
2008 թվականի փետրվարին Հայաստանում նախընտրական քարոզարշավի վերջին շաբաթվա ամենից անսպասելի դրվագը ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի այցն էր Մոսկվա:
Նրա շտաբը այցի նպատակի մասին տեղեկություն չէր հաղորդել: Փետրվարի 11-ի երեկոյան Տեր-Պետրոսյանի Երեւան վերադարձից հետո նրա սկսեցին լուրեր տարածվել այն մասին, որ նախկին նախագահը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ եւ ապագա նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Բայց Տեր-Պետրոսյանի շտաբը շարունակում էր լռություն պահպանել:
Փետրվարի 13-ին շտաբի ներկայացուցիչները հերքեցին հրապարակումներն այն մասին, որ Տեր-Պետրոսյանը Մեդվեդեւի հետ չէր հանդիպել եւ նրա միակ զրուցակիցն է եղել «Աջ ուժերի միություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահի տեղակալ Լեոնիդ Գոզմանը: Միեւնույն ժամանակ, շտաբի ներկայացուցիչները մասնավոր զրույցներում ասում էին, որ Տեր-Պետրոսյանի եւ Մեդվեդեւի հանդիպում իսկապես տեղի է ունեցել, սակայն իրենք չեն կարող այդ մասին հայտարարել «ռուսական կողմի հետ պայմանավորվածության պատճառով»:
Փետրվարի 13-ին Հանրային հեռուստատեսության եթերում հեռարձակված Տեր-Պետրոսյանի նախընտրական հոլովակում նշվում էր, որ «նա կարճ հանդիպում է ունեցել Մեդվեդեւի հետ»: Նույն օրը Երեւանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը հայտարարեց, որ «տեղեկություններ չունի Լեւոն Տեր-Պետրոսյանի Ռուսաստանում գտնվելու մասին» եւ առաջարկեց տեղեկատվության համար օգտագործելու ՌԻԱ «Նովոստի» լրատվական գործակալության հետեւյալ տեղեկությունը.
Դրանից մեկ ամիս առաջ՝ 2008 թվականի հունվարի 11-ին, Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ առաջին նախագահն ասում էր, որ «դեմ է ժողովրդավարությունը դրսից հաստատելու փորձերին»: Լեւոն Տեր-Պետրոսյանը նշում էր, որ «օգնության համար չի դիմելու ո՛չ Ռուսաստանին, ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ Եվրոպային»:
«Եթե, պատկերավոր ասած, ինձ իշխանությունը մատուցեն ափսեի վրա, ես կվերադարձնեմ այդ ափսեն», - ասում էր նախկին նախագահը:
Տեր-Պետրոսյանը դրանից առաջ էլ «ազդանշաններ» էր ուղարկում, որոնք կարելի էր մեկնաբանել որպես Մոսկվայի աջակցությունը ստանալու ցանկություն: Այսպես, 2007 թվականի դեկտեմբերին Տեր-Պետրոսյանը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում ասել էր, որ հենց ինքն էր Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինին առաջարկել Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայան ստեղծել:
Անցել են շատ տարիներ, բայց առ այսօր հստակ հայտնի չէ՝ արդյո՞ք Տեր-Պետրոսյանը 2008 թվականի փետրվարին հանդիպել էր Մեդվեդեւի հետ, թե ոչ:
Արա Թադեւոսյան
Այս գլխում օգտագործվել են Ֆոտոլուրի եւ REUTERS-ի լուսանկարները: