Արթուր Բաղդասարյանի «ոդիսականը» ՆԱՏՕ-ից մինչեւ «ՀԱՊԿ ակադեմիա»



2006 թվականի մայիսի 12-ին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարել էր իր հրաժարականի եւ «Օրինաց Երկիր» (ՕԵԿ) կուսակցության իշխող կոալիցիայից դուրս գալու մասին։ Նա տեղեկացրել էր, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կայացած կոալիցիայի խորհրդի նիստում պայմանավորվածություն է ձեռք բերվել «քաղաքակիրթ բաժանման մասին»։

Որպես իշխող կոալիցիայից ՕԵԿ-ի դուրս գալու պատճառ Բաղդասարյանը նշել էր «բազմաթիվ տարաձայնությունները» ներքին, արտաքին քաղաքական եւ սոցիալ-տնտեսական հարցերի շուրջ։

Կոալիցիայի ներսում լարվածության հերթական փուլը սկսվել էր ապրիլի կեսերին՝ գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթում խորհրդարանի խոսնակի հարցազրույցի հրապարակումից հետո։ Դրանում Արթուր Բաղդասարյանը, մասնավորապես, ասել էր, որ «Հայաստանի ապագան Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն են»։

 

 

Նա նաեւ նշել էր, որ միեւնույն ժամանակ «մենք պետք է մնանք Ռուսաստանի բարեկամները», «սակայն Ռուսաստանը չպետք է կանգնի դեպի Եվրոպա տանող մեր ճանապարհին»։

Մի քանի օր անց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Գոլոս Արմենիի» թերթի միջոցով պատասխանել էր Արթուր Բաղդասարյանին.

«Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը անփոփոխ է։ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում մեր երկիրն ընդլայնում է համագործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի՝ անվտանգության հարցերով առանցքային եվրոպական կազմակերպության հետ։ Մենք ակնկալում ենք արդյունավետ համագործակցություն հատկապես Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների եւ խաղաղապահ գործունեության հարցերում։

Սակայն Հայաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրություն չունի։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն (ՀԱՊԿ) անդամակցությունը եւ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության բարձր մակարդակը բավարար ծավալով լուծում են երկրի անվտանգության ապահովման խնդիրը։

 

 

Հայաստանն այսօր պատրաստվում է ավելի սերտ համագործակցության ԵՄ-ի հետ Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում, սակայն Եվրամիությանն անդամակցելու նպատակ մենք չենք ձեւակերպում։ Հայաստանի եվրատլանտյան հավակնությունները հավասարակշռված են, իրատեսական, դրական են ընկալվում եվրոպական կառույցների կողմից եւ խնդիրներ չեն ստեղծում Ռուսաստանի հետ հարաբերություններում»։

Մայիսի 12-ին, հրաժարականի մասին հայտարարություն անելուց հետո Արթուր Բաղդասարյանը կրկնել էր, որ «Հայաստանի ապագան Եվրոպայում եւ ՆԱՏՕ-ում է» եւ ավելացրել էր, որ ՕԵԿ-ը Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին այլընտրանք չի տեսնում։

2007 թվականի փետրվարին Արթուր Բաղդասարյանը The Washington Times-ում «Ապագա Հայաստանը» վերնագրով հոդված էր հրապարակել՝ գրելով, որ «Հայաստանի ապագան կապված է եվրաինտեգրման եւ ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերությունների խորացման հետ»։

Երկու ամիս անց՝ ապրիլի 21-ին, «Գոլոս Արմենիի» թերթը հատվածներ էր հրապարակել Արթուր Բաղդասարյանի եւ բրիտանացի դիվանագետի զրույցի գաղտնի ձայնագրությունից։ Զրույցի ընթացքում Արթուր Բաղդասարյանը աջակցություն էր պահանջում Մեծ Բրիտանիայի դեսպանատնից եւ առաջարկում ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերել Հայաստանի իշխանությունների նկատմամբ։ Ապրիլի 26-ին Մեծ Բրիտանիայի դեսպանատունը «մտահոգություն եւ հիասթափություն» էր հայտնել դեսպանատան աշխատակցի եւ ընդդիմադիր կուսակցություններից մեկի ղեկավարի զրույցի գաղտնալսման եւ հրապարակման առնչությամբ։

ՕԵԿ նախագահը մասնակցել էր 2008 թվականի նախագահական ընտրություններին եւ նախընտրական քարոզարշավի ժամանակ կոշտ քննադատության էր ենթարկում իշխանություններին։ Պաշտոնական տվյալներով՝ Արթուր Բաղդասարյանն ընտրություններում զբաղեցրել էր երրորդ տեղը՝ ստանալով մոտ 17%։ Եվ մինչ բոլորը սպասում էին, որ նա կմիանա ընտրությունների արդյունքները վիճարկող Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, 2008 թվականի փետրվարի 29-ին հայտարարվեց, որ Արթուր Բաղդասարյանը կզբաղեցնի նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, իսկ ՕԵԿ-ն կոալիցիա կկազմի ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի հետ։

 

 

2013 թվականի հունվարի 29-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան եւ Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը Երեւանում հուշագիր էին ստորագրել Հայաստանում «ՀԱՊԿ ակադեմիա» հիմնադրամ ստեղծելու վերաբերյալ։

 

 

 

Սակայն իրականությունն այլ էր՝ «Ակադեմիան» երբեք չբացվեց։ Ինչպես պարզել էին «Փաստերի ստուգման հարթակի» մեր գործընկերները, 2013 թվականին ՀՀ կառավարության թիվ 917-Ա որոշմամբ Հերացի 2 հասցեում գտնվող Հրաչյա Աճառյանի անվան թիվ 72 դպրոցի շենքը անհատույց օգտագործման էր հանձնվել «ՀԱՊԿ ակադեմիա» հիմնադրամին։

 

 

Հիմնադրամն էլ պատկանում էր ոչ թե ՀԱՊԿ-ին, այլ անհատին՝ Նիկոլայ Բորդյուժային։ Ավելին. ըստ FIP-ի հրապարակման՝ 2014 թվականին Նիկոլայ Բորդյուժան դիմել էր Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ «ՀԱՊԿ ակադեմիային» միջազգային պայմանագրով գործող հաստատության կարգավիճակ շնորհելու խնդրանքով՝ մինչ ակադեմիայի կարգավիճակի եւ գործունեության մասին համաձայնագրի կնքումը։ Ակադեմիան ստացել էր այդ կարգավիճակը եւ փաստացի միջազգային կազմակերպության կարգավիճակ ստացել Հայաստանում:

«Պարզվում է, որ կառավարությունը Արթուր Բաղդասարյանին եւ Նիկոլայ Բորդյուժային մի ամբողջ շենք է նվիրել Երեւանի կենտրոնում»,- ասվում է FIP հրապարակման մեջ։

Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են REUTERS-ի եւ Ֆոտոլուրի լուսանկարները

 

«Նորագույն պատմությունը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Նորագույն պատմությունը»-ը ներկայացնում է իրադարձություններ եւ դրվագներ, որոնք տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում 1991 թվականից հետո ընկած ժամանակաշրջանում: