
2014 թվականի հուլիսի 31-ին ԼՂՀ Պաշտպանության բանակը տեղեկացրել էր, որ հակառակորդը հարձակում է ձեռնարկել շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Հարձակման հետեւանքով երկու հայ զինծառայող էր զոհվել:
«Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ` հետ է շպրտվել ելման դիրքեր»,- ասված էր ՊԲ տարածած հաղորդագրության մեջ:
Օգոստոսի 1-ի առավոտյան ԼՂՀ Պաշտպանության բանակի աղբյուրները հայտնել էին, որ գիշերվա ընթացքում Արցախի եւ Ադրբեջանի շփման գծում տեղի ունեցած մարտերի հետեւանքով ադրբեջանական կողմն ունի 14 զոհ եւ բազմաթիվ վիրավորներ:
Օգոստոսի 2-ին ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակի տեղակալ Մերի Հարֆին հայտարարել էր.
«Միացյալ Նահանգները մտահոգություն են հայտնում շփման գծի երկայնքով բռնության ուժգնացմամբ, ինչի հետեւանքով գրանցվել են էական մարդկային կորուստներ: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Վրեժխնդրությունը եւ նոր բռնությունը ավելի կբարդացնեն խաղաղ կարգավորումը:
Միացյալ Նահանգները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կոչ են անում հանդիպել առաջին իսկ հնարավորության դեպքում` առանցքային հարցերի շուրջ երկխոսությունը վերսկսելու համար»:
Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասել էր, որ «մենք զգուշացրել էինք հակառակորդին՝ պետք չէ չափել մեր համբերությունը եւ փորձել ինչ-որ բան պարտադրել դիվերսիաների միջոցով»:
Անդրադառնալով հակառակորդի ակտիվության դրդապատճառներին Արծրուն Հովհաննիսյանը նշել էր.
«Ադրբեջանական բանակում այսօր ծառայում է մի սերունդ, որի ներկայացուցիչները հայերի կողմից պարտություն չեն կրել եւ մեծանում են տեղական քարոզչության ազդեցության տակ: Փորձելով հաղթողի կերպար ստեղծել՝ դիմում են նախահարձակ գործողությունների: Սակայն արդեն իրենց իսկ տեղեկատվական դաշտից հակահարված են ստանում՝ հասարակության մոտ հարց է առաջանում. եթե Ադրբեջանն այդքան ուժեղ է, ինչպե՞ս են հայերն այդքան կորուստներ պատճառում»,-ասել էր նա:
Օգոստոսի 2-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր.
«Առկա լարվածությունը սաստկացնելուն ուղղված ադրբեջանական կողմի գործողությունների շարունակման դեպքում հայկական զինուժը ստիպված կլինի էլ ավելի խստացնելու պատժամիջոցները Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարության` ռազմական տրամաբանությունից զուրկ եւ անմիտ վրեժխնդրության դրսեւորումների նկատմամբ»:
Օգոստոսի 4-ին ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանն ասել էր, որ «մեր սահմանների փոփոխություն տեղի չի ունենալու, իսկ լինելու դեպքում դա կլինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հաշվին»:
Օգոստոսի 6-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել էր, որ վերջին օրերի ընթացքում կանխվել են Ադրբեջանի հատուկ պատրաստություն անցած ստորաբաժանումների ավելի քան 20 դիվերսիոն գործողություններ:
«Հակառակորդի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է ստուգել հայի ոգու ամրությունը, բայց նրանք չեն գիտակցում, որ մեր զինված ուժերը համալրված են հաղթանակած բանակի հրամանատարներով, ովքեր իրենց փորձն են փոխանցում զինվորներին»,- ասել էր նախարարը:
«Ցավոք, այս ընթացքում ունեցանք մարդկային կորուստներ: Այն զինվորներն ու սպաները, ովքեր խիզախաբար զոհվեցին հանուն հայրենիքի, մեր փառապանծ հաղթանակների պահապաններն են: Մենք նրանց չենք կորցրել, այլ ընդհակառակը, գտել ենք: Մենք գտել ենք մեր հասարակության իրական հերոսներին, ում անունները պետք է հնչեն ամենուր ՝ դպրոցներում, բուհերում, ԶԼՄ-ներում, հերոսներ, ում գործողությունների շնորհիվ կարողացանք պահպանել հայի արժանիքները, ձեռքբերումները, նրանց ծառայության շնորհիվ է, որ մենք ոչ մի քայլ չնահանջեցինք մեր մարտական դիրքերից եւ նրանց ծառայության շնորհիվ է, որ այսօր հայկական բանակը համախմբված է արտաքին ագրեսիան ետ մղելու գործում:
Ես ուզում եմ այսօր տալ նրանց անունները ՝
Վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Զորիկ Ժիրայրի Գեւորգյան («Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշան, հետմահու);
Ջոկի հրամանատար, սերժանտ Արարատ Վաչիկի Խանոյան («Մարտական ծառայության» մեդալ, հետմահու);
Ջոկի հրամանատար Ազատ Արթուրի Ասոյան («Մարտական ծառայության» մեդալ, հետմահու);
Դասակի հրամանատար, լեյտենանտ Գոռ Բաբկենի Գրիգորյան («Մարտական ծառայության» մեդալ, հետմահու);
Դասակի հրամանատարի տեղակալ, կրտսեր սերժանտ Սարգիս Արմենի Մովսիսյան («Արիության համար» մեդալ, հետմահու);
Արամ Մկրտչի Գրիգորյան («Մարտական ծառայության» մեդալ, հետմահու);
Խաչատուր Լեւոնի Բադասյան (ԼՂՀ «Արիության համար» մեդալ, հետմահու):
Չնայած նրան, որ Բաքուն լայն թափով նոր սպառազինություններ է ձեռք բերում, այնուամենայնիվ, յուրաքանչյուր զենքի ղեկին անձ է պետք, որը պետք է պատրաստ լինի կիրառել այն: Հարեւան երկրներում վերապատրաստված տարբեր հատուկ նշանակության խմբերը, որոնք մասնակցում են Հայաստանի դեմ ձեռնարկվող դիվերսիոն գործողություններին, իրենց վախճանն են գտնում հայկական դիրքերում»,- ասում էր նախարարը:
Օգոստոսի 9-ին Արցախ էր ժամանել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչները:
«Մեր այցի նպատակը մեկն է. լինել առաջին գծում՝ մեր զինվորների կողքին: Խանդավառություն կա եւ Հայաստանի, եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ժողովուրդը, հասարակությունը միասնական են անվտանգության հարցում: Դա շատ կարեւոր է:
Յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ Հայաստանի անվտանգությունը սկսվում է Արցախի անվտանգությունից, եւ եթե Արցախում ամեն ինչ ապահով է, ապա Հայաստանի Հանրապետությունը նույնպես անվտանգ է: Այսօր մեր զինվորների բարձր ոգին մեզ ոգեւորում է: Իհարկե, մեր ցանկությունն է, որպեսզի հակամարտությունը լուծվի խաղաղ բանակցությունների արդյունքում, բայց եթե մեզ պարտադրում են եւ դիպուկահարներն անընդհատ փորձում են սպանել մեր զինվորներին, ապա մենք ունենք այդ հնարավորությունը` պաշտպանելու մեր հողն ու երկիրը:
Մեր նպատակն է՝ ծանոթանալ խնդիրներին, փորձել աջակից լինել նաեւ բարոյապես, որպեսզի մեր զինվորները հասկանան, որ իշխանություններն ու ժողովուրդն իրենց կողքին են: Համարում եմ, որ պարտավոր ենք նման այցելություններ կատարել, եւ այս վերջին լարված օրերին միշտ եղել ենք սահմանապահ գյուղերում: Այսօր էլ եկել ենք Լեռնային Ղարաբաղ եւ գիշերը լինելու ենք դիրքերում, առաջին գծում` մեր զինվորների կողքին: Մենք որեւէ աջակցություն չենք խնայելու, որպեսզի մեր բանակը լինի ավելի մարտունակ: Մենք յուրաքանչյուր ֆինանսական ռեսուրս պատրաստ ենք տրամադրել` զինելու մեր բանակը, պաշտպանելու մեր հողը, սահմանը: Մենք այլընտրանք չունենք:
Լեռնային Ղարաբաղի նախագահը նաեւ մի կարեւոր առաջարկ արեց, որ մենք պետք է ունենանք այնպիսի սարքավորում, որը թույլ կտա դիտարկել ողջ սահմանը: Այժմ հաշվարկվում է այդ նախագիծը: Հայաստանի կառավարությունը կփորձի անպայման սատարել այդ ծրագրի իրականացմանը», - ասել էր Հովիկ Աբրահամյանը:
Օգոստոսի 10-ին Սոչիում Վլադիմիրի Պուտինի նախաձեռնությամբ կայացել էր Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը:
Սերժ Սարգսյանը հանդիպման բաց մասում ասել էր, որ հակամարտությունը պետք է կարգավորվի փոխզիջումների եւ այն սկզբունքների հիման վրա, որոնք կողմերին առաջարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից:
«Ադրբեջանական կողմը մշտապես հղում է կատարում ՄԱԿ-ի չորս բանաձեւերի վրա, բայց ես մի այսպիսի հռետորական հարց ունեմ պարոն Ալիեւին՝ այդ բանաձեւերից ո ՞ր կետն է կատարվել Ադրբեջանի կողմից: Բանաձեւի կյանքի կոչված միակ կետն այն է, որ Հայաստանը օգտագործել է իր ազդեցությունը, որպեսզի դադարեցնի ռազմական գործողությունները: Եթե մենք վերադառնանք 1990-ականների սկզբի իրադարձություններին, կարծում եմ, որ մի կողմից դա լավ կլինի, իսկ մյուս կողմից, ինչ-որ բան կարող է ձգձգվել: Լավ կլինի, որովհետեւ մենք այն ժամանակ հանգել էինք այն կետին, որ խնդիրը չունի ռազմական լուծում: Իսկ եթե մենք կրկին սկսենք մեղադրել մեկս մյուսին, ապա երկար ժամանակ հակամարտություն չի կարգավորվի»,- ասել էր ՀՀ նախագահը:
Իլհամ Ալիեւն էր նշել էր, որ հակամարտությունը շատ երկար է ձգձգվել:
«Գոյություն ունի բանակցությունների ձեւաչափ եւ հակամարտության կարգավորման իրավական հիմք: ԵԱՀԿ Մինսկի խումբը, ի դեմս համանախագահների, փորձում է մոտեցնել կողմերի դիրքորոշումները, բայց դա այնքան էլ լավ չի ստացվում»,- նկատել էր Ադրբեջանի ղեկավարը:
Իլհամ Ալիեւը կարեւորել էր Ռուսաստանի դերակատարությունը՝ որպես մտերիմ բարեկամ եւ կարգավորման գործընթացում կարեւոր դերակատար:
«Հույս ունենք մոտ ժամանակներս բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով հասնել այնպիսի լուծման, որը կհամապատասխանի միջազգային սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ արդարությանը»,- եզրափակել էր նա:
Վլադիմիր Պուտինն էլ կոչ էր արել կողմերին դրսեւորել համբերություն, իմաստություն եւ հարգանք մեկը մյուսի նկատմամբ խնդրի կարգավորմանը հասնելու համար:
2014 թվականի օգոստոսի 11-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ հայկական զինված ուժերը լիովին տիրապետում են իրավիճակին եւ վերջին շրջանում հակառակորդի ձեռնարկած բոլոր փորձերը ձախողվել են:
ArmNews հեռուստաընկերության հետ հարցազրույցում ՀՀ նախագահը մեկնաբանել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը կարող են «երկրի երեսից ջնջել Երեւանը»:
«Մեր եռակողմ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը շատ ճիշտ ասաց, որ կողմերը տեղյակ են միմյանց ռազմական հնարավորությունների մասին:
Այո, Ադրբեջանի զինված ուժերը կարող են Նախիջեւանից հասնել Երեւանի սահմաններին: Սակայն նման գործողություններն անպատիժ չեն մնում:
Ադրբեջանում շատ լավ գիտեն, որ մենք ունենք բալիստիկ հրթիռներ, որոնք 300 կիլոմետրից ավել շառավղով կարող են ցանկացած ծաղկուն բնակավայր վերածել այնպիսի ավերակների, ինչպիսիք այսօր կան Աղդամում: Ընտրության հարց է՝ եթե իրենք իրենց կյանքից «ձեռք են քաշել»: Երբեմն, տպավորություն ունեմ, որ Ադրբեջանի որոշ ղեկավարներ աշխատանքից հետո տարվում են համակարգչային խաղերով: Բայց վիրտուալ իրականությունը պետք չէ շփոթել իրական կյանքի հետ»,- ասում էր Սերժ Սարգսյանը:
Արա Թադեւոսյան
Այս գլխում օգտագործվել են Ֆոտոլուրի լուսանկարները