
2014 թ. ապրիլի 3-ին՝ վեց տարվա պաշտոնավարումից հետո, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական էր ներկայացրել:
Ապրիլի 4-ին Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ասել էր, որ վարչապետի հրաժարականն «անակնկալ» էր իր համար, իսկ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ «նոր կառավարությունում էական փոփոխություններ են լինելու»:
«Նոր կառավարությունը պետք է կարողանա ապահովել տնտեսական աճ, բարեփոխումների շարունակականություն, նոր կառավարությունը պետք է կարողանա վերականգնել մեր քաղաքացիների վստահությունը բարեփոխումների եւ իր գործունեության նկատմամբ:
Սրանք այն նվազագույն խնդիրներն են, որ նոր կառավարությունը պետք է կարողանա լուծել: Ես կարծում եմ, որ կառավարությունում էական փոփոխություններ են լինելու: Անհրաժեշտություն կա, որպեսզի նաեւ նոր աչքով նայվի եղած խնդիրներին, ոլորտներին»,- ասել էր Սերժ Սարգսյանը՝ նկատելով, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականը «պարտադրանք չի եղել»:
2014 թվականի ապրիլի 10-ին Սերժ Սարգսյանին ներկայացվել էր Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակը:
Անդրադառնալով պետության կառավարման ձեւին` նախագահն ասել է, որ «մեր երկրի համար, զարգացման ներկա փուլում գործող կառավարման մոդելն առավել ընդունելին է»:
«Ձեր առաջ պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլեւս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին»,- ասել էր Սերժ Սարգսյանը:
Չորս օր անց, ապրիլի 14-ին, նախագահը կառավարության անդամներին ներկայացրել էր նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
«Եթե Տիգրան Սարգսյանի դեպքում մենք ունեինք վարչապետ, որը «բարեփոխիչ» էր, ապա Հովիկ Աբրահամյանի պարագայում դրա մասին պետք է մոռանանք»,-ասել էր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Իսկ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե «նոր վարչապետը լինելու է բոլորի համար ընդունելի», ասել էր.
«Սերժ Սարգսյանը, «բոլորի համար» ասելով, երեւի նկատի է ունեցել երկրի օլիգարխիկ համակարգին եւ իրեն «այլընտրանք» համարող կուսակցությանը»:
Արա Թադեւոսյան
Այս գլխում օգտագործվել են Ֆոտոլուրի լուսանկարները