
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիեւը երկու անգամ են հանդիպել հայ-ադրբեջանական սահմանին՝ Նախիջեւանի ինքնավար հանրապետության Սադարակ գյուղի մոտ:
Առաջին հանդիպումը տեղի ունեցավ 1999 թվականի հոկտեմբերի 11-ին: Քոչարյանն ու Ալիեւը ժամկետն ու վայրը համաձայնեցրել էին հեռախոսով: Դրանից մի քանի ամիս առաջ երկու ղեկավարները պայմանավորվել էին կանոնավոր դեմ առ դեմ հանդիպումներ անցկացնել առանց միջնորդների:
Սադարակի հանդիպումը չորրորդ էր: Մինչ այդ 1999 թվականին Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիեւը հանդիպել էին Ժնեւում՝ հուլիսի 16-ին եւ օգոստոսի 23-ին, եւ Յալտայում՝ սեպտեմբերի 11-ին:
2 ժամից ավելի տեւած հանդիպման արդյունքների մասին խոսելով՝ Ռոբերտ Քոչարյանն ասել էր.
Հեյդար Ալիեւը էլ նշել էր, որ բավականին մանրամասն վերլուծել են խնդիրը.
«Հակամարտությունը սկսվել է 12 տարի առաջ: Եղել են տարբեր առաջարկություններ, տարբերակներ, սակայն դրանք մեզ համաձայնության չբերեցին: Հակամարտությունը բարդ է, արագ պայմանավորվել հնարավոր չէ: Կարծում եմ՝ մեր անմիջական հանդիպումները շատ օգտակար են: Երբ մենք սկսեցինք այս երկխոսությունը, երեւի, դժվար էր պատկերացնել, որ մենք կարող ենք նման օգտակար կերպով համագործակցել խնդրի լուծման համար: Մենք շատ հարցեր քննարկեցինք, բայց լուծումը գտնելու համար դեռ ժամանակ է պետք, անհրաժեշտ նոր հանդիպումներ ու բանակցություններ, եւ, անշուշտ, փոխադարձ զիջումներ: Ուստի մեր հանդիպումները կշարունակվեն»:
Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի հաջորդ հանդիպումը Սադարակում տեղի ունեցավ երեք տարի անց՝ 2002 թվականի օգոստոսի 14-ին: Այն տեւեց 4 ժամից ավել եւ այդ պահին երկու նախագահների երկխոսության պատմության ամենաերկար հանդիպումն էր:
Մինչ նախագահները զրուցում էին, հայ լրագրողների հետ շփվեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը: Նա խոստովանում էր, որ հաշվի առնելով 2003 թվականին Հայաստանում եւ Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրությունները՝ «կողմերին դժվար է զիջումների գնալ»: Նա նաեւ հասկացնում էր, որ Ադրբեջանը չի բացառում հակամարտության ռազմական լուծումը:
Քոչարյանն ու Ալիեւը հանդիպման մասին հայտարարեցին, որ շարունակում են հավատարիմ մնալ խնդրի խաղաղ լուծմանը: Քոչարյանը հույս էր հայտնում, որ հանդիպումը «առաջ կշարժի խաղաղ գործընթացը, որը վերջին շրջանում մի փոքր դանդաղել է», իսկ Ալիեւը նշում էր, որ «հանդիպումը անհրաժեշտ էր ու օգտակար, այն ապացուցեց, որ բանակցային ներուժը սպառված չէ»:
Մեկ ամիս անց՝ 2002 թվականի սեպտեմբերի 11-ին, Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն ասում էր, որ Սադարակում նախագահներին «հաջողվել է առաջընթաց գրանցել մի շարք հարցերի շուրջ»: Հուսադրող հայտարարություններ էին անում նաեւ 2002 թվականի սեպտեմբերի 26-ին Երեւան ժամանած միջնորդները:
«Անկասկած, Հայաստանում եւ Ադրբեջանում նախընտրական մթնոլորտն ազդում է խաղաղ գործընթացի տեմպերի վրա, բայց ամենակարեւորն այն է, որ գործընթացը շարունակվում է: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը Սադարակում դրա ակնհայտ հաստատումն է», - ասում էր Ռուսաստանի ԱԳ առաջին փոխնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը: Իսկ ամերիկացի միջնորդ Ռուդոլֆ Պերինան նշում էր, որ Սադարակի հանդիպումը «շատ դրական եւ կարեւոր քայլ էր»:
Հոկտեմբերին Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանն ասել էր, որ «2003 թվականին Հայաստանում սպասվող նախագահական ընտրությունները չեն ազդի ղարաբաղյան խնդիրը կարգավորելու Ռոբերտ Քոչարյանի վճռականության վրա»:
2003 թվականի մարտին Ռոբերտ Քոչարյանը վերընտրվեց Հայաստանի նախագահի պաշտոնում: Ապրիլի 21-ին Բաքվում ելույթի ժամանակ Հեյդար Ալիեւը բռնեց սիրտը եւ կորցրեց գիտակցությունը: Հուլիսին Ադրբեջանի նախագահին տեղափոխեցին թուրքական ռազմական հիվանդանոց, իսկ օգոստոսին՝ ամերիկյան Քլիվլենդ քաղաք: Հոկտեմբերի 2-ին Ադրբեջանի պետական հեռուստատեսությամբ ընթերցվեց Հեյդար Ալիեւի դիմումը ժողովրդին՝ նա հայտարարեց, որ հանում է իր թեկնածությունը որդու օգտին: Հոկտեմբերի 15-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթանակ տարավ Իլհամ Ալիեւը: Հեյդար Ալիեւը 2003 թվականի դեկտեմբերի 12-ին 80 տարեկան հասակում մահացավ Քլիվլենդի հիվանդանոցում: «Սադարակյան գործընթացը» ավարտված էր:
Արա Թադեւոսյան
Այս գլխում օգտագործվել են Ֆոտոլուրի, Արմենպրեսի եւ REUTERS-ի լուսանկարները: