիրքը եւ օրենսդրական այլ ակտեր՝ համաձայնության գալով բոլոր շահագրգիռ կողմերի հետ։
Սվիտալսկու խոսքով՝ Հայաստանում անհրաժեշտություն կա նաեւ «բարելավել տարբեր կառույցների՝ հատկապես Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքը՝ հասարակության վստահությունը ընտրությունների հանդեպ բարձրացնելու նպատակով»։ «Անհրաժեշտ է աշխատել թերությունների վերացման շուրջ, որոնք ի հայտ են եկել ընտրություններից առաջ եւ հետո, մասնավորապես՝ ձայների գնման, վարչական ռեսուրսների չարաշահման եւ աշխատողների ահաբեկման մասով»,- ասել էր ԵՄ դեսպանը։
Ի պատասխան Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հորդորել էր Պյոտր Սվիտալսկուն «պահպանել քաղաքական կոռեկտությունը եւ չմիջամտել երկրի ներքին օրակարգային խնդիրներին»։
«Մենք ընդունում ենք, որ, այո՛, մեր Եվրամիության գործընկերները կարող են առաջարկություններ անել, գնահատականներ հնչեցնել, բայց շատ ավելի ճիշտ կլինի, երբ որ այդ առաջարկություններն արվում են ավելի կոռեկտ, ավելի դիվանագիտական բառապաշարով։ Ընտրությունները բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերի եւ պառլամենտում ընդգրկված քաղաքական ուժերի մենաշնորհն է», - ասել էր Շարմազանովը։
Արա Թադեւոսյան