Ռուս-թուրքական win-win-ը՝ «ֆուտբոլային դիվանագիտության» ձախողման ֆոնին



2010 թվականի ապրիլի 22-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ սառեցնում է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը՝ մինչեւ Թուրքիան իրական պատրաստակամություն չցուցաբերի առաջ գնալու համար: «Նորագույն պատմություն» նախագծի այս գլխում վերհիշում ենք Ռուսաստանի արձագանքը:

2010 թվականի ապրիլի 23-ին հրապարակվեց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանությունը.

«Արձանագրում ենք, որ Հայաստանին եւ Թուրքիային այս փուլում չհաջողվեց հասնել այնպիսի արդյունքի, որը թույլ կտար վերականգնել երկու հարեւան պետությունների միջեւ հարաբերությունները եւ այդպիսով՝ բարելավել Անդրկովկասի քաղաքական մթնոլորտը, ստեղծել նախադրյալներ այդ տարածաշրջանում կայունության ամրապնդման համար:

Ապրիլի 22-ի հեռուստաուղերձում Հայաստանի նախագահը հայտարարեց փակուղային վիճակի մասին: Միեւնույն ժամանակ, նա շեշտեց, որ Հայաստանը միայն դադարեցնում է արձանագրությունների վավերացումը, բայց ետ չի կանչում իր ստորագրությունը: Այդպիսով, մեկ տարի առաջ սկսված Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հեռանկարը պահպանվում է: Հույս ենք հայտնում, որ երկու երկրներին կհաջողվի հաղթահարել ներկայիս բարդ իրավիճակը եւ պայմաններ ստեղծել հարաբերությունների լիամասշտաբ նորմալացման համար, որում շահագրգռված են տարածաշրջանի բոլոր պետությունները»:

Եթե ԱՄՆ Պետքարտուղարությունը եւ Ֆրանսիայի նախագահը իրենց հայտարարություններում ողջունել էին Հայաստանի նախագահի որոշումը նորմալացման գործընթացը չդադարեցնելու մասին, ապա Ռուսաստանի ԱԳՆ-ն օգտագործել էր պակաս նրբանկատ ձեւակերպումներ՝ «չհաջողվեց հասնել արդյունքի», «բարդ իրավիճակ»:

 

 

2009 թվականի մայիսին Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրեն Միխայիլ Մեյերն ասում էր, որ աջակցելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջանքերին՝ Ռուսաստանը միանգամից երկու խնդիր է լուծում:

«Նախ՝ օգնելով Անկարային գտնել ամենաարդյունավետ լուծումները «ճանապարհային քարտեզի» կամ Երեւանի հետ դիվանագիտական հարաբերությունների արգելափակումը վերացնելուն ուղղված այլ նախաձեռնութւունների իրականացման համար՝ Ռուսաստանը կարող է ամրապնդել համագործակցությունը Թուրքիայի հետ, որը դարձել է մեր հիմնական տնտեսական գործընկերներից մեկը: Երկրորդը՝ օգնելով Հայաստանին, մենք օգնում ենք այդ երկրի բնակչությանը նրանց համար դժվար ժամանակներում: Սա համապատասխանում է ե՛ւ մեր երկրների միջեւ ռազմա-քաղաքական պայմանագրի ոգուն, ե՛ւ հայերի հույսերին մեր համագործակցության վերաբերյալ», - նշում էր Մեյերը:

 

 

Գործընթացի սկզբից Ռուսաստանը բարձրագոչ հայտարարություններ չէր անում սպասվող արդյունքի վերաբերյալ, եւ հետեւաբար, նրա համար «ելքի ռազմավարությունը» շատ ավելի պակաս ցավոտ էր, քան ԱՄՆ-ի համար: Փաստորեն այս թեմայով ՌԴ ղեկավարի միակ հրապարակային հայտարարությունը նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պատասխանն էր Մոսկվայում անցկացվող Եվրոպայի եւ Ասիայի մեդիաների ֆորումի մասնակցի հարցին.

«Մենք, ընդհանուր առմամբ, դրական ենք վերաբերվում այն փաստին, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ զգալիորեն ջերմացնել են հարաբերությունները, որ այն հսկայական խնդիրները, որոնք կային XX դարում, դուք փորձում եք հաղթահարել՝ դրսեւորելով փոխադարձ զսպվածություն եւ փոխզիջում գտնելու ցանկություն: Իմ կարծիքով, շատ կարեւոր է, որ բոլոր մյուս պետությունները հասկանան, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը որեւէ մեկի դեմ ուղղված չէ: Եթե այս ուղերձը ճիշտ ձեւակերպվի եւ հղվի, ապա այս գործընթացներին ուշադիր հետեւող այլ երկրների մոտ լարում չի առաջանա»:

 

 

Փաստորեն, այդ հայտարարությամբ ինքը Մեդվեդեւը որոշակի «ուղերձ» էր ուղարկում «մյուս երկրին»՝ Ադրբեջանին, որի ղեկավարությունը, սակայն, այն անտեսեց:

Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացի սկիզբը (Թուրքիայի նախագահի ժամանումը Երեւան 2008 թվականի սեպտեմբերին՝ ֆուտբոլային հանդիպումը հայ պաշտոնակցի հետ միասին դիտելու համար) համընկավ վրաց-ռուսական պատերազմի եւ Թբիլիսիի եւ Մոսկվայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների դադարեցման հետ: Հայ-թուրքական գործընթացը Մոսկվայի համար կարող էր լրացուցիչ լծակ դառնալ Վրաստանի մեկուսացումն ուժեղացնելու համար, եւ նաեւ դրանով կարող էր պայմանավորված լինել պաշտոնական Թբիլիսիի սառը վերաբերմունքը իր երկու հարեւանների միջեւ հարաբերությունների կարգավորման հեռանկարին:

«Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովն այդ ժամանակ Մեդիամաքսին տված հարցազրույցում ասում էր, որ «Թուրքիայի ակտիվացումը Կովկասում օգոստոսին Վրաստանում տեղի ունեցածի eամենաուշագրավ հետեւանքներից մեկն է»: Նա նշում էր, որ Հայաստանի հետ հարաբերություններում փակուղին տարածաշրջանում Թուրքիայի ազդեցիկ ուժ դառնալու հիմնական խոչընդոտն է:

 

 

«Կարծում եմ, Ռուսաստանը Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների բարելավման դեմ չի լինի: Այո, Հայաստանը կստանա մանեւրելու ավելի մեծ հնարավորություն, բայց նաեւ Ռուսաստանը կունենա կարեւոր գործընկեր, որը բավականին ինքնուրույն դիրք է գրավում, այդ թվում՝ նաեւ ԱՄՆ-ի հանդեպ: Սա բարդ իրավիճակ է եւ պետք է ուշադիր հաշվարկել բոլոր հնարավորությունները, բայց այն կարող է հետաքրքիր հեռանկարներ բացել բոլորի համար», - ասում էր Լուկյանովը:

 

2000-ականների կեսին շատերը Հայաստանում եւ Արեւմուտքում համոզված էին, որ Ռուսաստանն իրականում շահագրգռված չէր հայ-թուրքական կարգավորման գործընթացով, քանի որ դրա հաջողությունը կարող էր խարխլել նրա դիրքերը տարածաշրջանում: Սակայն փաստորեն արդեն այդ ժամանակ Ռուսաստանը եւ Թուրքիան փորձում էին ղեկավարվել win-win մոտեցմամբ: Սրա օգտին է վկայում ոչ շատ հայտնի փաստը՝ Վրաստանի հետ կոնֆլիկտից հետո Ռուսաստանը մատակարարում էր Հայաստանում իր ռազմաբազան՝ օգտագործելով Թուրքիայի օդային տարածքը:

 

 

Եթե 1997 թվականին Ռուսաստանի օդուժի գլխավոր հրամանատար Անատոլի Կորնուկովը Երեւանում հայտարարում էր թուրքական ինքնաթիռները խոցելու ռուս օդաչուների պատրաստակամության մասին, եթե դրանք հանկարծ խախտեն Հայաստանի օդային սահմանը, ապա 2010 թվականին Ռուսաստանը մատակարարում էր իր ռազմակայանը՝ օգտագործելով «թուրքական երկինքը»:

Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են Ֆոտոլուրի եւ REUTERS-ի լուսանկարները:

 

«Նորագույն պատմությունը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Նորագույն պատմությունը»-ը ներկայացնում է իրադարձություններ եւ դրվագներ, որոնք տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում 1991 թվականից հետո ընկած ժամանակաշրջանում: