
2007 թվականի նոյեմբերի 29-ին Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Բեռնար Քուշները եւ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Նիկոլաս Բըրնսը Մադրիդում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներին էին ներկայացրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջարկների ընդլայնված փաթեթը:
Նոյեմբերի 30-ին Լավրովը, Քուշները եւ Բըրնսը ընդունել էին համատեղ հայտարարություն, որում ասված էր, որ կողմերին ներկայացվել են «հակամարտության խաղաղ կարգավորման արդար եւ հավասարակշռված հիմնական սկզբունքները»:
«Կողմերին փոխանցված` հիմնական սկզբունքների վերաբերյալ փաստաթուղթը Մոսկվայում, Փարիզում եւ Վաշինգտոնում, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ում դիտարկվում է որպես առավել կենսունակ հիմք ապագա կարգավորման համար: Հակամարտության կողմերին առաջարկվել է ավարտել բանակցությունների ներկայիս փուլը հիմնական սկզբունքների ընդունմամբ եւ անհապաղ անցնել նոր փուլին` համապարփակ խաղաղ համաձայնագրի նախագծի մշակմանը:
Բացի այդ, նրանց նաեւ խնդրել ենք չխոչընդոտել ԵԱՀԿ-ի կողմից շփման գծի դիտարկումների վերսկսմանը, շարունակել վստահության ամրապնդման միջոցներ ձեռնարկել հնարավոր բոլոր բնագավառներում, նախապատրաստել բնակչությանը խաղաղությանն ու անմիջապես դադարեցնել հանդես գալ հայտարարություններով, որոնք ենթադրում են, թե պատերազմը կարող է հակամարտության լուծման միջոց դառնալ», - ասվում էր հայտարարության մեջ:
Մադրիդում կայացած բրիֆինգի ժամանակ Սերգեյ Լավրովը հայտարարել էր հանդիպման կարեւորության մասին:
«Այս քայլը ես համարում եմ հատկապես կարեւոր, քանի որ մինչ օրս ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններն առաջին անգամ հավաքվել են մեկ փաստաթղթում: Մենք կարծում ենք, որ այն լրացուցիչ քայլերը, որոնք կողմերը դեռ պետք է կատարեն լիակատար կարգավորման հասնելու համար, զգալիորեն կհեշտանան տվյալ փաստաթղթի առկայությամբ»,- նշել էր ռուսաստանցի նախարարը:
2007 թվականի դեկտեմբերին Մեդիամաքսին տված բացառիկ հարցազրույցում ԱՄՆ պետքարտուղարի փոխօգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ասել էր, որ «Մադրիդի հանդիպումը հնարավորություն տվեց ցուցադրել Մոսկվայի, Փարիզի եւ Վաշինգտոնի քաղաքական աջակցությունը համանախագահներին»:
Բրայզան նշել էր, որ Մադրիդում կողմերին առաջարկված հիմնական սկզբունքները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կայացած ակտիվ բանակցությունների արդյունքն են:
«Հիմնական սկզբունքները, որոնք մենք ունենք այսօր, նույնական չեն այն սկզբունքների հետ, որոնցից մենք սկսել ենք: Հիմնական հայեցակարգային ձեւաչափը գրեթե անփոփոխ է մնացել, սակայն վերջին 3 տարիների ընթացքում, տարբեր փուլերում առաջացել են նոր գաղափարներ եւ նոր մոտեցումներ:
Միջնորդների կողմից հաշվի առնված որոշ փոփոխություններ էական են եւ երկու կողմերի կարեւոր փոխզիջումների արդյունքն են: Դա բարենպաստ եւ անհրաժեշտ զարգացում է խաղաղ համաձայնության հասնելու համար», - ասել էր ամերիկացի դիվանագետը:
1.5 տարի անց, 2009 թվականի օգոստոսի 7-ին Մեթյու Բրայզան ասել էր, որ «Մադրիդյան առաջարկները» նախատեսում են «ղարաբաղյան դիմակայության գոտում ձեւավորված ստատուս-քվոյի օրինականացումը»:
Ելույթ ունենալով Ծաղկաձորում անցկացվող «Եվրաֆորում-Հայաստան» սեմինարին, նա նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի «միջանկյալ կարգավիճակի» շրջանը նախատեսված է մինչեւ հանրաքվեն եւ կարող է տեւել մի քանի տարի: Հանրաքվեին կարող են մասնակցել Լեռնային Ղարաբաղի բնակիչները 1988 թվականի համաչափությամբ, ըստ որի բնակչության 65%-ը հայեր էին, 22%-ը `ադրբեջանցիներ:
Ըստ միջնորդների նորացված առաջարկների՝ սկզբնական փուլում Լեռնային Ղարաբաղի հարակից 7 շրջաններից 5-ը պետք է վերադարձվեն Ադրբեջանին, իսկ մի քանի տարի անց՝ մնացած 2-ը: Դրան զուգահեռ, նախատեսվում էր ստեղծել հակամարտության գոտում անվտանգության հատուկ ռեժիմ, որի համաձայն կողմերը դուրս կբերեն ծանր տեխնիկան: Միջնորդները նաեւ առաջարկում էին ներգրավել միջազգային խաղաղապահներին, որոնք զինված կլինեն այնքանով, որքանով անհրաժեշտ է սադրանքները կանխելու համար: Ամերիկացի միջնորդի խոսքով՝ խաղաղապահ գործողությանը մասնակցող երկրների ընտրության ժամանակ վերջնական խոսքը պատկանելու է Հայաստանին ու Ադրբեջանին:
Մեթյու Բրայզան ասում էր, որ այդ գաղափարների մարմնավորումը հավասարակշռված է փոխադարձ զիջումների միջոցով եւ կարող է բերել հակամարտության արդար լուծմանը: «Հայեցակարգային առումով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության գալու եզրին են», - նշում էր նա:
Կարդացեք նաեւ.
Կազանի հանդիպումը. հույսեր եւ տապալում
Ռամբույե. Առաջընթացի սպասելիքներն ու «բանակցությունների իմիտացիան»
Քի Վեսթ. բաց թողնված հնարավորությունը
Արա Թադեւոսյան
Այս գլխում օգտագործվել են Ֆոտոլուրի եւ REUTERS-ի լուսանկարները: