Պուտինի, Օբամայի եւ Օլանդի հայտարարությունները



2012 թվականի հունիսի 18-ին Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները Մեծ քսանյակի (G20) Լոս-Կաբոսում կայացած գագաթաժողովի շրջանակներում ընդունել էին համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ:

«Մենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներս, հավատարիմ ու միասնական ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում: Հակամարտության կողմերը չպետք է այլեւս հետաձգեն կարեւոր որոշումների ընդունումը, որոնք անհրաժեշտ են երկարատեւ եւ խաղաղ կարգավորման հասնելու համար: Մենք ափսոսում ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները չեն ձեռնարկել վճռական քայլեր, որոնց մեր երկրները կոչ են արել նրանց Դովիլում 2011թ. մայիսի 26-ին արված համատեղ հայտարարություն մեջ: Այնուամենայնիվ, արդեն իսկ արձանագրված առաջընթացը պետք է ազդակ հաղորդի շրջանակային համաձայնագրի շուրջ աշխատանքի ավարտին, որը կբերի համապարփակ խաղաղության ապահովման:

 

 

Մենք կոչ ենք անում Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին կատարել ստանձնած պարտավորությունը, այն է՝ արագացնել ԼՂ հիմնախնդրի կարգավորման Հիմնարար սկզբունքների համաձայնեցումը, որոնց մասին խոսվում է 2012թ. հունվարի 23-ին Սոչիում արված իրենց հայտարարության մեջ:

Հաստատելու համար նրանց քաղաքական կամքը՝ կողմերին խորհուրդ է տրվում բանակցություններում ձեռնպահ մնալ ծայրահեղական դիրքորոշումներից, հավատարիմ մնալ հրադադարի մասին 1994 թ-ին կնքված համաձայնագրին եւ խուսափել լարվածությունը մեծացնող թշնամական հռետորաբանությունից:

Մենք կոչ ենք անում առաջնորդներին ղեկավարվել Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներով, մասնավորապես, ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ազգերի հավասարության ու ինքնորոշման իրավունքի սկզբունքներով, եւ 2009թ. Ակվիլայում եւ 2010թ. Մուսկոկայում մեր երկրների կողմից արված հայտարարությունում առկա կարգավորման տարրերով:

Ռազմական ուժի կիրառումը չի բերի խնդրի կարգավորման, այլ միայն տեւական կդարձնի տառապանքը եւ աղետները, որոնց արդեն երկար ժամանակ ենթարկվել են տարածաշրջանի ժողովուրդները: Միայն բանակցությունների ճանապարհով խաղաղ կարգավորումը թույլ կտա գտնել ելքը ստեղծված իրավիճակից եւ ապահովել անվտանգ ապագա եւ տարածաշրջանի բարգավաճում:

 

 

Մեր երկրները կշարունակեն սերտ աշխատանքը կողմերի հետ: Մենք կոչ ենք անում նրանց ամբողջությամբ օգտագործել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությունը: Սակայն, վերջին հաշվով, խաղաղության ճակատագիրը կախված է լինելու կողմերի փոխըմբռնման, այլ ոչ թե միակողմանի առավելություններ շահելու հաշվին համաձայնության հասնելու պատրաստակամությունից, եւ այն բարօրության ընդհանուր գիտակցումից, որը խաղաղություն կբերի իրենց ժողովուրդներին ու գալիք սերունդներին»,- ասվում էր հայտարարության մեջ:

2012թ. հուլիսի 19-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշել էր, որ Պուտինի, Օբամայի եւ Օլանդի կողմից ընդունված հայտարարությունը «կարող է խթան հանդիսանալ բանակցային գործընթացի համար»:

«Ինչպես եւ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան, մենք եւս ափսոսում ենք, որ չնայած Դովիլում 2011 թ. մայիսի 26-ի հայտարարության կոչին՝ Ադրբեջանի ապակառուցողական, մաքսիմալիստական դիրքորոշման պատճառով չհաջողվեց առաջընթաց արձանագրել 2011թ. հունիսի 24-ին Կազանում կայացած գագաթաժողովին:

Հայաստանը հավատարիմ մնալով ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնք արտացոլված են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ս.թ. հունվարի 23-ի Սոչիում ընդունված հայտարարության մեջ, շարունակելու է հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքների համաձայնեցմանն ուղղված ջանքերը», - ասվում էր Նալբանդյանի հայտարարության մեջ։

 

 

Մեկ տարի անց, 2013 թվականի հունիսի 18-ին Պուտինն, Օբաման եւ Օլանդը նոր համատեղ հայտարարություն էին ընդունել՝ նշելով, որ «ռազմական գործողությունների վերսկսումը աղետալի հետևանքների կբերի տարածաշրջանի բնակչության համար եւ կհանգեցնի մարդկային կորուստների, ավերածությունների, փախստականների թվի ավելացման, ֆինանսական հսկա կորուստների»:

«Մեր կշարունակենք աջակցել հակամարտող կողմերին կայուն եւ խաղաղ կարգավորմանը հասնելու հարցում: Մենք մեր խորին ափսոսանքն ենք հայտնում այն կապակցությամբ, որ կողմերը, փոխանակ փորձելու լուծումներ փնտրել` հիմնված փոխադարձ շահերի վրա, շարունակել են փորձել ստանալ միակողմանի արդյունքներ:

Մենք հստակ համոզված ենք, որ վերջին չորս տարիների ընթացքում մեր երկրների կողմից արված հայտարարությունների դրույթները պետք է դառնան հակամարտության արդար եւ ամուր կարգավորման հիմքը: Այդ դրույթներն անհրաժեշտ է դիտարկել իբրեւ անքակտելի ամբողջություն, քանի որ մեկ դրույթին նախապատվություն տալու ցանկացած փորձը բացառում է հավասարակշռված որոշում կայացնելու հնարավորությունը:

 

 

Հորդորում ենք բոլոր կողմերի ղեկավարներին եւս մեկ անգամ հաստատել իրենց հավատարմությունը Հելսինկյան սկզբունքներին, մասնավորապես, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին»,- ասվում էր Վլադիմիր Պուտինի, Բարաք Օբամայի եւ Ֆրանսուա Օլանդի՝ G8 գագաթաժողովի շրջանակներում ընդունված հայտարարության մեջ:

Եվ նորից ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հույս էր հայտնում, որ ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը «կարող է խթան հանդիսանալ բանակցային գործընթացում առաջընթացի համար, եթե Ադրբեջանի ղեկավարությունը ճիշտ ընկալի եռանախագահ երկրների կողմից արված շեշտադրումները»:

Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են REUTERS-ի լուսանկարները

 

«Նորագույն պատմությունը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Նորագույն պատմությունը»-ը ներկայացնում է իրադարձություններ եւ դրվագներ, որոնք տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում 1991 թվականից հետո ընկած ժամանակաշրջանում: