«Ստոր եւ դավադիր գործողություն»



2004 թվականի ապրիլի 13-ի վաղ առավոտյան ոստիկանությունը ցրել էր ընդդիմության հավաքը, որն անցկացվում էր Բաղրամյան պողոտայում, Ազգային ժողովի եւ ԱՄՆ դեսպանատան շենքերի հարեւանությամբ:

Ժամը 02:00-ին ոստիկանության ուժերը սկսել էին հատուկ գործողություն՝ ցուցարարներին դուրս մղելով պողոտայից: Կիրառվել էին ջրցան մեքենաներ, ազդանշանային ու ձայնային նռնակներ:

Հավաքը ցրելուց հետո իրավապահները ձերբակալություններ էին իրականացրել «Հանրապետություն», «Ազգային միասնություն» եւ Հայաստանի Ժողովրդական կուսակցության գրասենյակներում:

Ոստիկանները ծեծի էին ենթարկել «Հայկական ժամանակ» թերթի թղթակիցներ Հայկ Գեւորգյանին եւ Ավետիս Բաբաջանյանին եւ ռուսաստանյան Առաջին ալիքի օպերատոր Լեւոն Գրիգորյանին:

 

 

Ապրիլի 13-ին «Արդարություն» դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը հայտարարել էր, որ ընդդիմության հանրահավաքի ցրումը «աննախադեպ հանցագործություն է հայ ժողովրդի նկատմամբ»:

«Մենք կազմակերպված, ստոր եւ դավադիր ռազմական գործողության վկա դարձանք, որի նպատակն էր կոտրել անօրինական ընտրված նախագահի դեմ ելած ժողովրդի կամքը»,- հայտարարել էր նա:

«Արդարություն» դաշինքի ղեկավարը «բացարձակ սուտ» էր որակել ՀՀ ոստիկանության հայտարարությունն այն մասին, որ հանրահավաքի մասնակիցներն իրենց ագրեսիվ էին պահում:

 

 

Ստեփան Դեմիրճյանը հայտարարել էր, որ ցուցարարների վրա հարձակված ոստիկանության հատուկ նշանակության ուժերը թաքնված են եղել Հայաստանի Ազգային Ժողովի շենքում: Նրա խոսքով՝ պատասխանատվության մի մասն ընկնում է խորհրդարանում մեծամասնություն կազմող իշխող կոալիցիայի եւ անձամբ ԱԺ խոսնակ Արթուր Բաղդասարյանի վրա:

Ազգային-Ժողովրդավարական Միության (ԱԺՄ) ղեկավար Վազգեն Մանուկյանը հայտարարել էր, որ «իշխանությունները գնացին նման քայլի, որովհետեւ շատ լավ հասկանում էին, որ եթե ցուցարարներն ամբողջ գիշեր մնային Բաղրամյանի պողոտայում, վաղը նրանց կմիանար ողջ Երեւանը, ինչն անխուսափելի կդարձներ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը»:

 

 

Ապրիլի 14-ին պաշտպանության նախարար, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ «ոստիկանները պարտավոր էին վերականգնել հասարակական կարգը Բաղրամյանի պողոտայում»:

«Չեմ կարծում, որ 1, 2 կամ 4 հազար մարդ իրավունք ունեին կաթվածահարել մեկ միլիոն բնակչությամբ քաղաքի նորմալ գործունեությունը»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

 

 

Մեկնաբանելով ընդդիմության ներկայացուցիչների հայտարարություններն այն մասին, որ հանրահավաքի մասնակիցները ոչ մի անօրինական բան չէին անում, այլ պարզապես «երգում ու պարում» էին, պաշտպանության նախարարը նշել էր. «Ես չեմ կարծում, որ Բաղրամյան պողոտայի երթեւեկելի մասը նախատեսված է պարելու համար»:

Ապրիլի 14-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսել էր քաղաքական երկխոսության անհրաժեշտության մասին, միեւնույն ժամանակ նշելով, որ անընդունելի է համարում, եթե նման երկխոսության պատրաստակամությունը վերջնագրի բնույթ կրի:

 

 

«Այսօր ընդդիմությունն ունի բոլոր հնարավորությունները, որպեսզի վերադառնա նորմալ աշխատանքի դաշտ: Եթե դա տեղի չունենա, իշխանություններն ունեն բավարար իրավական ներուժ՝ ժողովրդին պաշտպանելու եւ անօրինականության դրսեւորումները կանխելու համար»,- շեշտել էր Հայաստանի նախագահը:

Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են Ֆոտոլուրի լուսանկարները

 

«Նորագույն պատմությունը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Նորագույն պատմությունը»-ը ներկայացնում է իրադարձություններ եւ դրվագներ, որոնք տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում 1991 թվականից հետո ընկած ժամանակաշրջանում: