
Առաջին հրապարակային ելույթները Հայաստանում պաշտպանական բարեփոխումների վերաբերյալ սկսվել էին 2005-ի գարնանը. պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանն ասել էր, որ ռազմական բարեփոխումները 2006 թվականին ուժի մեջ մտած ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի առանցքային ուղղություններից են:
Արթուր Աղաբեկյանն ասում էր, որ Հայաստանի զինված ուժերի ղեկավարությունը ծրագրում է մինչեւ 2015թ. ստեղծել «21-րդ դարի պահանջներին համապատասխանող, նոր մարտահրավերներին դիմակայող ու հանրապետության ռազմական անվտանգությունը լիովին ապահովող» բանակ:
Պաշտպանության փոխնախարարը նշում էր այն 4 հիմնական սզբունքները, որոնցով ռազմական գերատեսչությունն առաջնորդվելու է բարեփոխումների ընթացքում.
- բարեփոխումների իրագործելիություն;
- բարեփոխումների աստիճանական բնույթ;
- ճկունություն եւ խորքային վերլուծություն;
- ժողովրդավարություն:
Ժամանակի ընթացքում, սակայն, սկսեց թվալ, որ բարեփոխումների «խորքային վերլուծությունն» ու «աստիճանական բնույթը» արգելակում են բարեփոխումների ընթացքը:
Այդ տպավորությունը ցրվեց, երբ 2008 թվականի մայիսի 30-ին Հայաստանի պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան ծավալուն ելույթ ունեցավ պաշտպանական բարեփոխումների մասին:
Նա, մասնավորապես, ասում էր.
«Պաշտպանական բարեփոխումների ծրագրում շարադրված հարցերի կոորդինացման աշխատանքը պետք է շարունակի գլխավոր շտաբի պետի ղեկավարած նորացված հանձնաժողովը` իր կազմում ընդգրկելով բանակային կորպուսների, ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարման օպերատիվ օղակների ներկայացուցիչներին` համապատասխան հրամանատարների եւ պետերի ներկայացմամբ, պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության եւ պաշտպանական ծրագրերի վարչության, հետագայում նաեւ գլխավոր շտաբի կառուցվածքում ստեղծվելիք Հաայստանի զինված ուժերի զարգացման ռազմավարական պլանավորման վարչության ակտիվ մասնակցությամբ:
Հանձնաժողովի նիստ գումարել նվազագույնը ամիսը մեկ անգամ, կանոնավորապես քննարկել պաշտպանական բարեփոխումներին վերաբերող տարաբնույթ հարցեր, արձանագրել յուրաքանչյուր նիստ, եւ այդ մասին զեկուցել ինձ:
Այդ աշխատանքին զուգընթաց Գլխավոր շտաբի պետի, պաշտպանության նախարարության տեղակալների, բանակային կորպուսների հրամանատարների, ռազմաուսումնական հաստատությունների պետերի համապատասխան հրամաններով ստեղծել հանձնաժողովներ, որոնք կմշակեն առաջարկություններ` ենթակա զորամասերի, զորատեսակների զորամասերի, դրանց կառավարման օղակների կառուցվածքի եւ հաստիքների վերաբերյալ:
Յուրաքանչյուր վարչություն եւ բաժին պետք է ունենա իր երկարաժամկետ ծրագիրը` ըստ ամիսների եւ տարիների: Եվ, ի գիտություն բոլորին, ծրագրեր կազմելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ մեր տարածաշրջանի բարդ աշխարհաքաղաքական դիրքը, տարածաշրջանում տիրող մթնոլորտը, բարյացակամ վերաբերմունքը մեր հարեւանների հանդեպ:
Սպասվում է չափազանց պատասխանատու եւ ծանր աշխատանք: Առաջիկա մի քանի օրերի ընթացքում մենք վերջնականապես կքննարկենք Հայաստանի պաշտպանության նախարարության եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի կենտրոնական ապարատի կառուցվածքը, որը կներկայացնենք ՀՀ նախագահի ուսումնասիրությանն ու հավանությանը, որից հետո, ըստ կարգի, այն կուղարկենք կառավարություն` հաստատման:
Հիմնական փաստաթղթերից մեկն է լինելու նաեւ «Զինված ուժերի զարգացման պլանը»: Հնարավոր է, որ այն շեշտադրենք որպես «2010-2015թթ. ՀՀ ԶՈՒ զարգացման պետական ծրագիր»:
Ձեր ուշադրությունն եմ հրավիրում պաշտպանական բարեփոխմանը վերաբերող եւս մեկ հարցի: Հատուկ քաղաքացիական ծառայության են անցնելու մեծ թվով զինծառայողներ` գնդապետներ, փոխգնդապետներ, մայորներ, կապիտաններ, ենթասպաներ, ովքեր իրենց վարչություններում եւ բաժիններում զբաղեցնում են զինվորական հաստիքներ:Հատուկ քաղաքացիական ծառայության անցնելու գործընթացը մոտեցել է վերջին փուլին, եւ այդ համակարգը պետք է գործի ս.թ. նոյեմբերի 1-ից: Այս խնդրին պետք է ցուցաբերել չափազանց նրբանկատ եւ ուշադիր մոտեցում, որպեսզի չանտեսվեն զինծառայողների իրավունքները: Անհրաժեշտ է օգնել նրանց հարմարվելու միանգամայն նոր եւ դեռեւս ոչ լիովին հասկանալի ծառայողական կառույցի կայացմանը:
Մենք կարող ենք ընդունել ցանկացած օրենք, կազմել ցանկացած ծրագիր, պլան, սակայն ամենակարեւորը բոլոր մակարդակներում (սկսած պաշտպանության նախարարության ղեկավարությունից, վարչություններից եւ բաժիններից, վերջացրած զորամասերի զինվորական կոլեկտիվներով) բարենպաստ մթնոլորտ ստեղծելն է.
անհրաժեշտ է փոխել վերաբերմունքը ամեն ինչի նկատմամբ, փոխել սեփական եւ ենթակաների հոգեբանությունը, որպեսզի բոլորը հասկանան ու համոզված լինեն, որ պաշտպանական բարեփոխումները մեզ համար անհրաժեշտություն են,
վերանայել եւ լուրջ հիմքերի վրա դնել զորքերի պատրաստությունը, ամբողջ ուսումնական գործընթացը, հրաժարվել շաբլոնից, ձեւականությունից, չընկնել գնահատականների հետեւից, ներդնել ստեղծագործական ոգի եւ առողջ մրցակցություն»:
Այս ելույթն, ըստ էության, առաջինն էր, որ պարունակում էր պաշտպանական բարեփոխումերի իրական նկարագրություն` առանց ընդհանրացված մտքերի ու բարեմաղթանքների: Դրանից հետո բարեփոխումերն իսկապես սկսեցին կյանքի կոչվել:
Սեյրան Օհանյանի ելույթից երեք տարի առաջ՝ 2005թ. հոկտեմբերին, հանդես գալով «Անվտանգություն Հարավային Կովկասում» սեմինարում ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ասում էր, որ ՆԱՏՕ-ի համագործակցությամբ Հարավային Կովկասի երկրներում անցկացվող պաշտպանական բարեփոխումները պետք է միասնական գործընթացի բնույթ կրեն` տարածաշրջանի պետությունների ժողովրդավարացման ու զարգացման համատեքստում:
Դա, ցավոք, երբեք իրականություն չդարձավ. Ադրբեջանը գնաց ոչ թե ժողովրդավարացման, այլ ռազմականացման ճանապարհով եւ ի վերջո հասավ իր նպատակին ռազմական ճանապարհով: Եվ ՆԱՏՕ-ն աչք փակեց դրա վրա:
Արա Թադեւոսյան